HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրակրթությունից դուրս մնացած երեխաները Հայաստանում (ինֆոգրաֆիկա)

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի անասնագոմի պահակակետում 10-ամյա Դավիթ Գեւորգյանը հայոց լեզվի այբբենարանն է բացում: Տառերը մասամբ գիտի: Ասում է՝ Մայիսյանի առաջինդասարանցիների հետ է դաս անում: Նա հիմա բնակվում է պապի հետ, որն անասնապահ է: Դավիթի մայրն ու քույրը բնակվում են նույն մարզի Քարակերտ գյուղում, որտեղից էլ տղան հաճախ փախչում էր պապի մոտ: Քարակերտի դպրոցում նրա բացակայությունները շատ են եղել: Տնօրեն Թամարա Բաղդասարյանը նշում է, որ Դավիթին դասղեկն էր դպրոց տանում. ճանապարհին հանդիպում էր, վերցնում-տանում դպրոց: Տնօրենն ասում է, որ երեխան ընտանեկան հոգատարությունից դուրս է մնացել: Ըստ Թ. Բաղդասարյանի՝ Դավիթը մինչեւ 3-րդ դասարան նորմալ հաճախել է դպրոց, այնուհետ շատ է բացակայել:

Մայիսյանի դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանն էլ նշում է, որ Դավիթին հրամանագրել են 3-րդ դասարան, թեեւ նա իր տարիքին համապատասխան պետք է սովորեր 5-րդ դասարանում: Իսկ թե ինչու չեն նստեցրել 1-ին դասարան, պատասխանում է. «Ուղղակի իր տարիքն այնքան մեծ է, որ եթե մենք հիմա առաջին դասարան հրամանագրեինք, հինգ տարի հետո, երբ լիներ 5-րդ դասարան, նրա տարիքը կլիներ 15 տարեկան: Տարիքային անհամաչափություն կլիներ, բայց մենք 3-րդ դասարան նստեցնելուց լրացուցիչ պարապմունքներ ենք անում, որպեսզի հասցնենք նյութը»: Դավիթը հիմա Մայիսյանի դպրոցում առաջինդասարանցիների հետ սովորում է հայերեն տառերը, երկրորդդասարանցիների հետ՝ ռուսերեն, երրորդդասարանցիների հետ՝ անգելերեն այբուբենը:

«Խոսում էի Քարակերտի դպրոցի տնօրենի հետ, բանից պարզվում է, որ նա շատ վատ է հաճախել դպրոց, ծնողների անտարբերության հետեւանքով դուրս է մնացել կրթությունից, շատ քիչ է հաճախել դպրոց»,- ասում է տնօրեն Ի. Պետրոսյանը:

Փաստորեն, 10-ամյա Դավիթը, չնայած, ըստ տնօրեն Բաղդասարյանի, նախկինում նորմալ հաճախել է դպրոց, սակայն այսօր տառաճանաչ չէ: Տղայի ասելով՝ տարվա մեջ շատ քիչ է դպրոց գնացել: Չնայած պաշտոնապես Դավիթը չի համարվել հանրակրթությունից դուրս մնացած, այդուհանդերձ, նրան փաստացի կարելի է դասել այդպիսի երեխաների շարքին:

Իսկ Հայաստանում ովքե՞ր են համարվում հանրակրթությունից դուրս մնացած, ի՞նչ պատճառներով երեխաները չեն հաճախում դպրոց, եւ ի՞նչ է արվում՝ նրանց կրթօջախ վերադարձնելու համար: Այս ամենի մասին՝ ստորեւ:

Ինչու՞ է ուսումն անավարտ թողածների թիվը կտրուկ նվազել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հանրակրթական դպրոցներում ուսումն անավարտ թողած աշակերտների մասին վիճակագրությունը ստանում է կրթության եւ գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ից: Վերջինս էլ տեղեկատվությունը հավաքում է անմիջապես դպրոցներից:

Կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշում է, որ իրենց վիճակագրությունը վերաբերում է բոլոր այն աշակերտներին, ովքեր գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց: Բայց հասկանալի է, որ կան նաեւ երեխաներ, ովքեր ընդհանրապես դպրոց չեն հաճախել: «Որքա՞ն է այդպիսի երեխաների թիվը» հարցին Պողոսյանը պատասխանում է. «Չեմ սիրում ենթադրություններ անել, առնչվել եմ դեպքերի, երբ երեխային ընդհանրապես դպրոց չեն ուղարկել, բայց կարող եմ ասել, որ նման երեխաների թիվը նույնիսկ 0,5 տոկոսի չի հասնում: Շատ քիչ են նման երեխաները»: Ապա հավելում է, որ նման դեպքերի մեծ մասում ծնողն ասում է, թե երեխան դեռ փոքր է, կարող է մյուս տարի դպրոց գնալ, ինչով, սակայն, ըստ մեր զրուցակցի, երեխայի կրթության իրավունքն է ոտնահարվում:

Այսինքն՝ ՀՀ-ում վիճակագրությունը վարվում է ոչ թե կրթություն չստացած, այլ այն անավարտ թողած երեխաների մասով: Իսկ այս դեպքում հաշվի առնվող հիմնական գործոնն այն է, որ երեխան պետք է ուսումնական տարին փակած, ավարտած չլինի, այլ կերպ ասած՝ երկարատեւ բացակայությունների պատճառով պիտի կիսամյակային կամ տարեկան գնահատականներ ստացած չլինի (այս դեպքում նա գալիք ուստարում հաջորդ դասարան տեղափոխվելու համար հանձնում է վերաքննություն, որը ձախողելու դեպքում մնում է նույն դասարանում): Ասել է թե՝ այնպես չէ, որ եթե աշակերտը վատ հաճախելիություն է ցույց տալիս տարվա ընթացքում, սակայն ուստարվա վերջում ստանում է գնահատականներ, ընդգրկվում է վիճակագրության մեջ:

Գրաֆիկա 1-ի ու 2-ի մեջ հստակ երեւում է, որ 2008/09 եւ 2009/10 ուստարիներին ցուցանիշները բավականին բարձր են, այնինչ 2010/11-ին եւ հետագայում կտրուկ անկում են ապրել (2014/15 ուստարվա տվյալները դեռ ամփոփված չեն):

Գրաֆիկա 1
Create bar charts

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը սա բացատրում է մեթոդաբանությամբ: Նախկինում ինֆորմացիան հավաքվում էր «հանրակրթական դպրոցներից դուրս եկած աշակերտների» վերաբերյալ: Այսինքն՝ եթե աշակերտը մի դպրոցից դուրս էր գալիս, սակայն ուսումը կիսատ չէր թողնում, այլ տեղափոխվում էր մեկ ուրիշ դպրոց, միեւնույնն է՝ տնօրենը նրան հաշվառում էր ցանկում, իբրեւ պատճառ նշելով, մասնավորապես, երեխայի ցանկության բացակայությունը, ու այդ թիվը փոխանցում ԿՏԱԿ-ին: «Երբ զանգում ես հարցնում, ինչի՞ եք գրել ցանկության բացակայությունը, ասում է՝ դե, իմ դպրոցում չի ցանկացել սովորել, տեղափոխվել է այլ դպրոց»,- պատմում է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ սա ազդում էր վիճակագրության հավաստիության վրա:

Գրաֆիկա 2
Create line charts

2010/11 ուստարուց վիճակագրությունը վարվում է արդեն «հանրակրթական դպրոցներից հեռացած/ուսումն անավարտ թողած աշակերտների» մասով: Մյուս կողմից, ըստ Արտակ Պողոսյանի, ցուցանիշների նվազման պատճառ է եղել այն, որ հետեւողական աշխատանք է կատարվում. «Ամեն տարի սոցիալական պատճառներով ուսումն անավարտ թողած երեխաների տվյալներն ուղարկում ենք մարզերին, որպեսզի նրանք զբաղվեն այդ խնդրով, ու երեխաները շարունակեն ուսումը: Ամբողջական խնդիրը դեռ չի վերացել, բայց հաջողվել է պակասեցնել թվերը»:

ԿՏԱԿ-ի տնօրենը շեշտում է նաեւ, որ կոպիտ սխալ կլինի աշակերտների թվերն իրար գումարել, քանի որ վիճակագրություն չի վարվում՝ արդյոք տվյալ ուստարին չփակած աշակերտը հաջորդ տարի գնացել է դպրոց, թե կրկին հայտնվել է նույն ցուցակում: Մյուս կողմից՝ հայտնի է, որ ՀՀ-ում առայժմ (մինչեւ 2017 թ.) պարտադիր է միայն 9-ամյա կրթությունը, այնպես որ 9-րդ դասարանն ավարտածների՝ կրթությունը չշարունակելը միանգամայն նորմալ երեւույթ է, չնայած վիճակագրության մեջ նրանք ներկայում նույնպես ընդգրկվում են: Այսպես՝ 2011/12 ուստարում ուսումն անավարտ թողածների շուրջ 70 տոկոսի (754 հոգի) պարագայում եղել է ցանկության բացակայություն. 754-ի 77 տոկոսը (581 հոգի) եղել է 10-12-րդ դասարանների աշակերտ, որոնց մի մասն ուսումը շարունակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Պատահական չէ, որ տարիքային կտրվածքով ուսումն անավարտ թողածների մեջ մեծ թիվ են կազմում 15-16 տարեկանները, այսինքն՝ 9-10-րդ դասարանցիները:

Գրաֆիկա 3
Create your own infographics

Սեռային բաշխվածությամբ էլ մշտապես շատ են եղել ուսումն անավարտ թողած տղաները, որոնք 2008/09-2013/14 ուստարիներին կազմել են վիճակագրության նվազագույնը 60 տոկոսը:

Գրաֆիկա 4
Create pie charts

Ներկայում ուսումն անավարտ թողնելու գլխավոր պատճառը սոցիալական վիճակն է

Ոլորտի վիճակագրության մեջ բավականին հետաքրքիր պատկեր են ստեղծել պատճառները՝ ցանկության բացակայություն, սոցիալ-տնտեսական վատ պայմաններ, ծնողի արգելք, լսողական, տեսողական խանգարումներ, հենաշարժողական անկարողություն, մտավոր թերզարգացում, քրեակատարողական հիմնարկ տեղափոխություն, մահ:

«Երբ 2011-ին նշանակվեցի ԿՏԱԿ-ի տնօրեն, վիճակագրության մեթոդաբանության առումով ոչ թե սխալ էին արել, այլ այն ժամանակի՝ 2007-ի դրությամբ, դա բխում էր համակարգի վիճակից. պայմաններ էին նշել՝ ծնողները թույլ չեն տալիս, որ երեխան գնա դպրոց, երեխան ցանկություն չունի գնալ դպրոց, անկարողություն՝ առողջական խնդիրներ, եւ բացի դրանից՝ կար «այլ անկարողություն» սյունը ու մի հատ էլ «այլ պատճառով» դպրոցն անավարտ թողած: 2007-ի համար դա հստակ աշխատող մեխանիզմ էր, բայց 2011-12-ին հասկացանք, որ վարչական վիճակագրության ձեւն առաջացնում է տվյալների հավաստիությանխնդիր, որովհետեւ երբ դպրոցի տնօրենը չգիտի, թե այդ երեխան ինչու չի եկել, նշում է «այլ»-ի տակ կամ երեխան գնացել է այլ դպրոց, նշում է՝ «ցանկության բացակայության պատճառով» անավարտ է թողել: Դրա համար մենք դիմեցինք ԱՎԾ-ին, որովհետեւ վարչական վիճակագրության ձեւերի մեջ փոփոխություն կատարվում է նախարարի հրամանով, բայց հաստատվում է ազգային վիճակագրական խորհրդի կողմից: Դիմեցինք, բացատրեցինք, թե ինչ իրավիճակ է, եւ վիճակագրության ձեւը փոխեցինք.այն ժամանակ «այլ պատճառով»-ը գերակշիռ մասն էր»,- պատմում է Արտակ Պողոսյանը:

2010/11 ուստարուց 3 հիմնական պատճառներն են ցանկության բացակությունը, սոցիալական վիճակը, ծնողի արգելքը:

Գրաֆիկա 5
Create your own infographics

«Եզդիների մոտ կա սեզոնայնության խնդիր. երբ դաշտային կամ անսանապահական աշխատանքները սկսվում են, երեխաներին էլ են տանում: Բացի դրանից՝ 6-րդ դասարանից հետո մանավանդ աղջիկ երեխաներին ամուսնացնում են, չեն թողնում գնան դպրոց: Այդ ուղղությամբ էլ է աշխատանք տարվում, բայց դա իրենց ազգային ավանդույթների մեջ է»,- ասում է ԿՏԱԿ-ի տնօրենը:

Ա. Պողոսյանը պատմում է, որ ներկայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի եւ սոցապ նախարարության հետ քննարկում են մեկ միասնական շտեմարանի ստեղծման հարցը, երբ իրենց տվյալները կկարողանան համադրել երեխաների ռեգիստրի տվյալների հետ: Այսինքն՝ կիմանան, թե տվյալ համայնքում քանի երեխա է ծնվել, ու քանիսն են այդ պահին դպրոցում, հնարավոր կլինի համեմատություն անել, հասկանալ, թե որտեղ են այդ երեխաները՝ համայնքու՞մ են, տեղափոխվե՞լ են համայնքից, Հայաստանից դու՞րս են եկել, թե՞ համայնքում են, սակայն դպրոց չեն գնում: Տվյալ դեպքում, ըստ Պողոսյանի, հնարավոր կլինի այդ երեխաներին հայտնաբերել եւ ապահովել նրանց կրթության իրավունքը:

2012/13 եւ 2013/14 ուստարիներին ուսումն անավարտ թողնելու թիվ մեկ պատճառ է նշվել սոցիալ-տնտեսական վատ վիճակը: Արտակ Պողոսյանի փոխանցմամբ՝ շատ դեպքերում կոշիկի, հագուստի խնդիրն է նշվում, բայց մյուս կողմից, ըստ նրա, մտածելակերպի հարց է: Ասում է՝ դեպքեր են եղել, երբ կոշիկ էլ, հագուստ էլ տվել են, բայց միեւնույնն է՝ ծնողը երեխային չի ուղարկել դպրոց. «Մտածելակերպի խնդիր է, ասում են՝ գնա դպրոց ի՞նչ անի, եթե մնա տանը,կօգնի, կամ անասուն են պահում, երեխան կօգնի: Մեր հասարակությունը պետք է մտածի երեխաների կրթական իրավունքի մասին: Այո,այսօր երեխան օգնում է, որ անասուն պահի, բա հետո՞: Խնդիրը գաղափարական մտածելակերպի դաշտում է որպես այդպիսին: Ցավոք սրտի եմ ասում, բայց այդպես է»:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայ Առաքելական եկեղեցու խնդրանքով սոցիալապես անապահով երեխաներին աջակցելու նոր ծրագիր է սկսել այս տարի: «Շատ արագ հավաքեցինք այս պահին բոլոր դպրոցների տվյալները: Օրինակ՝ երեխան սեպտեմբերին եկել է դպրոց, բայց սոցիալական պայմանների պատճառով հիմա գալիս է մեկ շաբաթ, հետո երկու օր բացակայում է… Բոլորի տվյալները հավաքել ենք, եւ ուզում ենք ծրագիր անել՝ համակարգային լուծում տալու համար, որպեսզի այդ երեխաները չբացակայեն, գնան դպրոց: Կանենք, նոր կասենք, չեմ սիրում դեռ չիրականացրած ծրագրերի մասին խոսել,- ասում է Արտակ Պողոսյանն ու հավելում,- մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, որպեսզի Հայաստանում որեւիցե երեխա կրթությունից դուրս չմնա: Մեր ջանքերը, կարող եմ ասել, արդյունք տալիս են, իհարկե, 100-տոկոսանոց արդյունքի չենք հասել, բայց կհասնենք, վստահ եմ»:

Որոշ մարզպետարաններում իրավիճակին չեն տիրապետում

«Հետքը» հարցումներ էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան եւ մարզպետարաններ՝ պարզելու, թե այս կառույցների տվյալներով 2009-2015 ուստարիներին հանրակրթական դպրոցներից քանի աշակերտ է դուրս եկել/դպրոցից հեռացել/ուսումն անավարտ թողել: Խնդրել էինք թվերը նշել ըստ առանձին տարիների, այսինքն՝ 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15 ուստարիների: Խնդրել էինք նաեւ առանձին-առանձին նշել պատճառները եւ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են՝ երեխաներին դպրոց վերադարձնելու համար: Այդուհանդերձ, մարզպետարանները պատասխանել են տարբեր կերպ՝ տարբեր մեթոդաբանությամբ ներկայացնելով տվյալները (խոսքը նրանց մասին է, ովքեր թվեր են տրամադրել):

Արագածոտն, Վայոց ձոր, Սյունիք

Բանից պարզվում է՝ այս մարզպետարանների տվյալներով՝ նշված տարիներին Արագածոտնում, Վայոց ձորում, Սյունիքում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չեն եղել, այնինչ ԿՏԱԿ-ի վիճակագրությունն այլ բան է փաստում: Նշված մարզպետարաններից պատասխանել են մեկ պարբերությամբ՝ փաստացի ցույց տալով սեփական անգիտությունը մարզի կրթական ոլորտի վիճակի վերաբերյալ ու, ինչն ամենակարեւորն է, կրթության բաժինների անգործությունը:

Ահա մարզպետարանների կրթության բաժինների պետերը, որոնք հայտնի չէ, թե ինչու են պաշտոն զբաղեցնում ու աշխատավարձ ստանում, եթե չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց մարզում (տվյալները՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության). Սուսաննա Պետրոսյան (Արագածոտն), Հայկ Հարությունյան (Սյունիք), Արփիար Ղազարյան (Վայոց ձոր, կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ):

Արարատ

Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն իր հերթին հայտնել է, թե նշված տարիներին մարզում եղել են ոչ թե հանրակրթությունից դուրս մնացած, այլ վատ հաճախող երեխաներ, որոնց «խնդիրները կարգավորվել են համայնքների ղեկավարների եւ ներքին գործերի համապատասխան մասնագետների աջակցությամբ»: Նորից շեշտենք, որ անմիջապես դպրոցներից ինֆորմացիա հավաքող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրությունը հերքում է այս պատասխանների հավաստիությունը:

Արմավիր

Ըստ Արմավիրի մարզպետարանի (կրթության բաժնի պետ՝ Նաիրա Սարգսյան)՝ 2009-2015 թթ. իրենց ենթակայության հանրակրթական դպրոցներում եղել են միայն ժամականավորապես չհաճախելու դեպքեր: Որոշ դեպքերում դրա պատճառ է եղել ընտանիքի մշտական բնակության վայր չունենալը:

«Սոցիալական, առողջական, ընտանեկան եւ այլ խնդիրների, ինչպես նաեւ ծնողների իրավունքների վերազանցման դեպքերում Արմավիրի մարզպետարանի միջնորդությամբ երեխաները տեղավորվել են իրենց կարիքին համապատասխան ուսումնական (հատուկ դպրոցներ) կամ երեխայի խնամք եւ դաստիարակություն իրականացնող հաստատություններում»,- նշվում է մարզպետարանի գրության մեջ: Ըստ ուսումնական տարիների՝ նշված աշակերտների թիվը կազմել է.

2011/12- 12 աշակերտ
2012/13- 8 աշակերտ
2013/14- 7 աշակերտ
2014/15- 1 աշակերտ (ամուսնացել է, ազգությամբ եզդի)

Շիրակ

Առանձին ուշադրության առարկա է Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչությունը, որը, կարելի է ասել, հայտնի չէ, թե ինչով է զբաղվում: Նոյեմբերի 30-ին ուղարկված մեր հարցմանն ի պատասխան՝ երկար մտածելուց հետո դեկտեմբերի 18-ին (երկու շաբաթ անց, երբ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է 5 օր) վարչության պետ Սահակ Մինասյանը գրել է. «Ձեր կողմից փնտրվող տեղեկատվությունը Շիրակի մարզպետարանը չի տնօրինում: Տեղեկատվություն ստանալու համար Դուք կարող եք դիմել Շիրակի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրեններին: Կից տրամադրում ենք մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները եւ տնօրենների անվանացանկը»:

Սա միակ մարզպետարանն է, որը նման պատասխան է տվել: Մնում է հարցնել, թե ընդհանրապես ինչ տեղեկատվության են տնօրինում վարչությունն ու դրա կրթության բաժինը(պետ՝ Գեւորգ Ղումաշյան):

Ընդհանրապես, ԿԳ նախարարությունը լավ կանի ուշադրության կենտրոնում պահի այս մարզպետարանների համապատասխան վարչությունների ու բաժինների գործունեությունը, այլապես ծիծաղելի վիճակ է ստեղծվում. որոշ պաշտոնյաներ ակնհայտորեն իրենց տեղում չեն:

Կոտայք

Կոտայքի մարզպետարանը 2009-2015 թթ. տվյալները ներկայացրել է ըստ օրացուցային տարիների: Նշված ժամանակահատվածում հանրակրթությունից դուրս է մնացել 98 աշակերտ, որոնցից 55-ին հաջողվել է դպրոց վերադարձնել նույն տարում:

Չնայած այս վիճակագրությունը չի կատարվել ԿՏԱԿ-ի տնօրենի նշած մեթոդաբանությամբ, այդուհանդերձ, պարունակում է օգտակար ինֆորմացիա: Ըստ մարզպետարանի՝ աշակերտները հանրակրթությունից դուրս են մնացել հիմնականում Գառնիում, Հրազդանում, Բյուրեղավանում, Աբովյանում, Քասախում:

Պատճառները տարբեր են. ընտանիքի սոցիալական վիճակը, ծնողների կողմից ծնողավարության հմտությունների եւ մանկավարժ-ծնող փոխհարաբերության պակասը, ներընտանեկան կոնֆլիկտների, լարված հարաբերությունների եւ ամուսնալուծությունների առկայությունը, երեխայի վարքային խնդիրները, երկարատեւ բացակայությունները եւ նույն դասարանում մնալը, ընտանիքների բնակավայր փոխելն ու ներքին եւ արտաքին միգրացիան, հաշմանդամությունը՝ երեխայի կրթական հատուկ կարիքը, ծննդյան վկայականի բացակայությունը, ազգային փոքրամասնությունների ավանդույթները:

Ըստ Կոտայքի մարզպետարանի՝ երեխաներին դպրոց վերադարձնելու համար ձեռնարկվել են մի շարք քայլեր. այցելություն ընտանիքներ, բազմամասնագիտական աշխատանք երեխաների ու ընտանիքների հետ, բացատրական, կանխարգելման աշխատանքներ դպրոցի, համայնքի ու մարզպետարանի կողմից՝ երեխաներին կրթական գործընթացներում ընդգրկելու համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ընդգրկվել են ներառական կամ հատուկ կրթություն իրականացնող դպրոցներ, վերը նշված կառույցները համագործակցել են ոստիկանության՝ անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցների ու մարզային հասարակական կազմակերպությունների հետ:

Լոռի

Լոռու մարզպետարանի տվյալներով, որոնք ստացվել են մարզի դպրոցներից, պարտադիր ուսումից (9-ամյա կրթություն) դուրս մնացած աշակերտների պատկերն այսպիսին է.

2009/10- 28 աշակերտ
2010/11- 16 աշակերտ
2011/12- 9 աշակերտ
2012/13- 15 աշակերտ
2013/14- 11 աշակերտ
2014/15- 21 աշակերտ
2015/16- 24 աշակերտ

Իբրեւ դուրս մնալու պատճառ նշված են սրանք. ծնողը չի ցանկանում երեխային դպրոց ուղարկել՝ 6 տարին լրացած, սակայն, ծնողի կարծիքով, դեռեւս փոքր լինելու պատճառով, երեխան չի ցանկանում սովորել, որովհետեւ մնացել է նույն դասարանում կամ օգնում է ծնողներին (հիմնականում Լերմոնտովո եւ Ֆիոլետովո համայնքներում), մեկնել է արտերկիր կամ տեղափոխվել այլ մարզ, ունի առողջական խնդիրներ եւ գտնվում է երկարատեւ բուժման մեջ, առկա են սոցիալական անբերանպաստ պայմաններ:

Երեխաներին կրթական համակարգ վերադարձնելու միջոցառումների մասին մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը հայտնել է. «Վարչությունը եւ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, համագործակցելով մարզպետարանի այլ ստորաբաժանումների, ինչպես նաեւ ոստիկանության, համայնքների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների հետ, սկսած 2006 թվականից ուսումնասիրել են երեխաների հանրակրթությունից դուրս մնալու պատճառները, որի արդյունքում որոշակի կանխարգելվել եւ վերականգնվել է երեխաների հանրակրթության մեջ ներգրավումը:

Քանի որ նշված գործընթացում առկա էին համագործակցային եւ օրենսդրական մեխանիզմների կիրարկման որոշակի դժվարություններ, 2014 թվականից ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ Լոռու մարզում մշակվեց եւ ներդրվեց «Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերում, ուղղորդում եւ կանխարգելում» փորձնական ծրագիրը: Մարզպետարանում ստեղծվեց համակարգող խորհուրդ (այն գործում է մինչ օրս), իսկ սոցիալական ծառայության տարածքային բաժիններում` սոցիալական դեպք վարողների խմբեր: Ծրագիրը իրականացվեց երկու փուլերով:

Առաջին փուլում ընդգրկված էր Վանաձոր-Գուգարքի տարածաշրջանը` 2014 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին: Երկրորդ փուլում` ամբողջ մարզը, 2015 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին, որի արդյունքում փորձնական ծրագրի շրջանակում ձեւավորվեց համաձայնագիր վերոհիշյալ կառույցների միջեւ:

Ներկա փուլում սերտ համագործակցության շնորհիվ կատարվում են աշխատանքներ (մարզպետարան, ոստիկանություն, համայնքներ, դպրոցներ, ՀԿ-ներ)` տեղեկատվության փոխանակման առավել արդյունավետ մեթոդներով կանխարգելելու պարտուսից դուրս մնացող երեխաների թիվը»:

Գեղարքունիք

Մարզպետարանը մանրամասն ներկայացրել է 2009-2015 թթ. հանրակրթությունից դուրս մնացած աշակերտների անվանացանկը՝ ըստ դպրոցների եւ դպրոց չհաճախելու պատճառների: Ընդհանուր ցանկում կա 257 անուն: Պատկերն այսպիսին է.

2009/10- 33 աշակերտ
2010/11- 39 աշակերտ
2011/12- 36 աշակերտ
2012/13- 50 աշակերտ
2013/14- 48 աշակերտ
2014/15- 26 աշակերտ
2015/16- 18 աշակերտ

Պատճառները բազմազան են. սոցիալական վատ պայմանները, ծնողի արգելքը, ավագ դպրոցից հրաժարվելը, առողջական խնդիրները, ամուսնանալը, բանակ զորակոչվելը եւ այլն:

Երեւան

Երեւանի քաղաքապետարանը, չգիտես ինչու, ներկայացրել է միայն այս տարվա նոյեմբերի 11-ի դրությամբ պարտադիր ուսումից դուրս մնացած 6 հոգու ցուցակ, որոնք 2013-2014 թթ.-ից չեն հաճախում դպրոց: Նրանցից միայն մեկն է հետագայում ընդունվել գիշերօթիկ դպրոց: Այս 6 երեխաների բացակայությունների պատճառները եղել են ընտանեկան խնդիրները (3 դեպքում, որոնցից մեկի պարագայում մայրն ու եղբայրը եղել են են կալանավայրում), սոցիալական վատ պայմանները (2 դեպքում), ծնողներին օգնելը (1 դեպքում): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter