HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ վկայությունների՝ Ջուբայում կործանված օդանավը գերծանրաբեռնված էր

Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանի մոտ աղետի ենթարկված «Ան-12ԲԿ» օդանավը եղել է գերծանրաբեռնված, ինչի պատճառով չի կարողացել համապատասխան բարձրություն հավաքել: Այս մասին հայտնել է «Հետքի» աղբյուրը:

Հիշեցնենք, որ Պալոիչ մեկնող ինքնաթիռն ընկել էր թռիչքի մեկնարկից շատ չանցած՝ օդանավակայանից ընդամենը 800 մ հեռավորության վրա՝ դառնալով 41 հոգու մահվան պատճառ: Զոհվել էին անձնակազմի բոլոր 6 անդամները (Գեւորգ Թովմասյան, Սամվել Համբարձումյան, Սամվել Մկրտչյան, Արմեն Անտոնյան, Սուրեն Պետրոսյան, Մաքսիմ Վոլկով) ու եւս 35 հոգի: Ողջ էր մնացել միայն 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա:

«Հետքի» աղբյուրը փոխանցել է նաեւ, որ բոլոր 41-ը եղել են օդանավում, այսինքն՝ գետնի վրա զոհ չի եղել: Այս մասին «The Associated Press» գործակալության հետ զրույցում վկայել է նաեւ վթարից փրկված միակ չափահաս ուղեւորը՝ Վուոր Արոպը (Wuor Arop): Վերջինս Ջուբայում իր ընտանիքին տեսակցելուց հետո ամսի 4-ին վերադառնում էր Պալոիչ, որտեղ աշխատում էր Փախստականների դանիական խորհրդում (Danish Refugee Council): 2011-ին անկախացած Հարավային Սուդանում չի գործում Ջուբա-Պալոիչ առեւտրային ուղեւորատար չվերթ, իսկ ցամաքային ճանապարհները անանցանելի են քաղաքացիական պատերազմի ու անձրեւային սեզոնի պատճառով: ՄԱԿ-ի մարդասիրական ավիածառայությունը, որը տեղափոխում է հումանիտար աշխատողների, նույնպես թռիչքներ է կատարում դեպի Պալոիչ:

Hotinjuba.com կայքի փոխանցմամբ՝ «AP» գործակալությանը Վուոր Արոպը պատմել է, որ օդանավում ավելի քան 30 չգրանցված ուղեւոր կար: Նա նաեւ հայտնել է, որ ինքը 500 հարավսուդանական ֆունտ է (30 դոլարից պակաս) վճարել ոչ պաշտոնական «դիլերին»՝ բեռնատար թռիչքին տեղ զբաղեցնելու համար: Վկան փաստել է, որ ոչ մի ավիատոմս չի եղել, ու գումարը կիսվել է օդաչուի եւ «բրոքերի» միջեւ: Ըստ Արոպի՝ բացի անձնակազմից՝ եւս 9 հոգի նստատեղ ուներ օդանավում, այդ թվում՝ ինքը, մյուսները տեղավորվել էին բեռների վրա (էժան սանդալներ, կրեկերներ, գարեջրի տարաներ, դեղորայք եւ այլն):  

Ընդ որում՝ հենց Արոպն է փրկել ողջ մնացած մյուս ուղեւորին՝ 13 ամսական աղջնակին: Գլխի վնասվածքով եւ 6 տեղից վերջույթների կոտրվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցում «AP»-ին պատմել է, որ օդանավի անկման պահին գրկել է երեխային, ով արդյունքում փրկվել է՝ ստանալով ոտքի կոտրվածք եւ ճակատի պատռվածք: Վկայի ասելով՝ վերելքից քիչ անց ուղեւորները սկսել են բղավել, որ ինքնաթիռն ընկնում է: Արոպի կողքին եղել է նաեւ ընկերը, ով վթարի վերջին վայրկյաններին բղավել է իր անունը. դա եղել է վերապրած ուղեւորի վերջին հիշողությունը թռիչքից, ինչից հետո արթնացել է միայն հիվանդանոցում:

Ինչպես գրել էինք, վթարից հետո Ջուբայի հոսպիտալի տնօրեն Աբրահամ Ադուտը տեղական gurtong.net-ին հայտնել էր, որ զոհված 41 հոգուց 28-ը չափահաս են (18 տղամարդ, 10 կին), 7-ը՝ երեխաներ (6 տղա, 1 աղջիկ), իսկ 6 հոգին էլ օդանավի անձնակազմն է: Տեղեկացրել էինք նաեւ, որ «Ան-12ԲԿ»-ն, որը «Ան-12» ռազմատրանսպորտային օդանավի քաղաքացիական տեսակն է, ունի մինչեւ 21 տ կոմերցիոն բեռնվածության հնարավորություն: «Ռոսավիացիայի» աղբյուրը «Lifenews» ռուսական կայքին հայտնել էր, որ երրորդ աշխարհի երկրներում այս ինքնաթիռների բեռնվածությունը սովորաբար հասնում է 30-35 տոննայի, ինչը, ըստ ամենայնի, եղել է նաեւ նոյեմբերի 4-ին: Հրվ. Սուդանի քաղավիացիայի ղեկավար Ստեֆեն Վարիկոզին հայտնել է, որ այդ օրն օդանավը, ըստ բեռնային հայտարարագրի, ունեցել է մաքսիմալ բեռնվածություն՝ 15,5 տոննա: Նշենք, որ յուրաքանչյուր օդանավ ունի թռիչքատեխնիկական իր ցուցանիշները: Հիշեցնենք, որ օդանավակայանի կառավարման աշտարակին հրամանատար Գ. Թովմասյանը հայտնել էր օդանավում գտնվող 18 հոգու եւ 5 ժամվա վառելիք ունենալու մասին:

Ջուբայի օդանավակայանը

«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ էլ՝ այս օդանավի առավելագույն թույլատրելին, ըստ փաստաթղթերի, եղել է 14,5 տ, սակայն այն բեռնվել է մինչեւ 17,5 տ, հետո ավելացվել է եւս 2 տ ու 37 ուղեւոր: Ավիացիայի ոլորտի մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում նաեւ նրան, որ Ջուբայի օդանավակայանը ծովի մակարդակից 461 մ է բարձր, այսինքն՝ օդն այդ հատվածում բավականին խիտ է, ինչը լրացուցիչ դժվարացնում է վերելքը: Նման պայմաններում օդաչուները մեծացնում են շարժիչների ուժը, թափավազքի համար կարեւոր նախադրյալ է նաեւ երկար թռիչքուղին (Ջուբայի թռիչքուղին 2400 մ է): Այն, որ աղետի հավանական պատճառը գերծանրաբեռնվածությունն է, հարավսուդանական իշխանությունները նշել էին աղետից շատ չանցած:    

Օդանավից արված այս կադրում երեւում են «Ան-12»-ի մնացորդները

Avherald.com-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահի մամլո գրասենյակը հայտնել է, որ ականատեսների վկայությամբ՝ «Ան-12»-ի ձախակողմյան 2 շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել վերելքի ժամանակ, իսկ մյուսը՝ դրանից անմիջապես հետո, գրեթե միաժամանակ:

Ինչպես հայտնի է, Հրվ. Սուդանի իշխանությունները կարողացել են գտնել «Ան-12»-ի երկու «սեւ արկղերը», ինչը լույս կսփռի աղետի պատճառների վրա, սակայն մինչ օրս որեւէ նորություն չկա: Օդանավի տերերի մասին մի քանի անգամ գրել ենք. այն պատկանում էր «Տարոն-Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանի «Ala International» արաբական ընկերությանը, գրանցված էր Տաջիկստանի ավիացիոն ռեգիստրում՝ տեղական «Asia Airways»-ի անունով եւ EY-406 համարով, սակայն շահագործվում էր Հրվ. Սուդանում՝ տեղի «Allied Services Limited»-ի կողմից: Միջադեպի հետաքննությունը սկսել էին Հրվ. Սուդանի իշխանությունները, իսկ մյուս մասնակիցների մասին որեւէ ինֆորմացիա, կարծես, չի եղել: Լուրեր եղան, որ այնտեղ էր մեկնել նաեւ Գ. Պապիկյանը: «Հետքի» տեղեկություններով՝ հետաքննությանը մասնակցում են նաեւ ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ), որի անդամ է Տաջիկստանը (mak.ru կայքում այս մասին որեւէ լուր չկա), վերջինիս քաղավիացիոն իշխանությունները, օդանավի արտադրող Տաշքենդի գործարանը: Տաջիկական կողմի մասնակցությունը հատկանշական է «Asia Airways»-ի  եւ այդ երկրի իշխանությունների հայտարարությունների ֆոնին, թե իրենք ոչ մի կապ չունեն EY-406-ի հետ:

Հիշեցնենք, որ «Asia Airways»-ի չվերթները անվտանգության նկատառումներով կասեցվել են նոյեմբերի 4-ից: Ընկերության հետագա գործունեության հարցը կորոշվի հետաքննության ավարտից հետո: Բացի դրանից՝ տաջիկական իշխանությունները հայտնել էին «Asia Airways»-ում ստուգումներ անցկացնելու մասին: Ներկա պահին, ըստ aerotransport.org-ի, ընկերությունն ունի 14 օդանավ, որոնցից միայն մեկն է ակտիվ («Fokker F27»):

Աղետից հետո Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովը հայտարարել էր, որ չնայած օդանավը տեղական ընկերության ռեեստրում է, պայմանագրով սեփականատերն ու օպերատորն էին պատասխանատու օդանավի թռիչքային պիտանիության համար, այսինքն՝ «Ala International»-ն ու «Allied Services Limited»-ը: Գառնիկ Պապիկյանի ընկերությունից, լրագրողների զանգերին ի պատասխան, հորդորել էին դիմել հենց ավիատորին, որն անհասանելի է եղել, իսկ սուդանական ընկերության ներկայացուցիչ Վիլիամ Դենգը (William Deng) հրաժարվել է պատասխանել «AP»-ի հարցերին:

«Հետքի» աղբյուրի կարծիքով՝ հետաքննության ավարտին, թերեւս, մեղավոր կճանաչվեն ինքնաթիռի անձնակազմն ու Ջուբայի օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները, որոնք պատասխանատու են, մասնավորապես, բեռների եւ ուղեւորների չափի ու քանակի ստուգման համար:         

Լուսանկարները՝ AP-ի, avherald.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter