HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ադրբեջանում եւ Թուրքիայում մարդիկ զոհվում են միայն ազգային պատկանելության համար»

Փաստաբան Նազելի Վարդանյանին հաջողվեց դա ապացուցել Բուդապեշտի դատարանում

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նազելի Վարդանյանը Բուդապեշտի դատարանում ներկայացնում էր ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը:

2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը քնած ժամանակ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006 թվականի ապրիլի 13-ի դատավճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ առաջին 30 տարին առանց ներման իրավունքի: Այս տարվա փետրվարի 22-ին Հունգարիայի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը:

Նազելի Վարդանյանը տիրապետում է ռուսերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներին, եւ լեզվի իմացության շնորհիվ նրան հաջողվեց հաղթահարել դատաքննության դժվարություններն ու հաջող ավարտի հասցնել գործը:

Փաստաբանի հետ ստորեւ ներկայացվող հարցազրույցը հունգարական դատական համակարգի, դատավարական առանձնահատկությունների եւ փաստաբանի աշխատանքի դժվարությունների մասին է:

- Ինչպե՞ս էիք իրականացնում փաստաբանական աշխատանքը Հունգարիայի դատարանում:

- Հունգարիայի դատարանում, ինչպես նաեւ մեզ մոտ, քրեական գործով կարող են մասնակցել տվյալ երկրում արտոնագիր ունեցող փաստաբանները, այդ պատճառով մենք վարձել էինք հունգարացի փաստաբան, որը դատարանում ներկայացնում էր մեր շահերը: Հունգարիայի օրենսդրության համաձայն` հիմնական փաստաբանը կարող է օգնական ունենալ, եւ ես հանդես էի գալիս իբրեւ օգնական: Դժվար դատավարական պրոցես էր. լեզվի արգելքը կար՝ ողջ դատավարությունը հունգարերենով էր ընթանում, գործը հոգեբանորեն շատ ծանր էր՝ արտասովոր էր 21-րդ դարում կացնահարելով մարդ սպանելը, դժվար էր նաեւ այն առումով, որ գործը քաղաքականացված էր: Բացի այդ, Հունգարիայի օրենսդրությանը պետք է ծանոթանայի:

Ի տարբերություն մեր օրենսդրության, Հունգարիայի քրեական դատավարության օրենսգրքով տուժողը դատավարության կողմ չի հանդիսանում, եւ մենք ամբաստանյալին կամ վկային ուղղակի հարցեր տալու, միջնորդություններ անելու հնարավորություն չենք ունեցել ամբողջ դատավարության ընթացքում: Երբ վկային քննում են, դու չես կարող միանգամից հարցեր տալ, դա պետք է արվի կա՛մ դատախազի, կա՛մ դատավորի միջոցով: Այսինքն, մենք հարցերը գրավոր պետք է ունենայինք ձեռքի տակ, որպեսզի ներկայացնեինք դատավորին կամ դատախազին, որոնք էլ կորոշեին` հրապարակել կամ ոչ: Նույնը վերաբերում է միջնորդություններին, որոնք նույնպես գրավոր էինք ներկայացնում: Այդ պատճառով էլ մեր արտադատարանական աշխատանքն ավելի շատ էր նյութեր պատրաստելու եւ ներկայացնելու առումով, քան դատարանում էր արվում: Հարցերը պետք է նախապես պատրաստեի ու թարգմանեի, որը բավականին ժամանակ էր խլում:

- Եթե շատ կարեւոր վկա էր հարցաքննվում եւ նրան հարցեր ունեիք տալու, կարո՞ղ էիք հարցաքննության պահին հանպատրաստից հարցեր ուղղել:

- Ոչ, դա բավականին դժվար էր, եւ այդ պատճառով մինչեւ դատաքննությունը մոտավոր պատկերացնելով, թե ինչ ընթացք կարող է ունենալ հաջորդ դատական նիստը, որն, ի դեպ, ընդմիջվում էր 1-1,5 ամսով, հարցեր ու միջնորդություններ էի պատրաստում ու վերցնում ինձ հետ: Հունգարացի փաստաբանի աշխատանքն էլ էր դրանով բարդանում, մանավանդ որ ադրբեջանական կողմը այս դատավարությունը հնարավորինս քաղաքականացրել էր: Կատարված ոճրագործությունը կապում էին Ղարաբաղյան հակամարտության հետ: Ո՛չ հունգարացի փաստաբանը, ո՛չ դատավորն ու դատախազը տեղյակ չէին Ղարաբաղյան հակամարտության մանրամասներին, այդ փաստերը միայն մենք կարող էինք ներկայացնել: Ամբողջ դատավարության ընթացքում Ղարաբաղյան հակամարտությունն էր քննարկվում, եւ պատմաբան Հայկ Դեմոյանին գործում ներգրավելը դրանով էր պայմանավորված:

- Հունգարիայի օրենսդրությամբ փաստաբանն ի՞նքն է գործի վերաբերյալ ապացույցներ հավաքում:

- Հունգարիայում դատաքննությունը նույնպես մրցակցային է, եւ հիմնականում վեճն ընթանում է մեղադրողի եւ փաստաբանի միջեւ: Տուժողի շահերը պաշտպանում է դատախազը: Մենք այդ գործընթացից դուրս էինք, թեպետ նստած էինք մեղադրողի շարքում, բայց ամբողջ աշխատանքն, ըստ օրենսդրության, դատախազն էր անում, եւ պարտադիր չէր, որ տուժողը ներկա լիներ նիստին: Բայց այս դեպքում, եթե մենք չմասնակցեինք դատաքննությանը, թերեւս հաջողվեր Սաֆարովին արդարացնել կամ պատիժը մեղմացնել, կամ դատական վեճը տեղափոխել քաղաքական դաշտ: Սաֆարովի փաստաբանի ողջ նպատակը այս գործը քաղաքականացնելն էր, նրա կենսագրությունը կապում էին Ղարաբաղյան հակամարտության հետ: Ուզում էին ներկայացնել, որ նա աֆեկտի վիճակում է կատարել սպանությունը:

Դատահոգեբանական երկրորդ եւ երրորդ փորձաքննությունների ժամանակ հոգեբաններն իրենց փորձաքննության մեջ նշել էին, որ նա հետտրավմատիկ սինդրոմ ունի, այսինքն, պատերազմի դաժանությունները տեսնելով 13-14 տարեկան հասակում` տրավմա է ունեցել, եւ երբ հայի է հանդիպել, նրա մոտ արթնացել է այդ ամենը: Նրանց փաստաբանն ընդունում էր, որ սպանություն է կատարվել, բայց ոչ ծանրացուցիչ հանգամանքներում, նրա ասելով` միայն կացին գնելը չի նշանակում կանխամտածված սպանություն: Հետո ասում էին, թե Սաֆարովն այնպիսի վիճակում է եղել, որ չի հասկացել իր գործողությունները: Դատաքննության ընթացքում 4 անգամ փորձաքննություն նշանակվեց: Առաջին փորձաքննության արդյունքներով Սաֆարովը միանգամայն առողջ էր եւ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ նա 8 տարի ռազմական կրթություն էր ստացել Թուրքիայում եւ եղել էր նրանց լավագույն սպայական կազմում: Բացի այդ, փորձաքննության ժամանակ նա 4 ժամ նկարագրել էր սպանության մանրամասները: Երրորդ փորձաքննությունից հետո փորձագետները նրան անմեղսունակ էին ճանաչել եւ կարող էին ազատել պատժից: Սաֆարովի փաստաբանը պնդում էր, թե պետք է հաշվի առնել, որ Սաֆարովը այլ մշակույթի ներկայացուցիչ է, եւ մենք չենք կարող նրա հոգեբանությունը հասկանալ:

Մենք գործը դիտարկում էինք իրավական դաշտում: Մեզ հաջողվեց փաստարկել, որ մեղադրվող կողմը ճիշտ չի ներկայացնում պատմական իրադարձությունները: Փաստաթղթերով հիմնավորեցինք, որ 1992թ.-ին Ջաբրաիլում աֆղան-մոջահեդներն են եղել, երբ հայկական զորքերը մտել են այդ տարածք, այնտեղ արդեն խաղաղ բնակչություն չի եղել: Ճիշտ է, Սաֆարովը ծնվել է Ջաբրաիլում, սակայն 1991թ.-ին մեկնել է Բաքու, իսկ 1992թ.-ին մեկնել է Թուրքիա` սովորելու: Փաստեցինք, որ Ջաբրաիլը ազատագրվել է 92-93թթ.-ին, երբ նա արդեն Թուրքիայում էր, հետեւաբար չէր կարող պատերազմական դաժանություններ տեսնել:

- Ի՞նչ եք կարծում, ձեր բացակայության պայմաններում դատաքննությունը չէ՞ր ունենա այն արդյունքը, ինչ եղավ, դատախազությունը բավարար պարտավորվածություն չէ՞ր զգա մեղադրանքը պաշտպանելու հարցում:

- Պատմական իրադարձություններին անտեղյակությունը կխանգարեր նրանց մեղադրանքը պաշտպանելու հարցում: Նրանք գիտեին, որ սպանություն է եղել, բայց սպանությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներ կան: Ռամիլ Սաֆարովին մեղադրում էին 4 ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն կատարելու մեջ՝ կացին է գնել սպանություն կատարելու մտադրությամբ, որով կանխամտածված սպանություն է կատարել, առավել դաժանությամբ է սպանությունը կատարել, եւ որ ազգային պատկանելության համար մեկը զոհվել է, մյուսը՝ մահափորձի ենթարկվել: Ճիշտ է, Բուդապեշտի դատարանում տրամադրված էին արդար դատավճիռ կայացնելու, սակայն այդ ամենը պետք է ապացուցվեր: Ո՛չ փաստաբանը, ո՛չ դատախազը չէին կարող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցեր տալ: Այդ ամենը պատմական փաստերով էր պետք հիմնավորել, եւ դատախազը չէր կարող դա միայնակ անել:

Ավելին, նրանք անտեղյակ էին, որ մենք Ադրբեջանի հետ ոչ մի փոխհարաբերություն չունենք: Նախաքննության ավարտից հետո, երբ ծանոթանում էի քրեական գործի նյութերին, նկատեցի գործում դրված մի գրություն, որով դատախազը որոշում էր կայացրել գործի քննությունը Բաքվի դատարան ուղարկելու մասին: Ես մեկ շաբաթվա ընթացքում կարողացա հանդիպել Հունգարիայի բաձրաստիճան պաշտոնյաների հետ ու բացատրել, որ մենք Ադրբեջանի հետ ոչ մի փոխհարաբերություն չունենք եւ չենք կարող պաշտպանել տուժողի իրավունքները: Մեզ ընդառաջեցին, եւ գործը քննության ուղարկվեց առանձնապես ծանր քրեական գործեր քննող մայրաքաղաքային դատարան:

Սաֆարովին լիովին հուսադրել էին, որ դատաքննությունը կտեղափոխեն Բաքու, եւ նա ազատ կարձակվի: Հունիսի 19-ին, երբ գործը հանձնվել էր մայրաքաղաքային դատարան, եւ Սաֆարովի փաստաբանը նրան տեղեկացնում է, որ դատավարությունը տեղի է ունենալու Բուդապեշտի դատարանում, նա հիստերիայի մեջ է ընկնում ու վիրավորում է կալանավայրի աշխատակիցներին:

Կալանավայրում երկրորդ քրեական գործն է հարուցվում կալանավայրի աշխատողների հետ վատ վարվելու համար: Հիմա այս գործն էլ է քննվում դատարանում:

- Հայազգի սպայի սպանության գործը քննվել է երկու դատական ատյաններում, գործի քննությունը դրանով սահմանափակվո՞ւմ է:

- Գործը լսվել է մայրաքաղաքի առավել ծանր քրեական գործեր քննող առաջին ատյանի դատարանում մեկ դատավորի եւ երկու ատենակալի կազմով, այնուհետեւ մեղադրվող կողմի բողոքի հիման վրա քննվել է վերաքննիչ դատարանում: Այստեղ քննվում էր 3 դատավորի կազմով, եւ նախագահող դատավորը կին էր՝ Պերյոշկա Կարպատ: Հունգարիայում նույնպես գործում է եռաստիճան դատական համակարգ՝ առաջին ատյան, վերաքննիչ դատարան եւ Գերագույն դատարան, որը ոչ բոլոր բողոքներն է ընդունում վարույթ: Մարտի 2-ին լրացել է Գերագույն դատարան բողոք բերելու ժամկետը, եւ մինչեւ օրս լուր չունենք` բողոք եղե՞լ է, թե՞՝ ոչ:

- Ձեր կարծիքով` կայի՞ն արտադատարանական գործոններ, որոնք ազդեցին դատավճռի վրա:

- Դատավճիռը կայացնելու օրերին Ադրբեջանում լայն քարոզչություն էր ընթանում, որով քարոզվում էր ընդօրինակել Սաֆարովի հերոսական արարքը: Մենք հունգարական ինտերնետային էջերից վերցրինք եւ դատարանին ներկայացրինք Սաֆարովին «Տարվա մարդ» ճանաչելու մասին տեղեկությունը: Դատավորն ասաց, թե չգիտի որեւէ երկիր, որտեղ մարդասպանը հերոսացվի: Այս հանգամանքը բացասաբար անդրադարձավ նրանց վրա:

Վերաքննիչ դատարանում փաստաբանն ասում էր, որ դատարանը հաշվի չի առել, թե ինչ միջավայրում է Սաֆարովը ձեւավորվել որպես անձ, իր երկրում հայ սպանելը մարդասպանություն չէ: Դա համընկավ փետրվարի 22-ին Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության հետ: Այստեղ նույն ձեռագիրն էր, դարձյալ մարդասպանին հերոսացնելու փորձ արվեց:

Դատախազի ճառը շատ զգացմունքային էր ու խիստ: Նա ասում էր, որ Սաֆարովը չի հարգել Հունգարիայի հյուրընկալությունը եւ ապտակ է հասցրել հունգարացի ժողովրդին: Նախաքննության ժամանակ կատարվածը որակվել էր ցեղասպանություն, եւ դատաքննության ընթացքում դա կրկնեց երկու անգամ: Նշեց, որ Գուրգեն Մարգարյանը սպանվեց միայն նրա համար, որ հայ էր, իսկ դա ծանր հանցագործություն է համարվում, քանի որ հիմքում ազգային խտրականությունն է, եւ պահանջեց ցմահ բանտարկություն՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Դատավորը Սաֆարովի արարքը ռասիզմ որակեց: Դատավճռում ընդգծվեց, որ այդ երկրներում մարդիկ զոհվում են միայն ազգային պատկանելության համար:

- Ի՞նչ տվեց ձեզ մասնակցությունը այդ դատաքննությանը եւ ի՞նչը կցանկանայիք տեսնել Հայաստանի դատարանում:

- Ամենակարեւորը` այդ դատավճիռը իմ մեջ վերականգնեց հավատը արդարադատության նկատմամբ: Հունգարիայի դատարանում ամենագրավիչը կարգ ու կանոնն էր, խստապահանջությունը սահմանված կարգապահության նկատմամբ: Ճիշտ է, դատավորի ներս մտնելուց ոտքի չէին կանգնում, ինչպես մեր դատարանում, բայց բոլորն իրենց պարտականությունները հստակ գիտեին: Այն փաստաթուղթը, որն առնչություն չուներ դատական գործի հետ, չէր ընդունվում: Դատավորի եւ օգնականի հետ ոչ մի շփում չէիր կարող ունենալ եւ միայն նիստից հետո կարող էիր փաստաթղթերը փոխանցել օգնականին:

Կարգապահական հարցերում շատ խստապահանջ էր դատարանը, եւ այդ խստությունը քեզ հարկադրում էր հարգանք տածել դատարանի նկատմամբ: Թարգմանիչը 10 րոպե ուշացել էր, եւ դրա համար դատավորը տուգանք նշանակեց, իսկ երբ նա փորձեց առարկել, 300 դոլարի հասավ տուգանքը: Երրորդ փորձաքննությունից հետո փորձագետին հարցաքննում էին, թե ինչպես է նա անմեղսունակ ճանաչել Սաֆարովին, նա չկարողացավ պատասխանել եւ լռեց: Դատարանն արձանագրեց, որ փորձագետը չի ցանկանում պատասխանել հարցին, վերջինս առարկեց, թե չի հրաժարվում հարցին պատասխանելուց: Դրա համար նրան 500 դոլար տուգանեցին:

- Տեղական լրատվամիջոցները հետաքրքրվա՞ծ էին այս գործով:

- Մեծ հետաքրքրություն կար գործի նկատմամբ, եւ հունգարական լրատվամիջոցները մասնակցում էին, դատավճիռն ընթերցելու օրը կային բոլոր տեղական եւ միջազգային լրատվամիջոցները, «Ազատություն» ռադիոկայանը ուղիղ եթեր տվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter