HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճեմարանի ներքին կարգապահությունը և առօրյան

(«Հոգևոր ճեմարանի առաքելությունը» շարքից)

սկիզբը

Հոգևոր-կրթական հաստատություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պատրաստելու և սպասավորության կոչելու եկեղեցական նոր սերնդին, որը, միաժամանակ, մանկավարժական հանձնաժողովի կողմից պետք է վկայվի մասնագիտական որակավորմամբ: Ուսման նկատմամբ ցուցաբերվող բծախնդրությունից զատ նույնքան կարևոր է հոգևոր-կրթական հաստատությանց սաների ներքին կարգապահության և առօրյայի հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը: Գիշերօթիկ հաստատություններին բնորոշ մի շարք խնդիրներից ու մարտահրավերներից անմասն չէ նաև ճեմարանը, որը զգալիորեն պետք է տարբերվի աշխարհիկ ցանկացած բուհից` իր ներքին կարգապահության որակով, կազմակերպվածությամբ, հոգևոր մթնոլորտով և այլ առանձնահատկություններով:

Ճեմարանը, ինչպես նշեցինք, գիշերօթիկ փակ հաստատություն է` տրամադրելի միայն արական սեռի ներկայացուցիչների համար: Այստեղ ուսանելու համար անհրաժեշտ է բավարարել ընդունելության քննությունների պահանջները, որից հետո դիմորդների առջև բացվում են ճեմարանի խորհրդավոր դռները: Ճեմարանում ուսումն անվճար է, ինչն է՛լ ավելի է շահագրգռում դիմորդներին, եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ ճեմարանականներն ուսումնառության ընթացքում ապահովվում են կեցավայրով, օրական երեքանգամյա սննդով, գրենական պիտույքով, բժշկական խնամքով և անհրաժեշտ կենղացային այլ պարագաներով:

Այսքանով հանդերձ` ճեմարանի ներքին կարգապահությունը կարծես մեծավ մասամբ ստվերվում է` ավելի շատ իր տեղը զիջելով արտաքին կամ առերևույթ կարգապահությանը: Սա կարող է կեղծ տպավորություն ստեղծել այն մասին, թե ասես ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, գնալով բարձրանում է կրթական մակարդակը, կարգապահական խնդիրներ այլևս չկան կամ երբևէ չեն էլ եղել: Մինչդեռ քչերին է հայտնի այն ամբողջ եղելությունը, որ ծավալվում է չորս պատերից ներս` հեռու շատ-շատերի աչքից:

Ճեմարանի ներքին անցուդարձը հսկելու, ճեմարանական խնդիրներին ի մոտո ծանոթ լինելու, առօրեական հարցերին լուծում տալու, ինչպես նաև հոգևոր դաստիարակություն ապահովելու նպատակով տնօրինված է, որ ճեմարանի տեսչական կազմից տեսուչը, փոխտեսուչ(ներ)ը, վերակացուները բնակվեն ճեմարանի սաների հետ ննջարանային միևնույն կացարանում: Վերջիններս նաև պարտավորվում են ուսանողների հետ միասին մասնակցել նախաճաշին, ճաշին և ընթրիքին` որպես մեկ ընտանիքի ամբողջություն: Սա չի նշանակում, որ, դիցուք, վերակացուները, պետք է խուզարկություն անցկացնեն սաների սենյակներում, ոչ էլ ենթադրում է, որ անտարբեր պետք է նստեն իրենց սենյակներում և զբաղվեն համացանցային ժամավաճառությամբ:

Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է շրջել սաների սենյակներով և բարեկամական զրույց ծավալել, հետաքրքրվել նրանց կենցաղով, ամենօրյա խնդիրներով, ուսանողական կարիքներով, լսել նրանց առաջարկություններն ու խնդրանքները, հարկ եղած դեպքում` տեսակցություն ունենալ ուսանողների ծնողների հետ: Ոչ թե ծնող կանչել ճեմարան, այլ ծանոթանալ սաների ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում` նրանց ներկայացնել տվյալ ուսանողի հետ կապված խնդիրները, եթե կան: Ծնողներն իրենց հերթին պետք է հետաքրքրվեն իրենց զավակների ճեմարանական առօրյայով, թե ինչպիսի՛ առաջադիմություն և վարք են ցուցաբերոմ, ինչո՛վ են զբաղվում դասերից հետո, ի՛նչ միջավայրում են ապրում, և այլն:

Ճեմարանի ներքին կարգապահության տեսանկյունից հավասարապես անընդունելի են սուտը, երդումը, փողոցային ժարգոնը, հայհոյախոսությունը, գողությունը, տղայական հաշվեհարդարները, ծեծկռտուքը: Ճեմարանականի նկարագրի մեջ չեն տեղավորվում նաև քծնանքը, մատնությունը, ծուլությունը, ծխելը: Հատկապես վերջինս տարածված է ճեմարանական տղաների մոտ, որոնց մի մասն այդպես էլ չի գիտակցում ծխելու վնասակարությունն ու հոգևորականի վարքին անհարիր դրսևորում լինելը: Այս նկատառումով հարկավոր է ճեմարանում անցկացնել ճանաչողական բնույթի սեմինար-քննարկումներ բժիշկ-մասնագետների մատուցմամբ, որոնք բժշկական և գիտական մոտեցումներով սաներին կներկայացնեն ալկոհոլի չարաշահման և ծխելու ողջ վտանգը:

Փոխարենը ծխող ուսանողների նկատմամբ կիրառվում են տարբեր պատժամիջոցներ` մինչև անգամ ծխելու պատճառով տվյալ սաներին հեռացնելով ճեմարանից: Փորձից հայտնի է, որ վախի առկայությամբ և պատժի սպառնալիքով հնարավոր չէ արմատախիլ անել արատավոր երևույթները: Պատժի ահից խուսափող երիտասարդները ծխելու իրենց քաղցը բավարարելու այլ ճանապարհներ են գտնում: Սակայն կա նաև հարցի բարոյական կողմը: Ինչպե՞ս կարելի է ծխելու պատճառով ուսանող հեռացնել ճեմարանից, երբ հոգևորականության կեսը, եթե ոչ ավելին, ծխում է: Պատահում է նաև, որ ճեմարանի վերակացուները կամ տեսչության մյուս անդամներն են ծխում, իսկ զավեշտալին այն է, որ երբեմն հենց ծխող վերադասն է պատժում և հեռացնում ծխող ուսանողին ծխելու պատճառով:

Մինչդեռ ճեմարանն ավարտած սարկավագները, մուտք գործելով միաբանության շարքերը, այլևս անարգել կարող են ծխել, որի դիմաց որևէ պատիժ չի կիրառվում: Ավելին` հաճախ ճեմարանականներին վատ օրինակ և գայթակղություն են հանդիսանում հենց որոշ հոգևորականներ` եպիսկոպոսից մինչև սարկավագ, որոնց, չգիտես ինչու, թույլատրված է ծխել: Եթե ծխելն իսկապես պատժելի արարք է, ապա ինչո՞ւ է այն դրսևորվում միայն ճեմարանի սաների նկատմամբ, իսկ ծխող հոգևորականները ոչ միայն չեն պատժվում, այլև անգամ բանավոր նկատողության չեն արժանանում իրենց վերադաս եկեղեցականների կողմից, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում ծխողները:

Ճեմարանականի նկարագրում լայն տեղ է հատկացվում ազնվությանը, ճշտապահությանը, պարտաճանաչությանը, պատասխանատվությանը, ճշմարտախոսությանը, լրջմտությանը: Եթե այս բարեմասնությունների կողքին ճեմարանի սանը,  իր ուսումնառությանը զուգընթաց, ցուցաբերի նաև աղոթասիրություն, ներհայեցողություն, եղբայրակցություն, մաքրակենցաղու­թյուն և կարգապահություն, ապա մոտ ապագայում նա արժեքավոր հոգևորական կարող է դառնալ` պիտանի ազգին և եկեղեցուն: Չմոռանանք ասել, որ ապագա եկեղեցականի մեջ պետք է սերմանել նաև հայրենասիրություն, ժողովրդականություն և ազգապահպանություն, բայց նախ պարտ է քարոզել Քրիստոսին և տարածել փրկության Ավետարանը աշխարհի բոլոր ծագերում:

Չգրված օրենքով Մայր Աթոռի տարածքում ճեմարանի ուսանողներին արգելվում է շփվել միաբանների և այլ հոգևորականների հետ, գնալ միաբանական շենք և մտնել միաբանների սենյակները, ինչը միանգամայն տարօրինակ է: Ժամանակին այս մոտեցումն առավել քան տարօրինակ կերպով պատճառաբանվեց ճեմարանի վերակացուներից մեկի կողմից, թե «սա արվում է, որպեսզի ճեմարանի ուսանողները վատ բաներ չընդօրինակեն միաբաններից»: Պարզվում է, որ միաբանության անդամ հոգևորականները կարող են վատ օրինակ լինել ճեմարանի սաների համար և շեղել նրանց մտքերը: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այն պարադոքսը, որ այդպիսի վատ օրինակ հանդիսացողներն ավարտում են ճեմարանը, ձեռնադրվում հոգևորական և անդամակցում այս կամ այն եկեղեցական միաբանությանը: Ստացվում է, որ կա՛մ նրանց չեն ճանաչել ճեմարանի վեցամյա ուսումնառության ընթացքում և չեն կարողացել կանխել նրանց առաջխաղացումը, ինչը քիչ հավանական է, կա՛մ էլ ճանաչելով հանդերձ` հովանավորել են նրանց, որպեսզի հե՛նց այդպիսինները դառնան հոգևորական և լրացնեն միաբանության շարքերը, ինչն ուղղակի անհավատալի է: Այդ միաբանների հետ ուսանողները մասնակցում են ժամերգություններին, Պատարագին, իսկ միաբաններից մի քանիսն էլ դասավանդում են ճեմարանում և ակամա շփվում ուսանողների հետ: Նմանապես նաև միաբանների մուտքն է արգելված ուսանողների ննջարանային մասնաշենք:

Գալով ամենօրյա ժամերգություններին` պետք է նշել, որ թեև ճեմարանականների պարտականությունն է ներկա գտնվել առավոտյան և երեկոյան ժամասացություններին, նրանցից քչերն են սիրով և հոժարաբար մասնակցում ընդհանրական աստվածապաշտական կարգին: Մի մասը չի գիտակցում, որ ժամերգությունները ևս աղոթք են, մեկ ուրիշ մասը չի հասկանում այդ աղոթքի լեզուն, մի երրորդ մասն էլ հետաքրքրված չէ կամ էլ քունն է տանում, հոգնած է, կարևոր գործեր ունի: Բայց ոչինչ. պետք է «ներկա» ստանալ, որպեսզի ճեմարանի տեսչության կողմից չարժանանալ գրավոր նկատողությունների: Այդ «ներկա»-ն հետագայում մանկավարժական ժողովների ժամանակ պարզերես պիտի դարձնի նաև ճեմարանի տեսչությանը` ցույց տալով, թե որքա՛ն լավ են աշխատում տեսչության անդամները, որքա՛ն բարձր է ճեմարանի կարգապահությունը:

Երբ այսպիսի հոգեբանություն է ձևավորված, հազիվ թե ճեմարանն ավարտած մեկը, միաբան դառնալով, սիրահոժար մասնակցի ամենօրյա ժամերգություններին և կիրակնօրյա Պատարագներին: Բնական է, որ արարողությունը դեռ չսկսված մինչև նրա ավարտը պիտի զրուցի, այս ու այն կողմ նայի, զվարճալի պատմություններ հիշի, իր ծառայակիցների հարցերը քննարկի: Հետաքրքիր է` եթե ճեմարանի սաներին «ներկա-բացակա» չանեն, իսկ միաբանների աշխատավարձից պահումները դադարեցվեն, ապա նրանցից քանի՞ տոկոսը սրտանց և պատրաստակամորեն կմասնակցի ընդհանրական աղոթքի ժամերին, նույնիսկ եթե եկեղեցում մեկ հավատացյալ չլինի:

Ճեմարանի սաներին վերջին մի քանի տարիներին արգելված է նաև գրանցվել և օգտվել ընկերային ցանցերից, ինչպիսիք են դիմատետրը (facebook) և համադասարանցիները (одноклассники): Այս կարգադրությունը եղավ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին որոշ ճեմարանականների անպարկեշտ լուսանկարները: Հակառակ սրան` շատ ուսանողներ շարունակում են իրենց ժամանակի մի ստվար մասը վատնել ընկերային կայքերում: Մյուս կողմից, ճեմարանի սաներին թույլատրվում է իրենց սենյակներում օգտագործել անձնական համակարգիչներ` այն պատճառաբանությամբ, թե այդկերպ ուսանողները պատրաստում են գրավոր առաջադրանքներ: Իսկ որտեղ համակարգիչն ու հեռախոսն է, այնտեղ էլ` համացանցը, նույնիսկ եթե տարածքում ալեցիր (wifi) չկա: Համացանցի հարցը շատ հեշտ է լուծվում լիցքավորված փոքրիկ կրիչների օգնությամբ, որոնք միացված են համակարգչին: Այստեղ արդեն անհնար է դառնում վերահսկել ուսանողների համացանցային շփումները, որոնք լի են գայթակղության և ժամավաճառության ծուղակներով ու վտանգներով:

Ի հեճուկս սրան` ճեմարանականներին արտոնված չէ բջջային հեռախոսներ գործածել, այլապես այն զանցառելու դեպքում կիրառվում են պատիժներ: Պատժի ենթակա գործոն է նաև սափրված չլինելը: Ճեմարանականներին վեց տարի շարունակ պարտադրում են, եթե ոչ ամեն օր, գոնե օրընդմեջ սափրվել, իսկ ճեմարանն ավարտելուց և քահանա ձեռնադրվելուց հետո էլ ստիպված են չսափրվել և գոնե մի փոքր մորուք պահել: Երկար բանակցություններից հետո մի շրջան արտոնվեց ավարտական` վեցերորդ լսարանի սաներին չսափրվել և եկեղեցական համազգեստ (կապա) կրել` ուսանողական համազգեստի փոխարեն: Ուսանողներին նաև արգելված է հագնել ջինսե կամ սպիտակ գույնի տաբատ: Ուսումնառության ընթացքում ճեմարանականն իրավունք չունի նշանադրվել կամ ամուսնանալ` այն պարզ պատճառով, որ ինքը գիշերօթիկ հաստատության սան է:

Թերևս ուսանողների ամենացավոտ հարցերից մեկը, եթե ոչ առաջինը, ազատության սահմանափակությունն ու պարփակվածությունն է: Այնքան էլ հեշտ չէ այդ տարիքում «ոսկի երիտասարդություն» ապրող տղաներին ներփակել որոշակի տարածքում և պարտադրել ապրելու, այսպես կոչված, վանաբնակ կյանքով: Աշխարհը միշտ էլ հրապուրում է, իսկ արգելված պտուղը «քաղցր» է: Ճիշտ կլիներ, որ հոգևոր դպրանոցները կառուցված լինեին բնակավայրերից հեռու` բնության գրկում, ինչպես ընդունված է աշխարհի բոլոր վանքերի պարագայում: Այսկերպ հնարավոր կլիներ մեղմել այն գայթումները, որոնք առաջանում են քաղաքամիջի դպրեվանքերում: Շատ ուսանողներ օրերն են հաշվում, թե ե՛րբ պիտի ունենան ազատ ժամեր` տուն գնալու կամ դրսում հայտնվելու համար, իսկ տարեկան արձակուրդները պարզապես երանություն են: Փորձը ցույց է տվել, որ կղզիացած դպրանոցներում, ինչպես Սևանում և Հառիճում, ուսման որակն զգալիորեն ակնհայտ է, իսկ կարգապահությունը` բարձր:

Սա չի նշանակում, որ ուսանողներին բոլորովին պետք է զրկել ազատությունից և ամիսներով «բանտարկել» ճեմարանում: Պետք չէ մոռանալ, որ նրանք էլ մարդ են, ծնողներ, հարազատներ, ընկերներ ունեն, կարող են սիրահարվել, ունենալ իրենց անձնական և ընտանեկան խնդիրները: Ճեմարանում, ի հակակշիռ պատիժներին, տեսչության ջանքերով կարևոր է ձևավորել նաև խրախուսանքների և շնորհակալագրերի ավանդույթը, փոքրիկ միջոցառմամբ շնորհավորել և բարեմաղթել հոբելյարներին` իրենց ծննդյան տարեդարձների կապակցությամբ, քաջալերել ուսման մեջ, օգնել` առօրեական դժվարությունները հաղթահարելու: Միայն փոխհասկացողության և եղբայրասիրության ջերմ ու մտերմիկ մթնոլորտում հնարավոր կլինի ապրել կողք կողքի հաշտ և խաղաղ, ներել ու հանդուրժել միմյանց, անտեսել մեկմեկու թերությունները, աջակցել նեղության պահերին, գոտեպնդել հուսախաբության ժամերին: Հակառակ դեպքում` ճեմարանը կդառնա մի ցատկահարթակ, որտեղից կսկսվի ոմանց կարիերան ու կանաչ ճանապարհը, ոմանց` հիասթափությունն ու փախուստը, ոմանց էլ` անճարակության ինքնապատսպարումը:   

 Հ. Եղիա Խաչատրյան                                                                       (Շար. Զ.)

Գևորգյան ճեմարանի նախկին փոխտեսուչ

Մեկնաբանություններ (2)

Մինաս Գոճայեան
Կը շնորհաւորեմ Ձեր խորունկ եւ իրօք մասնագիտական ու միաժամանակ սրտցաւ մանկավարժական ակնարկը։ Ես 35 տարուայ մանկավարժական փորձառութիւն ունիմ (Կիպրոս, Լոս Անճելոս, իսկ այժմ Երուսաղէմ՝ «Ժառանգաւորաց» Ընծայարան։ Դուք միանգամայն կը բարձրացնէք կարեւոր խնդիրներ, որոնց շուրջ մասնագէտներ - աշխարհական եւ հոգեւոր - պէտք է գլուխ գլխի տան եւ վերլուծեն, յայտնաբերեն կարգ մը ախտանշաններու պատճառները եւ ծրագրաւորեն ու սահմանէն Ճեմարանի մը առաքելութիւնը։
Հ. Եղիա
Յարգարժան Տիար Գոճայեան, մեծապէս շնորհակալ եմ Ձեր ազնիւ գնահատականներու եւ սրտբաց արձագանգի համար: Ուրախ կ՛ըլլամ օր մը ծանօթանալու Ձեզի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter