HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալը մնաց դատարանի շենքում` գտնվելով առողջական վատ վիճակում

Շինարար, տնտեսագետ, «Նաիրիտ» գործարանի երբեմնի փոխտնօրեն, ներկայում` դատապարտյալ 60-ամյա Աշոտ Առաքելյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մտավ ոստիկանական խմբի ուղեկցությամբ` դանդաղ քայլերով, ձեռնափայտի օգնությամբ: Նա 2013 թ-ի փետրվարից անազատության մեջ է, մեղադրվել է թմրանյութերի ստացման համար հումք ներկրելու մեջ ու դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Պնդում է, որ հիվանդությունների հիմքով ենթակա է պատժի հետագա կրումից ազատման, սակայն ոլորտի պատասխանատուները գտնում են` առկա հիվանդություններով նա կարող է պատիժ կրել:  

Ինչ հիվանդություններով է տառապում Աշոտ Առաքելյանը

Այս պահին Աշոտ Առաքելյանը գտնվում է  «Դատապարտյալների հիվանդանոցում»: Նա դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշանակվի միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Սակայն դատարանը` դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, երեկ մերժեց դատապարտյալի դիմումը:

Իսկ մինչ մերժումը դատարանը լսեց դիմում ներկայացրած Աշոտ Առաքելյանին, բժշկական աշխատանքային հանձնաժողովի նախագահ Կարո Առուստամյանին ու դատախազ Էդգար Բաբայանին:

Ըստ բժշկական հետազոտությունների, Աշոտ Առաքելյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (ըստ Կառավարության 825-Ն որոշման, պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն է):

Բացի այդ, դատապարտյալն ունի հիպերտոնիկ  հիվանդություն՝ 3-րդ աստիճանի, արտերիալ հիպերտենզիա, խոշոր օջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով, արյան շրջանառության պրոգրեսիվ անբավարարությամբ, ունի զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերեֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (ոչ պակաս, քան 2 վերջույթների), պոդագրա` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ  երիկամային  անբավարարությամբ տերմինալ փուլում: 

Սակայն ՀՀ ԱՆ հրամանով ստեղծված բժշկական աշխատանքային հանձնաժողովի` ԲԱՀ-ի կողմից տրվել է եզրակացություն, ըստ որի Աշոտ Առաքելյանի հիվանդությունները չեն համապատասխանում Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված ծանր հիվանդությունների ցանկին: Հիվանդ դատապարտյալն էլ դատարանում բարձրաձայնում էր, որ ԲԱՀ-ի եզրակացության հիմքում դրվել է դեռևս 2011 թ-ի էպիկրիզ (այդ ժամանակ դեռ կալանքի տակ չի էլ եղել), որտեղ նշված է սրտի իշեմիկ հիվանդությունը` արյան շրջանառության 2-3-րդ աստիճանի անբավարարությամբ, սակայն լուսանկարում 2013 թ-ի էպիկրիզն է, որը, ըստ Աշոտ Առաքելյանի, չի դրվել եզրակացության հիմքում: Նա նշեց նաև, որ իրեն անհրաժեշտ է ստացիոնար բուժոմ մասնագիտացված հիվանդանոցում` նշելով, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» բժիշկ Մարկոսյանին չի վստահում. «Անգամ ինքն իր ձեռքով է գրել, որչեմ վստահում իրեն»,-ասաց դատապարտյալը:

ԲԱՀ-ի նախագահ Կարո Առուստամյանն ու դատախազ Էդգար Բաբայանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշեցին, որ Առաքելյանի մոտ առկա է արյան շրջանառության 2-րդ աստիճանի անբավարարություն, սակայն Կառավարության 825-Ն որոշման համաձայն, պատժի հետագա կրումից դատապարտյալը կարող է ներկայացվել պատժի հետագա կրումից ազատման, եթե առկա է արյան շրջանառության ոչ թե 2-րդ, այլ 3-րդ աստիճանի անբավարարություն: Երկու պաշտոնյաներն էլ հիմք էին ընդունում դատապարտյալի հիվանդության պատմությունից կատարված պատճենները, կատարված հետազոտությունների մասին գրառումները:     

«Քիմիկոսների գործով» դատապարտվածները

«Քիմիկոսների գործի» աղմկահարույց մանրամասների, նախաքննության փուլում եղած բռնությունների վերաբերյալ վկայությունների մասին «Հետքը» գրել է դատավարության փուլում: Այս գործով 7 ու կես տարվա ազատազրկման է դատապարտվել 78-ամյա քիմիկոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Սիրաժ Ղամբարյանը (այժմ 80 տարեկան է): Իսկ «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:

2014 –ին Վճռաբեկ դատարանի դատավճռով օրինական ուժի մեջ է մտել «Քիմիկոսների գործը», որով 9 անձինք (այդ թվում քիմիկոսներ` 55 -78 տարեկան` տարբեր հիվանդություններ ունեցող) դատապարտվել են 7-12 տարվա ազատազրկման «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց արտադրելու և իրացնելու մեղադրանքով, իսկ Աշոտ Առաքելյանը` թմրանյութերի ստացման համար հումք ներկրելու համար: Դեռ դատավարության փուլում մեղադրյալներից ոմոնք, այդ թվում և` ԱշոտԱռաքելյանը բարձրաձայնում էր` տառապում է մոտ 10 անուն հիվանդություններով, որոնցից 4-ը պատժի կրման համատեղելի չեն: Սակայն թե առաջին ատյանի, թե Վերաքննիչ դատարանի դատավորները պնդում էին, որ 2006 թ-ի Կառավարության մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելված 2-ում ներկայացված պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը վերաբերում է դատապարտյալներին, այլ ոչ թե կալանավորներին:

Դատարանը անգամ չէր փոխում խափանման միջոց կալանավորումը: Դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Աշոտ Առաքելյանը դարձյալ բարձրացրել է հիվանդությունների հիմքով պատժի կրումից ազատվելու հարցը:   

Բենզինի խնայողություն. հիվանդ դատապարտյալը դատարանի շենքում ստիպված է մնալ 3 գիշեր   

-Միջնորդեք, որ ինձ էսօր հետ տանեն «Դատապարտյալների հիվանդանոց», վատ եմ զգում,- դիմեց դատապարտյալ Աշոտ Առաքելյանը դատավորին դեռ նիստը չսկսված:

Բանն այն է, որ «էտապ» կոչվածը ամեն 3-րդ օրն է լինում: Այսինքն` դատապարտյալին ոստիկանական ուղեկցող խումբը դատարան էր տեղափոխել չորեքշաբթի օրը, սակայն ուրբաթ նոր միայն նրան հետ էին տանելու: Հիվանդ դատապարտյալն ասաց, որ ինքը մշտական բժշկական խնամքի կարիք ունի: Իսկ դատարանում այդ պայմանները չկան: Անգամ ասաց, որ ինքը ոստիկանական ուղեկցող խմբի մեքենայի համար բենզին կապահովի, միայն, թե իրեն հետ տանեն, քանի որ մի քանի անգամ եղել է, որ դատարանում մնալով` վատացել է ինքնազգացողությունն ու շտապօգնություն են կանչել: Սակայն այս անգամ էլ դատապարտյալը մնաց դատարանում` գտնվելով առողջական վատ վիճակում:    

Թեպետ դատավոր Վահե Խալաթյանը թույլատրեց տեսաձայնագրել նիստը, սակայն դատապարտյալը չցանկացավ, որ իրեն լուսանկարեմ. «Շատ մարդ ա ինձ ճանաչում, չեմ ուզում ինձ էս վիճակում տեսնեն»,- ասաց նա: 

Լուսանկարը` «Քիմիկոսների գործով» Վերաքննիչ բողոքի ժամանակ` 2013 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter