HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակի» մասնակի բավարարվել է

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մասնակի բավարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցն` ընդդեմ «Հրապարակի» և նույն թերթի լրագրող Սյուզան Սիմոնյանի: Ըստ վճռի, այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո օրաթերթում պետք է տպագրվի հերքում, բացի այդ պետք է օրաթերթի կայքից հեռացվի 2015թ. մայիսի 21-ին հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդվածն ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը խնդրել էր դատարանին` պարտավորեցնել «Հրապարակ»-ին տպագրել իրենց պատասխանը և հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը` գտնելով, որ այն պարունակում է իր վստահորդին՝ Ռուզաննա Խաչատրյանին զրպարտող տեղեկատվություն: Կարեն Մեժլումյանը պահանջել էր նաև, որ hraparak.am կայքից հանվի «Հանրությունն ուզում է իմանալ»  հոդվածը: Նախարարի կինը գումարային պահանջ չէր ներկայացրել: Դատարանն իր որոշմամբ չի բավարարել միայն պատասխանի հրապարակման մասը: Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ, որոշման մեջ նշվել է, որ, ըստ էության, պատասխան և հերքում հրապարակելը նույն են:

Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի գնահատմամբ կայացվել է իրավաչափ և օրինական որոշում: «Դատարանը ճանաչեց, որ «Հրապարակ» օրաթերթը զրպարտություն է հրապարակել: Նախադեպային որոշում կայացրեց, որ հանվի կայքից հոդվածը` որպես խախտված իրավունքի վերականգնման հնարավորություն, մինչ այս չի եղել նման բան»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Այլ կարծիք ունի «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը. «Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վճիռը պաշտպանության նախարարի կնոջ, գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի հայցի վերաբերյալ կանխատեսելի էր, ինչպես սահմանադրական հանրաքվեի արդյունքները»,- գրել է hraparak.am-ը:

«Հետքի» հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ վճիռն իրենց չի բավարարում. «Բողոքարկելու ենք և հասնելու ենք մինչև Եվրոպական դատարան, քանի որ վստահ եք` որևէ խախտում թույլ չենք տվել մեր հրապարակման մեջ ոչ լրագրողական էթիկայի, ոչ իրավական նորմերի տեսանկյունից:

Ըստ խմբագրի, որոշում կայացնելիս մեկ գործոն է դեր խաղացել` այն, որ դիմացինը Պաշտպանության նախարարն է և նրա տիկինը: Արմինե Օհանյանի կարծիքով, նրանց մերժելու համարձակություն, բնականաբար, մեր դատարանները չունեն:

Սակայն Կարեն Մեժլոմյանի կարծիքով, ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա. «Էստեղ ոչ տրամաբանություն կա, ոչ էթիկա: Ռուզաննա Խաչատրյանին մեղադրում էին մավան ելքով վթարի մեջ մի գործով, որով անգամ մարդ է դատապարտվել: Հերքման համար նա իրավունք ուներ դիմելու և դիմել էր, սակայն «Հրապարակը» չէր տպագրել և նա դիմել էր դատարան»,- ասաց փաստաբան Մեժլումյանը:

Ինչ վերաբերում է այլ կայքում` «Հայկական ժամում» այդ նույն տեղեկատվության հրապարակված լինելուն, ապա, Կարեն Մեժլումյանը նշեց, որ նախ այդ կայքին հղում չի կատարել «Հրապարակն» իր հոդվածում, «որ ընթերցողն էլ իմանար` դա ինչ-որ «ֆեյք» կայք է գրել, որպես «Հրապարակ» են գրել, որը կշիռ ունի: Բայց եթե անգամ հղում լիներ, զրպարտությունն առկա էր, քանի որ հենց «Հրապարակի» դեմ կայացված նախադեպային որոշում կա: Պետք է այլ աղբյուրներից նորից ճշտվեր ինֆորմացիան և ոչ թե ձևական լիներ»,- ընդգծեց Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ փաստաբանը:

Միևնույն ժամանակ Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ «Հայկական ժամ» կայքի դեմ իր վստահորդն ունի 3 հայց, որոնք դարձյալ վերաբերում են զրպարտությանը: Սակայն Ալիս Խեչոյան, Ռոբերտ Գրիգորյան անուն-ազգանուններով լրագրողներ գոյություն չունեն: Փաստաբանն արդեն Հարկային տեսչությունից պատասխան է ստացել, որ նման լրագրողներ չեն աշխատում այդ կայքում: Ուստի նրանց մասով հայցից հրաժարվել են ևպ պատասխանող է «Հայկական ժամ»-ի խմբագիր Աննա Գևորգյանը և «Աննա Գևորգյան» ԱՁ –ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter