HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Վանաձորի ավագանին կքննարկի Երևանում կիրառվող «կարմիր գծերի» պրակտիկան Վանաձոր բերելու հարցը

Գայանե Սարգսյան

Վաղը կայանալիք Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է 2016թ. տեղական տուրքերն ու դրույքաչափերը սահմանելուն, որում, ի թիվս մի շարք այլ տուրքերի, ներառված է նաև ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվող  կամ բոլորին քաջածանոթ «կարմիր գծերի» տուրքը՝ հետևյալ դրույքաչափերով.

- յուրաքանչյուր 1 ժամվա համար- 100 դրամ

- 1 օրվա համար-500 դրամ

- մեկ շաբաթվա համար -1.000դ.,

- մեկ ամսվա համար-2.200 դ.,

- մեկ տարվա համար-12.000 դ.:

Այս հարցն ամիսներ առաջ ընդգրկվել էր մայիսի 7-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգ: Այն ժամանակ լրատվամիջոցների, բնակչության, ավագանու անդամներից ոմանց ու Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի արձագանքն այնքան բուռն էր, որ մինչ նիստի օրը հարցը հանվեց օրակարգից:

Ավագանու նիստից օրեր առաջ հարցն օրակարգից հանելուց հետո Վանաձորի քաղաքապետարանը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը. «Վանաձորի քաղաքապետի նախաձեռնությամբ լրացուցիչ ուսումնասիրության ու քննարկումներ կազմակերպելու նպատակով նիստի օրակարգից հանվել է թիվ 9 որոշման նախագիծը», այն է՝ քաղաքի կենտրոնական փողոցներում վճարովի ավտոկայանատեղեր սահմանելու մասին հարցը:

Այժմ հարցը կրկին ավագանու նիստի օրակարգ մտցնելը դժգոհության տեղիք է տվել ու բողոքի պատճառ հանդիսացել վանաձորցիների շրջանում, ովքեր այդ մասին իրենց գժգոհությունն արտահայտում են ոչ միայն Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այլև տարբեր լրատվամիջոցների կողմից անցկացվող հարցումների ժամանակ:

Այս անգամ Վանաձորի քաղաքապետարանն այլ մոտեցում է ցուցաբերել նախագիծն ավագանուն ներկայացնելու հարցում. անհաջող փորձը հաշվի առնելով՝ հարցը ներկայացվել է ոչ թե առանձին, այլ տեղական տուրքերի ամբողջական փաթեթում:

Հարցն ընդհանուր փաթեթով ներկայացնելը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեկնաբանում է այսպես. «Ընդհանուր փաթեթով ներկայացնելը  պայմանավորված է խնդիրը քողարկելու և այսպես կոչված թաքուն անցկացնելու մոլուցքով»։

Պատգամավորը հույս ունի, որ ավագանին դեմ կքվեարկի և թույլ չի տա նման կարգավորումների ներդնումը Վանաձորում։

Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը դեմ է այս տուրքին և հարցն ընդհանուր փաթեթով ներկայացնելուն ընդհանրապես:

«Այն տեղական տուրքերը, որոնք առաջարկվում է փոփոխել, պետք է ներկայացվեն առանձին-առանձին: Իսկ որոնք չեն փոխվել, կարող ենք մեկ ընդհանուր փաթեթով քվեարկել,- ասում է ավագանու անդամն ու իր դեմ լինելը հիմնավորում այսպես,- նման սոցիալական ծանր պայմաններում, երբ  քանի գնում ավելի է մարդկանց վիճակը վատանում, մարդիկ ուղղակի վճարունակ չեն»:

«Ասում են, որ կառավարությունը որոշումով սահմանել է, որ համայնքները կարող են ավտոմեքենաների կայանման տուրք սահմանել, բայց եթե ըստ օրենքի է, թող մյուս համայնքները սահմանեն, ինչո՞ւ պետք է Վանաձորը չեմպիոն լինի տուրք սահմանելու հարցում: Ոչ մի համայնք այս տուրքը չի դրել, պետք է հենց մենք դնե՞նք: Երևանում է միայն դրված, Հայաստանի ոչ մի համայնքում նման բան չկա: Մյուս տեղական տուրքերի դրույքաչափերը բարձր են դրված,  դա քիչէ, հիմա էլ սա: Նախագծով նույն Երևանի գներն են»,-դժգոհում է ավագանու անդամ Արմեն Մատինյանը:

Ավագանու անդամն առաջարկում է նոր տուրքեր ավելացնելու փոխարեն բյուջեի ծախսերն օպտիմալացնել ու խնայողաբար ծախսել:

Ա. Խաչատրյանի կարծիքով՝ եթե ավագանու մեծամասնության կողմից նախագիծն, այնուամենայնիվ, ընդունվի, հետևանքները կարող են ցավոտ լինել:

«Կյանքն էլ ավելի կդժվարանա, մարդիկ չեն կարողանա վճարել, տույժ-տուգանքներ կգան, ԴԱՀԿ, մարդիկ խնդիրների մեջ կներքաշվեն»,- վստահ է ավագանու անդամը:

Պատգամավոր Է. Մարուքյանի կանխատեսումներն ավելի վատատեսական են: Վերջինս այս առումով մի շարք ռիսկեր է տեսնում. «Առաջինը կոռուպցիոն ռիսկն է, որը վատ կառավարման արդյունքում միշտ ի հայտ է գալիս: Աղքատ քաղաքում ամեն օր նոր տուրքեր սահմանելու ու տուգանելու մասին մտածելը լրջագույն ռիսկ է՝ միտված արտագաղթին»,- նշում է պատգամավորը:

Ավագանու անդամներն այս տեղական տուրքի հետ կապված մի շարք հարցեր ունեն, որոնց պատասխանները, սակայն, նախագծում ներկայացված չեն:

Որքա՞ն մուտքեր է ակնկալում քաղաքապետարանն այս տուրքի կիրառման արդյունքում, որքա՞նը կգնա մասնավորի, որքա՞նը՝ համայքայի բյուջե. այս հարցերը հուզում են նաև դեմ քվեարկելու պատրաստ ավագանու անդամներին:

Երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակայնորեն հայտնելով հարցի վերաբերյալ իր տեսակետը՝ Է. Մարուքյանը նշել էր. «Ես վերահաստատում եմ իմ շուրջ մեկ տարի առաջ հնչեցրած այն պնդումը, որ եթե Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր քաշել և դրանով նույնպես գումարներ հավաքել քաղաքացիներից, ապա ի սկզբանե հայտարարում եմ, որ որպես Վանաձորրի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր ես ԴԵՄ ԵՄ այդ նախաձեռնությանը: Այն չի արդարացրել իրեն Երևանում և միանշանակ չի կարող արդարացնել աղքատ Վանաձորում: 

Իմ և իմ ընտրողների անունից պահանջում եմ հրաժարվել նշված նախաձեռնությունից, հավելյալ առիթներ չտալով Վանաձորից արտագաղթող բնակչությանը և կենտրոնանալ քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման վրա»:

Այսօր վերահաստատելով իր տեսակետը՝ նա խոստացավ. «Ամեն բան անելու եմ, որ Վանաձորում նման արատավոր պրակտիկա չներդրվի։ Եթե այդպիսի որոշում կայացվի, անգամ պատրաստ եմ դատական կարգով վիճարկելու այդ որոշումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter