Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հայաստանում թռչելու իրավունք չունենալով՝ մեր օդաչուներն ու ինքնաթիռները դեգերում են այլ երկրներում



Այսօր Հայաստանը չնայած չունի տեղական ավիափոխադրող, սակայն ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված են 3 մարդատար ինքնաթիռներ, որոնք թռիչքներ են իրականացնում մեր երկրից դուրս: Դրանք «Տարոն-Ավիա» ընկերությանը պատկանող 3 «Boeing»-ներն են: Օդանավերը Հայաստանում ստացել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց շահագործող «Տարոն-Ավիան» ունի օդանավ շահագործողի վկայական, ավիափոխադրողի մասնագիր, սակայն չի ստացել թռիչքներ իրականացնելու թույլտվություն, ինչն էլ ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին դրդել է օդանավերը (իրենց անձնակազմերով) թռցնել այլ երկրներում:

Այս երեք ինքնաթիռներին անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում՝ մանրամասն ներկայացնելով դրանց պատմությունները: Չկրկնվելու համար պարզապես ներկայացնենք, թե որտեղ են դրանք այժմ շահագործվում:

EK-73775 հայկական համարով «Boeing 737-500»-ը, որը սեփականության իրավունքով պատկանում է Գ. Պապիկյանի՝ արաբական Շարժայում հիմնադրած «Ala International» ընկերությանը, 2015-ի օգոստոսից «թաց-լիզինգի» պայմաններով (օդանավը շահագործվում է «Տարոն-Ավիայի» փաստաթղթերով) վարձակալման է հանձնվել սուդանական «Badr Airlines»-ին, որը բազավորվում է մայրաքաղաք Խարթումում: Ըստ planefinder.net եւ flightradar24.com կայքերի, որոնք տեղեկություններ են հաղորդում օդանավերի տեղաշարժերի մասին, հայկական ինքնաթիռն այսօր սուդանական ընկերության անվան տակ շահագործում է Խարթում-Ջիդդա (Սաուդյան Արաբիա)-Խարթում օդուղին (J4662՝ դեպի Ջիդդա, եւ J4663՝ դեպի Խարթում, J4-ը «Badr Airlines»-ին տրված IATA-ի կոդն է):

Ջիդդա-Խարթում (J4663) չվերթը

EK-73772 համարով մյուս «Boeing 737-500»-ը, որը նույնպես վարձակալմամբ շահագործում է «Badr Airlines»-ը, թռչում է տարբեր ուղղություններով: Ներկայում օդանավը Խարթումը կապում է տեղական Պորտ Սուդան (J4320 եւ J4321 երթուղիներ), Էլ Ֆաշեր (J4350 եւ J4351), Էդ Դամազին (J4340 եւ J4341) քաղաքներին, ինչպես նաեւ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբային (J4636 եւ J4637):      

Խարթում-Ջուբա չվերթը (J4636)

«Տարոն-Ավիայի» մյուս ինքնաթիռը՝ EK-73797-ը («Boeing 737-500»), որը 2013-2014 թթ. շահագործում էր «Էյր Արմենիան», ըստ վերը նշված կայքերի, տարբեր ժամանակահատվածներում տարբեր օդուղիներով է թռել: Քանի որ «Ala International»-ը մասնագիտացած է ոչ կանոնավոր (չարտեր) չվերթների կազմակերպման ու օդանավերի վարձակալման մեջ, պետք է ենթադրել, որ Գառնիկ Պապիկյանի այս ինքնաթիռը ներկայում հենց նման չվերթներ է կատարում:

Այս տարվա ընթացքում EK-73797-ը հասցրել է թռչել Աֆղանստանի «Kam Air» ընկերության անվան ներքո: Հատկանշական է, սակայն, որ Քաբուլում բազավորվող փոխադրողը, ինչպես եւ սուդանական «Badr Airlines»-ը, որին անդրադարձել ենք, աչքի չի ընկնում վստահելիությամբ: Աֆրիկական ընկերության նման սա էլ ընդգրկված է Եվրամիության «սեւ ցուցակում» (2010-ի նոյեմբերից), ինչպես եւ մյուս աֆղանական օպերատորները: Ընդ որում՝ 2010-ին ընկերությունը Վիեննա եւ Լոնդոն թռչելու նպատակներ ուներ, սակայն ավստրիական ու բրիտանական ավիացիոն իշխանությունները թռիչքային անվտանգության նկատառումներով չեն թույլատրել երթուղիների շահագործումը: Բացի դրանից՝ ընկերությունը նախկինում կասկածվել է նարկոթրաֆիքինգին մասնակցելու մեջ, եւ 2013-ին երկու անգամ կասեցվել են ԱՄՆ ՊՆ-ի հետ նրա պայմանագրերը:

EK-73797-ը՝ Թեհրանի երկնքում (02.04.2015)

Planefinder.com-ում EK-73797-ի կատարմամբ հուլիս-հոկտեմբեր ամիսների մի քանի չվերթ կա (TRV7007 եւ TRV7009 համարներով, TRV-ն ICAO-ից ստացած «Տարոն-Ավիայի» կոդն է, այսինքն՝ թռիչքներն իրականացրել է հենց իր անվամբ եւ հիմնականում Մերձավոր Արեւելքում), որոնցից երկուսը սկսվում են Ամմանից: Հիշեցնենք, որ վերոնշյալ 3 օդանավերը Գառնիկ Պապիկյանն այս տարվա ընթացքում տարել էր Հորդանանի մայրաքաղաք, որտեղ դրանք տեխսպասարկում էին անցել, ներկվել «Տարոն-Ավիայի» գույներով, իսկ հետո, երբ ձգձգվել էր ՀՀ-ում թռչելու թույլտվություն ստանալու հարցը, ավիատորը դրանք սկսել էր շահագործել ուրիշ երկրների պատվիրատուների համար: Flightradar24.com-ի տվյալներով՝ վերջին շրջանում EK-73797-ը թռչում է Աֆրիկայում՝ CAJ կոդով (CAJ143, CAJ144 եւ այլն): Ըստ էության, այն շահագործում է Կոնգոյի Հանրապետության Պուենտ-Նուար-Բրազավիլ-Պուենտ-Նուար օդուղին:

Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերի 30-ին հենց Պուենտ-Նուար նավահանգստից մայրաքաղաք Բրազավիլ մեկնելիս վերջինիս «Մայա-Մայա» օդանավակայանից մոտ 500 մ հեռավորության վրա աղետի ենթարկվեց հայկական անձնակազմով «Իլ-76Տ» ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվեցին օդանավում գտնվող 7 հոգի ու եւս 32 մարդ այնտեղ, որտեղ ընկել էր օդանավը:

«Տարոն-Ավիայի» ու արտերկրում շահագործվող դրա օդանավերի մասին մի քանի հարց էինք տվել ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանին, սակայն վերջինս պատասխանել է, թե դրանք իր իրավասություններից դուրս են:

Համադրելով վերը նշվածը՝ ստացվում է, որ «Տարոն-Ավիայի» ինքնաթիռներն ու օդաչուները Հայաստանում ստացած լինելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ միայն չունենալով օդուղի շահագործելու թույլտվություն, այսօր իրենց ներուժն օգտագործում են այլ երկրներում, այնինչ Հայաստանն արդեն մեկ տարուց ավելի չունի տեղական ավիափոխադրող: 

Գլխավոր լուսանկարում՝ EK-73772-ի թռիչքը Էլ Ֆաշերից Խարթում


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ