Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Գալակտիկա» ՓԲԸ-ին վերաբերող կառավարության որոշումները չեն կատարվում



Գառնի բանավանի (հայտնի է ակադեմիկոս Գուրզադյանի ինստիտուտ անվանումով) բազմաբնակարան՝ երկհարկ եւ հինգհարկանի շենքերի բնակիչները, հիմնականում, «Գալակտիկա» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներն են, որոնք 2002 թ·-ին մասնավորեցրել են իրենց զբաղեցրած ծառայողական բնակարանները: Բնակարաններին կից ունեն նաեւ հողամասեր, որոնց սեփականության իրավունքը փաստաթղթով ամրագրված չէ: Պատճառն այն է, որ Գառնի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Գառնի բանավանի զբաղեցրած 60 հա հողատարածքի կարգավիճակը հստակ չէ:

Այդ անհստակությունը ներկայումս բանավանը վերածել է անորոշ եւ անկենսունակ մի տարածքի, որտեղ մարդիկ պարզապես ապրում են: Բանավանի ծառայողական բնակարանների մասնավորեցումը ժամանակին տեղի ունեցավ կառավարության հետ լուրջ հակամարտությունների, դատական վեճերի արդյունքում: Մասնավորեցնելու պատճառներից մեկն էլ դրանց պահպանության հարցը լուծելն էր, քանի որ «Գալակտիկա»  ձեռնարկությունն այդ տարիներին դադարել էր գործել, եւ հնարավոր չէր ձեռնարկության միջոցներով պահպանել շենք-շինությունները: Սակայն բնակիչներին այսօր էլ չի հաջողվում լուծում տալ այդ հարցին: Նրանք չեն կարողանում համատիրություն ձեւավորել, քանի որ հստակեցված չէ սեփական եւ հանրային տարածքների սահմանը:

Դրա հետեւանքով ոչ միայն չի լուծվում շենքերի պահպանության հարցը, այլեւ ոռոգման ջուր չեն տրամադրում, քանի որ հողօգտագործողները չունեն սեփականության իրավունքի վկայականներ: Բանավանը չունի նաեւ հանրային տրանսպորտ, կանոնավոր աղբահանում չի իրականացվում եւ այլն: Գառնիի համայնքապետարանը փաստացի օգտագործվող հողատարածքների համար հողի հարկ չի գանձում: Նշված 60 հա հողատարածքից 35 հեկտարը արտադրական նշանակության է, իսկ 25 հեկտարը՝ բնակելի:

Կառավարությունը 29.12.2011թ.-ին կայացրել է թիվ 1927-Ն որոշումը, որով որոշվել է «պետական սեփականություն հանդիսացող «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով տրամադրված 60 հեկտար բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ, ընկերության համաձայնությամբ, դադարեցնել օգտագործման իրավունքը», եւ հողամասը հանձնել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` օտարելու նպատակով:

Կոտայքի մարզպետին հանձնարարվել է եռամսյա ժամկետում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի եւ պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել նշված հողամասի սահմանազատման եւ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները: Հանձնարարվել է 60 հա-ից առանձնացնել բնակելի շենք, շինությունների, ինչպես նաեւ այլ շենքերի սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը` դրանք համապատասխան շենքերի սեփականատերերին սեփականության իրավունքով հատկացնելու համար:

Որոշումը պետք է կատարվեր երեք ամսվա ընթացքում, անցել է մոտ 4 տարի, սակայն այն դեռեւս չի կատարվել:

Բնակիչները բանավանի բոլոր հարցերի լուծումը կապում են հողատարածքի կարգավիճակը հստակեցնելու հետ եւ տարբեր գերատեսչությունների դիմելով փորձում են ընթացք տալ հիշյալ որոշմանը:

«Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, բաժնետեր, բանավանի բնակիչ Ռուդոլֆ Հարությունյանը բազմաթիվ դիմումներ է գրել կառավարության հիշյալ որոշումն իրականացնելու պատասխանատուներին: Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը 13.04.2015թ.-ին նրան պատասխանել է· «ՀՀ Կառավարության 29.12.2011թ. թիվ 1927-Ն որոշման 1-ին կետի պահանջին համապատասխան պետք է դադարեցվի նշված տարածքի նկատմամբ «Գալակտիկա» ՓԲԸ-ի օգտագործման իրավունքը: ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելուց հետո հնարավոր կլինի ստեղծել համատիրություն»:

Պետական գույքի կառավարման վարչությունից նրան հայտնել են. ««Գալակտիկա» ՓԲԸ-ին օգտագործման իրավունքով տրամադրված 60 հա հողամասը պետք է հանձնվի ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, սակայն անշարժ գույքը դեռեւս վարչության տնօրինությանը չի հանձնվել»:

Ռուդոլֆ Հարությունյանն այս տարի գրությամբ դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին` խնդրելով «հրավիրել ընկերության տնօրենների խորհրդի նիստ, Կառավարության ներկայացուցիչի մասնակցությամբ քննարկել եւ լուծում տալ այս հարցին»:

«Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արա Միրզոյանն ասում է, որ Կառավարության հիշյալ  որոշումով այդ հողը հանվել է ընկերության հաշվեկշռից: «Շենքերի զբաղեցրած հողատարածքը մերը չէ, սակայն մեր սեփականության իրավունքի վկայականը մինչեւ հիմա չի փոխվել: Բազմիցս դիմել եմ պետգույքի կառավարման վարչությանը եւ ինձ ասում են, թե ընթացքի մեջ է»:

Արա Միրզոյանի ասելով` հողատարածքների հետ կապված իրավական անհստակությունը չի խոչընդոտում արտադրական ձեռնարկության գործունեությանը: «Սակայն նրանք պետք է չափագրումներ անեն եւ մեզ թողնեն այն` ինչ մեզ է վերաբերվում՝ այդ 35 հա տարածքի մեջ մտնող գիտական մասնաշենքի եւ արտադրամասի տարածքը: Ես բազմիցս ասել եմ, որ շենքի առջեւի տարածքը պետք է հանձնել մեզ, որպեսզի արտադրական ձեռնարկությունը լինի միասնական եւ պարփակ»,- հայտնեց տնօրենը:

Բանավանի բնակիչների հարցը, նրա ասելով այն է, որ նրանք հողատարածքներ ունեն, որը սեփականացնել չեն կարող, ընդհանուր ոռոգման ջրի հարց պետք է լուծեն եւ այլն: Սակայն դա չի կարող արվել մինչեւ «Գալակտիկա» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի վկայականը չփոխվի, իսկ վկայականը պետք է փոխվեր դեռեւս 2002 թ.-ին, բնակարանների սեփականաշնորհումից հետո եւ մինչ օրս չի փոխվել:

Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Վ. Հարությունյանը մեր հարցմանը, թե ի՞նչ խոչընդոտներ կան հիշյալ որոշման պահանջները կատարելու համար, հայտնել է· «Նշված գործընթացի իրականացմանը խոչընդոտ է հանդիսանում այն փաստը, որ ընկերության բաժնեմասի 80%-ը պետական է, իսկ 20%-ը մասնակի անհատույց սեփականաշնորհվել է կոլեկտիվին (227 բաժնետեր)»:

Վ. Հարությունյանը տեղեկացնում է, որ իրականացրել են «Գալակտիկա» ՓԲԸ-ին օգտագործման իրավունքով տրամադրված 60 հա հողամասի սահմանազատման եւ չափագրման աշխատանքները: «Արդյունքում, 60 հա մակերեսով հողամասը բաժանվել է 22 առանձին գույքային միավորների: Բաժանված գույքային միավորները պետական գրանցման ներկայացնելու համար հողամասերի հատակագծերը հաստատվել են Գառնի համայնքի ղեկավարի կողմից, գույքային միավորներին տրամադրվել են նոր փոստային հասցեներ: Առանձնացված գույքային միավորները պետական գրանցման ներկայացնելու համար անհրաժեշտ է դրանք, սահմանված կարգով, առանձնացնել ընկերության գույքի կազմից եւ ընդունել  վարչության հաշվեկշիռ»,- հայտնում է պատասխան գրությամբ:

Պետգույքի կառավարման վարչության  աշխատակազմի ղեկավարը հայտնում է, որ «Գալակտիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ): Վարչությունը ԳԱԱ-ին առաջարկել է  ընկերության ոչ պետական բաժնեմասն անվանական արժեքով (1,166,398 ՀՀ դրամ) պետության կողմից ձեռք բերելու հարցը քննարկել «Գալակտիկա» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում եւ ժողովի արձանագրությունը ներկայացնել պետգույքի կառավարման վարչություն, սակայն մինչեւ օրս ընկերությունը նշված խնդիրը չի կարգավորել:

«Վարչությունը «Գալակտիկա» ՓԲԸ-ի անշարժ գույքի հետ կապված խնդիրների կարգավորմանը կարող է անդրադառնալ՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունը վարչություն ներկայացնելուց հետո»,- ասվում է պատասխան գրության մեջ:

«Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արա Միրզոյանն ասում է, որ նախորդ տարիներին պետգույքի վարչության աշխատակիցների հետ հանդիպումները հաճախակի են եղել, եւ նրանց իրավաբաններն ասել են, որ կարող են լուծում տալ հարցին, եթե բաժնետերերի խորհուրդը որոշում ընդունի 20%-ին փոխհատուցելու մասին: «Բաժնետերերի խորհուրդը 2013 թ.-ին որոշում կայացրեց` առանձնացնել 20%-ը, նրանց հատկացնել հաշվեկշռի 1/5-րդ մասը եւ նրանցից ետ գնել անհատույց, անվճար տրված բաժնետոմսերը, որպեսզի ՓԲԸ-ն կարողանա նորմալ գործել: Այդ որոշումը հանձնեցի վարչությանը եւ եւս երկու տարի սպասում ենք»,- ասաց պրն Միրզոյանը:

Պետգույքի վարչության պետական գույքի տնօրինման վարչության պետ Անյուտա Օհանյանը հակառակն է պնդում` այդպիսի որոշում չեն ստացել «Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրենից, եթե ունենան` կլուծեն այդ հարցը: Այս ընթացքում պարզել են, որ 20% բաժնետերերին փոխհատուցելու որոշում Կառավարությունը կայացրել էր 1996 թ.-ին, սակայն  իրենք գրագրություն են վարել ֆինանսների նախարարության եւ ԳԱԱ-ի հետ եւ պարզել են, որ Կառավարության որոշումը չի կատարվել, այսինքն` գումարը չի հատկացվել ֆիննախին:

«Ինձ ասում են, որ 20%-ի բաժնետերերը չեն հավաքվում, որպեսզի որոշում կայացնեն: Ճիշտ է, դրա համար ես նրանց ասում եմ, որ գոյություն ունի բաժնեմասերի համախմբում, որ 80%-ն իրավունք ունի լուծելու հարցը: Նախ` բաժնետերերը երբեք չեն հավաքվի, որովհետեւ նրանց մի մասը մահացել է, եւ ժառանգները պետք է ժառանգություն ընդունեն, իսկ մարդն ինչո՞ւ պետք է ծախս անի դրա համար` չիմանալով, թե դա ինչ կտա իրեն: Նրանք կա՛մ պետք է բաժանեն, կա՛մ համախմբեն, կա՛մ սառեցնեն 20%-ի բաժնեմասը»,- ի պատասխան հայտնեց «Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Միրզոյանը:

Պրն Միրզոյանը նշեց, որ բանավանի տարածքում գտնվող հանրակրթական դպրոցն, օրինակ, որը ՓԲԸ-ի գույքն է, վերցրել են իրենցից եւ վարձավճար չեն վճարում դրա դիմաց: «Ես ունեի խորհրդի որոշում, որով դպրոցը մեկ տարով էի հանձնել Կոտայքի մարզպետարանին, իրենք դարձրին 5 տարի: Մյուս տարի լրանում է այդ 5 տարին: Դա ՓԲԸ-ի գույքն է, բայց մարզպետարանն անհատույց է օգտագործում եւ, չգիտես ինչու, գույքահարկը մենք ենք վճարում: Մարզպետարանը կա՛մ պետք է գույքահարկը վճարի, կա՛մ պետք է մեզնից գնի այդ շինությունը, կա՛մ մեր հաշվեկշռից հանեն այն»,- ասաց նա:  

Նշենք, որ ընկերության ոչ պետական բաժնեմասը` 20%-ը, որը կազմում է կանոնադրական կապիտալի 1/5 մասը, ըստ պետգույքի կառավարման վարչության, գնահատվել է 1,166,398 ՀՀ դրամ: 

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ