HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցական համազգեստ․ալավերդիցները տարակարծիք են

Դպրոցական համազգեստներով աշակերտների Ալավերդիում հնարավոր է հանդիպել միայն սեպտեմբերի առաջին երկու տասնօրյակում: Ալավերդու դպրոցների տնօրենները բացատրում են, որ աշնան և ձմռան ամիսներին  աշակերտները միասնական համազգեստ չեն հագնում դպրոցների վատ  ջեռուցման պատճառով:

Աշակերտները, սակայն  դպրոցական միասնական համազգեստի հարցում  տարակարծիք են: Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Կարինա Վարդանյանի համար գեղեցիկ և ճաշակով հագնվելու առաջին օրինակը ուսուցչուհիներն են:

«Մենք նկատում ենք նրանց հագնվելու ոճի տարբերությունը: Ես հատկապես հաճույքով եմ ընդունում իմ ռուսերենի ուսուցչուհի Ասյա Դավոյանի հագնվելու ոճը: Նա միշտ դասական  ոճի մեջ է, դա ինձ ավելի հոգեհարազատ  է»,- բացատրեց Կարինան:

Աշակերտուհու  խոսքով՝ դպրոցի  տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը հետևում է, որ դպրոցականները համազգեստով լինեն: Սակայն երբ եղանակները ցրտում են, նա աշակերտներին թույլատրում է  հագնել նաև ազատ ոճի հագուստ: «Դպրոցում  հատկապես ցուրտ եղանակների համար մենք աշակերտական միասնական համազգեստ չունենք: Այդ խնդիրը աշակերտներով աշխորհրդում քննարկել ենք: Մեծամասնությունը համաձայնություն է տվել միասնական աշակերտական համազգեստի գաղափարին»,- հայտնեց Կարինան:

Կարինան ասում է, որ ինքը  դպրոցում գերադասում է հագնել աշակերտական համազգեստ: Դասերից հետո հագնում է իր նախընտրած ջինսերն ու մյուս հագուստները:

Թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը դժգոհեց, որ բարձր դասարանների աղջիկները հաճախ դասի են գալիս պատռած ջինսերով. «Գալիս են դպրոցում իրենց հագուստը փոխում, հետո տուն գնալիս նորից հագնում են սպիտակ վերնաշապիկները»,- պատմեց նա: Ծնողական ժողովում այդ աշակերտներից տնօրենը դժգոհել է ծնողներին: Առանձին մայրեր տնօրենին բացատրել են, որ աղջիկները հագնվելու հարցում իրենց խորհուրդները չեն ընդունում:

Վերադառնալով աշակերտական միասնական համազգեստին, Լաուրա  Մելիքսեթյանը, հաշվի առնելով ծնողների մի մասի սոցիալական ծանր վիճակը, գտնում է, որ ավելի ողջունելի կլիներ, եթե աշակերտներին միասնական համազգեստ տրամադրվեր անվճար:

Ալավերդու պետական քոլեջի ուսանողուհի Լյուդմիլա Մոսինյանը նորմալ է վերաբերվում դպրոցական միասնական համազգեստին. «Բայց իմ հասակակիցներից գիտեմ շատերին, ովքեր այդքան էլ չեն ընդունում դպրոցական համազգեստը: Նրանք մտածում են, որ յուրաքանչյուր աշակերտ անհատականություն է: Միասնական համազգեստ հագնելու դեպքում աշակերտները իրարից չեն տարբերվում և միանման են դառնում: Իհարկե, ես այդքան էլ այդ կարծիքին չեմ, դա նույնիսկ գեղեցիկ է դիտվում», - բացատրեց Լյուդմիլան:

«Այդպես մենք ավելի գեղեցիկ ենք դառնում: Ես այստեղ անհատականության նույնացման խնդիր չեմ տեսնում, ընդհակառակը, դա մեր մանկության և պատանեկության գեղեցիկ  խորհրդանիշներից մեկն է»,- բացատրեց Սայաթ-Նովայի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննան Գևորգյանը: Նույն դասարանի մեկ այլ աշակերտուհի, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց, որ  դպրոցական միասնական համազգեստ կհագնի այն դեպքում, երբ  համազգեստի մոդելը լինի իր նախընտրածը և համընկնի մարմնի կազմվածքին:

Թիվ 12 հիմնական դպրոցի 7-րդ  դասարանի աշակերտուհի Սուսաննա Սոխիկյանը ընդհանրապես սպորտային համազգեստը գերադասում է աշակերտական համազգեստից: Նա ասում է, որ դպրոցում աշակերտական համազգեստ մեկ-մեկ է հագնում. «Չգիտեմ, աշակերտական հագուստով չեմ գնում դպրոց»,- ասաց նա:

Նրա դասարանցի Զոյա Ղազարյանի խոսքով, հիմա թիվ 12 դպրոցում  բոլորը նախընտրում են սպորտային հագուստ, եթե մի քանի հոգի աշակերտական համազգեստ են հագնում, առանձնանում են: «Տաք եղանակին աշակերտական եմ հագնվում՝ սև յուբկա և սպիտակ բլուզկա: Ես կուզենայի դպրոցում շալվարով, սառաֆանով ու վարդագույն երանգով աշակերտական հագուստ հագնել»,- ասաց Զոյան:

Թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանն ասում է, որ ինքը պահանջում է աշակերտական համազգեստով գալ դասի, սակայն աշակերտները գարնանը և ամռանն են համազգեստով լինում: «Հիմա ձմռան սեզոն է, ինչպես տեսնում եք դպրոցն էլ ոչ այնքնան ապահով է ջեռուցման առումով, մեր դպրոցի միջանցքերը չեն ջեռուցվում, մի քիչ աչք ենք փակում աշակերտների հագուստի նկատմամբ»,- բացատրեց տնօրենը:

 

Թիվ 12 դպրոցի միջանցքներում լուսամուտների շատ ապակիներ կոտրած էին: Գոհար Ավետյանը աշակերտների դպրոցական համազգեստ չհագնելու փաստը բացատրեց նաև ընտանիքների սոցիալական ծանր վիճակով: «Դպրոցն ունի 528 աշակերտներ, 5-9 դասարաններում սովորում են 200 աշակերտներ: Աշակերտների շուրջ 30 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են: Աշակերտներից ձմեռային միասնական համազգեստի խնդիրը դնելուց առաջ, այդ մասին  պետք է հարցումներ անել ծնողներին»,- բացատրեց նա:

Երևանի «Ուրարտու» համալսարանի դասախոս, հոգեբան Մարինա  Թոզավագյանի ասելով հագուստը մարդու անհատականության դրսևորման տարրերից մեկն է։ «Ուսուցչի հագուստը պետք է լինի աշակերտի ուշադրությունը չշեղող` երեխայի ճաշակի զարգացման հետ կապված»,-ասաց հոգեբանը: Անդրադառնալով աշակերտական համազգեստին Մ. Թոզավագյանը գտնում է, որ դպրոցի կողմից սահմանված «ցենզուրայի սահմաններում» դեռահասներին պետք է թույլ տրվի հագուստի միջոցով դրսևորել իրենց անհատականությունը:

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
«Ուսուցչի հագուստը պետք է լինի աշակերտի ուշադրությունը չշեղող` երեխայի ճաշակի զարգացման հետ կապված»,-ասաց հոգեբանը: .................Այս «հոգեբանը» կարող է՞ պարզ լեզվով բացատրել իր ասածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter