HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եգիպտոս ամանորյա թռիչքների համար նախապես ամրագրված բոլոր տոմսերը վերադարձվել են

Մարինե Ստեփանյան
Լիլիանա Օսիպյան

2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ավիավթարից հետո տուրիստական ոլորտում առաջացած խուճապը համակել է նաեւ հայ զբոսաշրջիկներին: Տուրիստական գործակալությունների հավաստմամբ՝ Եգիպտոս ամանորյա թռիչքների համար նախապես ամրագրված բոլոր տոմսերը վերադարձվել են:

Տուրիզմի մասնագետ Դավիթ Եղիազարյանի խոսքով՝ Եգիպտոսն այժմ համարյա նույն վիճակում է, ինչ 2011 թվականի հեղաշրջումից հետո էր, երբ երկրում կտրուկ գնանկում գրանցվեց:

«Ռուսաստանը չեղյալ է հայտարարել դեպի Եգիպտոս բոլոր չվերթները, և ռուսական կապիտալը, որ առաջ մեծ քանակով մտնում էր Եգիպտոս, այժմ չի մտնում: Դրանով պայմանավորված՝ շատ երկրների, ինչպես, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի տուրիստական ընկերություններն իրենց չվերթները չեն իրականացնում Եգիպտոսի տարածքով: Եգիպտոսի տնտեսությունը շատ է տուժել, որովհետև ռուսական ռուբլին այժմ չի շրջանառվում երկրում»,- նշում է Դավիթ Եղիազարյանը:

Պահանջարկի նվազմանը զուգահեռ նվազել են նաև դեպի Եգիպտոս իրականացվող թռիչքների և տուր փաթեթների գները: «Որքան էլ տուրիստական գործակալություններն ասեն, որ Եգիպտոսում հանգստանալն ապահով է, երկիրը դարձել է թեժ գոտի, մարդիկ վախենում են այնտեղ մեկնել, քանի որ հնարավոր են նոր ահաբեկչական գործողություններ: Եթե նախկինում Եգիպտոս մեկնելը արժեր միջինը 170-200 հազար դրամ, այժմ արժե ամենաշատը 120-150 հազար դրամ»,- ասում է Դավիթ Եղիազարյանը:

«Joy Tour» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանի խոսքով՝ Եգիպտոսը հայկական տուրիստական շուկայում ամենամատչելի ուղղությունն է, բայց այժմ պահանջարկ համարյա չկա: Հայաստանից դեպի Եգիպտոս թռիչքները հիմնականում կատարվում են Թբիլիսիից՝ չհաշված ուղիղ չարտերային թռիչքները, որ հազվադեպ կազմակերպվում են որոշ տուրիստական կազմակերպությունների («Մարաթուկ թրեվլ», «Յունոնա տուր») կողմից: «Հայկական տուր գործակալությունները փաթեթ են վերցնում վրացական օպերատորներից: Փաթեթի մեջ չեն առանձնացվում թռիչքի և հյուրանոցի գները: Եգիպտոսում ավիավթարից առաջ ամբողջական փաթեթի գինը սովորական օրերի համար (ոչ ամանորյա) միջինում կազմում էր 500-700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 7 օրվա համար, իսկ այժմ գները տատանվում են 200-400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում»,- ասում է Լիլիթ Ալեքսանյանը:

«Joy Tour» տուրիստական գործակալությունում դեպի Եգիպտոս ամանորյա փաթեթների պատվերները հարյուր տոկոսով չեղյալ են հայտարարվել զբոսաշրջիկների կողմից: Գործակալության տնօրենը հավելում է. «Եթե նախկինում ստանում էինք օրական 5-6 զանգ Եգիպտոս ուղղության համար, ինքնաթիռի վթարից հետո մեկ ամսում ունեցել ենք ընդամենը մեկ զանգ»:

Արմեն Մելիքյանը, ով պլանավորել էր Ամանորն անցկացնել Եգիպտոսում ընտանիքի և ընկերների հետ, ասում է. «Տոմսերը նախօրոք էինք պատվիրել: Թռիչքը նախատեսված էր դեկտեմբերի 30-ին, բայց ավիավթարից հետո՝ պայմանավորված վախի զգացումով, վերադարձրինք տոմսերը: Հիմա անվճար էլ լինի՝ չեմ թռչի Եգիպտոս, ընկերներս նույնպես մնացին Հայաստանում: Բոլոր պլանները խախտվեցին, Ամանորը կնշենք տանը»:

Նախապես պատվիրված տոմսերի վերադարձի դեպքում պատվիրատուներից գանձվում են տուգանքներ: Ընդ որում՝ չկան տուգանքների համար սահմանված հստակ թվեր: Լիլիթ Ալեքսանյանի խոսքով՝ դա կախված է թռիչք իրականացնող ավիաընկերությունից, հյուրանոցից և այն հանգամանքից, թե քանի օր առաջ է տոմսը վերադարձվել. «Կային ընկերություններ, որ միայն ավիատոմսերի արժեքները պահեցին, շատերը՝ փաթեթի 50 տոկոսը, կային նաև այնպիսիք, որ վերադարձրին ամբողջական գումարը»:

«Tour Advice» տուրիստական գործակալությունում նույնպես դեպի Եգիպտոս ամանորյա թռիչքների համար նախապես ամրագրված բոլոր տոմսերը վերադարձվել են: Գործակալության աշխատակից Քրիստինա Օսիպյանը նշում է. «Սկզբում եգիպտական ավիաընկերությունները հրաժարվում էին վերադարձնել գումարները, բայց բողոքների ճնշման տակ ստիպված եղան անել դա: Հիմնականում պահվում է տոմսի արժեքի 20-30 տոկոսը, մնացածը քիչ-քիչ վերադարձվում է հաճախորդներին: Մինչ օրս կան մարդիկ, ովքեր դեռ չեն ստացել իրենց գումարը: Մեր գործակալությունը պաշտոնապես շարունակում է համագործակցել եգիպտական ավիաընկերությունների հետ, բայց տուրիստական ուղղության հարցում չկողմնորոշվող հաճախորդին մենք այժմ չենք առաջարկում մեկնել Եգիպտոս»:

Աշխատակցուհու խոսքով՝ լինում են դեպքեր, երբ տոմսը հետ վերադարձնելու փոխարեն փոխարինվում է: «Նման դեպքերում շատ են ընտրում դեպի Դուբայ, Շրի Լանկա և Գոա ամանորյա թռիչքները, որոնք ավելի թանկ հանգստավայրեր են, քան Եգիպտոսը: Հայերը սիրում են Նոր տարվա արձակուրդն անցկացնել տաք երկրներում»,- նշում է Քրիստինա Օսիպյանը:

Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, պետք է նշել, որ այստեղ գները ավելի բարձր են, քան, օրինակ, Եգիպտոսում: Երկու տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները նշեցին նույն գները՝ Հայաստանում ամանորյա հանգիստն անցկացնելու համար: Այսպես՝ երկու անձի համար Հայաստանի հյուրանոցների առաջարկած ամենաէժան փաթեթն արժե մոտ 130 հազար դրամ, միջին արժողության փաթեթը՝ 350-400 հազար դրամ, իսկ ամենաթանկ ձմեռային հանգիստը մեր երկրում հնարավոր է կազմակերպել 1-1,5 միլիոն դրամով: Ամեն տարի նկատվում է գնաճ, բայց նախորդ տարվա համեմատ գները էականորեն չեն բարձրացել:

«Հայաստանի հյուրանոցներն իրենց փաթեթների գները սահմանում են աշնան սկզբին և հաղորդում են տուրիստական գործակալություններին: Որպես կանոն՝ դրանք 5, 6 կամ 7-օրյա փաթեթներ են»,- ասում է Քրիստինա Օսիպյանը: Վերջինիս խոսքով՝ այսօր արդեն դժվար կլինի Հայաստանի հյուրանոցներում ազատ համար գտնելը: Դիլիջանի, Աղվերանի, Հանքավանի, Ծաղկաձորի հյուրանոցները 95 տոկոսով ամրագրված են ամանորյա հանգստի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter