HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հանձնարարականներ. երբ սպառված է հավատալու ռեսուրսը

Ինչ էին նշանակում նախագահ Սերժ Սարգսյանի' Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին ուղղված խոսքերը: Ինձ նման հարց է տվել մի վարկառու գյուղացի: Ես չեմ կարողացել բացատրել, որովհետեւ չեմ հասկացել Ա. Ջավադյանին ուղղված խոսքերի իմաստը:

Ես ընդամենը կարող եմ խորհուրդ տալ Սերժ Սարգսյանին գնալ Արագածոտնի մարզի Արագածավան կամ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղը եւ հստակ պատկերացում կազմել Հայաստանի բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործունեության, ինչպես նաեւ գյուղնախարարության, գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին:

Նման խորհուրդ եմ տալիս, քանի որ նա խոստացել է անձամբ այցելել գյուղեր եւ տեսնել, թե ինչպես են իր հանձնարարականներից հետո «օգնում» գյուղացուն' լուծելու իր առջեւ ծառացած խնդիրները: Միայն Նոր Արմավիրում ներկայումս վարկառուների 40 դատական գործ կա, իսկ դա նշանակում է, որ այդքան ընտանիք զրկվում է հողից, տնից կամ գյուղտեխնիկայից: Ունեզրկված գյուղացին այլեւս չի մնա գյուղում. նա ստիպված բռնելու է գաղթի ճամփան:

«Բազմիցս, պարոն Ջավադյան, ինքներդ եք հնչեցրել, որ ինֆլյացիայի հարցում գյուղատնտեսությունը շատ մեծ նշանակություն ունի: Եթե մեծ նշանակություն ունի, ինչո՞ւ ավելի հետեւողականորեն չեք զբաղվում գյուղով, գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր բանկերը առեւտրային բանկեր են, որ նրանք բիզնես են անում, եւ անհարկի միջամտությունները նրանց գործունեությանը, իհարկե, կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ: Բայց նրանց ավելի ակտիվ ուղղորդել դեպի գյուղատնտեսություն' դրա համար պայմաններ ստեղծելով, կարծում եմ' կարող եք, եւ դա պետք է ավելի էական տեղ ունենա ձեր գործունեության մեջ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Տարիներ շարունակ «Հետքը» գրում է գյուղատնտեսական վարկերի մասին, ամեն անգամ մարդկային մի ճակատագիր ներկայացնելով' պատմում, թե ինչպես են բանկերը եւ վարկային կազմակերպությունները, 24 եւ ավելի բարձր տոկոսադրույքով վարկեր տրամադրելով, կործանում գյուղացուն եւ գյուղը: Բարձր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու պատճառների մասին մեր հարցումներին Կենտրոնական բանկից պատասխանել են, որ ԿԲ-ն չի կարող խառնվել առեւտրային բանկերի գործունեությանը:

Մի քանի պատգամավորների օգնությամբ ԱԺ տարբեր նստաշրջանների ժամանակ գյուղատնտեսական վարկերի հարցը բարձրաձայնվել է խորհրդարանում: Կազմակերպել ենք կլոր սեղաններ, փորձագետների, զանազան մասնագետների օգնությամբ առաջարկել խնդրի լուծման ճանապարհներ, բայց ապարդյուն:

Հանրապետականներն ամեն անգամ սաստում էին' նշելով, որ այդ ամենի մեղավորը միայն գյուղացին է. թող վարկ չվերցնի: Ես չգիտեմ' Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է, որ հազարավոր ընտանիքներ արդեն կորցրել են իրենց հողը, տունը, հազարավորների գործերն էլ դատարաններում են:

Եւ եթե ԿԲ-ի նախագահ Ա. Ջավադյանին հանձնարարականներ են եղել, ապա առաջինը հենց գյուղատնտեսական վարկերին պետք է վերաբերի. անհապաղ կասեցնել դատարաններում եւ ԴԱՀԿ ծառայությունում գտնվող բոլոր գործերը' դրանով կանխելով գյուղացիների ունեզրկման գործընթացը:

Զուգահեռաբար պետք է հանձնարարական տրվի ստուգել գյուղատնտեսական վարկեր տրամադրող բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործունեությունը:

Պետք է պարզել, թե ինչպես են մարդիկ 20%-ով վարկ ձեւակերպում, բայց մարման ընթացքում այն դառնում է 30%, 32% կամ 40%:

Վարկ վերցնող գյուղացիների զգալի մասը կրթություն չունի, բայց դա չի նշանակում, որ դրանից պետք է օգտվեն ու նրանց զանազան ձեւերով ներքաշեն բանկային մեքենայությունների մեջ:

Մենք դեպքեր ենք արձանագրել, երբ գյուղացիները տեղյակ չեն եղել, որ իրենք երաշխավորել են իրենց բարեկամների համար, իսկ այժմ դատարանի միջոցով նրանցից խլում են իրենց տները: Երբ Ս. Սարգսյանն ասում է, որ պետք է սատարենք գյուղացուն, ենթադրվում է, որ նախեւառաջ պետք է սկսել բանկերից եւ վարկային կազմակերպություններից: Նրանք պատանդ են վերցրել գյուղացուն, եւ այսօր միայն պետության միջամտությամբ կարելի է նրան ազատել:

Մարտի 12-ին' տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, Ս. Սարգսյանն իր հանձնարարականները խնդրելով էր հայտնում: Նա վաղուց պետք է պատասխանատվության ենթարկելու տոնով խոսեր:

Խնդրանքով այս երկրում պաշտոնյաների միջոցով հարցեր չեն լուծվում: Ինչպես դիրքում կանգնած զինվորին են պատժում, երբ որեւէ խախտում է անում կամ հրամանը չի կատարում, եւ դրա պատճառով մարդիկ են զոհվում: Եթե մենք պատերազմական վիճակում ենք, իսկ իշխանությունները այդ մասին շատ հաճախ են հիշեցնում հանրությանը, ապա ինչպես պատերազմական վիճակում, հանձնարարական չկատարող պաշտոնյան էլ պետք է պատժվի:

Օլիգարխից էլ պետք է առգրավել չվճարած հարկերը: Այդ օրինակները պետք է տեսնեին մարդիկ: Նրանց ոչ թե 200 դոլար կաշառք վերցնողներին էր պետք ցուցադրել, այլ այդ շնաձկներին:

Ինչո՞ւ չեն պատժվում պետական միջոցները մսխող պաշտոնյաները: Ինչո՞ւ է Վերահսկիչ պալատն, ուսումնասիրություններ իրականացնելով, աղաղակող փաստեր հրապարակում, երբ չարաշահողները շարունակում են պաշտոնավարել եւ նոր չարաշահումներ անել:

Ի՞նչ պատահեց բնապահպանության նախարարության այն պաշտոնյաներին, ովքեր մսխել էին պետբյուջեի գումարները. նավ էին ձեռք բերել' գործարքից յուրացնելով մոտ 100 մլն դրամ: Ոչինչ էլ տեղի չունեցավ. նրանք շարունակում են պաշտոնավարել:

Ոչինչ չպատահեց նաեւ նույն նախարարության' Սեւանի ափամերձ տարածքների «մաքրման» ակտերի տակ իրենց ստորագրությունը դրած պաշտոնյաներին:

Պաշտոնավարումը շարունակում են առողջապահության նախարարության այն աշխատակիցները, ում մեղքով տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար նախատեսված մոտ 150 հազար դոլարի թանկաժեք դեղորայք ժամկետանց է դարձել:

Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ միլիոնավոր դոլարներ ծախսելով' «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն են իրականացնում' բազմաթիվ ներդրողների ներգրավելով, բայց դրա հարեւանությամբ' Սվարանց գյուղում, երկաթի հանքավայր շահագործելու լիցենզիա են վաճառում: Բնականաբար, ոչ ոք: Ահա թե ինչու է սպառվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատալու ռեսուրսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter