HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցները դեռեւս 100 մլն դրամ աշխատավարձի պարտք ունեն

«Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի առաջ: «Եկել ենք առաջին հերթին շնորհակալություն հայտնելու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Դուք գիտեք,որ էդ մարդը կարգավորեց, երեկ «Վանաձորի Քիմպրոմի» գծով աշխատավարձի պարտքը լրիվ ստացել ենք: Մեր գլխավոր տնօրեն Սնիգիրյովն ասաց, որ 240 մլն. դրամ գումար էին փոխանցել, իր ասած բառերն եմ ասում, դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձի գծով «Քիմպրոմը» իր աշխատողներին պարտք չունի»,-հայտնեց ամոնյակի արտադրամասի հերթափոխի այլևս նախկին պետ Հրաչիկ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ վերջին 2 տարիներին քիմպրոմցիների աշխատավարձի խնդիրները լուծվում են միայն նախագահ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ: Այս տարվա հոկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսում Արթուր Նալբանդյանը «Քիմպրոմի» աշխատողների 2015թ.-ի 10 ամիսների չվճարված աշխատավարձի մասին հայտնել էր. «Խնդիրը քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Արդեն անցած շաբաթ «Քիմպրոմի» աշխատողները ստացել են իրենց 2 ամսվա աշխատավարձը: Մնացած 8 ամիսների աշխատավարձը կստանան այս տարվա դեկտեմբերի 15-ից ոչ ուշ»:
Այսօր նրանք մարզպետարանի առաջ կրկին հավաքվել էին Լորու մարզպետի միջոցով նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացնելու, որ իրենց աշխատավարձի պարտքերի խնդիրը լուծված է մասնակիորեն. «Մեր կողմից դատի տված «Ռեջիոն Էներջի» ընկերության աշխատավարձի պարտք գումարները մնում ա, դեռ հարցականի տակ ա, հիմա էլ մարզպետից դրա մասին ենք ուզում ինֆորմացիա ստանալ: Մեր հավաքվելը դրա համար է»,- բացատրեց Հրաչիկ Մարտիրոսյանը: Վերջինիս ասելով «Ռեջիոն Էներջի» ընկերության աշխատողների աշխատավարձի պարտքը կազմում է 100 մլն դրամ․ «Մոտ 130 աշխատողի աշխատավարձի գումար է: Էնքան խաբել են, էլ տեղ չեն թողել, սրանց ոչ մի խոսքին էլ չենք հավատում»,- ասաց Սեդրակ Գիշյանը: Հրաչյա Գրիգորյանի ասելով արդեն 5 տարի է էդ աշխատավարձը պահանջում են: «Ռեջիոն Էներջիի» 60 աշխատողներ 2012թ.-ի աշխատավարձի բռնագանձման պահանջով դիմել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը աշխատողների հայցադիմումներն ընդունել է վարույթ, իսկ 2013թ.-ի դեկտեմբերի 24-ի վճռով պարզվել է, որ ընկերությունը 2011թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2011թվականի հոկտեմբերի 31-ը իր աշխատողներին աշխատավարձ չի վճարել: Դատարանը նաև պարզել է, որ ընկերությունը աշխատողներին աշխատավարձ չի վճարել մինչև դատական նիստի օրը՝ 2013թ.-ի դեկտեմբերի 24-ը: Դատարանը վճռել է, որ «Ռեջիոն Էներջին» աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին պետք է վճարի տուժանք՝վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով: «Դատը շահել ենք: Բայց շահածն էն կլիներ, որ իմ աշխատավարձը իմ գրապանումը լիներ»,- ասաց Հրաչիկ Մարտիրոսյանը: «Եթե պետությունը չի հետևում, մենք ինչ կարող ենք անել»,- դժգոհեց կանգնած աշխատողներից մեկը: «Ձեզ երաշխիքներ տալիս են, որ այսուհետև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192 հոդվածի համաձայն կստանաք Ձեր աշխատավարձը»,- հարցրի հավաքվածներին:
«Ես Սնիգիրյովին էդ հարցը տվեցի, ինքն ասում է ոչ մեկս ոչ մի բան չգիտենք, թե ոնց կլինի հետագայում»,- պատասխանեց Սեդրակ Գիշյանը: «Էստեղ մի ուրիշ նրբություն էլ կա, սեփականատիրոջ մասին եմ ասում, մի 20 օր առաջ, գործարանում նորից գույքագրում անցկացվեց «Արդշինբանկի» կողմից: Այսինքն այստեղից մենք հասարակ քաղաքացիներս կարող ենք ենթադրել, որ «Քիմպրոմը» գրավադրված է «Արդշինբանկում»: Հիմա նույն մեր «Ռեջիոն Էներջիի» հարցին անցնեք: Այս հիմնարկությունը, երբ ձևավորվել է, գործադիր տնօրեն է նշանակվել «Արդշինբանկի» տնօրեններից մեկը ՝ Մանուկովը: Մի տարի հետո էդ «Ռեջիոն Էներջին» նորից հետ է վաճառվել նախկին սեփականատիրոջը՝ այսինքն «Վանաձորի Քիմպրոմին»: Երկու անգամ «Քիմպրոմը» «Ռեջիոն էներջիի» գրավադրմամբ «Արդշինբանկից» խոշոր վարկեր է վերցրել, ու էդ վարկերը անհետացել են»,- հայտնեց Հ. Մարտիրոսյանը:
Առավոտյան աշխատանքի եկող մարզպետ Ա․ Նալբանդյանին քիմպրոմցիները դիմավորեցին մարզպետարանի առաջ: Հրաչիկ Մարտիրոսյանը կոլեկտիվի անունից մարզպետին շնորհակալություն հայտնեց աշխատավարձը ստանալու գործում աջակցելու համար: «ՀՀ նախագահին հայտնեք Ձեր շնորհակալությունը, ես փող չեմ տվել Ձեզ»,- պատասխանեց Արթուր Նալբանդյանը:
«Դուք Հայաստանի հանրապետության նախագահի դեմքն եք Լոռու մարզում, Ձեզ հայտնածը` վերաբերում է նաև նախագահին»,- պատասխանեց Հ. Մարտիրոսյանը: Վերջինս կաշկանդվելով մարզպետին տեղեկացրեց «Ռեջիոն Էներջի» ընկերության իրենց 100 մլն դրամ աշխատավարձի պարտքի մասին։
«Հենց առաջին օրվանից ասել եմ, որ դատական ընթացակարգով անցած աշխատավարձերի հարցով, ես չեմ կարող Ձեզ օգտակար լինել: Ձեզ կարող է օգտակար լինել դատական վճիռը և Ձեր հիմնարկի սեփականատերը: Դա լրիվ ուրիշ խնդիր է»,- բացատրեց մարզպետը:
«Բայց սեփականատիրոջը չենք գտնում»,- ասաց բանվորներից մեկը: Արթուր Նալբանդյանն ասաց, որ դա իր ուժերից վեր է։ «Էն ինչ դատական վճռով է կայացած, ես Ձեզ չեմ կարող օգնել»,- կրկնեց նա:
«Բայց դատարանի վճիռ է կայացվել, էդ հարկադիրն ինչ է համար է, որ էս 3 տարի է մեզ չի օգնում»,- մարզպետին ընդհատեց բանվորներից մեկը: «Ժողովուրդ, ոնց երևում է Ձեր ինձ մոտ գալը լավ է ստացվում»,- կատակեց Արթուր Նալբանդյանը: «Ժողովրդական խոսքն ասում է, շատ անողին շալե շապիկ: Աշխատողից են պահանջում, պարոն մարզպետ»,- հակադարձեց Հրաչիկ Մարտիրոսյանը: Արթուր Նալբանդյանն աշխատողերին բացատրեց, որ ինքը «Քիմպրոմի» վերեբերող բոլոր հարցերի պատասխանները չունի. «Հիմա նոր ասեցիք, ես հասկացա, որ ինչ որ մեկը դատի տվել, մեկը չի տվել: Բա հիմնարկ ունեք, տնօրինություն ունենք, վերջիվերջո հաշվապահություն ունեք, էդ հարցերը պարզեք: Ավելի հեշտ է իմ մոտ գալը, թե գնալ տնօրենի հետ ինչ որ բան պարզելը»,- նեղսրտեց մարզպետը:
«Տնօրենը չի պատասխանում, ասում է ես գործ չունեմ: Ասում է սեփականատերը ես չեմ, ես էլ Ձեզ նման աշխատող եմ»,- հայտնեց կանգնածներից մեկը:
«Ես անկեղծորեն Ձեզ չեմ կարող օգնել»,- ասաց մարզպետը: Հավաքվածները անհանգստացան: Որոշեցին դիմել նախագահին և Եվրոպական դատարան: Այսուհանդերձ Արթուր Նալբանդյանը աշխատողներին խոստացավ ծանոթանալ «Ռեջիոն Էներջիի» աշխատավարձի պարտքերի խնդիրներին: Պատասխանելով մեր հարցին՝ Ա. Նալբանդյանը հայտնեց, որ դեռւս կոնկրետ որևէ տեղեկություն չունի «Քիմպրոմի» նոր սեփականատիրոջ մասին. «Համենայնդեպս ուսումնասիրությունների փուլում է գտնվում, չի բացառվում, որ 2016թ.-ի 1-ին եռամսյակում ինչ որ բան պարզ կդառնա: Բայց էս մասով, դեռ որևէ հստակություն չկա»,- հայտնեց Ա. Նալբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter