HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու 2016թ. բյուջեի նախագծի հանրային քննարկման ժամանակ աշխատակազմի կրճատման առաջարկ հնչեց

Գյումրի քաղաքի 2016թ. բյուջեն կրկին լինելու է սոցիալական՝ պայմանավորված քաղաքում առկա աղքատության մեծ ցուցանիշով: Սեփական եկամուտների ավելացմանը զուգահեռ՝ հաջորդ տարի պակասելու է պետության կողմից տրվող դոտացիան: Անցնող տարվա ընթացքում իրականացված սոցիալական ծրագրերի մեծ մասը գալիք տարում կրկին ընդգրկվել է 3 մլրդ 95 մլն դրամ կազմող համայնքային բյուջեում:

Գյումրու քաղաքապետարանում դեկտեմբերի 11-ին կազմակերպվել էր 2016թ. համայնքային  բյուջեի հանրային քննարկում: Օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր համայնք, բյուջեի նախագծի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում պետք է ընդունի առաջարկներ համայնքի բնակիչներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ կազմակերպի հանրային քննարկում գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ:

Հանրային քննարկման եւ առաջարկների առնչությամբ իրազեկումներ արվել էին տեղական երկու հեռուստաընկերությունների եւ մեկ պարբերականի միջոցով, հայտարարությունը տարածվել էր նաեւ սոցիալական ցանցով, չնայած այս ամենին, քննարկման մասնակիցները սակավաթիվ էին: «Զարմանալի է, որ այսքան պասիվ վերաբերմունք կա այս հարցի շուրջ»,-նկատեց քաղաքապետը ՝ առաջարկելով նախ լսել ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանին, հետո անցնել առաջարկներին:

«Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»  ՀԿ-ի ներկայացուցիչները հանրային քննարկմանը մասնակցում էին առաջարկների բավական մեծ փաթեթով:

«Բյուջետային ուղերձն ավելի առարկայական դարձնելու նպատակով ցանկալի է մատնանշել համայնքի զարգացման կոնկրետ ոլորտային ուղղվածություն: Բյուջեի նախագծի բյուջետային ուղերձում առանձնացնել 2016թ.-ի բյուջետային տարվա գերակա ոլորտային ուղղությունները, օրինակ՝ զբոսաշրջությունը կամ փոքր եւ միջին ձեռներեցության աջակցությունը, երիտասարդության խնդիրների լուծումը եւ այլն,-առաջարկեց «Կոմպաս» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը,-ուղերձի 2-րդ կետում մանրամասնել, թե ինչպես պետք է հաշվի առնվի գնաճը բյուջեի նախագծի կազմման ժամանակ ու ներառել տեղեկատվություն, որը ցույց է տալիս, թե քանի տոկոսով է փոփոխվել բյուջեն՝ նախատեսվող գնաճի ազդեցության պատճառով»:

Ըստ Կարեն Պետրոսյանի, շատ ավելի ցանկալի կլիներ բյուջեում շատրվանների նորոգման կամ կառուցման համար հատկացվող գումարը նշելուց զատ նշել նաեւ, թե կոնկրետ, որ մի շատրվանի վերանորոգմանն է ուղղվելու հիշյալ գումարը:

«Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ծրագրում լավ կլիներ հաջորդ տարում առանձնացնել գումարներ աղբամաններին կից շինությունների կառուցման համար,-հերթական առաջարկը ներկայացրեց Կ. Պետրոսյանը,-քանի որ, ըստ մեր դիտարկումների, բնակիչներն ընդհանուր առմամբ գոհ են դրանց կիրառումից եւ տարածքն էլ ավելի կոկիկ ու մաքուր է: Ցանկալի կլիներ նաեւ «Արտաքին լուսավորության ցանցի շահագործում եւ պահպանում» ծրագրին կից ներկայացնել այն փողոցների ցանկը, որոնք նախատեսվում է լուսավորել»:

«Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության սոցիալական ծրագրերի պատասխանատու Ֆլորա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2016թ. քաղաքապետարանը շարունակելու է աջակցել կազմակերպությանը եւ արդյոք գումարներ նախատեսված են  միայնակ ծերերի համար իրականացվող «Տաք ձմեռ» ծրագրի համար:

«Ինչպես գիտեք. մենք տարիներ շարունակ ծրագրեր ենք իրականացրել օտարերկրյա դոնորների տրամադրած գումարների հաշվին, սակայն տարիների հետ լճացում է գնում, եւ իրենք արդեն հրաժարվում են ֆինանսավորել այդ ծրագրերը,-նկատեց Ֆլորա Սարգսյանը,-այնպես որ, քաղաքապետարանի հետ համագործակցության շարունակական լինելը բխում է ոչ միայն մեր, այլեւ հիմնականում սոցիալապես անապահով միայնակ ծերերի շահերից»:

Ֆինանսատնտսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը հավաստիացրեց, որ 2016թ. բյուջեի նախագծում «Կարիտասին» տրամադրվող գումարները ներառված են եւ սոցիալական ծրագրերի համար հատկացվող գումարները եւս չեն պակասել:

Քննարկման ժամանակ հնչած առաջարկներից մեկն էլ վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակազմի կրճատմանը: Կարեն Պետրոսյանը նշեց, որ ուսումնասիրելով համայնքային կառավարման միջազգային փորձը՝ նկատել են, որ աշխատակազմին ուղղվող գումարները շատ ավելի քիչ են, իսկ Հայաստանում այն կազմում է բյուջեի 30 տոկոսը, որը շատ է, պետք է հարցն ուսումնասիրել եւ փորձել հնարավորինս կրճատել աշխատակազմը: Ինչպես նաեւ առաջարկ եղավ քաղաքում գործող գրադարանների օպտիմալացման:

«Կարելի է նաեւ բյուջեում 1 մլն դրամ սիմվոլիկ գումար առանձնացնել նորարարական գաղափարների համար: Սա համայնքում կխթանի նորարարական գաղափարների ներդրումը: Գյումրիում կան լիքը երիտասարդներ, որ ունեն լիքը գաղափարներ, սակայն դրանք իրականացնելու գումարային դժվարություններ ունեն: Եթե այդ գումարը լինի, կարծում եմ՝ առաջին հերթին կշահի համայնքը»,-նկատեց Կ. Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter