Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Դրամաշնորհառու նախարարությունները հաշվետու են Կառավարությանը, վերջինս էլ միշտ չէ, որ հաշվետու է դոնորին՝ Եվրամիությանը



«ԵՄ-ն խոշոր դոնոր է Հայաստանի համար: Ես ամեն շաբաթ 1 մլն եվրո գումար եմ ստորագրում Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կառույցների համար»,- մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Միանգամից ասենք, որ այս հայտարարությունն անակնկալ էր Հայաստանի քաղաքացիների համար, որովհետեւ հայ հանրությունը մինչ այդ պատկերացում չուներ ո՛չ Եվրամիությունից ստացվող դրամաշնորհների իրական չափերի, ո՛չ էլ դրանց հասցեատերերի մասին՝ որոշ բացառություններով: «Հետքը» ուսումնասիրել է վերջին 5 տարիներին Հայաստանի պետական կառույցներին տրամադրված Եվրոպական միության դրամաշնորհները` ո՞ր ոլորտներն են ֆինանսավորվել, որքա՞ն գումարով եւ որքանո՞վ է թափանցիկ եղել դրամաշնորհների կառավարումը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 1992 թվականից մինչ օրս Եվրոպական Միությունը Հայաստանին ավելի քան 500 մլն եվրո է տրամադրել: Եվրոպական Միությունը հայաստանյան ծրագրերի ֆինանսավորումն իրականացրել է դրամաշնորհների, տեխնիկական եւ բյուջետային աջակցության տեսքով: ԵՄ-ից շարունակական ֆինանսավորում են ունեցել իշխանության երկու ճյուղերը` գործադիրը` հանձինս նախարարությունների ու համապատասխան գերատեսչությունների, դատական իշխանությունը` հանձինս արդարադատության նախարարության եւ Դատական դեպարտամենտի:

ՀՀ Կառավարության առանձին ծրագրեր ապահովվել են խորհրդատու միջազգային փորձագետներով, ֆինանսավորվել են տարաբնույթ միջոցառումներ, արտերկիր կատարված փոխայցերը` տարբեր երկրներում կազմակերպված ուսումնական սեմինարների, վերապատրաստման ծրագրերի ու դասընթացների ձեւաչափով եւ այլն:

Բարեփոխումները մեր երկրում, հիմնականում, իրականացվել են Եվրոպական Միության տրամադրած դրամաշնորհներով` ոստիկանություն, կալանավայրեր, արդարադատություն, կրթություն, գյուղատնտեսություն եւ այլն: Ի թիվս նշվածների՝ ԵՄ-ն աջակցում է նաեւ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

ԵՄ-ի՝ Հայաստանին տրամադրվող տեխնիկական եւ բյուջետային աջակցությունը համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը: Այս երկուսի տարբերությունն այն է, որ տեխնիկական աջակցության դեպքում երկրին փաստացի գումարներ չեն տրամադրվում: Գործողությունների ու միջոցառումների իրականացումը ԵՄ-ն անմիջականորեն է ֆինանսավորում, իսկ բյուջետային աջակցության դեպքում՝ ֆինանսական միջոցները տրամադրվում են պետական բյուջեին` որպես բյուջետային եկամուտ: Ընդ որում, բյուջետային աջակցության արժանանալու նախապայմաններից մեկը բյուջեի թափանցիկ եւ վերահսկելի լինելն է:

«ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում» պաշտոնական կայքում ըստ ոլորտների նշված են նաեւ իրականացված ու իրականացվող ծրագրերը: Սակայն «Հետքի» հարցումներն ու ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ պետական մարմիններին վերջին 5 տարիներին ԵՄ-ի կողմից տրված դրամաշնորհների մասին տեղեկատվությունը գրեթե անհասանելի է հանրությանը: Հիմնականում անհասանելի է, թե որքան նպատակային կամ արդյունավետ են ծախսվում դրամաշնորհային գումարները:

ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակից, արձագանքելով մեր հարցմանը, հայտնում են, որ «Եվրամիությունը խստորեն կարևորում է իր կողմից տրամադրվող բոլոր դրամաշնորհրների արդյունավետ օգտագործման երաշխիքները». «Եվրամիությունը խստորեն կարևորում է նաև պետական ֆինանսների ոլորտի բարեփոխումների ուսումնասիրության ու աջակցության միջոցով պետական ֆինանսների նկատմամբ հաշվետվողականության բարձրացումը»:

Միաժամանակ, զգուշացնում են, որ պետական բյուջեի վերաբերյալ կոռուպցիոն բնույթի ցանկացած լուրջ մեղադրանք կարող է վտանգի ենթարկել բյուջետային աջակցության ֆինանսավորմանը հավակնելու՝ Հայաստանի իրավունակությունը:

Ի՞նչ կոնկրետ ծրագրեր են իրականացվել ԵՄ ֆինանսական աջակցությամբ 2010-2015 թթ., եւ որքանո՞վ են այդ ծրագրերի մասին իրազեկել հանրությանը, ինչպե՞ս են ծախսվել հսկայական գումարները, կա՞ն արդյոք հաշվետվություններ: Այս հարցերի պատասխանները պարզելու նպատակով «Հետքը» դիմեց ՀՀ պետական համապատասխան մարմիններին: Կառավարությանն ու դատական իշխանությանն ուղղված խմբագրության հարցումներից ոչ բոլորն ունեցան պատասխաններ: Անգամ գրավոր հարցման դեպքում, որն ավելի քան մեկ ամիս տեւեց, ՀՀ Կառավարությունը եւ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունն ընդհանրապես հարկ չհամարեցին պատասխանել, որոշ նախարարություններ գրությունը ստանալուց հետո միայն կցկտուր, սահմանափակ տեղեկատվություն հրապարակեցին իրենց պաշտոնական կայքում, մյուսները թվարկեցին ծրագրերի անվանումներն ու գումարների չափը:

Մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ ամենակարեւոր հարցերի պատասխանները· ինչի՞ ենք հասել այդ ծրագրերի իրականացման արդյունքում, ո՞րն է մեր ձեռքբերումը, ի՞նչ հաղթահարելի եւ անհաղթահարելի խոչընդոտներ են ծագել, ովքե՞ր են եղել ծրագրի շահառուները, եւ որքանո՞վ հաջողվեցին բարեփոխումները:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, օրինակ, պատասխանեցին, որ 2010-2015 թթ. Եվրոպական միության ֆինանսավորմամբ ծրագրեր չեն իրականացրել: Մինչդեռ, Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի համաձայնագրի մի հոդված ամբողջությամբ նվիրված է տրանսպորտի ոլորտին: Ոստիկանությունը ցանկանում է համոզել, որ տեղեկություն չունի ԵՄ ծրագրերի ֆինանսավորման չափի մասին: Դատական դեպարտամենտն այս պահին ԵՄ աջակցությամբ երկու ծրագիր է իրականացնում, սակայն դեպարտամենտում «չգիտեն» անգամ ընթացիկ ծրագրերին տրամադրված գումարի չափը:

Ուսումնասիրված պետական մարմիններն, այսպիսով, հիմնականում շահագրգռված չեն հրապարակելու իրենց ստացած ֆինանսական աջակցության մասին ամբողջական տեղեկատվությունը: Որոշ դեպքերում այդ տեղեկությունները շատ կցկտուր են նույնիսկ տեղեկատվության մասին հարցում ուղարկելու պարագայում: Մեկ-երկու գերատեսչությունների կայքերում կարելի է գտնել համակարգված տեղեկություններ, թեեւ դրանց թարմացման պարբերականությունն էլ կասկածելի է:

Սակայն ԵՄ-ն շարունակում է սիրահոժար գումարներ տրամադրել Հայաստանին, աստիճանաբար ավելանում է աջակցությունը, անգամ այն դեպքում, երբ Հայաստանը չմիացավ ԵՄ ասոցացման համաձայնագրին, որի համար նույնիսկ գումար էր ստացել ԵՄ-ից:

Արդարադատության նախարարությունը ԵՄ ֆինանսավորմամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. 2009-2011թթ. ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» ծրագիրը: Բյուջեն կազմել է 18 մլն եվրո: 2014-2016թթ. համար կազմվել է նույն ծրագրի 2-րդ փուլը: «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել առավել անկախ, թափանցիկ, հաշվետու, հասանելի եւ արդյունավետ դատական համակարգի զարգացմանը՝ ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի համաձայն։ Ծրագրի ընդհանուր արժեքը հաշվարկված է 29 մլն եվրո: Բայց ինչպե՞ս են համակարգը թափացիկ եւ հաշվետու դարձնելու, երբ թափանցիկ ու արդար գործելու մշակույթն այդպես էլ չեն ներմուծում իրենց աշխատաոճում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդգրկված է ԵՄ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերում: Այդ մասին որեւէ հաշվետվություն, սակայն, նախարարության կայքում հնարավոր չէ գտնել: 2015թ. հունվարից մեկնարկել է Եվրոպական միության «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման» ծրագիրը (ENPARD), որը ֆինանսավորում են Եվրոպական Միությունը (25 մլն եվրո) եւ Ավստրիական զարգացման գործակալությունը (1 մլն եվրո): Ծրագիրը մեկնարկել է 2015թ. հունվարին, տեւողությունը՝ 36 ամիս:

Հիշյալ ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության եւ ՄԱԿ-ի զարգացման գործակալության միջոցով: Տեղին է նշել, որ միայն «Հետքը» մի քանի անգամ դիմել է այս գրասենյակին` որոշ ծրագրերի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով եւ մշտապես մերժվել է: Առաջարկել են տեղեկատվություն ստանալու համար դիմել գյուղնախարարություն: Նախարարության պաշտոնական կայքում այս ծրագրերի մասին համակարգված ֆինանսական եւ բովանդակային հաշվետվություններ չեն հրապարակվում: Տեղեկությունը կարելի է ստանալ միայն գրավոր հարցում ուղարկելուց հետո, սակայն այս դեպքում անգամ մանրամասներ չպետք է ակնակալել:

Անգամ Օմբուդսմենի գրասենյակը հանրությանը հաշվետու լինելու անհրաժեշտություն չի տեսնում` դրանք ուղարկվում են Կառավարություն եւ հրապարակվում են պաշտոնական տեղեկագրերում: Ինչ վերաբերում է ծրագրերի հաշվետվությունների հրապարակմանը, ՄԻ պաշտպանի գրասենյակից «Հետքին» տեղեկացրել են, որ գումարները ծախսելու համար կազմվել են կառավարության նախագծեր, որտեղ ներկայացվել են ծախսերի բնույթն ու նպատակը եւ ուղարկվել հաստատման: «Որոշումներն ընդունելուց հետո դրանք հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում ու պաշտոնական տեղեկագրերում: Իսկ ծախսերի կատարողականները բյուջետային տարվա ավարտից հետո հրապարակվել են նաեւ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ՀՀ ԱԺ համապատասխան որոշումներում»,- պատասխանել են մեր հարցմանը:

Մեր իրականացրած հարցումների արդյունքն այն եղավ, որ դրա շնորհիվ տեղեկատվություն տրամադրվեց որոշակի ծրագրերի մասին եւ մի քանի նախարարություններ պարտավորված եղան «մի թեթեւ թարմացնել» կայքէջը: Սակայն իրականացված աշխատանքների եւ ծրագրերի մոնիտորինգների մասին տղեկատվությունն այդպես էլ չհանրայնացվեց: Ըստ էության, պատասխանների ամփոփումը մի բանի մասին միայն վկայեց· նախարարությունները հաշվետու են Կառավարությանը, վերջինս էլ, ինչպես պարզվեց, միշտ չէ, որ հաշվետու է անգամ դոնորին՝ Եվրամիությանը: Այս օղակից ընդհանրապես  դուրս է մնացել հանրությունը, հանուն որի, իբրեւ, իրականացվում են բարեփոխումները:

«Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ պետական կառույցներն ու տարբեր գերատեսչություններ հարյուրավոր մլն եվրոների հասնող դրամաշնորհների կառավարման մասին ոչ մի տեղեկատվություն չեն հրապարակում»,- մեր հարցին Հայաստանում ԵՄ գրասենյակից հայտնում են, որ Եվրամիությունը կողմ է թափանցիկ գործելակերպին ու հաշվետվողականությանը: «ՀՀ և ԵՄ միջև ստորագրված ֆինանսական համաձայնագրերը հաճախ չեն հրապարակվում, չնայած քաղաքացիական հասարակության շահագրգիռ գործընկերները կանոնավոր կերպով հրավիրվում են մասնակցելու առանձին ծրագրերի համակարգող հանձնաժողովների նիստերին: Նշյալ համաձայնագրերի հրապարակումը հնարավոր է միայն, եթե առկա է երկու կողմերի համաձայնությունը»,- պատասխանել է դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հետաքրքիր է, որ Եվրամիությունն այդքան հանդուրժող է Կառավարության ոչ թափանցիկ գործելաոճի նկատմամբ եւ առանց նրանց համաձայնությունը ստանալու չի կարող հրապարակել անգամ համաձայնագրերի բովանդակությունը: Մինչդեռ, միջազգային ոչ մի դոնոր, այդ թվում նաեւ ԵՄ-ն, նույնքան հադուրժող չի գտնվի հասարակական կազմակերպությունների անհաշվետվողականության եւ անարդյունավետ գործելաոճի հարցում: Այդ դեպքում ո՞ւմ մեղադրել դանդաղող բարեփոխումների, միեւնույն ոլորտը շարունակաբար ֆինանսավորելու, բայց շոշափելի արդյունքների չհասնելու, միաժամանակ բարեփոխման իրական անհրաժեշտություն ունեցող առանձին ոլորտներ իսպառ անտեսելու համար: Միգուցե հանրությա՞նը, որն անտեղյակ է, օրինակ, կրթական համակարգը բարեփոխելուն տրամադրվող ահռելի գումարների մասին, որի արդյունքում համակարգն իսպառ փլուզվել է:

Հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ չէ համաձայնագրերը հրապարակելու հարցում, այլ կերպ ասած՝ հաշվետու լինելուն: Սակայն, հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե տրամադրվող դրամաշնորհներն ինչի են ծառայեցվում, արդյոք նպատակը իր կյանքի որակը փոխե՞լն է դրական իմաստով: Ուստի, հանրային պահանջ է, որպեսզի տրամադրվող դրամաշնորհների վերաբերյալ լայն եւ համակողմանի իրազեկում կատարեն համաձայնագրի երկու կողմերը, իսկ Հայաստանի կառավարությունը պարտավորվի հաշվետվություններ հրապարակել՝ սկսած տվյալ ոլորտը ֆինանսավորելու անհրաժեշտությունը հիմնավորելուց: Ծրագրի նպատակները, գործողությունները, դրանց իրականացման ժամանակացույցն ու պատասխանատուները, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, ծախսումները, մոնիտորինգի եւ աուդիտի արդյունքները, ձեռքբերումները եւ ձախողումների պատճառները պետք է հասանելի լինեն ծրագիրն իրականացնողի պաշտոնական կայքում: Հանրությանը հետադարձ կապի հնարավորություն պետք է ընձեռել կարծիքներ ներկայացնելու համար: 

Լուսանկարում` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` աջից եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Այս նյութը պատրաստվել է ԵՄ աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, եւ այն որեւէ ձեւով չի արտահայտում ԵՄ տեսակետը: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ