Ոստիկանությունը «Գոհարիկ»-ին է վստահել շենք-շինությունների վերանորոգումը
Սոցիալական խնդիրների լուծման համար կառավարությունը գումարներ չունի, սակայն շենքերի ու շինությունների վերանորոգման համար կարծես թե գումարի պակաս չկա: Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբար Համբարյանի և «Գոհարիկ» ՍՊԸ-ի միջև կնքվել է պետական գնման պայմանագիր:
Մինչև 2016թ. մարտի 20-ը նախատեսվում է մասնակի վերանորոգել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի ոստիկանության բաժնի, Ճանապարհային ոստիկանության Շիրակի մարզային հաշվառման, քննական ստորաբաժանումների, Շիրակի մարզային ճանապարհային ոստիկանության, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանությանը հատկացված շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների համար:
Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 1 միլիարդ 187 մլն 479 հազար դրամ, որից 272 մլն 84 հազար դրամի վճարումը ուժի մեջ է մտել ստորագրման պահին, իսկ 915 մլն 395 հազար դրամի մասով պայմանագիրը ուժի մեջ կմտնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության և «Գոհարիկ» ՍՊԸ-ի միջև կնքվել է մոտ 28 մլն դրամի պայմանագիր: Նշված գումարով կառուցվել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնին կից և Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնին կից հենակետերը: Շինաշխատանքներն ավարտվելու են երեք ամսվա ընթացքում:
Նշվածը ոստիկանության և «Գոհարիկ» ՍՊԸ-ի միջև կնքված միակ պայմանագրերը չեն, այլ հանեկետերի կառուցման և վերանորոգման աշխատանքների կատարման պայմանագրեր կողմերի միջև ևս կնքվել են:
«Գոհարիկ» ՍՊԸ-ն իրականացնում է նաև կառավարության հրատապ ծրագրերով իրականացվող շինաշխատանքներ: Մասնավորապես՝ 2011թ. կառուցել է Հարթագյուղի համայնքային կենտրոնը, որն արժեցել է 28 մլն դրամ, իսկ 2013թ. մոտ 116 մլն դրամով կառուցել է Շիրակի մարզի Ազատան համայնքի մանկապարտեզը:
Նշենք, որ «Գոհարիկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Շիրակի մարզի բնակիչ Սամվել Խաչատրյանին: Նա է հանդիսանում նաև ընկերության տնօրենը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել