HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Ղարաքեշիշյան. «Մեր առաջնահերթ խնդիրը Աշոտաբերդի ժամանակավոր կացարաններում ապրող՝երկրաշարժից տուժած 296 ընտանիքներին բնակարանով ապահովելն է»

«Հետքի» հարցերին պատասխանում է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ 

-Դուք կառավարության կողմից ճանաչվել եք հանրապետության այս տարվա լավագույն քաղաքապետը: Ստեփանավանի ո՞ր խնդիրների լուծման համար եք արժանացել դրան:

- Կառավարությունն է իմ աշխատանքը գնահատողը, իրենք էլ իմ աշխատանքին գնահատական են տվել: Իմ առօրյա աշխատանքը կատարում եմ: Դա քաղաքի բարեկարգումն ու բյուջեի եկամուտների հավաքագրումն է: Համայնքի բյուջեի միջոցները սուղ են՝ 250 մլն դրամ, որից մենք կարողանում ենք կատարել ընդամենը բյուջետային հիմնարկների պահպանության ծախսերն ու կոմունալ տնտեսության մեր հատկացումները: Բայց այս տարի մենք բարեկարգել և մեծ քանակությամբ ծառատունկ ենք արել Ստեփանավանի բոլոր պուրակներում, կենտրոնական հատվածներում ու քաղաքից դուրս ճանապարհների եզրերին, դեպի Ստեփանավանի հիվանդանոց և Տաշիր, Լոռի Բերդ գնացող ճանապարհներին: Քաղաքի բոլոր փողոցները նաև ծաղկապատել ենք: Այդ աշխատանքները ես ինքս եմ անում: Դա մեր քաղաքի խնդիրն է: Եթե մեր քաղաքի խնդիրն է, ինչո՞ւ պետք է իմ սեփական միջոցներից գումարներից չդնեմ:

- Այս տարի որքա՞ն գումար եք Ձեր սեփական միջոցներից ներդրել Ստեփանավանի զարգացման  համար:

-Ես նման բաները չեմ հաշվում: Ես քաղաքի համար որ պահին ինչ պետք է` կատարում եմ: Այս տարի մեր քաղաքի կենտրոնական փողոցների 3 շենքերի տանիքներն ու պատշգամբներն ենք վերանորոգել: Ներհամայնքային փողոցների ասֆալտի փոսային նորոգումներ ենք կատարել: Փողոցներ ենք լայնացրել: 

-Բայց ինչպե՞ս եք դուք ձեռք բերել այդ գումարները:

-Դե հիմա, ես ունեմ, ո՞նց ասեմ: Գազալցակայան ունեմ, քարի արտադրամաս և քարհանք ունեմ: Դա ինչ-որ ֆիրմայի է պատկանում: Հիմա որ թաքցնեմ, ասեմ` իմը չի, սիրուն չի լինի: Ամբողջ աշխարհը գիտի, որ իմն է: Բայց ֆիրմա է աշխատում, տնօրեններ կան, մարդիկ են աշխատում: Կոնկրետ այդ 3 հիմնարկում 75-80 ստեփանավանցի է աշխատում: 

-Պարզվում է` Դուք հարուստ քաղաքապետ եք: Դուք Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:

-Չէ, չեմ համարում, չեմ էլ ուզում էդ ցուցակում գտնվել ընդհանրապես:

- Ինչո՞ւ: Վատ բան չէ, եթե մարդը կարողանում է իր աշխատանքով հարստություն ստեղծել:

-Չէ, հարցը դա չի, հասկացանք, ո՞նց ասեմ, այսինքն` մարդը եթե հարուստ է, պետք է նպատակ դնի, որ անընդհատ հարստանա՞:  Բա չորս կո՞ղմը: Դրա համար ոչ միայն քաղաքի զարգացմանն եմ օգնում: Այսօր Ստեփանավանում շատ կարիքավոր ընտանիքներ կան, ես անընդհատ այդ մարդկանց օգնում եմ: Դա նորություն չէ ստեփանավանցիների համար: Մարդիկ դիմում են, ես էլ իմ անձնական միջոցներից օգնում եմ նրանց:

-Քանի որ խոսում եմ հարուստ քաղաքապետի հետ, ուզում եմ ևս մեկ հարց տալ:                                    

-Ես հարուստ էլ չեմ, աղքատ էլ չեմ: Չեմ էլ ուզում հարուստների ցուցակում հայտնվել:

- Հասկացա, պարոն Ղարաքեշիշյան, դուք 1998-2012թթ. աշխատել եք Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային  գործակալության (Փարոսի) տնօրեն: Ստեփանավանի քաղաքապետ ընտրվելուց հետո Դուք ոչինչ չխնայեցիք, որ Ձեր որդին այդ պաշտոնում փոխարինի Ձեզ: Ինչո՞ւ:

- Իմ որդին մինչ Փարոսում ինձ փոխարինելը աշխատում էր Ստեփանավանի տարածաշրջանի գազի ծառայության տնօրեն: Ինձ թվում էր, որ ես ճիշտ մտածելակերպով եմ Փարոսում աշխատել բնակչության հետ, ինչ-որ տեղ էլ մտածեցի, որ ճիշտ կլինի, որ տղաս ինձ փոխարինի, որպեսզի էդ նույն մտածելակերպով էլ կարողանա Փարոսի աշխատանքը շարունակել, այսինքն` ճիշտ գնահատվի՝ ով է կարիքավոր, ով՝ ոչ: Ինձ թվում է` Ստեփանավանի բնակչությունն էլ իմ տղայից դժգոհ չի: Փարոսում իմ որդու աշխատանքը իր համար էլ էր հանգիստ:

- Հիմա քանի՞ նպաստառու կա Ստեփանավանում:

-Այս պահի դրությամբ գրանցված է 5 հազար նպաստառու Ստեփանավանի ամբողջ տարածաշրջանում:

-Վերադառնանք Ստեփանավանի զարգացման մյուս խնդիրներին: Անցած 27 տարիներին ի՞նչ լուծումներ են ստացել Ստեփանավանում երկրաշարժից տուժածների բնակարանային խնդիրները:

- Ստեփանավանում ոչ միայն բնակարանային, այլ ընդհանրապես որևէ շինարարություն չի կատարվում, բայց քաղաքի Աշոտաբերդ թաղամասում երկրաշարժից տուժած 296 ընտանիքների 1989թ.-ից տվել են ժամանակավոր կացարաններ: Այդ ընտանիքներն առ այսօր ապրում են այդ կացարններում: Հիմա էդ ժամանակավոր կացարանները շատ վատ վիճակում են: Վերջերս նախագահականից եւ կառավարությունից հանձնաժողով էր եկել: Ուսումնասիրեցին այդ թաղամասի ժամանակավոր կացարանների վիճակը: Մտածում են` ինչ անեն, որ այդտեղ բնակարանային շինարարություն սկսվի:

-Քանի՞ ստեփանավանցի է աշխատում «Սագամար» ՓԲԸ-ում, ի՞նչ կասեք ընկերությունում վերջին շրջանում կատարված աշխատողների կրճատումների մասին: 

- Այսօր ընկերությունը չի աշխատում, աշխատողներին 2/3-րդով արձակուրդ են ուղարկել՝ միջազգային շուկայում պղնձի գների անկման պատճառով: «Սագամար» ՓԲԸ-ում աշխատում է 300 ստեփանավանցի: Օգոստոս ամսից ընկերությունը չէր վճարել աշխատողների աշխատավարձը: Դա դժգոհություն էր առաջացրել աշխատողների մոտ, 20 օր առաջ ես ինձ մոտ հրավիրեցի ընկերության տնօրեին: Այդ հարցերը հիմա կարգավորվում են, մինչև դեկտեմբեր ամիսը աշխատողների աշխատավարձը վճարել են: Եթե 300 ստեփանավանցիներ զրկվեն աշխատանքից, դա մեծ թիվ է, առանց այդ էլ Ստեփանավանում մոտ 2000 գործազուրկ կա: Բայց ասեմ, որ այս մարդկանց մեծ մասը գործազուրկ է իրենց ծույլ լինելու պատճառով: Նրանց մեծ մասն ունի սեփականաշնորհված վարելահողեր և տնամերձեր: Դրանք չեն մշակում, չեն ուզում աշխատել, անընդհատ օգնության են սպասում:

-Ստեփանավանի  քաղաքապետարանի առաջ այսօր ի՞նչ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ կան:

- Չլուծված խնդիրներ Ստեփանավանը շատ ունի, բայց մենք շատ խնդիրների լուծումներ 2016թ.-ին տեսնելու ենք: Մեր առաջնահերթ խնդիրը Աշոտաբերդի ժամանակավոր կացարաններում ապրող՝ երկրաշարժից տուժած 296 ընտանիքներին բնակարանով ապահովելն է: Քաղաքի պոլիկլինիկայի շենքը վթարային է, մյուս տարի կլուծվի շենքի կապիտալ վերանորոգման խնդիրը: Վթարային է Աշոտաբերդի դպրոցի շենքը, Կարեն Կարապետյանի ջանքերով շենքի կապիտալ վերանորոգումը նույնպես մտել է կառավարության 2016թ. ծրագրերի մեջ: Թաղամասում կառուցվելու է դպրոցի նոր շենք: Քաղաքի թիվ 1 դպրոցին կից մեծ մարզադահլիճ է սարքվելու: Կառուցվելու է սոցիալական կենտրոն: Կապիտալ վերանորոգման կարիք ունի քաղաքի ավագ դպրոցի շենքը: Այս խնդիրները կան և պետք է լուծվեն:

-Կառավարության հրատապ ծրագրով Ստեփանավանում այս տարի կապիտալ վերանորոգման ի՞նչ աշխատանքներ  են կատարվել:

-Հրատապ ծրագրով հատկացված 13 մլն դրամով վերջերս բնակելի մեկ շենքի տանիք է վերանորոգվել: Շենքը երկրաշարժից հետո երկար տարիներ վթարային էր: Ստեփանավանում արդեն երկրորդ տարին է` Կարեն Կարապետյանը կառուցում է մանկապարտեզի շենք: Այն կշահագործվի 2016թ.:

-2016թ. վերանորոգման նպատակով կփակվի Վանաձոր-Բագրատաշեն միջպետական  ճանապարհը, և Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի տրանսպորտային երթևեկությունը կկատարվի Ստեփանավանով: Դա որևէ բան կփոխի՞ ստեփանավանցիների սոցիալական վիճակում:

- Իհարկե, տեղաշարժ կլինի, ճանապարհաեզրերին գտնվող մեր ռեստորանային համալիրները, սրճարանները, խանութները կաշխատեն ավելի արդյունավետ: Մնում է ճանապարհամերձ մեր գյուղերի բնակչությունը նույնպես ակտիվ լինի և սեփական արտադրության գյուղատնտեսական մթերքներ հանի այնտեղ վաճառքի:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Օգնութիւնը շատ բծախնդրութեամբ պէտք է կատարուի: Եթէ ենթական կրնայ աշխատիլ,բայց եւ այնպէս կարիքաւոր է ծուլութեան պատճառով, ապա պէտք է զրկել զայն նպաստէ, որպէսզի ստիպուի աշխատելու եւ ուրիշ կարիքաւորներու հասնելիք արդար նպաստները չիւրացնէ: Մի՞թէ այսպիսիները եթէ գաղթեն, օտար երկրիէջ պիտի ձրի հաց ուտեն, ո՞վ ծոյլին ձրի հաց կու տայ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter