HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»

Դեկտեմբերի 10-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան Եվրոպայում մշակութային բազմազանության առաջին «ԱԴԱՄԻ» մեդիա մրցանակաբակշխության (ADAMI Media Prize for Cultural Diversity in Eastern Europe) արարողությունը: Հայաստանից մրցույթին ներկայացված էր Մարինե եւ Սոնա Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմը, որը հաղթող ճանաչվեց «Երիտասարդ ԱԴԱՄԻ մեդիա մրցանակ» անվանակարգում:

Հայ-վրացական սահմանագիծը Ջիլիզայի հատվածում դեռեւս գծված չէ։ Առայժմ հայ-վրացական սահմանագիծ է ճանաչվում Չանախչի եւ Ջիլիզա  գյուղերի արանքով հոսող Լալվար գետը։ Սահմանի այս հատվածի  ճշտմամբ է պայմանավորված Ջիլիզա գյուղի սահմանային անցակետի բացումը, որը կապահովի Ջիլիզայի եւ սահմանամերձ վրացահայ գյուղերի բնակիչների շփումը:

Ջիլիզայի հարեւան՝ այժմ Վրաստանի տարածքում գտնվող Չանախչի, Խոժոռնի, Օփրեթի, Աղքյորփի, Գյուլլուբաղ, Ծոբ եւ մյուս գյուղերի ապրողների շփումը գրեթե անհնար բան է։ Նրանց բաժանում է ընդամենը 1-2 կմ, բայց քանի որ չկա համապատասխան սահմանային անցակետ, ջիլիզցիները ստիպված են անցնել Ջիլիզ-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով, որպեսզի հայտնվեն հարեւան գյուղում, որտեղ ապրում են իրենց բարեկամներն ու հարազատները։

Ահա այսպիսի համառոտ մի պատմություն այն գյուղի մասին, որը դարձավ Մարինե եւ Սոնա Քոչարյանների «Ինպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմի նյութը։

Մասնագիտությամբ լրագրողներ, արյունակցական որեւէ կապ չունեցող երիտասարդները 2 տարի շարունակ հաղթահարեցին Ջիլիզ (ինչպես անվանում են տեղացիները՝ Ջիլիզայի փոխարեն) տանող ճանապարհը, որի արդյունքում ստեղծված ֆիլմն արդեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, ցուցադրվել 10-ից ավելի  միջազգային փառատոներում։

-Ջիլիզի պատմությունն ու ներկայիս սոցիալական-տնտեսական վիճակը բավականին դրամատիկ է, սակայն ձեր ֆիլմում այդ դրամատիզմը մի կողմ է մղված կամ, կարելի է ասել, հիմքում է, բայց թաքուն մի տեղ։ Ինչպե՞ս ստացվեց երկու ջիլիզցի երեխաների՝ Լուսինեի ու Միքայելի միջոցով  «վավերագրել» սահմանային պատմությունը։ 

Մարինե- Գրեթե 2 տարվա ընթացքում մենք ուսումնասիրում էինք թեման եւ փորձում գտնել մեր ֆիլմի հերոսին, ով լավագույնս կկարողանար ներկայացնել իրավիճակը: Ճիշտ եք նկատել՝ մեր նպատակն էր ներկայացնել աբսուրդը, որն ստեղծում է սահմանը․․․ Այն էլ այսպիսի:

Մինչ մենք գյուղում փնտրում էինք մեր ֆիլմի հերոսին, նա ինքը գտավ մեզ։ 12-ամյա Լուսինեն սկսեց ներկայացնել գյուղը, պատմել իր ընտանիքի մասին․ ընկերացանք նրա հետ: Հետո հասկացանք, որ նա լավագույն հերոսը կարող է լինել եւ սկսեցինք նկարահանման աշխատանքերը։ Նյութն ավելի հետաքրքիր դարձավ, երբ նկատեցինք, թե Լուսինեն իր եղբոր՝ Միքայելի հետ, ինչպես է պատկերացնում սահմանն ու դա անցնելու միջոցները։

-Ֆիլմի ստեղծման աշխատանքները միայն երկուսո՞վ եք կատարել։ Աջակցություն կա՞ր։

Սոնա-Այո, ֆիլմի ստեղծման բուն ընթացքը՝ արտադրության փուլը, միայն երկուսով ենք անցել՝ առանց որեւէ ֆինանսական աջակցության։ Ֆիլմը ստեղծելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ մի օր աչքներովս հայտարարություն ընկավ՝ Հարավային Կովկասում վավերագրական ֆիլմերի նախագծի զարգացման «Caucadoc» կոչվող ծրագիրն էր: Որոշեցինք ներկայացնել սահմանի մասին ֆիլմ ստեղծելու մեր գաղափարը: 

Մեկ տարվա ընթացքում Վրաստանում երեք անգամ հանդիպեցինք տարբեր մասնագետների հետ․ այդ ընթացքում մեկնում էինք գյուղ, նոր նյութեր ու պատմություններ բերում, հետո քննարկում, հաճախ՝ քննադատվում, որը շատ օգտակար էր երկու սկսնակ վավերագրողների համար:

Հետո արդեն Հայաստանում մասնակցեցինք ԱՄՆ դեսպանատան եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների համատեղ իրականացրած՝ Երիտասարդ վավերագրողների աշխատարան-մրցույթին, որտեղ նույնպես մեզ հետ տարբեր մասնագետներ էին աշխատում, ու յուրաքանչյուրի տեսակետը մի նոր հայացք էր բերում, մի նոր միտք, նոր մոտեցում էր ծնվում: Մենք շատ ենք գնահատել այս աջակցությունը, կարծում ենք՝ առանց դրա ֆիլմը չէր լինի այն, ինչ այսօր է:

Հետաքրքիր է, որ գյուղի մասին ֆիլմ ստեղծելու ընթացքը երկու մեծ փուլի է բաժանվում: Երբ ապրելով Երեւանում, դու մտքումդ գծագրում ես հեռավոր գյուղում ստեղծվելիք ֆիլմը, եւ, երբ դու արդեն գյուղում ես, ու ամեն ինչ ափիդ մեջ է: Երեւանում միշտ բարդ էր մեզ համար, միշտ բայցեր ու վախեր կային: Երբ ոտք էինք դնում Ջիլիզա, ամեն ինչ ավելի հեշտ էր, միանգամից թեւեր էինք ստանում ու առավոտից գիշեր  աշխատում էինք։

Մարինե- Գյուղացիներն այնքան հյուրասեր են, որ մնալու տեղ միշտ ունենում էինք: Շնորհակալ ենք Կոնինյանների ընտանիքին, նրանց հյուրասեր ու ջերմ տանը մենք գրեթե երկու տարի մնացել ենք: Երբեք չենք մոռանա ինչպես էր նրանց շունը մեզ ուղեկցում: Նա միշտ մեզ հետ էր՝ թիկնապահի պես։ Գյուղացիները սովոր էին, որ լրագրողները մի քանի ժամով գալիս են, նկարահանում ու գնում․ զարմանում էին, որ մենք մշտապես գյուղում էինք ու կարծես թե անվերջ նկարահանում էինք: Երեւի մտածում էին՝ անելու այլ բան չունենք։

Սոնա- Յուրաքանչյուր տան կողքով անցնելիս մեզ հրավիրում էին սուրճ խմելու: Քանի որ ես սուրճի սիրահար չեմ, Մարինեն, գյուղացիներին չնեղացնելու համար, համեստաբար ընդունում էր առաջարկը, եւ օրվա վերջում գլխացավ էր ունենում սուրճի մեծ քանակությունից։

-Ինքներդ բազմիցս անցել եք այն ճանապարհով, որով կարելի է հասնել Ջիլիզաորպես լրագրողներ, ապա նաեւ ֆիլմ ստեղծողներ, ինչպե՞ս կնկարագրեք այն։

Սոնա—Ջիլիզի ճամփան բարդ է ու դժվար…Ինչպես ցանկացած նոր ճանապարհ, առաջին անգամ Ջիլիզ գնալիս թվում էր՝ մի ամբողջ հավերժություն է ընկած գյուղի եւ Ալավերդի քաղաքի միջեւ: Ջիլիզան Ալավերդիից բաժանում է խորդուբորդ, դժվարանցանելի՝ մոտ 30 կմ երկարությամբ արահետ, որն ամռանը կարելի է անցնել մոտ մեկ ժամում, իսկ ձմռանը՝ դրա կրկնակին: Իրականում, շատ գեղեցիկ է Ջիլիզի ճանապարհը: Առաջին անգամ անվերջ թվացող ճանապարհն արդեն շատ հարազատ, նույնիսկ՝ հաճելի է: Այդ ճանապարհի վերջում մեզ միշտ սպասող կա:

Երկուսդ էլ մասնագիտությամբ լրագրող եք։ Ռեպորտաժից վավերագրական ֆիլմի անցնելու ընթացքը այնքան էլ հեշտ չէ։ Ինչպե՞ս ստացվեց ֆիլմի վերածել պատմությունը։ Այս տեսանկյունից քննադատություններ եղե՞լ են։

Մարինե –Բավականին բարդ էր լրագրությունից վավերագրության անցնելը: «Caucadoc» ծրագրի մեր դասընթացավարների շնորհիվ մենք կարողացանք այդ բարդ անցումը կատարել: Մինչ ֆիլմը Սոնան արդեն ռեպորտաժ պատրաստել էր նույն թեմայով, եւ մենք վստահ էինք, որ ֆիլմը պետք է բոլորովին այլ կերպ ներկայացնի նույն խնդիրը:

Տարբերությունն այն է, որ այս դեպքում կա դրամա, կա հերոս, կա պատմություն, կուլմինացիա: Եթե ռեպորտաժի դեպքում, որպես լրագրող, կարեւորում ես փաստերը, ապա որպես ռեժիսոր, փորձում ես հիմնվել զգացմունքների եւ խորհրդանիշերի վրա: Վստահաբար կարող ենք ասել, որ պատմություն պատմելու այս ձեւը մեզ ավելի հոգեհարազատ է:

-Ի սկզբանե Ջիլիզան հենց «սահմանայի՞ն» տեսանկյունից էր որոշված ներկայացնել։

Մարինե -Այո, մենք Ջիլիզան հենց սահմանային տեսանկյունից էինք որոշել ներկայացնել: Ի դեպ, ես եւ Սոնան որոշեցինք հենց այս թեմայով ֆիլմ նկարահանել ընկերական մի բանավեճից հետո: Բանավեճից պարզ դարձավ, որ երկուսս էլ նույն պատկերացումներն ունենք սահմանի մասին: Գուցե իդեալիստական կհնչի, բայց մենք հավատում ենք, որ մի օր սահմանները, համենայնդեպս պետական սահմանները, չեն խանգարի մարդկանց եւ չեն բաժանի աշխարհը տարբեր մասերի, ինչպես որ հիմա է: Դա էլ հիմքն էր մեր աշխատանքի:

 Սոնա – Գուցե այդ պատճառով էլ մենք նախընտրեցինք, որ հենց երեխաները խոսեն սահմանի մասին: Գյուղի մեծահասակները խնդիրներն էին տեսնում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, իսկ երեխաներն ունեին երազանք եւ հետաքրքրասիրություն, ուզում էին բացահայտել սահմանը եւ կարոտել էին իրենց այն կողմում գտնվող հարազատներին: Այս ամենը զուգորդվեց լոռեցիներին հատուկ հումորով եւ ստացվեց հենց այն, ինչ մենք ուզում էինք ի սկզբանե:

- Հեռավոր, սահմանային մի գյուղի պատմությունը ձեր ֆիլմի միջոցով հայտնվեց աշխարհի տարբեր անկյուններում․․․ Հետեւու՞մ եք կարծիքիներին, մեկնաբանություններին։

Մարինե –Այո, ֆիլմն արդեն մի շարք փառատոների ու մրցույթների է մասնակցել, եւ բազում կարծիքներ ու մեկնաբանություններ ենք ստացել: Մեզ համար լավագույն գնահատականն այն է, որ իրագործվել է մեր նպատակը՝ մարդիկ մեր աշխատանքը դիտում են ոչ միայն որպես Հայաստան-Վրաստան սահմանի մասին պատմող վավերագրություն, այլ գլոբալ սահմանների խնդիրների մասին բարձրաձայնող ֆիլմ: Մեզ համար սա, իրոք, կարեւոր է:

Մինչ այս, շատերը Ջիլիզայում տարբեր ռեպորտաժներ են արել, ներկայացրել են սոցիալական իրավիճակը, բայց մեր ֆիլմի նպատակը առհասարակ սահմանների մասին խոսելն էր: Ֆիլմն իրականացնում է մեր երազանքը. սահմանները կոտրելով՝ այն անցնում է քաղաքից քաղաք, երկրից երկիր:

Խոսելով ֆիլմի անցած պատմության մասին․․․Այս պահին փառատոների մասնակցելու հրավերներ կա՞ն։ Ի՞նչ փուլում են գտնվում «Ջիլիզից Ջիլիզ»-ը հանրայնացնելու աշխատանքները։

Մարինե- Ֆիլմի առաջին հաջողությունը ԱՄՆ դեսպանատան եւ Թումո կենտրոնի՝ Երիտասարդ վավերագրողների մրցույթի ժամանակ գլխավոր մրցանակին արժանանալն էր: Դրանից հետո Թումոյի աջակցությամբ ֆիլմը ուղարկեցինք 3 հեղինակավոր միջազգային փառատոնի: Առաջին երկու մերժումից հետո երրորդ պատասխանը դրական էր. ֆիլմը ներկայացվեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Հոթ-Դոկս» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնին: Մասնակցությունն արդեն հաղթանակ էր մեզ համար, շատ ավելի մեծ էր ուրախությունը, երբ փառատոնում ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:

Սոնա- բավականին դժվար եւ ժամանակատար է զբաղվել ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով։ Հիմա հազվադեպ ենք ինքներս դիմում որեւէ փառատոնի, փոխարենը շատ հրավերներ ենք ստանում տարբեր փառատոներից ու մրցույթներից:

Հիմնականում գրում են, որ ֆիլմը նկատել են «Հոթ-Դոկս»-ում եւ առաջարկում են իրենց փառատոնին էլ մասնակցել: Այդպես, մինչ այսօր արդեն մոտ 10 փառատոնի ենք մասնակցել: Դրանցից մի քանիսում արժանացել ենք ժյուրիի հատուկ մրցանակի, իսկ բոլորովին վերջերս, ինչպես արդեն տեղյակ եք, Թբիլիսիում ստացանք «ԱԴԱՄԻ» մեդիա մրցանակաբաշխության մեր անվանակարգի՝ «Երիտասարդ ԱԴԱՄԻ» մրցանակը:

Այս պահին դեռ շարունակում ենք այլ նոր հրավերներ ստանալ տարբեր փառատոներից: Առջեւում մի քանի մասնակցություն դեռ կլինի, բայց հիմա արդեն աշխատում ենք մեր երկրորդ վավերագրական ֆիլմի նախագծի վրա։

ՀԳ Սոնա եւ Մարին Քոչարյաններիի երկրորդ վավերագրական ֆիլմի նախագիծը 2015թ-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում կիսեց հաղթանակը թուրք ռեժիսոր Սենեմ Գյոկչեի հետ՝ ստանալով արտադրության աջակացության մրցանակ, որը կազմում է 5000 դոլար։

«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ այստեղ։

Լուսանկարները տրամադրել են Սոնա եւ Մարինե Քոչարյանները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter