HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Օղիների գործով» նոր դատական հայցեր Սամվել Ալեքսանյանի ընկերությունների դեմ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դարձյալ հայտնվել է տհաճ իրավիճակում. «մեղավորը» կրկին օղիներն են:  Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ»  և «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունները դատական գործընթաց են սկսել պատգամավորի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների դեմ: Երկու ընկերություններն էլ պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել ապրանքային նշանը:

Հայցադիմումները ներկայացվել են հոկտեմբերի 14-ին և լսվելու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ տարբեր դատավորների վարույթում:

Ավելի վաղ՝ 2014թ. նույն պահանջով դատարան էր դիմել նաև «Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը, որի դատաքննությունը շարունակվում է:

Այս վիճակում հայտնվելը Սամվել Ալեքսանյանի համար նորություն չէ: Տարիներ շարունակ տնտեսվարողները և ոլորտով զբաղվող պատկան մարմիններն արձանագրում են, որ պատգամավորի ընկերությունները օգտագործում են ալկոհոլային խմիչքներ արտադրող հայտնի ընկերությունների ապրանքային նշանները և սեփական արտադրանքը իրացնելու նպատակով մոլորության մեջ գցում հայ սպառողներին: Ստացվում է, սպառողը գնում է ընդամենը նույն կամ շփոթության աստիճան նման «արտասահմանյան» պիտակ, որը փակցված է «արտասահմանյան» շշի վրա, սակայն շշի մեջ ոչ թե արտասահմանյան, այլ հայկական օղի է՝ արտադրված «Ալեքս Գրիգ» կամ «Ա և Գ» ընկերությունների կողմից:  

Պետական ապարատն անզոր է պատգամավորի դեմ

«Վլաքթոր Թրեյդինգ Լիմիթիդ»-ը առաջին անգամը չէ, որ դատական վեճ է ունենում «Ալեքս Գրիգ»-ի հետ: Դեռևս 2008թ. դեկտեմբերի 18-ին ընկերությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի՝ ընկերության ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին: Սակայն 2009թ-ին ընկերության ներկայացուցիչը հրաժարվել էր հայցապահանջից և գործի վարույթը կարճվել էր:

Նշենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունում «ԶԵԼՅՈՆԱՅԱ ՄԱՌԿԱ» ապրանքային նշանը գրանցել է «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները սեփական արտադրանքն իրացնելու նպատակով օգտագործում են «Зеленая МЕТКА» ապրանքային նշանը, որը տառային, գունային և պատկերային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են «Վլաքթոր Թրեյդինգ Լիմիտեդ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Зеленая МАРКА» անվանումով ապրանքային նշանի տառային, գունային և պատկերային համադրություններին: 

ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը դեռևս 2009թ. նոյեմբերի 5-ին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքով վարույթներ էր հարուցել «Մանուկյան և գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների` մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում: Ըստ դիմումի՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերության արտադրած օղիների ապրանքային նշաններին: Տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել և ենթակա են պահպանման նաև Հայաստանում:

Հանձնաժողովի ռուսական «Պառլամենտ գրուպ» և «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերությունների և «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և վիճարկման առարկա հանդիսացող ապրանքանիշերի հնարավոր շփոթության աստիճանի նմանության հանգամանքը պարզելու նպատակով ուղարկել էր փորձաքննության: Փարձաքննությունը հաստատել էր, որ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները և ռուսական ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները՝«Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» և «Բուֆետնայա Տրադիցիա», գրաֆիկական և իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:

Հանձնաժողովն «Ալեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն և յուրաքանչյուր դեպքի համար տուգանել 500 հազար դրամով` ընդհանուրը 1,5 մլն դրամ: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել և հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը և մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:

Պետական մարմնի միջամտությունը արդյունք չտվեց և 2010թ. «Ալեքս Գրիգ» ընկերության դեմ հարուցվեց ևս 7 վարչական վարույթ: Ընկերության նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:

Իսկ 2007թ.  ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն և «Իմիջ հոլդինգ» ընկերության տնօրեն Ա. Գուսակը դիմել էի ՏՄՊՊՀ-ին: Այդ ժամանակ Սամվել Ալեքսանյանի «Սալեքս Գրուպ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Խլոպցի» անվանումով օղու արտաքին ձևավորումը (շիշը, խցանը եւ պիտակները) գործնականում ամբողջությամբ նմանեցված  է եղել «Իմիջ հոլդինգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Խորտիցա» անվանումով արտադրանքի արտաքին տեսքի տարբերակիչ առանձնահատկություններին: Հանձնաժողովը տուգանել էր «Սալեքս Գրուպ» ընկերությանը:

Պարզվում է այսօր էլ Սամվել Ալեքսանյանը նույն գործելաոճն է որդեգրել և ստացվում է, որ պետական մարմիններն անզոր են նրա դեմ:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը դեռևս 2012թ. հուլիսի 10-ի ասուլիսում լրատվամիջոցներին ասել էր, որ «Ալեքս Գրիգ» ընկերության բոլոր արգելված օղիները շրջանառությունից հանել է, ընդ որում՝ առգրավել է ոչ միայն պատրաստի արտադրանքը, այլև արտադրության ռեսուրսները՝ շշերը, խցանները, պիտակները, արտադրության միջոցները:  ԴԱՀԿ պետի հայտարարությունից որոշ ժամանակ անց արգելված օղիները նորից հայտնվել էին Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում:

Ընկերությունը «գտել» էր շրջանցելու ձևը և արգելված օղիների շշի պիտակի վրա վրա փոխել էր ընդամենը արտադրողի անունը: Արգելված օղիներն արտադրվում էին «ԱԳ» ընկերության անունից, իսկ դրանից հետո արտադրողը դարձել էր «Ա և Գ» ՍՊԸ-ն, որը նույնպես Սամվել Ալեքսանյանինն է: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված ԴԱՀԿ-ն շրջանառությունից չէր հանել «նոր» օղիները:

Ովքե՞ր են հայցվոր ընկերությունները

Պատգամավորի ընկերության դեմ դուրս եկած «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ»  ընկերությունը գրանցված է Կիպրոսում և մի շարք դատական գործերի մեջ է հայտնվել:

Օֆշորային գրանցում ունի նաև «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության բաժնետեր «PASALBA LTD» ընկերությունը: «PASALBA LTD»-ը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: Դեռևս 2008թ. ընկերությունը գնել է ռուսական խմիչքների արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների բաժնեմասեր:

«PASALBA LTD» ընկերությունը ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ 250 մլն դոլարի խոշոր գործարք կնքել է նաև 2014թ-ին:

«Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը ևս օֆշորային ընկերություն է, գրանցված է Կիպրոսում: Ընկերությունը դարձյալ զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ:

«Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն գրանցված է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Բալաշիխա  քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին՝ 323 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն մատուցում է տարբեր տեսակի ծառայություններ՝ գովազդային, ամսագրերի հրապարակման, հյուրանոցային և ռեստորանային, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների մեծածախ և  մանրախախ վաճառք:

Մեկնաբանություններ (3)

Հայկազ
Հայտնի տրյուկ է, մի անգամ հարդուկ առա վրան գրված էր ,,NATIOLAN,, շփոթելով հայտնի ,,NATIONAL,, - ի հետ: Մի շաբաթ աշխատեց! Օղին ծանոթից առեք, կամ էլ մի խմեք, ամենաճիշտն է:
Մարատ
Ժողովուրդը հենց ընենց անուն չի դնում - ,,լֆեց տարավ,, (կամ առավ թռավ): Մի կողմից էլ լավ ա անում: Մեր ու մանուկ լավ գիտեն թե ով ա, բայց իրա խանութներից լիքը առուտուր են անում
Bagrat
Լֆիկ Սամոն թանկանոց արաղների շշեր է գնում, օրինակ Բելուգա արաղի դատարկ շշին 5 հազար դրամա տալիս, ու պարզ է չէ՞ ինչի: Պիտակ միտակները կեղծելը հեեչ, նա կոնկրետ տվյալ արաղն ե կեղծում, դու գնում ես ասենք Absalyut արաղ, բայց մեջը Լֆիկի թույննա լցրած

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter