HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պապն ու թոռը. «Կնիկմարդը գլուխը քարով է տվել, որ ինձ նման ճաշ պատրաստի»

-Դավ, ծնունդդ ե՞րբ ա:

-Չիդեմ, պապիցս հարցրու:

-Ո՞նց չգիտես:

-Հա, էլի, չիդեմ: Որ ծնունդս կուգա, պապս կասե ինձ:

Անասնաֆերմայի տարածքում ես ու 10-ամյա Դավիթը զրուցում ենք: Արևի մի փունջ ընկնում է նրա դեմքին, մի աչքը փակում է շողքից, հետո նայում է ինձ ու ժպտում: Կիսավեր պատվարից իջնում է, ասում է՝ դե արի գնանք պապիցս հարցնենք: Անասնագոմի պահակակետի դուռն առանց ճռռոցի բացվում է: «Պապ, այ պապ, ծնունդս ե՞րբ ա»,- մոտենում է պապին: «Այ տա, չիդե՞ս երբ ա»,- պապի ունքերը հավաքվում են, ճակատին կնճիռները ծալ-ծալ շատանում:

Պապը դողացող ձեռքերով Դավիթի ծննդյան վկայականն է բերում: Թղթի մի կտոր է, վրան գրված է՝ Դավիթ Գևորգի Գևորգյան, ծնվել է 2005 թ. փետրվարի 2-ին:

-Դավ, գիտե՞ս, երկու ամսից ծնունդդ ա:

-Չէ հա: Հա՞ պապի:

Պապը ժպտում է, Դավիթը վերցնում է ծննդյան վկայականը, դպրոցական պայուսակն ու ինձ դիմում, թե՝ նայի, ինչ գրքեր ունեմ: Հերթով բացում է գրքերը, մենք սկսում ենք կարդալ: Այբբենարանից մի քանի տառ եմ հարցնում, մի քանիսը ճանաչում է, մյուսները՝ ոչ:

Դավիթը հիմա պապի հետ ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի անասնագոմի պահակակետում:

Գոմի պահակակետը

Նրա հետ քայլում ենք դեպի գոմեր: Դավիթը 5-րդ դասարան պետք է հաճախեր այս տարի, բայց առաջին դասարան է գնում:

-Դավ, ո՞ր դասարան ես:

-Առաջին եմ գնում հիմա:

-Քանի՞ տարեկան ես:

-10:

-Բայց դու, ոնց որ, պիտի ավելի բարձր դասարանում սովորեիր, չէ՞:

-Դպրոց քիչ եմ գնացել:

Դավիթի հայացքը մթնում է, ես հասկանում եմ, որ հարցեր առայժմ պետք չէ տալ: Նրա սառած ձեռքը բռնած՝ բարձրանում ենք դեպի գոմեր: Տեղ հասնելուն պես դարպասն ենք փնտրում, ասում է՝ փակ է, պիտի ցանկապատի տակով անցնենք: Ծիծաղում ենք: Ինքն անցնում է, ու ցանցի հետևից մեզ է նայում՝ դե եկեք:

Գոմի տարածքը մեծ է: Ամրոցի պարիսպների տեսք ունեցող կիսաքանդ շինություններ կան: «Դավ, էս ի՞նչ մեծ կարասանման բան ա, գինի եք պահու՞մ»: Սկսում է ծիծաղել՝ չէ՛, մեջը զիբիլ ա: Նրա դեմքին հպարտություն կա, ուսերը ձիգ, գլուխն ուղիղ, աչքի պոչով մեկ-մեկ մեզ նայելով՝ ուղեկցում է:

-Պապի՞:

-Հա, Դավո ջան:

-Մարդ ա եկել:

Պապը մահճակալին թիկն էր տվել մեր մտնելու ժամանակ, տեղից արագ վեր է կենում, մոտենում է մեզ, ձեռքը մեկնում, բարևում: «Լրագրողներ ենք, Երևանից ենք եկել»: Պապը գլխով է անում, հետո ասում է՝ նստեք:

Սենյակը գոմի պահակակետն է: Դավիթի պապը՝ Լավրենտ, իսկ անձնագրով Բանֆին Մանուկյանը, անսանագոմում աշխատում է 3 տարի: Խոզ է պահում: Քարակերտ գյուղում տուն ունի, բայց աշխատանքի համար Մայիսյան է եկել: Ամսական 100.000 դրամ է ստանում, 25.000 դրամ էլ թոշակ: «Ձեռքերս ալ կդողան, ականջներս ալ կխեղճնան, բայց աշխատանքս նարմալնի ա»,- ավելացնում է:

«Դավոն որ եկավ, էս մի կառավաթն էլ ավելացրինք»,- դողացող ձեռքերով ծխախոտի կարմիր տուփն է վերցնում գունաթափ, մաշված մոմլաթից: Բաժակները սրբիչով փակել է: Սենյակում ճամպրուկի վրա կեղտոտ շորեր են կուտակվել: Ասում է՝ լվալու շորերն են: Ինքն է պահում Դավիթին, ինքն է տեղավորել դպրոց, ինքն է ճաշը պատրաստում:

«Ամեն ինչն էլ ես եմ անուն տանը, շատ կներես, շատ կներես, աղջիկ կան, կնիկմարդը գլուխը քարով է տվել, որ ինձ նման ճաշ պատրաստի»,- ասում է պապը: Դավիթը Քարակերտում էր բնակվում մոր ու քրոջ հետ, իսկ ավագ եղբայրն ապրում է հորաքրոջ հետ:

«Ի՞նչ անեմ, աղջիկ ջան, Դավոն փախներ, կուգար ինձ մոտ, թե՝ պապի, քեզ մոտ եմ ուզում մնալ: Քարակերտից էս գեղ 20-25 կիլոմետր կէղնի, ոտով թե ոնց էր գալիս»,- ասում է պապն ու լուցկու վառած հատիկի վրա փչում: Քիչ անց աչքերը մի կետի հառած շարունակում է, թե եղբայրներով չեն ցանկացել մնալ մոր հետ:

Քարակերտից Մայիսյան՝ ոտքով

Լավրենտ պապը ծնվել է Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում 1947 թ: 1970-ին տեղափոխվել է Հայաստան՝ սկզբից ապրել է Արմավիր քաղաքում, այնուհետ՝ Քարակերտում, Ամասիայի Ծաղկուտ գյուղում (հիմա էլ պապը Ծաղկուտում է հաշվառված): Արմավիրում աշխատում էր կոնյակի գործարանում, Ամասիայում զբաղվում էր հովվությամբ: «Չոբան կգնայի, աղջիկ ջան»,- հոգոց է հանում:

Շատ հարցեր մի քանի անգամ եմ կրկնում, պապը լավ չի լսում: «Անգջներիցս կխեղճնամ, ձեռքերս կդողան»,- ասում է ու նայում սենյակի ճաղապատ նեղ պատուհանին: Պատուհանից դժվար է տեսնել դուրսը: Ապակին պղտոր է:

Պապի տխրությունը կարծես կախված լինի աչքերից, ամեն անգամ դրանք բացուխուփ անելիս այն ծորում է ցած: Կինն Ամասիայում դասվար էր աշխատում: 5 տարի առաջ է մահացել, բայց մինչև հիմա չի հաշտվում կորստի հետ: «Պրոստը ինձի խեղճցուց իմ կինը, մահացավ, էս 5 տարվա մեջ մի քիչ խեղճցա»,- նշում է նա:

Լավրենտ պապը մի աղջիկ ու տղա ունի: Դավիթը նրա որդու որդին է (Գևորգյանը Դավիթի մոր ազգանունն է): Տղայի՝ Գևորգի ընտանիքից է պատմում: Ասում է՝ Գևորգը բաժանվել է, որոշ ժամանակ աշխատում էր Ռուսաստանում: Ներկայի մասին շատ բան չի պատմում:

«Ես Դավոյին լավ կպահեմ: Կալբասից բռնած, հավկիթից բռնած, ամեն ինչից առնում եմ, ուտում է: Հիմի որ առնենք, նախադու է, կուտի: Ես իրան համար մանդարին ալ կառնեմ, ասում եմ՝ թող էրեխու աչքը կուշտ լինի»,- ասում է պապը:

Սենյակ ներս մտած Դավիթն ուշադիր նայում է պապին, հետո արագ նստում է կողքիս, պայուսակի վրա շարած դասագրքերը բացում:

Դավիթի հետ դասերից հետո պարապում են դպրոցում: Պապն էլ, Դավիթն էլ գոհ են դպրոցից, բայց, ըստ պապի, երեխայի հետ բացի դրանից պետք է աշխատեն ծնողները: Ինքը գոմում է լինում շատ ժամանակ, իր համար դժվար է զբաղվել երեխայի դասերով: Ասում է՝ շատ է ուզում, որ թոռը կարդացած լինի, մի կարգին մասնագիտություն ունենա: Ու չնայած հիմա իրենք գոմում են ապրում, դա կապ չունի, Դավոն միշտ կոկիկ հագնված է լինում: «Ես ամեն ինչ կանեմ, որ Դավոն չխեղճնա»,- ասում է նա:

Լավրենտ պապը զուսպ է հարսի մասին խոսելիս: Ասում է՝ տղան ու հարսը խնդիրներ են ունեցել, հրապարակավ չի ուզում պատճառներն ասել: Սակայն դրա հետևանքով տուժել են երեխաները:

Դավիթն առաջինն է դպրոց գնում

Մայիսյանի դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանն ասում է՝ Դավիթն առաջինն է գնում դպրոց: Դասերն սկսում են 09:00-ին, իսկ նա 07:30-ին դպրոցում է լինում: «Դավիթն առաջինը գալիս է դպրոց, մտնում է իմ կաբինետ, ասում է՝ ընկեր Պետրոսյան, շուտ եմ եկել, ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել: Շատ աշխատասեր է, ինքը ֆիզիկապես շատ ուժեղ է: Պատկերացնո՞ւմ եք՝ դասարանից դասարան է մտնում, տեսնի՝ ինչ կա կարգավորելու, սեղան-աթոռ, օգնում է, որպեսզի դասարանները կարգի բերեն մինչև դասերն սկսելը: Ու ավելի լավ է, որ շուտ է գալիս, գոնե գիտեմ, որ ինձ մոտ է լինում, ուրիշ տեղ չի գնում»,- ասում է տնօրենը:

Դավիթը պետք է սովորեր 5-րդ դասարանում, բայց այժմ փաստացի ձևակերպել են 3-րդ դասարան: Չնայած դրան՝ նա առաջինդասարանցիների հետ սովորում է հայերեն տառերը, երկրորդդասարանցիների հետ՝ ռուսերեն, երրորդդասարանցիների հետ՝ անգելերեն այբուբենը:

«Ինչո՞ւ եք հրամանագրել 3-րդ դասարան, եթե նա տառերը չգիտի»,- հարցնում եմ տնօրենին: «Ուղղակի իր տարիքն այնքան մեծ է, որ եթե մենք հիմա առաջին դասարան հրամանագրեինք, հինգ տարի հետո, երբ նա լիներ 5-րդ դասարան, նրա տարիքը կլիներ 15 տարեկան: Տարիքային անհամաչափություն կլիներ, բայց մենք 3-րդ դասարան նստեցնելուց լրացուցիչ պարապմունքներ ենք անում, որպեսզի հասցնենք նյութը»,- պատասխանում է Իշխան Պետրոսյանը:

«Մինչ Ձեր զանգելը, խոսում էի Քարակերտի դպրոցի տնօրենի հետ, բանից պարզվում է, որ նա շատ վատ է հաճախել դպրոց, ծնողների անտարբերության հետևանքով դուրս է մնացել կրթությունից, շատ քիչ է հաճախել դպրոց»,- ավելացնում է դպրոցի տնօրենը: Նա նաև նշում է, որ Դավիթը շաբաթական երկու անգամ հաճախում է Մեծամորում «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից կազմակերպած արվեստի խմբակ, որտեղ սովորում է նկարչություն, երգ-երաժշտություն:

Քարակերտի դպրոցի տնօրեն Թամար Բաղդադասարյանն էլ ասում է, որ մինչև 3-րդ դասարան Դավիթը նորմալ հաճախել է դպրոց, սակայն հետո բացակայությունները շատ են եղել:

«Հայրը Ռուսաստանում էր, մայրը չէր նայում երեխային, երեխան ամբողջովին դպրոցի տնօրենի, դասղեկի, ուսուցիչների հսկողության տակ էր: Երեխային ապահովել ենք հագուստով, սննդով, լվացել ենք երեսը, ձեռքերը, ապահովել ենք գրքերով»,- նշում է նա: Վերջինիս խոսքով՝ Դավիթը 3-րդ դասարանում արդեն հաճախ էր բացակայում դասերից: «Սկզբից ասացին՝ հագուստ չունեն, ապահովեցինք հագուստով, երեխան մի քանի օր եկավ, հետո չեկավ»,- ասում է Թ. Բաղդասարյանը:

«Եթե ասում եք, որ 3 տարի հաճախել է դպրոց, ինչո՞ւ տառերը չգիտի»,- հարցնում եմ տնօրենին:

«Ինքը թույլ երեխա է եղել, ընտանիք չունի, ընտանիքն իրենով չէր զբաղվում, ինչին հասել ենք, հասել ենք դպրոցի ուսուցչի հնարավորություններից ելնելով»,- պատասխանում է նա:

Դավոն, որ երազում է ֆուտբոլի կոշիկների մասին

10-ամյա տղան այբբենարանում մատը դնում է «Ի» տառի վրա՝ ասելով «Լ»-ն է: Ես լռում եմ: Պապը կողքից հետևում է: Կոպերը մրմուռ ընկածի պես արագ թրթռում են: «Դավ, 9-ից հանած հինգ, ի՞նչ է լինում»,- նայում եմ Դավոյին: Մատները պահում է այնպես, որ չտեսնենք, ու սկսում է հաշվել: Պապը բարկանում է: «Այ տա, ամոթ կէղնի, Դավո տղա»,- մոտենում է թոռանն ու հանդարտորեն բացատրում խնդիրը: Չգիտեմ ինչի, այս անգամ իմ աչքերն են արցունքոտվում: Ես արագ դուրս եմ գալիս սենյակից:

Քիչ անց Դավիթն ու պապն են դուրս գալիս բակ: Դավիթն ամուր գրկում է պապին, պապի աչքերը նորից թրթռում են: Բակում անասնաֆերմայի տերերից են կանգնած: Լավրենտ պապի մասին ակնածանքով են խոսում, ասում են՝ մեր շեֆն ա: Հետո մի դեպք են պատմում, թե մի անգամ Դավոն բարկացրել էր պապին, պապը ջղայանացել, մի թեթև էլ խփել էր, Դավոն փախել էր գյուղամեջ, պապը նստել-լացում էր, թե ինչի ջղայնացավ, ոնց ձեռը գնաց խփեց:

Դավիթը մեզ ուղեկցում է դեպի խանութ: «Գնա՞նք մանդարին առնենք քեզ համար, Դավ», մեր առաջարկն ընդունում է: Տեսախցիկի շտատիվը վերցրած՝ մեզ հետ քայլում է: Լուսանկարիչ Դավիթն ասում է՝ «Դավո, իմ ասիստենտը կդառնա՞ս»: Ասում է՝ հա: Սկսում ենք ծիծաղել: «Մի օր քեզ պիտի տանենք մեր խմբագրություն, հը՞»: Դեմքին նորից հպարտ արտահայտությունն է, համաձայնում է, հետո ավելացնում, որ ինքը տեղը չգիտի:

Դավոն երազանքներ շատ ունի: Ճանապարհին դրանց մասին ենք խոսում: Ոստիկան է ուզում դառնալ, մեքենա է ուզում ունենալ: Նոր տարուն էլ նամակ է գրել Ձմեռ պապին՝ ֆուտբոլի կոշիկներ է խնդրել, հագուստ, խաղալիք: «Հա, մեկ էլ տոպրակ»,- ավելացնում է: Հարցնում եմ՝ նամակը մո՞տն է: «Չէ, արդեն ուղարկել եմ Ձմեռ պապին»:

Դավոն այս Նոր տարուն կլինի պապի հետ, տարին կդիմավորեն անասնագոմի չջեռուցվող սենյակում: 

Մեկնաբանություններ (3)

Վարդան
Խնդրումեմ գրեք ում հետ կապնվեմ, ուզումեմ ուղարկել Ֆուտբոլի գնդակ ու կոշիկ:
հետք
Գրեք [email protected] հասցեին
Raffi
Well done Vardan Jan. Abres...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter