HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամ օդաչուներին 10 տարի փոխհատուցում չեն տալիս

Հաշմանդամություն ունեցող 70-80 տարեկան նախկին օդաչուներին ամեն հինգշաբթի կարելի է հանդիպել կառավարության շենքի դիմաց` բողոքի ակցիա անելիս: 

«Հայկական ավիաուղիներում» աշխատելու տարիներին հաշմանդամություն ստացած օդաչուներն արդեն 10 տարի չեն ստանում իրենց հասանելիք գումարները: 130 հաշմանդամ օդաչուների կեսը 10 տարիների ընթացքում մահացել է։

«Անցյալ տարվա նոյեմբերին հանդիպեցինք վարչապետին` Հովիկ Աբրահամյանին: Ասեց` կսպասեք մինչև մարտ ամիս: Ձեռք սեղմեցինք` սուվենիր տվեցինք, որ մեզ միշտ հիշի,- պատմեց ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը` ընդգծելով` մարտից անցել է մոտ մեկ տարի, բայց իրենք իրենց հասանելիք փոխհատուցումը դեռ չեն ստացել,- 2004-ին դիմեցինք Դավիթ Հարությունյանին` արդարադատության նախարարն էր: Ասեց` մի անհանգստացեք` օրենքով պետությունը ձեր տերն է: Բայց հենց էդ կետը հանեցին: Պարզվեց` պետությունը էլ տեր չի»: 

Հաշմանդամ օդաչուներին պետք է փոխհատուցեն «Հայկական ավիաուղիներին» պատկանող հողատարածքի վաճառքից գոյացած գումարներից: Սակայն 11 հա հողատարածքի համար արդեն 10 տարի գնորդ չի գտնվում։

Հաշմանդամ դարձած նախկին օդաչուների բողոքի ակցիաներին մշտապես մասնակցում են նաև Իրանում 2001 թվականին վթարված «Յակ-40» օդանավի զոհված 5 անդամների ընտանիքները: 

Ջեմմա Հովհաննիսյանը 79 տարեկան է: 15 տարի առաջ կորցրել է 35 տարեկան միակ որդուն` Սարգիս Գրիգորյանին, ով «Յակ-40»-ի տեխնիկն է եղել, օդանավն է սպասարկել: «Էս տարի  տղաս կդառնար 50 տարեկան: Մինչև 2008 թվականը էլի բողոքներով տալիս էին թոշակս, ստանում էի տղայիս աշխատավարձի 60 տոկոսը: Բայց արդեն 7 տարի չեմ ստանում: Անցյալ տարի նոյեմբերի 1-ին վարչապետը մեզ ընդունեց, թե մի բողոքեք, մի կանգնեք մինչև մարտ: Բայց մինչև հիմա ոչ ընդունում է, ոչ վճարում է»,- ասաց տիկին Ջեմման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter