Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Փաստաբանը խաբեությամբ տիրացել է ուրիշի բնակարանին



Վերաքննիչ դատարանը նրան բարեխիղճ ձեռք բերող է համարում

Երեւան քաղաքի բնակիչ Ռուբեն Հայրապետյանը 1997թ.-ին հայրական ժառանգություն համարվող Լեփսիուսի փ. 14 շենքի թիվ 22 բնակարանի 1/2 մասի նկատմամբ ունեցած իր բաժնեմասի դիմաց փոխհատուցում է ստացել եղբորից՝ Արմեն Հայրապետյանից եւ հրաժարվել է ժառանգության իր բաժնեմասից:

Արմեն Հայրապետյանը, ով իր ընտանիքով փաստացի բնակվում է այդ տանը, 1997թ. մայիսի 13-ին թիվ 1 նոտարական գրասենյակում վավերացրել է իր ժառանգության իրավունքը: Սակայն 4 տարի անց Ռ. Հայրապետյանը, եղբորից գաղտնի, ստացել է հոր մահվան վկայականի կրկնօրինակը, այնուհետեւ` ժառանգության իրավունքի վկայագիր: Այդ փաստաթղթի հիման վրա գրանցել է իր միանձնյա սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ, ապա 7250 ԱՄՆ դոլարով այն վաճառել է փաստաբան Արմեն Ճուղուրյանին:

2005թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Լեփսիուսի փ. 14 շենքի թիվ 22 բնակարանին խարդախությամբ տիրանալու եւ այն վաճառելու համար 7 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուբեն Հայրապետյանին, եւ ներկայումս նա իր պատիժն է կրում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործը քննող Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը նախաքննությամբ պարզել է, որ դեռեւս 1997թ.-ին Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր նշված բնակարանի իր բաժնեմասից, որի հիման վրա էլ եղբայրն ընդունել էր ժառանգությունը: Հետագայում ինքը ցանկացել էր վաճառել բնակարանը: Իր լիազորված անձ Արմեն Ճուղուրյանը, որին ինքը որոշակի գումար է պարտք եղել, ցանկություն է հայտնել գնելու այն 7000 դոլարով եւ գումարը տվել է մաս-մաս՝ պարտք մնալով 2300 դոլար:

Արմեն Հայրապետյանը ցուցմունք է տվել, որ իրեն հարկադրաբար տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ մնացել է 24 օր, այնտեղից դուրս գալուց հետո տեղեկացել է, որ եղբայրը վաճառել է բնակարանն ու իրեն պատկանող ողջ գույքը:

Արմեն Ճուղուրյանն իր բացատրության մեջ նշել է, որ նշված բնակարանում բացի Ռուբեն Հայրապետյանից գրանցված են եղել նրա եղբայրը՝ Արմեն Հայրապետյանը, վերջինիս նախկին կինը՝ Նելլի Թանգյանը, եւ երկու երեխաները, որի պատճառով նրան չի հաջողվել օրինական կարգով վավերացնել գործարքը: Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով` նոտարը հրաժարվել է գործարքը վավերացնել:

Նախաքննությամբ պարզվել է, որ բնակարանում հաշվառված անձանց մասին կեղծ տեղեկանք ստանալու նպատակով նրանք 2001թ. հոկտեմբերի 24-ին դիմել են «Լույս» կոոպերատիվի նախագահ Ժորա Հակոբյանին: «Բնակարանը վաճառելու նպատակով Ռուբեն Հայրապետյանը եւ փաստաբան Արմեն Ճուղուրյանը Ժորա Հակոբյանին ստորագրել եւ հաստատել են տվել Արմեն Ճուղուրյանի կողմից տրված տեղեկանքը, որ իբր այդ բնակարանում գրանցված եւ բնակվում է միայն Ռ. Հայրապետյանը, որից հետո նույն օրը նշված կեղծ տեղեկանքն օգտագործելով` Ռ. Հայրապետյանը բնակարանը վաճառել է Արմեն Ճուղուրյանին»,- գրված է մեղադրական եզրակացությունում:

«Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն ճուղուրյանը կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածով: Նախաքննության ընթացքում նա զղջացել է իր կատարած արարքների համար` նշելով, որ որեւէ դիտավորություն չի ունեցել, այլ արարքը կատարվել է հանգամանքների բերումով: Քննությունը վարող Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության քննիչ Ի. Արշակյանի 15.03.2005թ. որոշմամբ «Արմեն Ճուղուրյանի նկատմամբ նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթուղթ կազմելու եւ օգտագործելու փաստով քրեական հետապնդում չիրականացնել՝ գործուն զղջալու կապակցությամբ»:

Արմեն Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Անժելա Կարապետյանը քրեական գործի ավարտից հետո դիմել է Արաբկիր դատարան ու խնդրել է անվավեր ճանաչել Ռ. Հայրապետյանի ստացած ժառանգության իրավունքի վկայականը, բնակարանի առուվաճառքի ու սեփականության վկայականները, որոնք բավարարվել են: Դատարանը բավարարել է հայցադիմումը, իսկ Ա. Ճուղուրյանը շարունակել է հանդես գալ իբրեւ բարեխիղճ ձեռք բերող եւ հակընդդեմ հայցով նոր պահանջ է ներկայացրել: Դատարանին հայտնել է, որ Արմեն Հայրապետյանի նախկին կնոջն ու երեխաներին փոխհատուցել է շուկայական գնով, առաջարկել է հատուցել նաեւ նրան ու վտարել բնակարանից:

Վերաքննիչ դատարանը Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ (դատավորներ Կ. Հակոբյան, Ն. Հովսեփյան) 2007թ. հունվարի 17-ին կրկին քննել է գործը եւ, անտեսելով քրեական գործով հիմնավորված խարդախությունը, հանգել է այն եզրակացության, որ Ռուբեն Հայրապետյանը «օրենքով սահմանված կարգով» ստացել է ժառանգության իրավունքի վկայագիր Լեփսիուսի փողոցի 14 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ, որի հիման վրա «օրենքով սահմանված կարգով» ստացել է սեփականության իրավունքի վկայագիր: Չնայած Ռ. Հայրապետյանի բացատրությանը, որ ինքը փոխհատուցում է ստացել ժամանակին, որի դիմաց հրաժարվել է ժառանգության իր մասից, այնուամենայնիվ, դատարանը որոշել է, որ բնակարանը 1/2 մասով պատկանել է Ռ. Հայրապետյանին, եւ այդ մասով օրինական է համարել նրա ու Ա. Ճուղուրյանի միջեւ կնքված գործարքը:

«Դատաքննությամբ հիմնավորվեց, որ առուծախի գործարքից հետո Ա. Ճուղուրյանին հայտնի է դարձել, որ բնակարանի նկատմամբ բնակտարածության օգտագործման իրավունք ունեն հայցվոր Ա. Հայրապետյանը եւ նրա կինն ու երեխաները: Վերջիններիս բնակօգտագործման իրավունքը դադարեցրել է շուկայական գնով փոխհատուցում տալու միջոցով, սակայն նույնը հնարավոր չի եղել իր նկատմամբ: Դատարանը գտավ, որ Արմեն Ճուղուրյանը հանդիսանում է գույքի բարեխիղճ ձեռք բերող, քանի որ գործարքի կնքման ընթացքում չէր կարող իմանալ գնվող բնակարանի նկատմամբ այլ անձանց իրավունքների առկայության մասին»,- եզրակացրել են դատավորները:

Դատարանն անտեսել է, որ քրեական գործով արդեն իսկ հաստատված է՝ «Արմեն Ճուղուրյանը տեղյակ է եղել, որ Լեփսիուսի փ. 14 շենքի թիվ 22 բնակարանում, բացի Ռուբեն Հայրապետյանից, գրանցված են եղել վերջինիս եղբայր Արմեն Հայրապետյանը, վերջինիս նախկին կինը՝ Նելլի Թանգյանը, եւ երկու երեխաները»:

Փաստաբան Անժելա Կարապետյանի վճռաբեկ բողոքը դատարանը վերադարձրել է ապրիլի 5-ին, չնայած նրան, որ որոշումը կայացվել է փետրվարի 14-ին, իսկ Արմեն Ճուղուրյանը Արաբկիրի առաջին ատյանի դատարան նոր հայցադիմում է ներկայացրել, որով պահանջել է աճուրդով վաճառել բնակարանը եւ առանձնացնել իր բաժնեմասը:

Փաստաբան Ա. Ճուղուրյանի` դատարանում ունեցած հաջողությունները կարելի է բացատրել նրանով, որ դատավորները պարտք են մնացել բնակարանների խարդախության մեջ հմտացած փաստաբանին: Տարիներ առաջ մեկ այլ գործով նա չարաշահել էր իր վստահորդի վստահությունը. դատավորների հետ համաձայնության գալով` նրա հայցը չէր ներկայացրել դատարան՝ վստահորդին պատճառելով նյութական մեծ վնաս: Հավանաբար, ժամանակն է, որ դատավորները փոխադարձեն իրենց գուցե ոչ մեկ անգամ ծառայություն մատուցած փաստաբանին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ