HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12.000 ստորագրություն` ցմահ դատապարտյալների խնդիրների լուծման համար

Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներն այսօր կրկին հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի առջև` բողոքի ձայն բարձրացնելու: Նրանք շեշտում էին, որ ութերորդ օրն է` 36 ցմահ բանտարկյալներ հացադուլ են անում, սակայն պետական համապատասխան մարմիններում չեն լուծվում նրանց բարձրացրած 10 կետանոց խնդիրները:

«10 կետերից երեքն էլ լուծվի, ցմահների հարցը կթեթևանա»,- համոզմունք էին հայտնում ցմահների հարազատները` նորից պնդելով, որ արդարադատության նախարարության պատասխանը իրենց չի բավարարում: «Մենք տեսակցության հարց չենք բարձրացրել, այլ գործերի, պատժաչափերի վերանայման»,- ասաց ցմահ դատապարտյալներից Վաղարշակ Դավթյանի մայրը` Մարինե Բադալյանը: 

Ակցիայի մասնակից հարազատները հավաքել էին 12.000 քաղաքացու ստորագրություն` ցմահ դատապարտյալների խնդիրների լուծման համար: Նրանք Կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի ԱԺ, ապա նախագահական:

Ավելի քան 10.000 ստորագրություն այսօր մուտք արվեց ՀՀ նախագահի նստավայր` Սերժ Սարգսյանին ուղղված կից դիմումով: Իսկ մնացած ստորագրությունները մուտք արվեցին Ազգային ժողով` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին ուղղված կից դիմումով:  

«2009-ին էլի 13.000 ստորագրություններով դիմում էինք բերել նախագահական, բայց պատասխան էլ չենք ստացել»,- ասում էին հացադուլավորների հարազատները:

Մինչ նախագահի նստավայր հասնելը, ակցիայի մասնակիցները մոտեցան ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքին` սպասելով պատգամավորներին: «Գնացեք, տղերքին համոզեք, թող դուրս գան հացադուլից: Ախր մեկը չի գնում, հարցերը չի լսում»,- ասաց նախկին զինվոր Արթուր Քոչարյանի տատիկը:

Նրանք ասում էին, որ առանց այդ էլ առողջություն պահպանելը դժվար է բանտում. «Չենք ուզում մեր էրեխեքն էլ Սողոմոն Քոչարյանի օրը ընկնեն, որ 17 օր էլ չապրեց ազատության մեջ»,- ասում էին հարազատները: 

Պատգամավորներից ոմանք դուրս էին գալիս ու արագ հեռանում: Ակցիայի մասնակիցները կարողացան զրուցել  ՀՀԿ-ից պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով դիմում ուզեց, որ խնդրի էությունը հասկանա: Պատգամավորը վերցրեց դիմումը` խոստանալով հարցի մասին տեղյակ պահել գործընկերներին:  

«Գրած օրենքները պիտի կիրառեն, օրինագծերն էլ պիտի օրենք դառնան, որ հարցերը լուծվեն» ,- ասում էին ցմահների բարեկամները:     

Ակցիայի մասնակիցները 30 րոպե սպասելուց հետո որոշեցին փակել Բաղրամյան փողոցը, հետևանքը եղավ այն, որ մի քանի քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ, հրավիրվեց շտապօգնություն:

Հացադուլավորների հարազատները ցանկանում էին հանդիպել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, ով խոստացավ հարազատներից կազմված խմբին ընդունել վաղը:

ԱԺ մուտքագրված դիմումի մեջ նշված է. «Պարոն Սահակյան, խնդրում ենք, պահանջում ենք, հուսով ենք, որ վերջապես Դուք կարձագանքեք, քանի որ բարձրացված 10 կետերից գրեթե բոլորը ՀՀ ԱԺ տիրույթում են, այսինքն` հնարավոր են օրենսդրական լուծումներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter