HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տիգրան Սարգսյանն այս վճռով փորձում է անունը մաքրել «օֆշորային» պատմությունից»

Վճիռ` հօգուտ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի. այն կբողոքարկվի

Երեկ Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի հայցը:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Shamshyan.com-ի միջոցով պահանջում էր հերքել, իր գնահատմամբ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները  և գործարար Փայլակ Հայրապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ:

Դատավոր Զարուհի Նախշքարյանն իր վճռով պարտավորեցրել է Shamshyan.com-ի միջոցով հերքել փաստացի որոշ տվյալներ և հօգուտ հայցվորի բռնագանձել 100.000 դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում, 20.000` որպես գույքային պահանջ, 4.000 էլ` որպես պետական տուրք:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշեց, որ գործում կան բավարար ապացույցներ, որ Փայլակ Հայրապետյանը չի զրպարտել Տիգրան Սարգսյանին, սակայն վիճարկվող երեք դրվագներից երկուսով դատարանը հաստատված է համարել զրպարտությունը:

«Սուտ կլինի, եթե ասեմ, որ նման վճռի չէինք սպասում, որովհետև Հայաստանում պաշտոնյաների մասնակցությամբ դատական գործերի ելքը մեծամասամբ կանխորոշվում է ավելի վաղ՝ մինչև վճռի հրապարակումը: Այդ համատեքստում արդեն պարզ էր, որ դատարանի վճիռը լինելու է հօգուտ Տիգրան Սարգսյանի: Նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը այս վճռով փորձում է իր անունը մաքրել «օֆշորային» պատմությունից»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

Ըստ փաստաբանի, այս գործընթացն այնքան կանխատեսելի էր, որ նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյանը նույնիսկ չէր թաքցնում և ընդգծված բացասական վերաբերմունք էր ցույց տալիս պատասխանող կողմին:

Վճիռը ստանալուց հետո Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչն այն բողոքարկելու է վերաքննիչ դատարան:

Մեկնաբանություններ (1)

Փարամազ
Տո դատարանը հայի ընչին ա պետք - ներսի գործերը կնիկն ա կարգավորողը, դրսինը ղեկավար բոսը (զ-ով չկարդալ), կամ թաղի գողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter