HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հանքավանի ընդերքը` կռվախնձոր

Մեր նախորդ թողարկման մեջ նշել էինք, որ Բնապահպանության նախարարն իր ընտանիքի անդամներին է տվել հանքաքարի մոտ 3 միլիարդ տոննա ընդհանուր պաշարներով մի շարք հանքավայրեր եւ ներկայումս փորձում է դրանք վաճառել:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ամենախոշոր հանքի՝ Քաջարանի հանքաքարի հաստատված պաշարը 450 միլիոն տոննա է։ Քաջարանը վաճառվել է միջազգային մրցույթով՝ 120 միլիոն ԱՄՆ դոլարով։

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն առանձնակի վերաբերմունք ունի Հայաստանի ոսկու հանքերի նկատմամբ: Այդ վերաբերմունքն արտահայտվել է հատկապես 2005թ. դեկտեմբերի 19-ին, երբ մեկ օրում նա երկրաբանական ուսումնասիրությունների կատարման միանգամից 7 լիցենզիա է տվել իր օգնական Տիգրան Քրմոյանի հիմնադրած «Ինտերիեր» ՍՊԸ-ին: Տիգրան Քրմոյանը մինչեւ 2006թ. հոկտեմբերի 6-ը եղել է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի օգնականը, իսկ ներկայումս ղեկավարում է նախարարի հանքային եւ ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսները:

Երկրաբանական ուսումնասիրությունների համար լիցենզիաներ ստացած կազմակերպությունների ցանկում «Ինտերիերը» բացառիկ է: «Ինտերիեր» ՍՊԸ-ին բոլոր յոթ տեղամասերի լիցենզիաները տրվել են միեւնույն օրը, այսինքն` ցանկություն էլ չի եղել ինչ-որ կերպ տարբեր ժամկետներ ձեւակերպել: Լիցենզիաները տալուց մեկ օր անց` դեկտեմբերի 20-ին, կնքվել են լիցենզիոն պայմանագրերը:

«Ինտերիեր» ՍՊԸ-ի երկրաբանական ուսումնասիրության 7 լիցենզիաներն էլ տրված են մինչեւ 2008թ.-ի սեպտեմբերի 30-ը:

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը, լիցենզիայի տեսակը

Լիցենզիայի ժամկետը

Գրանցման հասցեները

Հիմնադիրները

«Ինտերիեր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Հանքավանի հանքային դաշտի «Բացատ լիճ» տեղամաս, երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա

19.12.2005թ-30.09.2008թ.

Երեւան, 
Կոմիտասի 54

Աթանեսյան Իբրարուրի Բունիաթյան Արմեն Քրմոյան Տիգրան (վերջինս բնապահպանության նախարարի օգնականն է եղել)

«Ինտերիեր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Հանքավանի հանքային դաշտի «Սառնաղբյուր» տեղամաս, երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա

—————

—————

—————

«Ինտերիեր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Հանքավանի հանքային դաշտի «Ցից քար» տեղամաս, երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա

—————

—————

—————

«Ինտերիեր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Հանքավանի հանքային դաշտի «Այա-Պավլե» տեղամաս, երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա

—————

—————

—————

«Ինտերիեր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Մեղրաձորի հանքային դաշտի «Զառ» տեղամաս, երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա

—————

—————

—————

«Ինտերիեր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Մեղրաձորի հանքային դաշտի «Արջասար» տեղամաս, երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա

—————

—————

—————

«Ինտերիեր» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Մեղրաձորի հանքային դաշտի «Նոր» տեղամաս, երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա

—————

—————

—————


Հետաքրքիրն այն է, որ 2005թ. դեկտեմբերի 19-ին, երբ Կոտայքի մարզի Հանքավան գյուղին հարակից տարածքների ուսումնասիրության 7 լիցենզիաներ տրվում էին «Ինտերիեր» ՍՊԸ-ին, այդ տարածքների ուսումնասիրության իրավունքն արդեն պատկանում էր «ՍՀԱ» ՍՊԸ-ին, մինչդեռ օրենքն արգելում է նույն տեղամասերի համար կրկնակի լիրենզիաներ տրամադրելը։ «ՍՀԱ» ՍՊԸ-ն ձեռք է բերվել ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից, այսինքն՝ «ՍՀԱ» ՍՊԸ–ի նկատմամբ գործում է Հայաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ կնքված ներդրումների փոխադարձ պաշտպանության միջազգային պայմանագիրը: Այս ամերիկյան ընկերությունը 2004թ.–ից ի վեր, այսինքն՝ արդեն երեք տարի շարունակ այդ տեղամասերում իրականացնում է ուսումնասիրության աշխատանքներ եւ կատարում է ներդրումներ։ Փաստացի նախարարին պատկանող «Ինտերիեր» ՍՊԸ–ն այդ տեղամասերում աշխատանքներ չի իրականացնում եւ, դատելով հարկային ծառայության տվյալներից, չի էլ պատրաստվում, քանի որ մինչ այժմ չի կատարել աշխատանքների նախապատրաստման համար անհրաժեշտ որեւէ ծախս։ Նախարարը բազմիցս հայտարարել է, թե «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից աշխատանքներ չեն իրականացվել, այդ հիմքով նույնիսկ հայտարարել է, թե նրանց զրկել է լիցենզիաներից, մինչդեռ նույն հարկային ծառայության տվյալներով՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ»–ն այդ տեղամասերի ուսումնասիրության համար իրականացրել է խոշոր ներդրումներ, նույնիսկ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություններ է հրավիրել ուսումնասիրության աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար։ Նախարարն անգամ ձեւականորեն չի անդրադարձել իրեն պատկանող կազմակերպությունների՝ ներառյալ «Ինտերիեր» ՍՊԸ–ի կողմից աշխատանքներ չիրականացնելուն։ Բնապահպանության նախարարության մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ Վ. Այվազյանը ներկայումս բանակցություններ է վարում Վրաստանում գործող մի օտարերկրյա ընկերության հետ «Ինտերիեր» ՍՊԸ–ին տրված հանքավայրերը նրանց վաճառելու համար։ Նախարարի նշանակած գինն այս դեպքում արդեն տասնյակ միլիոն դոլարի է հասնում։

Այս փաստերի հրապարակումը կփոխի՞ որեւէ բան այդ ոլորտում, դժվար է ասել: Սակայն հայտնի է, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը հայց է ներկայացրել Համաշխարհային բանկին պատկանող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին ընդդեմ ՀՀ կառավարության` իրենց ներդրումներին խոչընդոտելու, իրենց պատկանող լիցենզիաներն այլ կազմակերպություններին տրամադրելու եւ այլ հիմնավորումներով, երկու երկրների միջեւ կնքված միջազգային պայմանագրի համաձայն: Իսկ մեր հրապարակած փաստերից երեւում է, որ Հայաստանի Հանրապետությունը վտանգավոր գոտում է հայտնվել, որից հաստատ չի տուժելու Վարդան Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter