ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ստեփանավանի 296 ընտանիք շարունակում է թղթի վրա մնալ որպես «առաջնահերթ խնդիր»



Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի ժամանակավոր փայտե կացարաններում 1988-ի երկրաշարժից հետո անօթևան մնացած 296 ստեփանավանցիներ են բնակեցվել: Թաղամասը կառուցվել է 1989 թ.-ին։ Երկհարկանի  կացարանների փայտե հատակն ու տանիքները անցած 26 տարիներին քայքայվել են։ Երկրորդ հարկի փայտե հատակին ոտքով թեթև հարվածելու դեպքում հնարավոր է հայտնվել  1-ին հարկում: Կացարանների համար փլուզման սպառնալիք են դարձել նաև կոյուղաջրերով լցված  նկուղները։

«Անձրևների ժամանակ մեր տներում հայտնվում են ամեն տեսակի որդեր: Այս 27 տարիների ընթացքում  ամեն տարի ասել են` մյուս տարի կապահովենք բնակարանով: Ու այդպես  սպասում ենք արդեն 27 տարի: Եթե չհետևենք, կռիսները կուտեն մեզ»,- ասում է կացարաններից մեկի բնակիչ Լաուրա Նազարյանը:

Երկրաշարժի ծանր հիշողությունները  չեն լքել Լաուրային. «Մինչ երկրաշարժը` տղայիս hետ ապրել եմ Չերեմուշկա  թաղամասի՝ Տերյան 36 շենքում: Հրաշքով փրկվել ենք: Մենք մնացել ենք փլատակների տակ: Երևի մի երկու ժամ ենք մնացել: Փեսաս այդ շենքի աշղեկն էր եղել, կողմնորոշվել էր, թե որտեղ կլինենք: Այդ ժամանակ տղաս 5 տարեկան էր, ես` 30: Ես  քայլերից զգում էի, որ մեզ փնտրում են:  Պանելը մեզ պահել էր, ուրիշներին վնաս էր տվել»,- պատմում է Լաուրան: 

Նա ասում է, որ երկրաշարժից հետո իրենց զբաղեցրած կացարանի ամեն սենյակում մի ընտանիք է ապրել: Երկու ընտանիք անցած տարիներին տեղափոխվել է Լաուրայի հարևան սենյակներից : Հիմա Լաուրայի 7 անձից բաղկացած ընտանիքն է ապրում 3 սենյականոց ժամանակավոր կացարանում:

70-ամյա Լազիկ Սահակյանի ընտանիքը երկրաշարժից հետո նույնպես տեղավորվել է այս թաղամասում։ Լազիկի ընտանիքը  երկրաշարժից առաջ բնակվել է Ստեփանավանի Տերյան փողոցի 38 շենքում: Լ. Սահակյանի պատմելով, շենքը դեռ մինչև երկրաշարժը եղել է  վթարային։ «Տանը նստած էի, մեկ էլ  պատուհանները շխկշխկացին:  Մինչև ուզեցա տանից փախչեմ, չհասցրի,  շքամուտքում շենքը գլխիս փլվեց: Ընկա էլեկտրական շիթի տակ: Մեկ օր հետո  եկան աղվեսի բնի նման ծակ արեցին ու փլվածքների տակից ինձ հանեցին: Մի ամբողջ օր փլվածքների տակ եմ մնացել, դրանից հետո Բեխտերևի  հիվանդություն ստացա: Ողնաշարի ցավեր ունեմ, երկրաշարժից առաջացավ էդ հիվանդությունը»,-պատմում է Լ. Սահակյանը:

Վերջինս  ողնաշարի սուր ցավերից օրվա մեծ մասն անկողնում է անցկացնում։ «27 տարի առաջ ջահել մարդ էր, տաքսավատ էր անում»,-ամուսնու մասին ասաց Դոնարան:

«Ես ճանաչված մարդ եմ, սաղ Ստեփանավանը ինձ ճանաչում է, հետն էլ Զովետ ինստիտուտը վերջացրած եմ, գլուխ գովալ չլինի, մակարդակով մարդ եմ: Ով ուզում է հետս նստի, ամեն ինչի մասին կարամ հետները զրից անեմ: Բարեպաշտ, առաքինի, մարդ եմ»,-իր մասին ասում է Լազիկ Սահակյանը:

Դոնարան ինձ ուղեկցեց իրենց կացարանի նկուղ, որտեղ կոյուղու և խմելու ջրի մաշված խողովակներից  ջուր էր հորդում:  

Անահիտ Մաղաքյանի ընտանիքը մինչ երկրաշարժը բնակվել է Ստեփանավանի Հոկտեմբերյան 1 շենքում:  «Դա Ստեփանավանի թռչնաբուծարանի շենքն էր : Հինգ անձով բնակվում էինք 3 սենյականոց բնակարանում: Երկրաշարժից անմիջապես հետո մեր ձեռքով մի տնակ կառուցեցինք:  Տեսան, որ այնտեղ հնարավոր չէ ապրել, այս ժամանակավոր կացարանը տվեցին մեզ, 1989թ.-ից մինչև հիմա ապրում ենք այստեղ»,-ասում է Անահիտը: 

Ներկայումս  3 սենյականոց կացարանում ապրում է Անահիտի 10 անձից կազմված ընտանիքը՝ այդ թվում նաև 2-րդ  խմբի հաշմանդամ աղջիկը: «Մենք կացարանը վերանորոգել ենք: Այս կացարաններում առնետների պակաս չկա: Առաջին հարկերն ավելի վատ վիճակում են:  Աշոտաբերդի  տարածքը ճահճային է, անընդհատ ջրեր են հոսում դեպի կացարաններ: Էլի մեր կացարանները մի քիչ բարվոք վիճակում են,  տղամարդիկ կան,  մի կերպ վերանորոգում են:  Կացարաններ կան, որտեղ ապրող տղամարդիկ չկան: Շատերի առաստաղը կախված է տան մեջ»,- ասում է Անահիտը:

«Շուտով մեր 3-րդ երեխան է ծնվելու»,-հայտնեց Անահիտի հարսը՝ Իրինան: Երրորդ երեխային ընդունելու համար կացարանի  ճաշասենյակը արդեն 2 մասի են բաժանել, ճաշասենյակի լուսամուտի մոտ տեղավորված էր սպասվող փոքրիկի մահճակալը: «Եթե կացարանների հատակին ոտքդ թափով դնես առաջին հարկում կհայտնվես: Մենք դեռ փտած  հատակի տախտակները փոխել ենք, մի բան անում ենք, որ այստեղ կարողանանք ապրել»,-բացատրում է Անահիտը:  

Արամ Վալերյանի 10 անձից կազմված ընտանիքը Աշոտաբերդի ժամանակավոր կացարանում ապրում է 1989-ից։ «Երկրաշարժից առաջ Ստեփանավանի Չերեմուշկա 66 –Ա շենքում ենք ապրել: Մեր 10 անձի համար էս 4 սենյականոց կացարանն են տվել:  Աճող ընտանիք ենք: Աղջիկս ու փեսաս երեխայի հետ մեզ մոտ են ապրում: Մայրս էլ է մեզ հետ ապրում: Բանվորություն եմ անում, ցեմենտ եմ բարձում: Ընտանիքս պահելու համար ինչ գործ պատահում է անում եմ, բայց չեմ կարողանում մի քիչ կարգի բերել և անվտանգ դարձնել  կացարանս»,-ասում է Արամը: Նրա տան հատակի փայտը ամբողջությամբ քայքայված էր,  լոգարանի առաստաղից  թափվում էր վերևի հարևանի լոգարանի ջրերը: 

Երկրաշարժից 27 տարի անց աղետի հետևանքներից չէին կարողացել խուսափել նաև երկրաշարժից  տուժածների թոռները: Աշոտաբերդ թաղամասի մանկապարտեզը  տեղավորված է թիվ 16 կացարանի 1-ին հարկի երեք սենյականոց փայտե տնակում:   Մանկապարտեզ են հաճախում թաղամասում ապրող 25 երեխաներ: Երեխաները  սենյակներից մեկում լուռ նստած էին: Նրանք քայլելու, խաղալու հնարավորությունից զրկված էին,  դատապարտված էին ամբողջ օրը նստելու կամ  խմբում, կամ էլ սենյակներից մեկում հարմարեցված փոքրիկ  ճաշարանում: Անմխիթար և կիսախարխուլ վիճակում էր նաև մանկապարտեզի միակ զուգարանը:

Մեր հարցազրույցի ժամանակ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ասաց, որ «քաղաքի առաջնահերթ խնդիրը Աշոտաբերդի ժամանակավոր կացարաններում ապրող՝ երկրաշարժից տուժած 296 ընտանիքներին բնակարանով ապահովելն է»։ Սակայն այդպես էլ հայտնի չէ թե, այս ընտանքիները դեռեւս քանի տարի են սպասելու խոստացված բնակարաններին եւ դեռ որքան ժամանակ են նրանք մնալու որպես «առաջնահերթ խնդիր»։  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ