HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչ վերբալ պահվածք․ առանց «ատկատների»

Գագիկ Բեգլարյանը  ծնվել է  1964թ. Երևանում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է  2012 թ. հունիսից:
Մինչ այդ՝ 2009-2012թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:
 

     Բազային պահվածք

Գագիկ Բեգլարյանը դրսևորում է չափազանց զուսպ  ոչ վերբալ պահվածք, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: Սակայն  դա չի նշանակում, որ նրա էմոցիաները նկատել հնարավոր չէ:

Պաշտոնական ելույթների ընթացքում նախօրոք պատրաստված տեքստի ընթերցումը խոսքը դարձնում է  ոչ բնական և, հետևաբար, պակաս ազդեցիկ:

Նախարարը  հազվադեպ է  կիրառում պատկերավորիչներ և հանգստացնող ազդակներ. ավելի հաճախ էմոցիաներն արտահայտվում են դիմային մկանների օգնությամբ:

Էմոցիաների դրսևորման առումով էլ պասիվ է, բայց նրա պահվածքին ուշադիր հետևելիս  դժվար  է չնկատել թաքնված անհանգստությունը, զայրույթը կամ ուրախությունը: Վերջինս հաճախ է կիրառվում՝  իբրև դրական իմիջ ստեղծելու միջոց:

Ուրախություն

Այդ կերպարը ստեղծելուն է միտված նաև հարցուպատասխանի ժամանակ կատակներ անելը՝ ձայնի խիստ տոնի պահպանմամբ. ես կատակում եմ, մարդամոտ եմ, բայց նաև լիդեր եմ:

Նախարարն ունի բավականին խիստ դիմագծեր, ինչը երբեմն կարելի է շփոթել զայրույթի հետ:

Գագիկ Բեգլարյանի  զայրույթը  երբեմն այս կամ այն իրական էմոցիան չարտահայտելու արդյունք է. երբ մարդ  փորձում է կառավարել  իր պահվածքն ու քողարկել այս կամ այն  էմոցիան, այդ ընթացքում ուղեղի լիմբիկ հատվածը՝ մեր անկեղծ ուղեղը  (որը պատասխանատու է ոչ վերբալ պահվածքի համար), պայքարում է  մտածող ուղեղի դեմ  (որը  գիտակցված փորձում է ճնշել այդ էմոցիաների դրսևորումը),  ինչի հետևանքով և առաջանում է զայրույթը:

                Զայրույթ                                                          Դեմքի սովորական արտահայտություն

                    Պահվածքային անհամապատասխանություն

2013թ.-ին  պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին , թե հնարավոր եղավ պարզել և գումարներ հետ բերել ճանապարհաշինության ոլորտներում եղած «ատկատներից», նախարարը պատասխանում է, որ «հանձնարարել է որ ընդհանրապես ատկատ չլինի»:  Սակայն հանձնարարել բառն ասելիս նախարարը կատարում է գլխի ժխտողական շարժում, այսինքն՝ կա խոսքի և ոչ վերբալ պահվածքի անհամապատասխանություն:

Այնուհետև տեսնում ենք չափազանց ձգված ժպիտը, ինչը վկայում, որ այն  կեղծ է և քողարկում է  մեկ այլ էմոցիա:


     Հերքում և հաստատում

Իսկ ահա մեկ այլ դեպքում, երբ 2014թ.ին լրագրողները նախարարից  հետաքրքրվում են , թե հնարավոր է արդյոք ինքը դառնա  փոխվարչապետ, Գագիկ Բեգլարյանը  ժխտում է.«Էդ կարգի քննարկում չի եղել, ըտենց բան չկա»,-ասում է նախարարը և կատարում գլխի բացասական շարժում, ինչը հաստատում է իր ասածը:


Սակայն այն փաստը, որ այդպիսի քննարկում չի եղել, դեռևս չի նշանակում, որ Գագիկ Բեգլարյանը նմանատիպ ցանկություն չէր կարող ունենալ.երբ լրագրողները դարձյալ հարցնում են՝ իսկ ինքն ունի արդյոք նմանատիպ ցանկություն, նախարարը հերքում է, սակայն դրսևորում է պահվածքային անհամապատասխանություն. ասում է, որ նման ցանկություն չունի, սակայն գլխով կատարում է  հաստատողական շարժում:


Փախուստ. վիզուալ կոնտակտից խուսափում

Հաճախ, անցանկանալի, տհաճ  հարցեր ստանալիս զրուցակիցը, այսպես ասած, հայացքը փորձում է փախցնել (ինչը  կարող է նաև մեղքի, ամոթի նշան լինել):

Անկեղծ խոսելիս  հայացքը, սովորաբար, չեն փախցնում, բայց իհարկե  դա չի նշանակում, որ եթե զրուցակիցը պահպանում է վիզուալ կոնտակտը, ապա նա անկեղծ է.բոլոր ոչ վերբալ ազդակները պետք է դիտարկել և վերլուծել ընդհանուր համատեքստում:

Հերմինե Նաղդալյանի շինարարական ընկերությունների մասին  լրագրողի հնչեցրած հարցը Գագիկ Բեգլարյանի համար անցանկալի է. թեման տհաճ է, նա չի ցանկանում պատասխանել հարցին, բայց քանի որ դա անխուսափելի է ,  հայացքը «փախցնում» է։



Պատկերավորիչ

Բռունցքը ՝ հրաման և կոչ

Թեև, ինչպես նշեցինք, Գագիկ Բեգլարյանը շատ պասիվ է պատկերավորիչներ և հանգստացնող ազդակներ կիրառելիս, սակայն դա չի նշանակում, որ դրանք բացառապես չի օգտագործում:

2008թ.  Երևանի համայնքային ղեկավարի ընտրությունների ժամանակ ելույթ ունենալիս Գագիկ Բեգլարյանը  հորդորում է իրեն ընտրել և կիրառում է  բռունցքի պատկերավորիչ: 

Այստեղ բռունցքի  կիրառումը նշանակում է, որ զրուցակիցը, թեև խոսքով ընդամենը առաջարկում է  իրեն ընտրել, սակայն ներքուստ հրամայում է ՝ այդպես պետք է արվի:

Սա նաև լիդերություն հաստատելու նշան է:


Երբեմն բռունցքի նշան կարող է լինել ոչ թե հրամանի, այլև համախմբվելու պատկերավորիչ-կոչ. ձեռքի մատերը «միավորվում» են ՝ կազմելով մեկ բռունցք:

 Դա կարող է նաև  հանգստացնող ազդակ լինել, քանի որ  լարվածության դեպքում ձեռքի ափը խոնավանում է: 

Նյութում օգտագործված են հատվածներ  «Ազատություն» ռադիոկայանի, «Առաջին լրատվական»-ի,  «Ա1+»-ի տեսանյութերից:

Գլխավոր լուսանկարը՝ Photolur

Մեկնաբանություններ (1)

շարքային հայ
մեզ ինչ ով ինչ թաքուն տաղանդներ ունի, թող իրանց տերը մտածի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter