Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Գառնեցիները փակեցին ճանապարհը` պահանջով դադարեցնել Ազատ գետը ցամաքեցնելուն նպատակաուղղված ծրագիրը




«Ջրային տնտեսություն ԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներն այսօր, դեկտեմբերի 21-ին, հանրային քննարկում պետք է անցկացնեին Գառնիի բնակչության հետ` կրկին «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրն իրականացնելու համաձայնությունն ստանալու նպատակով: Հանդիպումը նշանակված էր ժամը 11:00-ին, սակայն մինչ նրանց ժամանելը, ի նշան բողոքի, գառնեցիները «Ազատություն Ազատ գետին», «Փրկենք մեր գետը, մեր բնությունը, մեր պատիվը» կարգախոսներով փակեցին գյուղ մտնող ճանապարհը:  

Ոստիկանները պահանջեցին ազատել ճանապարհը: Գառնեցիները հայտնեցին, որ դահլիճներում պայքարելու բոլոր ձեւերն արդեն սպառվել են եւ իրենց անհամաձայնությունը երկրի ղեկավարներին հասցնելու այլ ճանապարհ չի մնացել: Կառավարությունը, եթե անտեսում է հանրային քննարկումների ժամանակ բնակչության արտահայտած տեսակետը, մնում է պայքարի այլ ուղիներ ընտրել ասելիքը տեղ հասցնելու համար: Ճանապարհը փակված մնաց մեկ ժամից ավելի: Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ «Ջրային տնտեսություն ԾԻԳ»-ի աշխատակիցներն իմանալով ժողովրդի ընդվզման մասին` չեն գալու հանդիպման: Գառնեցիներն ավելի ուշ բացեցին ճանապարհը եւ հայտարարեցին, որ այլեւս նրանց լսելու ցանկություն չունեն եւ այսուհետ, երբ կրկին կբարձրաձայնեն Ազատ գետի ջուրը վերցնելու հարցը` ժողովրդի պատասխանն այս կլինի:

Ցուցարարները պնդում էին, որ գետում առկա չափազանց քիչ ջրաքանակը իրականում չի բավականացնելու անգամ մեկ գյուղի հողատարածք ոռոգելու համար, որ Համաշխարհային բանկից վերցվող վարկը չհիմնավորված պարտք է մեր երկրի համար, իրենց հողատարածքները չեն ոռոգվել ամբողջ ամռան ընթացքում` ջուր չլինելու պատճառով եւ թույլ չեն տա գետի ջուրը տանել: 

Ժամանել էր միայն Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչը եւ ականատես եղավ ժողովրդի ընդվզմանն ու պահանջներին: Նրան տեղեկացրինք, որ ծրագրի շահառու համարվող գյուղերից միայն Նարեկում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 120 հա հողատարածք ունի: Նարեկի համայնքապետը բնակիչների բողոքին ի պատասխան, որ եղած ջուրը վարչապետն է օգտագործում, հայտնել էր. «Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հողերին, ապա դրանց ոռոգումը մեր գյուղի հետ կապ չունի: Նա առանձին պոմպերով է ջուր բերում, առանձին տեղից է սնվում»,- նշեց գյուղապետը»: Մեր հարցին` ՀԲ-ն պարզե՞լ է, թե Ազատ գետից տարվող ինքնահոս ջրագիծը որ պոմպակայաններին է փոխարինելու` վարչապետի՞, թե՞ Նարեկ գյուղի: Նա հայտնեց, որ իրենք տեղյակ չեն այդ մասին:

Նշենք, որ վերջին հանդիպումը գառնեցիների եւ «Ջրային տնտեսություն ԾԻԳ»-ի եւ «Քաղցրաշենի» ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի աշխատակիցների հետ տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին: Այդ օրը դարձյալ գյուղի մշակույթի տանը հավաքված գառնեցիները միակամ մերժեցին ծրագիրը եւ ի նշան բողոքի լքեցին դահլիճը` չցանկանալով լսել նրանց բացատրությունները:

Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակմամբ, «Ոռոգում» ԾԻԳ-ը, ինչպես նաեւ կառավարական շրջանակներն արդեն քաջածանոթ լինելով բնակիչների տեսակետին, ավելի երկար էին նախապատրաստվել այդ հանդիպմանը: Հանրային լսումից մեկ շաբաթ առաջ ծրագրի իրագործման դեմ պայքարողների հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներից հանդիպումներ էին եղել, փորձ էր արվել հորդորներով, սպառնալիքներով կանխել նրանց մասնակցությունն այդ հադիպմանը, նախադրյալներ ստեղծել հանրային լսումն իրենց կանխորոշած սցենարով անցկացնելու եւ ցանկալի արդյունք արձանագրելու համար: Դա նրանց չհաջողվեց:

Այդ օրը նրանք տեղեկացան նաեւ, որ Գառնի համայնքի ավագանին նոր որոշում ունի «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ:

Գառնի համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 9-ին ընդունել էր մի որոշում, որով «համաձայնություն է տվել` Գառնի-Քաղցրաշեն ջրագիծը Գառնի համայնքի վարչական տարածքով «Գալակտիկա» ՓԲԸ-ից մինչեւ Արարատի մարզի Լանջազատ համայնք անցկացնելուն»: Ավագանու կայացրած որոշման մասին գառնեցիներն, անգամ ավագանու անդամներից ոմանք, տեղեկացել են այն կայացնելուց ամիսներ հետո: Գառնիի բնակիչները 201 անձի ստորագրությամբ համայնքի ղեկավարից պահանջել էին ավագանու նիստ հրավիրել` Գառնի համայնքի ավագանու 09.04.2015թ. կայացրած 16-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Ավագանու անդամներից 6-ը (11 անդամներից) այս որոշումն ընդունել են մի ժամանակամիջոցում, երբ Գառնիի բնակչությունը երեք անգամ մերժել էր հանրային քննարկման ներկայացված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը: Ավագանու անդամները պնդում էին, որ իրենք բնակչության կարծիքը չեն անտեսել եւ թույլատրել են խողովակներն անցկացնել ոչ թե Ազատի կիճից, այլ` «Գալակտիկա» ՓԲԸ-ից 400 մետր ներքեւ ընկած հատվածից, որտեղ Ազատի ջրամբարն է գտնվում:

Սեպտեմբերի 30-ին ավագանին քննարկելով բնակչության պահանջը լրացում կատարեց իր «նախորդ որոշումը հստակեցնելու առումով»`  «Քաղցրաշեն ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շրջանակներում խողովակաշարի սկզբնամաս (գլխամաս) սահմանելով «Գալակտիկա» ՓԲԸ-ի ուղղությամբ ձորամիջյան տարածքը, համաձայնություն չտալով «1218» նիշից մինչև «Գալակտիկա» ՓԲԸ-ի ուղղությամբ ձորամիջյան տարածքը խողովակաշարի անցկացմանը»:

Համաշխարհային բանկի առաջարկով՝ «Ջրային տնտեսություն ԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցները վերջին երկու շաբաթներին ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացրել գառնեցիների շրջանում: Նրանք առաջինը հանդիպեցին ավագանու հետ՝ փակ դռների հետեւում քննարկելով վերջին որոշումը կայացնելու պատճառը: Թե ինչ հետեւությունների են հանգել այդ հանդիպումների ժամանակ` դեռեւս հայտնի չէ: Նշենք միայն, որ  գառնեցիներն իրենց հավաքական տեսակետը` մերժել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, հայտնել են բոլոր հանդիպումների ժամանակ, եւ հազիվ թե այդ հանդիպումները փոխեին նրանց որոշումը: Դեռեւս մարտի 18-ին ավելի քան 2000 ստորագրությամբ բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահին՝ «պահանջելով արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը», քանի որ այն հակաբնապահպանական եւ հակասոցիալական ծրագիր է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ