HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Տաթեւի հարեւանությամբ երկաթի հանք կշահագործվի

Այս տարվա փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը եւ քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը:

Տեղեկացնենք, որ ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթեւ գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Ըստ տարածված մամլո հաղորդագրության` Սվարանցի երկաթի հանքը ընկերությունը կշահագործի 2014 թ., քանի որ այն գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու: Հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ինչպես հայտնի է, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը զբոսաշրջության զարգացմանն է ուղղված: Ծրագիրն ընդգրկում է Տաթեւ վանական համալիրը շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը:

Զբոսաշրջության կենտրոնի հավակնող Տաթեւի հարեւանությամբ շահագործվող հանքավայրը, բնականաբար, այդ ծրագիրը կդատապարտի ձախողման: Այս թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում քննարկվե՞լ է Սվարանցի երկաթի հանքավայրի շահագործման հարցը: Եթե այո, ապա ի՞նչ որոշում է կայացրել հիմնադրամը, արդյո՞ք հավանություն է տվել հանքահումքային ոլորտում չինական ընկերության ներդրումային այս ծրագրին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում Տաթեւին հարակից Սվարանց համայնքում գոյություն ունեցող երկաթի հանքի շահագործման հարցը քննարկվել է տարածաշրջանում զբոսաշրջային գործունեություն ծավալելու տեսանկյունից: Որոշում է կայացվել հիմնադրամի ներսում ձեւավորել նախաձեռնող խումբ, որը կզբաղվի տնտեսական ուսումնասիրությամբ: Միեւնույն ժամանակ, հիմնվելով նախնական եզրակացությունների վրա` կարող ենք հայտնել մեր դիրքորոշումը: Մեր կարծիքով, հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը միեւնույն տարածքում անհամատեղելի են:

Համարում ենք, որ Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքում, մասնավորապես` Տաթեւում, որը հաստատվել է որպես զբոսաշրջային ուղղություն, հանքերի շահագործման լիցենզիաների տրամադրումը խրախուսելի չէ: Նաեւ կարծում ենք, որ հանքավայրում ուսումնասիրության լիցենզիա ունենալը դեռ չի նշանակում նաեւ շահագործման լիցենզիա ստանալ:

Մինչեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը սկսելը Ազգային մրցունակության հիմնադրամը տեղյա՞կ էր, որ Սվարանցի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիա է տրված մի ընկերության:

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը մեկնարկել է 2009 թ. փետրվարին: Այն ժամանակ մենք գիտեինք Հարավային միջանցքում գոյություն ունեցող հանքավայրերի մասին, սակայն երկու տարի առաջ դրանց շահագործման մասին որոշումներ չկային: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի դերն այս հարցում տեսնում ենք պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում՝ ՀՀ կառավարությանը խորհրդատվություն տրամադրել երկրի հարավում ավելի նպատակահարմար տնտեսական գործունեություն ծավալելու, զբոսաշրջության ինդուստրիայի ներկայացուցիչների շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ հանրային իրազեկության բարձրացման հարցերում:

Երբ ազգային մրցունակության հիմնադրամը տարբեր անհատների եւ կազմակերպությունների առաջարկում է Տաթեւում բիզնես ծրագրեր իրականացնել, տեղեկացվո՞ւմ են, արդյոք, նրանք այն մասին, որ Տաթեւի հարեւանությամբ հանքավայր է շահագործվելու:

Մրցունակության հիմնադրամը հավանական ներդրողների եւ նվիրատուների հետ բանակցություններ վարելիս տեղեկացնում է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի, այլեւ բնապահպանական եւ տնտեսական չհամակարգված գործունեության հետ կապված ռիսկերի մասին: Դրանց մասին խոսելով` մենք փորձում ենք նաեւ լոբբինգի միջոցով առկա հարցերի համար լուծումներ առաջարկել: Պետք է փաստել, որ ծրագրի բարեհաջող ընթացքի համար մեզ անհրաժեշտ են խոշոր ներդրումներ: Մեր դիրքորոշումը հստակ է. եթե զբոսաշրջիկը տեղեկացված լինի, որ Տաթեւի հարակից համայնքում շահագործվող հանք կա, նրան շատ դժվար կլինի հրապուրել 9-րդ դարի հրաշագեղ ճարտարապետությամբ: Առավել դժվար կլինի ներդրողներ եւ նվիրատուներ գտնել` նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սվարանցի հանքը, հավանաբար, կարող է նաեւ բաց տարբերակով շահագործվել:

Ռուբեն Վարդանյանն արդյո՞ք տեղեկացված էր Սվարանցի հանքավայրի շահագործման այս ծրագրի մասին:

Նա տեղեկացված է եւ որպես ծրագրի բարերար, եւ որպես Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ազգային մրցունակության հիմնադրամը պարզե՞լ է, թե Տաթեւի հարեւանությամբ ինչ հանքավայրեր կան, եւ դրանց ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիաներ հատկացվե՞լ են:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվերով իրականացվող համապարփակ ուսումնասիրությունը եւ Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական զարգացման հատակագիծը, որը պատրաստում է միջազգային հեղինակավոր AECOM ընկերությունը, մատնանշում է նաեւ հարավում գտնվող գրեթե բոլոր հանքավայրերը, այդ թվում գոյություն ունեն ոսկու, երկաթի, պղնձի եւ այլ հանքեր: Դրանց հավանական շահագործման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք դիմել ենք պատկան մարմիններին: Նյութերի հավաքագրումից եւ դրանց վերլուծությունից, ինչպես նաեւ տնտեսական գնահատման աշխատանքերի ավարտից հետո Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հանդես կգա հայտարարությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter