HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Իշխանությունը ոտքը դրել է հանգույցի վրա եւ սեղմում է

«Սրանք ուղղակի չեն պատկերացնում, թե ուր են հասցրել ժողովրդին: Սրանց աշխարհն ուրիշ կառուցվածք ունի: Սրանք գազի, ջրի, էներգիայի վարձերը վճարելու խնդիր չունեն եւ չեն էլ մտածում, որ ազգի ութսուն տոկոսը օրվա հացի խնդիրը չի կարողանում լուծել: Սրանք բոլոր ժամանակներում իշխանություն են եղել եւ լավ էլ գիտեն, որ մեր նմանների երեխաները չեն կարող որեւէ հիմնարկում, առանց իրենց «դաբրոյի», աշխատանքի տեղավորվել:Սրանք չեն էլ պատկերացնում, որ շատ ընտանիքներում երեխաները դպրոց չեն ուզում գնալ, որովհետեւ կոշիկ չունեն, պայուսակ չունեն, չեն էլ պատկերացնում, որ դպրոցական աղջիկներն ամաչում են ամբողջ տարին մի շորով դասարան մտնելուց: Սրանց ուղեղների բջիջների կառուծվածքը պարզապես փոխվել է, սրանք, որ ամեն մի փռշտոցից հետո թռնում են եվրոպաներ' բժշկական ստուգումների, չեն էլ պատկերացնում, որ տասնյակ հազարավոր թոշակառուներ փող չունեն նույնիսկ ճնշումը կարգավորող հաբեր գնելու: Սրանք իրենց աշխարհն են ստեղծել ու հավերժական խրախճանքի մեջ են: Սրանք ուզում են, որ մենք գլխիկոր, հնազանդ տանենք ամեն ինչ ու հանկարծ չփորձենք խանգարել իրենց' «երկիր կառուցելու առաքելությունը» իրականացնելուն: Սրանք չեն էլ պատկերացնում, որ կա ցասման մի ալիք' անղեկավար ու անկառավարելի, որ կարող է գալ ու սրբել իրենց այդ աշխարհը»,- մի շնչով, առանց դադարի, ասաց պատերազմում հաշմանդամ դարձած ընկերս ու, նայելով աչքերիս, ավելացրեց' դե հիմա դու ասա:

Ես լռում եմ սովորականի նման' նրան չբարկացնելու, հանգստացնելու համար, որովհետեւ նա կարմրում է խոսելիս, եւ ես միշտ վախենում եմ' հանկարծ նորից չվատանա: Նա գլխից է վիրավորվել եւ միանգամից վատանում է, երբ նյարդայնանում է: Իսկ ես գիտեմ, որ ինչ էլ ասեմ, նրան հունից հանելու է. նա խնդիրներ լուծելու միայն մի ճանապարհ գիտի:

Նախկինում ես ասում էի, որ պետք է ստիպենք իշխանություններին փոխվել, նահանջել, բայց նա երբեք չէր համաձայնվում: Ես էլ վաղուց չեմ հավատում ասածներիս, բայց չեմ էլ խոստովանում ընկերոջս: Ես համոզվել եմ, որ միեւնույն է' իշխանությանը չես կարող ստիպել անել այնպիսի քայլեր, որոնք «ձեռնտու» չեն իրեն: Որովհետեւ իշխանության մեջ այն մարդիկ չեն, ովքեր գիտակցում են ազգային շահը, ունեն պետական մտածողություն: Ես նրանց մեջ չեմ տեսնում մարդկանց, որոնք ազգային շահի, այսինքն' պետության մասին են մտածում: Նրանց պետությունը իրենց թիմն է, նրանց ազգային շահը իրենց բիզնեսն է:

Ես ընկերոջս' Գարիկին, չեմ կարողանում բացատրել, որ պետության մասին իր եւ նրանց ունեցած պատկերացումները հակադիր են: Չեմ կարող նրան ասել, որ դու ուզում ես հանգուցալուծում, իսկ իշխանությունը ոտքը դրել է հանգույցի վրա եւ սեղմում է: Իշխանությունը ստեղծված է այդ հանգուցալուծումն անընդհատ հետաձգելու համար: Երբեմն խաբվում ես' սպասելով, որ ահա մի բան կփոխվի, մի բան տեղի կունենա, բայց դա ընդամենը ինքնախաբեություն է. նույնի շարունակականությունը նորից ապահովված է:

Ինչ-որ մի միամիտ ասել է, որ հայերը սոցիալական բունտ չեն անի, բայց սոցիալական բունտը վաղուց է սկսված: Մինչեւ հիմա դա արտահայտվում է կարծես թե միայն արտագաղթով: Արտահայտման հաջորդ դրսեւորումն այսօր Երեւանի եւ տարբեր քաղաքների փողոցներում արդեն զգալ է տալիս: Նույնիսկ ակտիվ ընդդիմությունը չի տեսնում, որ ինչպես Շեքսպիրն է ասել, ժամանակն արդեն հոդախախտ է եղել:

Նոր տարուց հետո, երբ հանդիպել էի Գարիկին, հարցրեց. «Էդ ի՞նչ է էդ 3G, 4G-ն, որ վարչապետը խոսում է, ասեց' Հայաստանի ամբողջ տարածքը ծածկել է»: Ես սկսեցի բացատրել: Գարիկն անմիջապես հակադարձեց, թե վարչապետը գիտի, որ մեր գյուղերում ծերերն են մնացել. նրանք էդ G-երը ի՞նչ պիտի անեն:

Տիգրան Սարգսյանը մյուս վարչապետներից տարբերվեց նրանով, որ խոսեց «հայկական աշխարհի» մասին: Բայց իմ, Գարիկի ու վարչապետի հայկական աշխարհները նույնպես չեն համընկնում, նույնիսկ համեմատության եզրեր չկան: Մեր հայկական աշխարհում մարդիկ են, նրա աշխարհում' աներեւույթ հասկացություններ: Մեր հայկական աշխարհում թերսնվող հայ երեխաներն են, իսկ նրա աշխարհում' ռուսալեզու դպրոցներ հաճախող երեխաների տեսլականը: Մեր հայկական աշխարհը կիսադատարկ գյուղերն են, նրանը' ֆինանսական կենտրոն Դիլիջանը կամ Դավոսի վերածվող Ծաղկաձորը:

Մեր հայկական աշխարհում ես փոքրացել էի, հավասարվել գետնին, երբ Հայաստանի նախագահի կողքին կանգնած հարեւան Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հորդորում էր հայերին, որ չլքեն Հայաստանը: Ի՞նչ պետք է անենք ես ու Գարիկը, որպեսզի մեր պաշտոնյաները տեսնեն իրական հայկական աշխարհը: Ես այդպես էլ ընկերոջս ոչինչ չպատասխանեցի, քանի որ նա միայն մեկ ճանապարհ գիտի:

Լուս. Հակոբ Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter