HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցազրույց ամերիկացու հետ. նա 16 տարի պատիժ է կրել իրական մարդասպանի փոխարեն

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Իմ հարցերին պատասխանել է մի ամերիկացի, ում հասարակությունը 16 տարի համարել է մարդասպան: Ջեֆֆրի Դեսկովիչն է, ով վերադարձել է ազատություն 33 տարեկանում` 2006 թ-ին: Կրկնակի ԴՆԹ թեստի հիմքով վերաբացված գործից ու արդարացման դատավճռից հետո դատական սխալի զոհը ստացել է 41.65 միլիոն ԱՄՆ դոլար` 25 մլն-ը բանտում գտնվելու տարիների, 15 մլն-ը` տառապանքի ու ցավի, 1.65 մլն դոլարը` կորցրած եկամուտների համար: Ստացած փոխհատուցման մի մասը նա ներդրել է իրավաբանական կրթություն ստանալու և «Ջեֆրի Դեսկովիչը` հանուն արդարության» հիմնադրամը հիմնելու գործում: Ահա, թե ինչ էի գրել նրան նամակով: Հատուկ շնորհակալություն Աննա Թալալյանին նամակս անգլերեն թարգմանելու համար:

Հարգելի Ջեֆրի Դեսկովիչ

Ես ցմահ բանտարկյալ եմ Հայաստանի Հանրապետությունից, ում ճակատագիրն ինչ-որ չափով նման է Ձեր ճակատագրին: Միայն, թե Ձեր պայքարը՝ հանուն դատական սխալի ճանաչման, վաղուց արդյունք է տվել` 2006-ին, իսկ իմը դեռ ուշանում է: Hetq.am-ի գործընկերներս ինձ են ուղարկում դատական սխալների, անմեղ մարդկանց մասին պատմող հրապարակումներ: Հավաքում եմ այդ պատմությունները, կարդում եմ ավելի ու ավելի: Ուժ եմ ստանում` անմեղ մարդկանց պատմությունները իմանալով: Այդպես իմացա, որ 17 տարեկանում` 1990-ին դատապարտվել եք՝ մեղավոր ճանաչվելով Ձեր համադասարանցու սպանության մեջ, սակայն 16 տարի անց ԴՆԹ թեստն ապացուցել է, որ Դուք  անմեղ եք: Ազատություն վերադառնալով՝ սովորել եք իրավագիտություն, ապա Ձեր կյանքը նվիրել դատական սխալների բացահայտմանն ու շտկմանը:

Հիմա իմ պատմությունը. 1996 թ.-ին՝ 20 տարեկանում դատապարտվել եմ մահապատժի, մեղավոր եմ ճանաչվել համակուրսեցուս սպանության մեջ: Սակայն 20 տարի է՝ պայքարում եմ գործի վերաբացման, մեկ ցուցմունքի վրա հիմնված դատավճռի բեկանման ու անմեղությունս ապացուցելու համար: Սովորում եմ իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա, 3-րդ կուրսում: Աշխատում եմ hetq.am հետաքննական ինտերնետային թերթում՝ որպես բանտային թղթակից: Եվ շատ եմ ուզում, որ չմերժեք ինձ ու պատասխանեք հարցերիս:  

ԱՄՈՒՐ  ՍԵՂՄՈՒՄ  ԵՄ  ՁԵՐ  ՁԵՌՔԸ` հույսով, որ մի օր կհանդիպենք ազատության մեջ                             

ԱՄԵՆԱՋԵՐՄ  ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ` Մհեր 

Ահա, թե ինչ պատասխան եմ ստացել ԱՄՆ-ից

«Ողջույն Մհեր

Ցավում եմ` Ձեր նկատմամբ կատարված անարդարության մասին իմանալով

Իմ գործի մասին Ձեր ունեցած փաստերը ճիշտ են: Ես ձերբակալվել եմ 16 տարեկանում, 17 տարեկանում դատապարտվել եմ, իսկ հետո` 16 տարի անց ԴՆԹ թեստի շնորհիվ ապացուցվեց, որ ես անմեղ եմ, գտնվեց իրական մարդասպանը:

Իրավունք ուսումնասիրում էի դեռ բանտի գրադարանում, իսկ հետո սովորեցի Ջոն Ջեյի քրեական արդարադատության քոլեջում` ստանալով մագիստրոսի աստիճան:

Իմ կյանքը նվիրված է իրազեկության մակարդակի բարձրացմամբ ու օրենսդրական դաշտի փոփոխության շնորհիվ դատական սխալների դեմ պայքարին: Միևնույն ժամանակ ես հիմնեցի ոչ առևտրային կազմակերպություն, որի նպատակն է` աջակցել այն մարդկանց, ովքեր անարդար, սխալ են դատապարտված:

Ինչ վերաբերում է Ձեզ, ապա հետաքրքիր է, որ Դուք «բանտային թղթակից» եք: ԱՄՆ-ում մենք նման նախադեպ չունենք: Իմ անունը հայտնվել է մեծ թվով միջազգային հրապարակումներում, ուրախ եմ, որ դրանց թիվին կավելանա այս մեկը: Առանձնահատուկ է նաև այն, որ հեռակա սովորում եք իրավագիտություն: Ուստի չեմ մերժի Ձեր առաջարկը և կպատասխանեմ Ձեր հարցերին.

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել բանտային 16 տարիներին  Ձեր գործի վերանայման համար:

Ես հավաքեցի իմ գործի կարճ նկարագրությունը 1 էջի վրա, նամակում պնդում էի իմ անմեղությունը` ցույց տալով փաստերը և ընթերցողի ուշադրությունը գրավելով դրանց վրա: Ավելացրեցի ևս երկու փաստ, այն, որ կատարված ԴՆԹ արդյունքները չեն համընկնում իմ գենետիկական տվյալներին և այն, թե ինչպես եմ տվել ինքնազրպարտող ցուցմուքններ: Ես գրեցի, որ անհրաժեշտ է նոր հետաքննություն անցկացնել: Այդ նամակն ուղարկեցի փաստաբանների, կազմակերպությունների, որոնք աշխատում էին այդպիսի գործերի վրա, ուղարկեցի նրանց, ովքեր կարծում էի` հնարավոր է կարողանան օգնել ինձ:

- Ե՞րբ լսեցին Ձեր ձայնը դատաիրավական համակարգում:

Եթե նկատի ունեք դատարանը, ապա իմ ձայնը լսեցին, երբ «Անմեղության ծրագիր» հայտնի կազմակերպությունը վերցրեց իմ գործը: Նրանք ստացան շրջանային դատախազի թույլտվությունը ԴՆԹ թեստ անցկացնելու մասին: Հետո ստացանք համաձայնություն միանալու պաշտպանական կողմի միջնորդությանն ու պահանջելու բեկանել մեղադրական դատավճիռը: Հետո «Անմեղության ծրագիրն» ինձ ուղարկեց փաստաթղթերը, որոնք լրացրեցի:

-      Իմ պետությունը՝ Հայաստանը վախենում է ընդունել դատական սխալները, գործերի վերաբացում այստեղ չկա, իրեղեն ապացույցները ոչնչացվում են, այնպես, որ ԴՆԹ թեստի մասին խոսք լինել չի կարող: Ի՞նչ ելք եք տեսնում նման դեպքերում:

Այլընտրանքային լուծումներ. Ձեզ պետք է հետաքննություն` ա. փնտրել մոտակա շրջաններում կատարված նմանատիպ գործեր, բ. նայել ոստիկանական արխիվները` արդյոք կա այլընտրանքային կասկածյալ, գ. կրկնակի հարցաքննել վկաներին, ովքեր ցուցմուքներ են տվել, նաև նրանց, ովքեր ցուցմունքներ չեն տվել, բայց ում անունները շոշափվում են նախաքննական մարմնի արձանագրություններում, դ. Ինչ-որ մեկը պետք է կարողանա ստանալ ոստիկանությունում կազմված բոլոր արձանագրությունները, քանի որ դրանցից որոշները սովորաբար գաղտնի են պահվում, բայց պարունակում են կարևոր տեղեկություններ, ե. կան արդյոք փորձագետի ցուցմունքներ, եթե այո, ապա համոզվեք, որ այն իրական գիտության վրա է հիմնված, այլ ոչ թե «սուտ» գիտության:

Դուք գնում եք երկրից երկիր, ու կոնֆերանսների, սեմինարների ժամանակ պատմում եք դատական սխալների հետևանքների մասին: Արդյոք կա՞ Ձեր պլաններում այցելություն Հայաստան:

Եթե լինեն ծրագրեր, որոնց շրջանակներում կարող եմ գալ Հայաստան ու ներկայացնել մեր փորձը, հանդիպել ԶԼՄ-ների հետ, սիրով կմասնակցեմ: Կարող եմ ներկայացնել առաջադեմ փորձը և այն օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են դատական սխալները քչացնելու համար` հույսով, որ Հայաստանում կբարելավվի քրեական արդարադատության համակարգը, օրինակ, չեն ոչնչացվի իրեղեն ապացույցները: Միևնույն ժամանակ կուզեի հանդիպել նաև Ձեզ հետ:

 

- Պատժի նպատակներն են դատապարտվածի ուղղումը, հանցագործությունների կանխարգելումը և սոցիալական արդարության վերականգնումը: ԱՄՆ-ի բանտերում այս նպատակներն իրականացվո՞ւմ են: Իսկ «ուղղման» գործընթացն ինչպե՞ս է անդրադառնում անմեղ դատապարտված մարդու վրա:

Բարեփոխումների նպատակը, որն ուղղված է հանցագործությունների կանխարգելմանը և սոցիալական արդարության վերականգնմանը, իմ կարծիքով չի գործում ամերիկյան բանտերում: Եթե կառավարությունը իսկապես մտահոգված է այդ խնդիրներով, ապա միջին մասնագիտական կրթությունը հասանելի կլիներ բոլոր բանտերում: Այնտեղ` բանտում որևէ ջանք չէր դրվում, որպեսզի վերջ դրվեր բռնությանը: Դրա փոխարեն միակ նպատակը, որը արվում էր վերականգնման քողի տակ, պատժելն էր:

Իսկ ոչ իրավաչափ պատիժը ապօրինի, սխալ դատապարտվածների վրա շատ տրավմատիկ ազդեցություն է ունենում: Հոգեբանական տիպիկ ազդեցությունը ներառում է տրավմատիկ սթրեսային խանգարումները, խուճապ նրանից, որ թվում է` ժամանակը կանգ է առել, զգացողություն, որ դանդաղ է կյանքը շարժվում հասարակության մյուս անդամների համեմատ, անձի փոփոխություն, տրամադրության անկում, վախ:

- Ձեր արդարացման դատավճռից հետո քանի՞ մարդու եք օգնել վերականգնել արդարությունը:

Աջակցել եմ Վիլյամ Լոպեսին: Կարող եք նայել այստեղ: Երեք այլ դեպքերում իմ կազմակերպության կազմած նամակներով աջակցել եմ պայմանական վաղաժամկետ երեք անձանց ազատման հարցում, ովքեր դատական սխալի զոհեր էին, սակայն գործերը դեռ պատրաստ չէին դատարան ուղարկվելու համար: Կարող եք կարդալ այստեղ

Ամուր սեղմում եմ ձեռքդ`հույսով, որ մի օր կհանդիպենք ազատության մեջ

Շնորհակալություն, լավագույն մաղթանքներով

Ջեֆ Դեսկովիչ»   

Լուսանկարները` www.deskovic.org

Մեկնաբանություններ (3)

Վեհարի
Որևէ հայաստանցի այսպիսի հարց չեր կարող տալ՝ ,,Կան արդյոք փորձագետի ցուցմունքներ, եթե այո, ապա համոզվեք, որ այն իրական գիտության վրա է հիմնված, այլ ոչ թե «սուտ» գիտության:,,-այն պարզ պատճառով, որ մեր երկրում սկսած ընտրություններից ամեն ինչ հիմնված է սուտ գիտության վրա: Այնպես որ, եթե բերեք առավելագույն հնարավոր բոլոր 100%-անոց ապացույցներ և չունենաք կաշառք կամ կաշառքը փոխարինող միջոցը ներդնելու շնորհք ապա դատապարտված եք ենթարկվել այս կեղծ համակարգը ներդրողների խաղի կանոններով շարժվել կամ հույս փայփայել թե մի օր ամբոխները ,,կխելագարվեն,, և մի բուռ տականքներին գահընկեց կանեն:
Карен Симонян
Мгер, держись!
Բժշկականի շրջանավարտ
Մհեր, դուք հիացնում եք ձեր նյութերով, շարունակեք ձեր ճանապարհը և բանի տեղ մի դրեք ձեզ սևացնել փորձողներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter