HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կլրանա Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի պաշտոնավարման 100 օրը

«Հետքի» հարցերին պատասխանում է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը։

-Ձեզ համար քաղաքապետ ընտրվե՞լն էր հեշտ, թե՞ քաղաքապետ աշխատելը:

- Մինչ ընտրվելս ես գիտեցել եմ ինձ սպասվող դժվարությունների մասին: Բայց  դժվարությունը սպասվածից մի քիչ ավելին էր: Ես աշխատանքային իմ առաջին օրը սկսեցի  քաղաքի մաքրման աշխատանքներից, 100 օրերին միայն 130 բեռնատար ավտոմեքենա  արտադրական և 65 մեքենա կենցաղային աղբ է հանվել Ալավերդուց, դեռ մոտ 10 մեքենա  ունենք հանելու: Արտադրական աղբի տեղափոխման համար մենք գներ ենք սահմանել, որի մասին տեղեկացրել ենք բնակչությանը: Դա ինձ համար շատ կարևոր հարց է: Քաղաքը պետք է մաքուր տեսք ունենա, ես մաքրություն շատ եմ սիրում: Որպես  արտադրական և մշակութային քաղաք Ալավերդին միշտ մաքուր տեսք է ունեցել:

- Փաստորեն Ալավերդիում տարվա ընթացքում նորմալ աղբահանություն չի եղել, իսկ   աղբահանության համար համայնքի բյուջեից 2015թ. 58 մլն դրամ է ծախսվել: Առաջնահերթ ինչ խնդիրներ եք լուծել Ձեր պաշտոնավարման 100 օրերին:

-Եթե նկատել եք՝ փոստի շենքի բակում ծառերի էտումներ ենք կատարել: Արդեն հնձիչ մեքենա ենք գնել: Խոտը բարձրացավ, 2 շաբաթը մեկ կհնձենք:  Քաղաքում կանաչ գոտիները մեծացվելու են: Երիտասարդական փողոցը գեղեցիկ կանաչ գոտի ենք սարքելու:

Ալավերդին մաքուր և բարեկարգված պուրակների կարիք ունի: Հիմա ուզում ենք Սայաթ- Նովայի պուրակը մաքրել և բարեկարգել: Ինձ մտահոգում է նաև Ալավերդու կենտրոնական մասում գտնվող շուկայի փողոցային առևտուրը: Նոր շուկայի կառուցման համար քաղաքապետարանը միջոցներ չունի, ներդրողներ էլ դեռ չենք ճարել:  Տարածքի հատկացման խնդիր էլ կա: Քաղաքը հողային լուրջ խնդիրներ ունի: Այնուամենայնիվ, շուկայի  վիճակը պետք է փոխենք:

-Քաղաքապետարանում կադրային որևէ փոփոխություն կատարել ե՞ք:

- Կադրային փոփոխություններ առայժմ չեմ կատարել: Բայց նախատեսել եմ քաղաքապետարանը համալրել երիտասարդ կադրերով: Նոր կադր եմ նշանակել հարկահավաքության բաժնում,  տնտեսագետ և աշխատանքային փորձ ունեցող մասնագետ ենք բերելու: Առաջիկա 3 տարիներին փորձելու ենք միջազգային կառույցների հետ աշխատել, դրա համար մեզ լավ մասնագետներ են հարկավոր, որպեսզի գրագետ ծրագրեր ներկայացնենք:

-Ձեր պաշտոնավարման առաջին օրերին, բյուջեի  67 մլն դրամ ներդրումով վերակառուցված  Էնգելս թաղամասի զբոսայգին դեռ չշահագործած, դուք  որոշեցիք զբոսայգու 3200քմ  տարածքը քանդել և այնտեղ կառուցել մանկապարտեզ:  Չե՞ք ընդունում, որ դա սխալ որոշում էր:

-Դա գործընթաց է, որն ինձ կստիպի մյուս անգամ նման հարցերում ավելի ուշադիր լինել: Ես տնտեսավարող մարդ եմ: Ես գիտակցում եմ, որ եթե մենք էդ տարածքից 7-8  մլն դրամի աշխատանքեր ենք քանդել, դա ճիշտ չէ: Բայց նկատում էի, որ զբոսայգու վրա կատարված աշխատանքերը 1-2 տարի հետո կորչելու են, որովհետև այգին պետք էր մշակել, պահպանել: Այգուն պահակ և այգեպան էր պետք, էլեկտրաէներգիա պետք է ծախսվեր: Այո, այդ տեսքով  զբոսայգու վրա կատարված ծախսը արդյունավետ ծախս չէր: Դրանում ես համոզված եմ: Դրա համար որոշում կայացվեց այգու 3200 քմ-ի վրա նոր մանկապարտեզ կառուցել: Մենք Էնգելս և Փիրուզյան թաղամասերում մանկապարտեզի կարիք ունենք: Կառուցվող այդ մանկապարտեզն ունենալու է պահակ, այգեպան,  երեխաների համար տարածքում նոր խաղեր են տեղեադրվելու:  Պատկերացնում եք,  զբոսայգու խաղասարքերը մեկ ամսվա մեջ շարքից հանեցին: Տեր չկար զբոսայգում, անտեր կառույց էր:  Հիմա այնտեղ տեր կլինի:  Պահակ կլինի, նոր խաղասարքեր կդրվեն: Հիմա զբոսայգում 10 մլն դրամից  ավելի աշխատանքեր են կատարվելու:  

- Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների կրճատումները։

-Լուրջ լարվածություններ են ստեղծվել: Հիմա մենք բանակցություններ ենք վարում Ալավերդիում կարի արտադրությունը վերականգնելու համար: Դեռ չասեմ ում հետ ենք վարում այդ բանակցությունները, որովհետև մեկ էլ տեսար չեղավ: Երկու ներդրողներ են:  Պայմանը այն է, որ համայնքը շենքային պայման տրամադրի: Շենքային պայման մենք չունենք, բայց ես խոսել եմ Ալավերդու նախկին կարի ֆաբրիկայի շենքի սեփականատիրոջ հետ, նա պատրաստ է անվարձահատույց 10 տարով շենքը տրամադրել համայնքին:  Հաջողություն ունենալու դեպքում մենք այդտեղ աշխատանքով կապահովենք 400 կանանց: Հիմա հավաքագրում ենք այն կանանց, ովքեր նախկինում աշխատել են կարի արտադրության ոլորտում:

-Ձեր աշխատանքային 100 օրերին դուք կանխատեսեցիք նաև Ալավերդու 2016թ.  բյուջեն: Ինչպե՞ս կգնահատեք այն:

- Ինչպես գիտեք, մենք  2016 թ.-ին պետբյուջեի 100 մլն դրամ բնապահապանական  սուբվենցիայից զրկվել ենք: Նախորդ տարվա 41 մլն դրամ այլ սուբվենցիայի փոխարեն  պետբյուջեից  2016 թ.-ին կստանանք 85 մլն դրամ  սուբվենցիա: Դրանք ավելացվեցին՝ հաշվի առնելով  բնապահպանական սուբվենցիայի մեր կորուստը: Մենք 3 մլն դրամով ավելացրել ենք բյուջեի մեր սեփական եկամուտները: 2016 թ.-ին բյուջեի եկամուտներ նախատեսել ենք 432 մլն դրամ՝ նախորդ տարվա 476 մլն դրամի դիմաց:

-Ֆինանսական ի՞նչ  աջակցություններ եք ակնկալում «Վալլեքսից»՝ 2016թ.-ին:

- Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով Վալերի Մեջլումյանի «Մանես» բարեգործական հիմնադրամի կողմից  կլինի ֆինանսավորում 8,5 մլն դրամ: Պահպանվում է քաղաքի բարեգործական ճաշարանի նախատեսված գումարները: Իհարկե ընկերության ծանր վիճակը մեզ վրա չէր կարող չազդել: Մեզ համար 2016թ.-ը ծանր տարի է լինելու, բայց անգամ այդ գումարների շրջանակներում պետք է ամեն ինչ անենք, կգա ժամանակ, կտեսնենք: Մենք 1,5 անգամ ավելի աշխատանք ենք կատարելու, քան արվել է նախորդ տարում:

-Ինչի՞ հաշվին:

-Մեր աշխատանքները ճիշտ կազմակերպելու, եկամուտները արդյունավետ օգտագործելու հաշվին: Մենք աշխատատեղեր ենք ավելացնում քաղաքապետարանի կոմունալ բաժնում: Երևի նկատել եք, մեր կողմից արդեն աշխատանքեր կատարվել են: Դա լինելու է շարունակական: Ես ուզում եմ ալավերդցիներն իմանան, որ  սկիզբը ինչպես սկսել ենք, 4 տարի այդպես շարունակվելու է, մեր աշխատանքերի որակը ավելի ենք լավացնելու:

- Ինչպե՞ս եք հաղթահարել դժվարությունները:

-Ես 100 օրվա մեջ ամեն օր դժվարության զգացողություն եմ ունեցել, բայց ես նաև աշխատել եմ հաղթահարել այդ դժվարությունները ու հաղթահարում եմ:  Որպեսզի լավ աշխատեմ, նախ պետք է աշխատանքային լավ խումբ ստեղծեմ: Կա մարդ, երբ մի տեղ  5-7 տարուց ավել աշխատում է, լճանում է: Նրա մոտ նոր գաղափարներ չեն առաջանում, ինչ ունի մեջը գնում ա: Իմ աշխատաոճն այդպիսին չէ: Ես ամեն օր ուզում եմ փոփոխություն լինի: Ես այդ 100 օրերին աշխատել եմ գիշեր-ցերեկ, բայց արդյունքերից դեռ գոհ չեմ: Դժգոհ եմ նաև  քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքից: Այդ օրերին ես ոչ միայն փորձեցի ճանաչել քաղաքապետարանի աշխատակազմի կարողությունները, այլ ստիպեցի, որ իրենք սկսեն աշխատել: Փոխեն իրենց աշխատանքային մտածելակերպը: Աշխատողները պետք է հասցնեն հետս քայլել: Ես արդյունավետ աշխատելաոճ եմ ուզում: Ով կդիմանա մեր պահանջներին, մեզ հետ կաշխատի, ով չի դիմանա՝ կգնա իրենց տուն: 

-Ինչպիսի՞ն եք տեսնում Ալավերդին:

- Երազում եմ Մարտի 8-ի փողոցի Ալավերդու կարի ֆաբրիկա գնացող ճանապարհի ավտոբուսի կանգառում շատ կանայք կանգնած լինեն, ճոպանուղով շատ մարդիկ վերև- ներքև անեն: Ես մարդավարի ապրող բնակիչներով բնակեցված Ալավերդու մասին եմ երազում, դա է իմ տեսլականը: Ինչ վերաբերվում է քաղաքի կանաչապատման ու սանիտարական վիճակին,  ես խոստանում եմ, որ մեկ տարի հետո  Ալավերդին կլինի ամենամաքուր ու կանաչապատված քաղաք:  Բյուջեի ամեն մի կոպեկը  նպատակին է ծառայելու: Խոստանում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter