
Այսօր Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է 26 օր տևած հացադուլը
Օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն, ով նոյեմբերի 17-ից հացադուլ էր հայտարարել իր առողջական խնդիրների պատճառով, այսօր` հացադուլի 27-րդ օրը դադարեցրել է այն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ հացադուլը դադարեցնելու մասին Հայկ Կյուրեղյանը դիմում է ներկայացրել: Քրեակատարողական վարչության պաշտոնյան տեղեկացրեց, որ Կյուրեղյանը գտնվում է բժշկական հսկողության ներքո:
Հարցին` արդյոք բավարարվել է Կյուրեղյանի պահանջը` պահել իրեն առանձին, չծխող կալանավորների հետ, ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետը նկատեց, որ կապահովվեն անհրաժեշտ պայմանները:
Այս պահին Կյուրեղյանի մոտ են գտնվում ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ տեղեկատվություն ստանալուն պես կփոխանցեն:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի հայրը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ իր անհանգստությունն էր հայտնել տղայի առողջական վիճակի, նրա անվտանգության հարցերի ապահովման վերաբերյալ:
ՄԻ պաշտպանի խոսնակը «Հետքին» փոխանցեց, որ Հայկ Կյուրեղյանի հիմնական պահանջը' առանձին խուց տեղափոխվելը, բավարարվել է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել