HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Րաֆֆիի հացադուլը խառնել է իշխանությունների եւ ՀԱԿ-ի խաղաքարտերը

Ազատության հրապարակ այցելելուց հետո անպայման ուզում ես անդրադառնալ այնտեղ հնչող զուռնա-դհոլին ու հենց Րաֆֆի Հովհաննիսյանից մի 10 մետր հեռավորությամբ աշխատող ատրակցիոնին, որը սղոցով փայտ կտրելու ձայն է հանում: Մի քանի րոպե այնտեղ կանգնելուց հետո զգում ես, որ ուղեղդ «սղոցվել» վերջացել է:

Ես գիտեմ, որ Րաֆֆին կարող է դիմանալ առանց ուտելիքի, բայց այս ձայներին եւ զուռնա-դհոլին չի կարողանա դիմանալ: Ոստիկաններն արգելել են վրան դնել. չեն ուզում, ու վերջ: Սա, իհարկե, ոստիկանների որոշելիք հարցը չէ: Վրանի հարցով էլ է երկրի նախագահը զբաղվում:

Հացադուլից հետո Րաֆֆին դարձավ նախ ՀԱԿ-ի, հետո նոր միայն իշխանությունների թշնամին: Նրա այս քայլից անակնկալի են եկել եւ իշխանությունները, եւ ՀԱԿ-ը: Դրա համար երկուսն էլ իրենց մամուլում ուղղակի «ոչնչացնում են» Րաֆֆիին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող «տանել» մի իրավիճակ, որում հիմնական դերակատարումն իրեն չէ վերապահված, քանի որ, բնականաբար, հրապարակի հերոսն ինքը պետք է լինի: Եվ հիմա խախտվել է մի բան. ինքը նույնիսկ չի մտածում Րաֆֆիին մոտենալու մասին, հիմա ինքն ավելի մեծ գործ ունի. ճանապարհ է հարթում դեպի խորհրդարան' դեպի բիզնեսի բորսա:

Ազատության հրապարակի հացադուլակից հատվածում կանգնած' նայում էի Րաֆֆիին մոտեցող մարդկանց: Կարելի է ասել' հոսքը շարունակական է: Րաֆֆիի կողքին նստած՝ որդին ինչ-որ բան էր ընթերցում հոր համար: Խմբերով կանգնած մարդիկ ինչ-որ բաներ են քննարկում: Ամենաաղմկոտը գրողների միության նախկին պահակի խումբն էր. նրա ձայնը երբեմն նույնիսկ խլացնում էր զուռնա-դհոլին:

Երիտասարդների մի խմբում էլ երկու հոգի թեժ վիճում էր. « ...Ախպեր, Լեւոնը հեղափոխություն անողը չի, նա թռնող է, Մարտի 1-ին էլ թռավ: Հեղափոխության առաջնորդը ինչի՞ պիտի թռներ, կարա՞ս ասես: Ու հիմա նորից եկել, ասում ես' կլինի, էս ա կլինի: Անցած անգամ ասիր' մարտի 17-ին կլինի: Հիմա էլ ասում ես' ապրիլին: Նենց որ, Լեւոնի անունը մի տուր: Հիմա որ ասում է' Րաֆֆին սխալ է արել, լավ, ընդունենք' սխալ է արել: Էդքան քաղբանտարկյալ կա, դե թող Լեւոնը հացադուլ աներ, ինչո՞ւ չի արել, թող գնա հիմա Նիկոլի համար հացադուլ անի: Ես ճանապարհ եմ ցույց տալիս, թող հավաքվեն Դեմիրճյանով, Արամով, Հովհաննես Հովհաննիսյանով գնան հացադուլ անեն, ես էլ կգամ հետները կնստեմ: Լավ, մի բան անելո՞ւ եք: Հավայի բերելու եք էս սոված ժողովրդին ստեղ, հետո ասելու եք' գնացեք տուն »:

«Տուֆտայություններ են դուրս տալի, ընկեր: Էդ ճանապարհ չի, ի՞նչ հացադուլ անի. հացադուլով հարց չես լուծի: Լեւոնը լավ էլ գիտի. քայլ առ քայլ սրանց թուլացնելու ենք, ու միանգամից է լինելու սրանց քցելը: Հիմա էլ ժողովրդի մեջ տարածում են, որ Լեւոնն իշխանությունների հետ համագործակցում է: Ստեղ են ասել' տո լավ է... , հանցագործների հետ ո՞նց ես պատկերացնում համագործակցելը»,- ասաց մյուս երիտասարդը:

Նրանք շարունակում էին մեկը մյուսին հակադարձել, իսկ ես էդ ատրակցիոնի ու զուռնա-դհոլի ձայնին չդիմացա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter