HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյան համայնքի բյուջեն կհաստատվի 2016թ-ի հունվարին՝ հանրային քննարկումից հետո

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2016թ-ի բյուջեն ավագանու հաստատմանը կներկայացվի հունվար ամսին: Համայնքապետ Արծրուն Իգիթյանն ասում է, որ սովորաբար, երբ համայնքային բյուջեն հաստատում են անցնող տարվա դեկտեմբեր ամսին, ապա նոր տարում հարկ է լինում վերահաշվարկ կատարել. «Բազային թվերը մենք կարողանում ենք ստանալ միայն տարեթիվը փոխվելուց հետո, որը խնդիրներ է առաջացնում եւ հարկ է լինում վերանայել ամբողջ բյուջեն, կրկին ավագանու նիստ հրավիրել ու դնել հաստատման արդեն լրամշակված տարբերակը»:

Արդեն երկրորդ տարին է` Ախուրյան համայնքը առաջնորդվում է արդյունավետ բյուջեի կազմման սկզբունքով: «Համայնքների ֆինանսիստների միության» աջակցությամբ եւ մասնակցությամբ 2016թ-ի հունվարի երկրորդ կեսին Ախուրյան համայնքի բյուջեի հետ կապված կկազմակերպվի հանրային քննարկում: «Ես որքան գիտեմ` մինչեւ 2017թ-ը հանրապետության բոլոր համայնքները պետք է անցնեն բյուջեի կազմման այս ձեւին: Մենք, կարելի է ասել, առաջնեկներից ենք, հանրապետությունում նման ձեւով աշխատում է 10 համայնք, եկող տարում թիվն ավելանալու է»,- նկատում է Արծրուն Իգիթյանը:

2015թ-ին Ախուրյանի բյուջեն կազմել է 217 մլն դրամ, որից սեփական եկամուտները 61մլն դրամ են, իսկ դոտացիան՝ 151 մլն դրամ: Ծախսային մասով բյուջեն կազմել է 238,5 մլն դրամ: «Մենք անցած տարեվերջին ունեցել էինք խնայողություն 21 մլն դրամի չափով: Խնդիրն այն է, որ բնակիչները շատ հաճախ հարկերը վճարում են դեկտեմբերի վերջին օրերին, կուտակվում է գումար, որը բնականաբար մենք չենք կարող ծախսել եւ այն փոխանցվում է հաջորդ տարի»,- բացատրում է Ախուրյանի համայնքապետը:

Նախորդ տարիների համեմատ 2015թ-ին Ախուրյանում ավելի քիչ ծրագրեր են իրականցվել: Սեփական եկամուտներից ընդամենը 31 մլն դրամ է ծախսվել մի քանի փողոցներում փոսային եւ մասնակի հիմնանորոգում իրականացնելու համար: Ախուրյանը Նոր Ախուրյանին կապող միջհամայնքային մոտ 2 կմ անբարեկարգ ճանապարհի 400 գծամետրն ամբողջովին ասֆալտապատվել է մարզպետարանի հրատապ ծրագրից հատկացված 20 մլն դրամի շնորհիվ:

Ախուրյանում բնակվող սոցիալապես անապահով 200 ընտանիքի անցնող տարում, որպես սոցիալական աջակցություն, տրամադրվել է ընդհանուր 5 մլն դրամ: Համայնքի ենթակայության տակ գործող կազմակերպություններում, որտեղ աշխատում է 100 մարդ, կրճատումներ չեն եղել՝ հպարտությամբ նշում է համայնքապետը: Համայնքային ենթակայությամբ գործող 10 ՀՈԱԿ-ներում եւ մեկ ՓԲԸ-ում, ինչպես նաեւ բուն համայնքապետարանում ընդհանուր առմամբ աշխատում է 130 մարդ: Աշխատավարձի ֆոնդը կազմում է 101 մլն դրամ:

«Ախուրյանում գործում է երեք մանկապարտեզ, մեկ սպորտդպրոց, մշակույթի տուն, արվեստի դպրոց, գրադարան: Մանկապարտեզում վարձը 3 հազար դրամ է: Համայնքապետարանը կատարում է տնտեսական ծախսերը՝ ջեռուցում, էլեկտրաէներգիա եւ այլն: Հավաքած վարձը ուղղվում է միայն սննդի ձեռքբերմանը, թեպետ այս ուղությամբ էլ համայնքապետարանը աջակցում է:- ներկայացնում է Արծրուն Իգիթյանը,- Մանկապարտեզներն ապահովված են լոկալ ջեռուցմամբ, բացառությամբ «Առաջին քայլեր» նախակրթարանի, որտեղ խնդիրներ կան. ամեն տարի այնտեղ մասնակի նորոգումներ ենք իրականացնում, այս տարի էլ հարկ եղավ խոհանոցը վերանորոգել, քանի որ ստանդարտներին չէր համապատասխանում ու ստուգումներից հետո մանկապարտեզի գործունեությունը ժամանակավոր կասեցվել էր մինչեւ թերությունների վերացումը: Ախուրյանում 250 երեխա հաճախում է մանկապարտեզ եւ կարելի է վստահաբար ասել, որ առաջին դասարան գնացող երեխաների 95 տոկոսը մանկապարտեզից են»:

2015թ-ին նորացվել է գիշերային լուսավորության ցանցը: Նախկինում եղած 120 լուսակիրները փոխարինվել են նորերով, տեղադրվել են 250 խնայողական լամպեր, ինչպես նաեւ նոր հենասյուներ այն թաղամասերում, որտեղ ընդհանրապես բացակայել է գիշերային լուսավորության ցանցը: Գործընթացը շարունակվելու է նաեւ գալիք տարում: 2016-2017թթ.-ին վերջնականապես կլուծվի նաեւ Ախուրյանի անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը: Գլենդել հիլզ կազմակերպության կողմից կառուցված ու այդպես էլ ավարտին չհասցրած երեք շենքերի շինաշխատանքներն ավարտելու համար հաջորդ տարի կհայտարարվի մրցույթ:

«Ինչպես գիտեք, պիտի կառուցվեր 4 բազմաբնակարան, սակայն կառուցվեց 3-ը: Այս շենքերից բնակարան կստանա 104 անօթեւան ընտանիք, եւ եւս 33-ն ընդգրկված են ԲԳՎ ծրագրում: Սրանով պետությունն իր պարտավորությունը Ախուրյան համայնքի անօթեւանների նկատմամբ կավարտի: Հիմա պետք է այդ շենքերը Գլենդել հիլզի ակտիվներից վերցնեն հանձնեն Շիրակի մարզպետարանին, որ հնարավոր լինի այլ շինկազմակերպություն ներգրավելու համար մրցույթ հայտարարել»,- ասում է Ախուրյանի համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter