HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին գործադիր տնօրեն Գագիկ Ազատյանը 2,5 տարի առաջ անհետացել է

Մանկապղծության մեջ մեղադրվող «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ եւ սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը ԱԱԾ-ում գտնվող մեկ այլ` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին գործադիր տնօրեն Գագիկ Ազատյանի անհետացման գործով կասկածյալ է:

«Գագիկ Ազատյանը 2009 թ. մայիսի 25-ին տանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Անհետացման հենց առաջին օրերին Գ. Ազատյանի հարազատները գործի նախաքննությամբ զբաղվող քննիչներին հայտնել են, որ իրենց թշնամին Սերոբ Տեր-Պողոսյանն է, ում էլ կասկածում են նրա անհետացման մեջ: Դրան ի պատասխան` Երեւանի Արաբկիր համայնքի ոստիկանության քննչական բաժնի նախկին պետ Վարուժան Ադամյանը պատասխանել է. «Ի՞նչ եք ասում, նման բաներ մի ասեք: Սերոբը կարգին մարդ է»»,- պատմում է Գ. Ազատյանի հորեղբայր Մարտուն Ազատյանը:

Տեր-Պողոսյանին այս տարվա փետրվարի 9-ին ձերբակալելուց հետո լեռնահարստացման կոմբինատի նախկին գործադիր տնօրենի անհետացման քրգործը ոստիկանության քննչական վարչությունից տեղափոխվել է ազգային անվտանգության ծառայություն:

«Սերոբի ձերբակալվելուց հետո քննիչներից մեկն ասել է. եթե դուք ինչ-որ տեղեկություն ունեք Գագիկի գործի հետ կապված, առանց վախենալու ասեք, որովհետեւ հիմա Սերոբն այնպիսի վիճակում է, որ դժվար թե էդ վիճակից դուրս գա ու Ձեզ վնասի»,- պատմում է Մարտուն Ազատյանը:

Գագիկ Ազատյանը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գործադիր տնօրեն է աշխատել 1992-2002 թթ.: Նրա եւ Տեր-Պողոսյանի աշխատանքային հարաբերությունները սկսվել են 2001 թ. մարտի 1-ին, երբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ Փրինս» կորպորացիայի եւ ՀՀ արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի միջեւ կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր:

Հենց նույն տարում «Մեթըլ Փրինսի» բաժնետերերը լեռնահարստացման կոմբինատի վերականգնման նպատակով կատարում են առաջին ներդրումը` 1մլն ԱՄՆ դոլար: Կոմբինատի վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնում է Գագիկ Ազատյանի հորեղբայրը` Ալավերդիում հայտնի շինարար Մարտուն Ազատյանը: Ըստ վերջինիս` կոմբինատի վերականգնման շինարարական աշխատանքների համար ՀՀ լեռնամետալուրգիայի ինստիտուտը 2001 թ. կազմել է 940 հազար դոլար արժեքով նախագծանախահաշվային փաստաթղթեր:

Մոտ 7 ամիս տեւած վերականգնողական շինարարական աշխատանքներից հետո 2001 թ. հոկտեմբերին լեռնահարստացման կոմբինատը վերսկսում է իր գործունեությունը: Մարտուն Ազատյանը պատմում է, որ լեռնահարստացման կոմբինատի վերականգնման շինարարությունը սկսելուց առաջ Տեր-Պողոսյանը եղբոր տղայի` Գագիկ Ազատյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ սեփականաշնորհման ժամանակ նա կդառնա Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 10 տոկոս փայատեր:

Մ. Ազատյանն ասում է, որ իրեն այդ մասին հայտնել է նաեւ Սերոբը, սակայն ինքը տեղյակ չէ` այդ պայմանավորվածությունը գրավոր վավերացվա՞ծ է, թե՞ ոչ: Լեռնահարստացման կոմբինատի շինարարության ավարտից մի քանի ամիս անց` 2002 թ. փետրվարի 18-ին, Գագիկ Ազատյանը ՀՀ արդյունաբերության այն ժամանակվա նախարար Կարեն Ճշմարիտյանի հրամանով ազատվում է աշխատանքից:

Կոմբինատի շինարարության ավարտից հետո Տեր-Պողոսյանն իր կնոջ` Մադլեն Թաշճյանի եւ «Մեթըլ Փրինսի» նոր գործադիր տնօրեն Վարդան Պապյանի հետ եռյակ է կազմել Գագիկ Ազատյանի դեմ: Մարտուն Ազատյանը ենթադրում է, որ այդ լարվածությունը Տեր-Պողոսյանն առաջին հերթին ստեղծել է Գագիկին տված իր խոստման` լեռնահարստացման կոմբինատի 10 տոկոս փայատեր դարձնելու մտքից հրաժարվելու պատճառով:

«Սերոբը նաեւ ասում էր, որ Գագիկը «Մեթըլ Փրինս»-ի 940 հազար դոլար ներդրումային գումարից 200 հազար դոլարի յուրացում է կատարել, սակայն դատարանը պարզել է, որ պակասորդ գումարը 9մլն դրամ է: Գագիկն այդ գումարը փակել է»,- ասում է Մ. Ազատյանը:

Սերոբ Տեր-Պողոսյանը պակասորդի այդ չափին համաձայն չի եղել: Ըստ Մարտուն Ազատյանի` «Մեթըլ Փրինս»-ը 940 հազար դոլար էր ներդրել լեռնահարստացման կոմբինատի վերականգնման շինարարական աշխատանքների համար, իսկ արտասահմանյան փորձագետները եզրակացություն են տվել, որ կոմբինատի վերականգնման համար պետք է առնվազն 2-3 մլն դոլար:

Նա կարծում է, որ Գագիկը շնորհակալության էր արժանի այն բանի համար, որ այդ գումարի սահմաններում կարողացել է գործն ավարտել, որի արդյունքում մինչեւ օրս կոմբինատն անխափան աշխատում է: Մինչդեռ Գագիկը 7 տարի շարունակ ենթարկվել է քրեական հետապնդման. Ս. Տեր-Պողոսյանը պահանջում էր նրա նկատմամբ կիրառել ամենախիստ պատիժը:

«Գագիկի մի վճիռը մտնում էր ուժի մեջ, Սերոբը նորից բողոքարկում էր: Նա միտումնավոր քրեական հետապնդման էր ենթարկում Գագիկին»,- ասում է Գագիկ Ազատյանի կինը` Հասմիկը:

Գագիկ Ազատյանը տնից դուրս է եկել «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող Ստեփանավանի Արմանիսի հանքավայրի աշխատակից Վասիլի Սանդուկովի (մականունը` «մալական Վասիլի») հեռախոսազանգից հետո եւ այլեւս չի վերադարձել:

Վասիլին իր բրիգադով մասնակցել է լեռնահարստացման կոմբինատի շինարարական աշխատանքներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել Ս. Տեր-Պողոսյանի հետ: «Մալական Վասիլին Երեւանում տուն եւ սրճարան ունի, Գագիկը միշտ շփվել է նրա հետ»,- ասում է Մարտուն Ազատյանը:

Գագիկի անհետանալուց հետո նրա հեռախոսահամարին գրանցված զանգերի վերծանումից պարզվել է, որ մայիսի 17-ից սկսած` ակտիվացել է այն x համարը, որով նրան անընդհատ զանգել են:

«Մի օր, որ Գագիկի կողքին էի, ինչ-որ մեկը զանգեց ու խոսեց: Գագիկը միայն լսում էր, հետո էլ անջատեց հեռախոսը: Ասեցի` ով էր զանգում, Գագիկն ասաց, որ Վասիլին է: Դա ամսի 20-ին էր: Հետո ես արդեն ժամերով ի մի բերելով` հեռախոսազանգերի ցանկի տպագրության մեջ նկատեցի, որ այդ ժամին զանգողը Վասիլին է եղել: Մայիսի 25-ին ակտիվացած x համարն էլ է զանգել այդ նույն սխեմայով: Ամսի 17-ին են սկսել զանգել, 19-ին, 20-ին, 23-ին եւ 25-ին: Այ, 20-ին զանգելու ժամանակ, դա եղել է 10:40, ես Գագիկի կողքին էի, երբ ես հարցրեցի` ով էր, ինքը` Գագիկը, ասաց, որ Վասիլին էր:

Հետո, երբ Գագիկի հեռախոսի զանգերի տպագրությունը նայեցինք, տեսանք, որ այդ ժամանակաընթացքում, բացի Վասիլիից, ուրիշ մարդ չի զանգել, ու այդ x համարը համընկավ իմ հիշողության հետ: Այդտեղից ենք մենք որոշում կայացնում, որ դա կարող է եւ լինի այդ մալականը: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Հետո, երբ Գագիկը կորավ, ես ահավոր վիճակում էի, երկու օրից զանգեցի Վասիլիին եւ ասեցի` Գագիկին ե՞րբ եք տեսել: Ինքն ինձ ասաց, որ վաղուց չի տեսել: Իսկ երբ հարցրի` ե՞րբ եք վերջին անգամ խոսել, ինքը ասեց` 2 ամիս առաջ: Որ Վասիլին ստեց, էդ ժամանակ ես հասկացա, որ այստեղ մաքուր չէ»,- ասում է Հասմիկը:

Մարտուն Ազատյանն էլ «Հետքին» պատմեց, որ աշխատանքից ազատվելուց հետո Սերոբ Տեր-Պողոսյանը երկար տարիներ հրաժարվել է Գագիկ Ազատյանին տալ իր աշխատանքային գրքույկը: Գագիկը մի քանի անգամ իր աշխատանքային գրքույկը ստանալու համար դիմել է դատարան: Վերջապես 2009 թ. մայիսի 20-ին նա Գագիկին տվել է իր աշխատանքային գրքույկը:

Գագիկը չի ստացել նաեւ իր մի քանի տարվա աշխատավարձը, որը կազմել է 80 հազար դոլար: Նա պատրաստվելիս է եղել 80 հազար դոլար աշխատավարձի պահանջով դատի տալ Տեր-Պողոսյանին, սակայն 5 օր հետո անհետացել է:

Երբ Ս. Տեր-Պողոսյանին կանչել են հարցաքննության, քննիչը նրան հարցրել է, թե ինչու Գագիկ Ազատյանի աշխատանքային գրքույկը ժամանակին չի տվել եւ ինչով է բացատրում, որ աշխատանքային գրքույկը տալուց 5 օր հետո մարդը կորչում է: «Մենք գիտեինք, որ աշխատանքային գրքույկը նրան տալը մեզ համար վնաս էր»,- ասել է Սերոբ Տեր-Պողոսյանը:

Առաջին նկարում` (ձախից աջ) Գագիկ Ազատյան, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյան, Սերոբ Տեր-Պողոսյան

Մեկնաբանություններ (2)

susanna
inchu im meknabanutyun@ cheq tpel
Mleh
Akhpari amenamikrob desag@!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter