HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորին նույն սանրով են սանրում. մենք ասում ենք` տարբերակեք, բաժանեք խմբերի»

Դեկտեմբերի 14-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք ասացին, որ հացադուլավորները մոտ 40-ն են: Նրանց պահանջը գործերի վերաբացումն է: Հացադուլավորների հարազատները նշեցին, որ ցմահ բանտարկյալները պահանջում են` ապահովել լրագրողների մուտքը «Նուբարաշեն» բանտ:

Ցմահների բարեկամները նշեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10-կետանոց դիմումին պատասխանել են արդարադատության նախարարությունից. «Մեզ նախարարության պատասխանը չի բավարարում: Մենք չենք պահանջել տեսակցություն և այլն, մեր պահանջը գործերի վերանայումն է: Իսկ գործերի վերանայում հնարավոր է, եթե 2011 թ.-ի մայիսի 25-ի Քրեական օրենսգրքի փոփոխությունները Ազգային ժողովը համարի մեղմացում ցմահների համար: Գործերը կմտնեն դատարաններ ու հնարավոր է` որոշ մարդիկ ստանան 18, 19, 20 տարվա պատիժ»,- ասաց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը` տիկին Ալլան:

«Բոլորին նույն սանրով են սանրում, բայց մենք ասում ենք` տարբերակեք, բաժանեք խմբերի: Հո բոլոր գործերը նույնը չեն: Կան մարդիկ, ովքեր առաջին դատվածությամբ են բանտարկվել, շատ ջահել են եղել, կան զինվորական գործեր. թող գործերը նորից մտնեն դատարան: Իսկ պայմանները մեզ ու մեր երեխաներին չեն անհանգստացնում»,- ասաց տիկին Մարինե Բադալյանը` ցմահ դատապարտյալ Վաղարշակ Դավթյանի մայրը: 

Ակցիայի մասնակիցները սպասում էին` երբ է արդարադատության նախարարը կառավարության նիստից հետո դուրս գալու շենքից: ԱՆ Արփինե Հովհաննիսյանին նրանք այդպես էլ չկարողացան տեսնել: «Անցած անգամներն էլ էստեղ սպասում էինք, որ դուրս կգա, մեր հարցերին կպատասխանի, բայց ասում են, որ ինքը ուրիշ տեղով դուրս ա գալիս, գնում ա»,- ասացին ակցիայի մասնակիցները:

Կառավարության նիստի ավարտից հետո շենքից դուրս եկավ ԱՆ նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով լսելով խնդիրների մասին, հորդորեց ցմահների հարազատներին խնդրին նայել նաև տուժողների տեսանկյունից:

«Խնդիրը դատարանի մեջ ա, տուժող կողմի մեջ չի: Խնդիրը դատական համակարգի սխալների մեջ ա, որ արդար դատավարություն լինի»,- ասաց ցմահներից Արթուր Քոչարյանի մայրը:

«Եթե սխալ են դատել, ուրեմն մենք էլ ենք տուժող կողմ: Տուժող կողմի համար որքանո՞վ է ընդունելի, որ իսկական մարդասպանը մնա ազատության մեջ, իսկ անմեղը պատժվի: Թաքնվում են տուժողների հետևում, նրանց ուզում են օգտագործեն որպես փրկօղակ: Մենք պահանջում ենք իրական արդարադատություն: Ինչքանով մեղավոր են, թող կրեն պատիժ, բայց ոչ թե առանց ապացույցների տան ցմահ»,- ասաց Մանուկ Սահակյանի մայրը:

Հարազատներից մեկն էլ հակադարձեց. «Բա Բուդաղյանները տուժող չե՞ն»:

Կարեն Մելիքջանյանը Արեն Չատինյանի հարազատներից է: Ասում է, որ արդեն 17 տարի ապրում է ԱՄՆ-ում ու տեսնում է, որ այնտեղ վերանայում են շատ գործեր, անգամ մահապատժի ու ցմահ դատապարտված մարդիկ արդարացման դատավճռով ազատվում են. «Իսկ Հայաստանում չեն ընդունում, որ դատարանը կարող է սխալվել»:

Ակցիայի մասնակիցները նույն 10 կետերի լուծման պահանջով ստորագրություններ են հավաքում, որոնք կուղարկվեն պետական համապատասխան մարմիններ:

Ցմահ դատապարտյալները պարբերաբար դիմում են բողոքի ծայրահեղ միջոց հացադուլի: Նրանք հիմնականում բողոքում են իրենց քրեական գործերից ու դատավճիռներից: Որոշները պնդում են, որ չափազանցված պատիժ են կրում, կան խոշտանգումների հետևանքով կորզված ինքնախոստովանական ցուցմունքներ տված անձինք: Կան այնպիսիք, ովքեր պնդում են, որ բացառապես անմեղ են:

Հայաստանում պատիժ է կրում 99 ցմահ դատապարտյալ: Նրանցից 35-ը նախկինում մահապատժի դատապարտվածներն են, ում դատավճիռները կայացվել են մինչև 2003 թ. (նոր ՔՕ ընդունումը): Մահապատժի դատավճիռները ՀՀ նախագահի 2003 թ. օգոստոսի 1-ի հրամանագրով փոխարինվել են ցմահ ազատազրկման՝ առանց գործերի անհատական վերանայման: Ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև 8 մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: 1990-ականներին տասնյակ դատապարտյալներ մահացել են սովից, հիվանդություններից, պահման վատ պայմաններից՝ առանց զբոսանքի իրավունքի ու արևի լույսի:

Ցմահ դատապարտյալների նկատմամբ չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատումը (մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման 20 տարվա պատժի շեմը, սակայն նրանցից և ոչ մեկը պայմանականորեն ազատություն չի վերադարձել): Չկա պատժաչափերի անհատական վերանայման նախադեպ: Այս գործերով իրեղեն ապացույցները ոչնչացված են: Համաներման ակտերը մշտապես շրջանցում են դատապարտյալների այս խմբին, ՀՀ նախագահի ներմամբ ևս չկա նախադեպ, որ ցմահ դատապարտյալն ազատություն ստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter