HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Թուրքիայի Խոփայի շրջանում այսօր 25-30 հազար մահմեդական հայախոս համշենցի կա»

Հարցազրույց բանասեր, «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի փոխնախագահ եւ «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանի հետ

Ըստ հայ նշանավոր պատմիչներ Ղեւոնդի եւ Հովհան Մամիկոնյանի` Հայաստանում արաբական տիրապետության ժամանակ` 789-790 թթ.-ին, Շապուհ Ամատունին եւ նրա որդի Համամը 12 հազ. հոգու հետ Այրարատ նահանգից գաղթում են դեպի Սեւ ծովի` Բյուզանդական կայսրության ենթակայության տակ գտնվող հարավային ափերը:

Համամ Ամատունին 8-րդ դարում կառուցում է քաղաք, որն իր անունով կոչում է Համամաշեն: Սրանից էլ ծագում է Համշեն անունը: Համշենի հայկական իշխանությունը Բյուզանդիայի, Տրապիզոնի կայսրության, Լենկ-Թեմուրի եւ թուրքմենների տիրապետության ժամանակաշրջանում ունեցել է կիսանկախ դրություն: Սակայն 1489-ին ուղիղ 700 տարի գոյատեւած Համշենի հայկական իշխանությունը ի վերջո մտնում է Օսմանյան կայսրության մեջ: Չնայած դրան` համշենցիները պահպանում են իրենց կիսանկախ վիճակը:

- Պարոն Վարդանյան, հայտնի է, որ համշենահայերի վրա նույնպես տարածվել է մահմեդականացման ալիքը: Ե՞րբ են տեղի ունեցել իրադարձությունները, եւ քանի՞ համշենցի է իսլամ ընդունել:

- Ասեմ, որ Համշենի հայերի մահմեդականացման պատմությունը շատ կցկտուր է, քիչ փաստեր են պահպանվել: Պատճառն այն է, որ 1915-ից հետո շատ նյութեր են կորել ու ոչնչացվել: Սա վերաբերում է նաեւ ամբողջ Արեւմտյան Հայաստանի պատմությանը: Եղած տվյալներով կարելի է ենթադրել, որ Համշենի շրջանում մահմեդականացման բուռն ընթացքը եղել է 18-րդ դարի սկզբին: Բռնի մահմեդականացված հայերի մի մասը առերես է իսլամ ընդունել, այն հույսով, որ այդ ալիքը կանցնի, եւ իրենք կվերադառնան քրիստոնեության: Մի մասն, իսկապես, դարձի է եկել: Այդ ընթացքում շատերը զոհվել են, մի մասն էլ փախել է այլ գավառներ: Թվային տվյալներ չկան: Սա ընդհանուր երեւույթն է:

Թուրքական փաստաթղթերում չի նշված, թե տվյալ գյուղում ապրող մահմեդականներից քանիսն են նախկինում եղել հայ, հույն կամ այլ ազգի ներկայացուցիչ: Հետաքրքիր է, որ ըստ Երեմեեւի «Թուրքերի ծագումը» գրքի` թուրքերը ( այդ թվում` ադրբեջանցիները ) միակ ազգն են, որ փոխել են ռասան: Այսինքն` նրանք լինելով մոնղոլոիդ ռասայի` դարձել են եվրոպեոիդ: Իսկ դա կատարվել է շնորհիվ հայերի, պարսիկների, հույների, սլավոնների եւ այլ ազգերի, որոնց ձուլել են թուրքերը: Հիմա ձուլվածների մի մասը չի էլ հիշում, թե ինքն ինչ ազգի է պատկանել: Նոր կրոնափոխվածներն, իհարկե, այդ ամենը հիշում էին, բայց նրանց հետագա սերունդները կտրվել են այդ հիշողություններից: Համշենցի մահմեդական հայերի մի մասն առ այսօր պահել է իր լեզուն: Այսինքն` հայերեն խոսողները գիտեն, որ իրենց նախնիները հայ են եղել, բայց իսլամ են ընդունել: Այլ հարց է, թե ինչպես է դա տեղի ունեցել: Պարզ է, որ թուրքը կասի, թե վերջիններս ինքնակամ են իսլամ ընդունել, իսկ գիտնականներն ասում են, որ կրոնափոխությունը եղել է սպանդի արդյունք:

- Իսկ որքա՞ն կլինեն այսօր համշենցի հայախոս մահմեդական հայերը:

- Հիմա Խոփայի շրջանում մոտ 25-30 հազ. մահմեդական հայախոս համշենցի կա: Իսկ բուն Համշենում ապրող բաշ-համշենցիների մեծ մասը մոռացել է իր հայկական ծագումը: Բաշ-համշենցիներ են ապրում նաեւ Ստամբուլում, Գերմանիայում եւ այլ երկրներում:

- Համշենահայերը, մոտ լինելով ռուս-թուրքական սահմանին, 1894-1923-ի կոտորածների ժամանակ կարողացել են ծովով հեռանալ Ռուսաստան, բացի այդ, դիմադրել են ջարդարարներին:

- 1895-ի Տրապիզոնի ջարդերից առաջ էլ համշենահայերը Թուրքիայից փախչելու միտում ունեին: Այդ շրջանում նրանք նավերով գաղթում էին Սեւ ծովի ռուսական ափեր` Աբխազիա, Սոչի: 1915-ին փախուստի ալիքը մեծացավ: Դրան զուգահեռ ծագեց դիմադրական կամ ֆիդայական շարժումը: Տրապիզոնի վիլայեթի քրիստոնյա հայերը լեռները բարձրացան ու պաշտպանական խմբեր կազմեցին: Մահմեդական հայերի որոշ ընտանիքներ եւս կոտորվել են, քանի որ հայերեն էին խոսում եւ, թուրքերի կարծիքով, վստահելի չէին: Հայերը կռվել են 1915-ից մինչեւ 1923-ը: Վերջին փախստականներն ու ֆիդայիները նավերով Ռուսաստան են հասել 1923-ի մայիսին: Դա աննախադեպ ութամյա պայքար է եղել: Բայց այդ կռիվը պատշաճ չի ուսումնասիրվել: Ես իմ արխիվում շատ նյութեր ունեմ, ուրիշ տեղերում էլ այդպիսիք կլինեն, սակայն հրատարակելու միջոց ու հովանավոր չկա:

- Իսկ կոտորածներին զոհ գնացած համշենցիների մասին թվային տվյալներ կա՞ն:

- Երբ մենք այսօր մեր բնակչության կոնկրետ թիվը չգիտենք, ինչպե՞ս կարող ենք իմանալ այն տարիներին կոտորվածների քանակը: Իսկ մոտավոր տվյալները հեռու են իրականությունից եւ սուբյեկտիվ են: Այդ շրջանում հայերի թիվը ճշտելու համար պետք է ուսումնասիրել այդ տարիների հարկացուցակները: Բայց դրանցից էլ հստակ տվյալներ ձեռք բերել հնարավոր չէ, քանի որ մարդկանց մի մասը խուսափել է հարկերից: Շատ դժվար է նաեւ կոտորվածների մասին թվային տվյալներ նշել: 1895-ի ջարդերի ականատեսներից մի հայ քահանայի վկայությամբ` ինքը թուրքերի կարգադրությամբ թաղում էր սպանվածների դիակները, բայց ինքն էլ զոհերի թիվը չգիտեր: Այդ տվյալները օսմաներենով գուցե պահպանված լինեն թուրքական արխիվներում:

- Ինչպիսի՞ն էր Ռուսաստան տեղափոխված համշենահայերի վիճակը:

Չիրկինո գյուղի մի խումբ մահմեդական
համշենահայեր (1984 թ.)

- Ռուսաստանը քրիստոնյա համշենահայերին ընդունում էր ջերմությամբ, քանի որ սեւծովյան առափնյա շրջանները բնակեցնելու խնդիր կար: Հայերը, ճահճային կլիմային ծանոթ լինելով, կարողացան այդտեղ զարգացնել ծխախոտագործությունը: Ռուսաստանում եւ Միջին Ասիայում կան նաեւ մահմեդական համշենահայեր, որոնց թիվը հիմա մոտ 3-4 հազար է: Միջին Ասիայում նրանք հայտնվել են հետեւյալ կերպ. 1921-ի ռուս-թուրքական սահմանի բաժանումից հետո մահմեդական համշենցիներով եւ լազերով բնակեցված մի քանի գյուղեր հայտնվեցին Խորհրդային Միության (Աջարիայի ինքնավար հանրապետության) կազմում, իսկ 1944-ին Ստալինի հրամանով մեսխեթցի թուրքերի եւ տեղի այլ մահմեդականների հետ համշենցիներն աքսորվեցին Միջին Ասիա: 1984-ին եւ 1987-ին միջինասիական մահմեդական համշենահայերի պատմությունն ու ազգագրությունն ուսումնասիրելու համար ես մեկնեցի Ղազախստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան: Մեծահասակները զրույցների ժամանակ հիշում էին Մեծ եղեռնի օրերը:

Իսխակ Կարաիբրահիմովը (Ճերմակյան, ծնվ. 1888թ. Աջարիայի Գոնիո գյուղում) Ղազախստանի Չիմքենդի մարզի Չիրկինո գյուղում ինձ պատմեց, որ ապաստան է տվել Արդվինից եւ այլ վայրերից փախած 18 հայերի, որոնց այնուհետեւ անտառներով անցկացրել է ապահով վայրեր: Չիրկինոյում հանդիպեցի նաեւ Խաուլա Շաբանօղլիին (ծնվ. 1898թ. Չաուշլի գյուղում), որը տեսել էր, թե ինչպես էին թուրքերը Արդվինի հայերին բարբարոսաբար սպանում: Նրա պատմությունից դատելով` թուրքերը հավաքել են նաեւ մահմեդական համշենցիներին` որպես հայերի, բայց հետո, ըստ երեւույթին որպես մահմեդականների, ազատ են արձակել:

Դուրսուն Կարաբաջակօղլի (1984թ.) Իսխակ Կարաիբրահիմով 
(1984 թ.)
Հայաստանի կույրերի միավորման նախագահ, համշենցի Աբել Հակոբյանը

Ղրղզստանի Կզըլ-Կիյա քաղաքում բնակվող Դուրսուն Կարաբաջակօղլին ( ծնվ. 1905թ. Աջարիայի Գոնիո գյուղում) պատմում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ընտանիքը տեղափոխվել է Չարչախանա` քեռիների մոտ: 1915-ին Չարչախանայից իրենց ազգական Օսման Մուսօղլին, ցանկանալով հեռու մնալ պատերազմից, որոշել է մեկնել Կոստանդնուպոլիս, բայց նավի վրա հայերեն խոսելու պատճառով թուրքերը մորթել են նրա ողջ ընտանիքը եւ ծովը նետել: Դուրսուն Կարաբաջակօղլիի ասելով` թեեւ ինքն այն ժամանակ փոքր էր, բայց գյուղի բոլոր երեխաները գիտեին, որ հայերեն խոսելը վտանգավոր է, չնայած որ ուրիշ լեզու չգիտեին: Թուրքերն ասում էին, թե քրիստոնյա հայերին կոտորելուց հետո մահմեդական հայերի հերթն է գալու, որովհետեւ, միեւնույն է, նրանք հայ են:

- Իսկ այսօր կապ պահպանու՞մ եք միջինասիական եւ, ընդհանրապես, մյուս շրջանների համշենահայության հետ:

- Այն տարիներին Միջին Ասիայից համշենցիները երբեմն իմ հրավերով գալիս էին այստեղ, մեկ-մեկ ես էի գնում: Նպատակ կար նրանց մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը: Ես ուզում էի սկզբի համար Միջին Ասիայից մոտ 30 մահմեդական ընտանիք բերել Հայաստան , մոտ 100 քրիստոնյա ընտանիք էլ Աբխազիայից պետք է բերվեր: Բայց 1988-ի երկրաշարժի ու ղարաբաղյան շարժման հետեւանքով ծրագրերն այդպես էլ կիսատ մնացին: Միջին Ասիայի համշենահայերը, մահմեդական լինելով, այստեղ բարեկամներ չունեն, դրա համար էլ շփումներ չկան: Իսկ այնտեղ ուսումնասիրություններ անցկացնելու համար միջոցներ են պետք: Սակայն պետք է ասեմ, որ 1984-ին արդեն Միջին Ասիայի մահմեդական համշենցիները տեղափոխվում էին Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանի գյուղերը, քանի որ Միջին Ասիան բավականին օտար միջավայր է նրանց համար:

Կրասնոդարում քրիստոնյա եւ մահմեդական համշենցիները տարբերվում են հիմնականում կրոնով: Բայց խորհրդային սերնդի մահմեդական համշենցիների մեջ կրոնը թույլ է, քանի որ շփում մզկիթի, մոլլայի, Ղուրանի հետ հետ գրեթե չի եղել: Մենք այսօր բավականին սերտ հարաբերություններ ունենք Աբխազիայի եւ Կրասնոդարի համշենահայերի հետ: «Համշեն» ՀԿ-ն այնտեղ ուղարկում է «Ձայն համշենական» ամսաթերթի տպաքանակի մեծ մասը եւ անվճար բաժանում: Հայաստանում ապրողները պարբերաբար մեկնում են այնտեղ, նրանք էլ այստեղ են գալիս, հարազատական կապեր կան: Ես շփում ունեմ նաեւ Թուրքիայից եկող բեռնատարների համշենցի վարորդների հետ: Ուսումնասիրություններ գրելու ժամանակ երբեմն դիմում եմ նրանց օգնությանը` կապված բարբառի, բանահյուսության հետ:

- Այսինքն` այսօր համշենահայերի բնակության հիմնական վայրերն են Թուրքիան, Կրասնոդարի երկրամասը, Աբխազիան, Միջին Ասիան եւ Հայաստանը: Հայտնի՞ է, թե որքան համշենցի կա մեր երկրում:

Խաթուն եւ Վլադիմիր Մուսելիմյաններ 
(Աբխազիա, Մեխադիր գյուղ , 2004 թ.)

 - ՀՀ-ում 1980-90-ական թթ. հաշվարկել էինք մոտ 10 հազ. մարդ: Այս թվերը պայմանական են, քանի որ համշենցի հասկացությունը շատ լայն է, ինչպես նման մյուս հասկացությունները: Համշենցի ասելով` պետք է հասկանալ նրանց, ովքեր բուն Համշենից են դուրս եկել կամ վերջիններիս սերունդներն են եւ խոսում են Համշենի բարբառով:

Բայց մեր կազմակերպության կանոնադրության մեջ գրված է, որ այն միավորում է Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի եւ Տրապիզոնի վիլայեթի հայերին ու նրանց ժառանգներին, նաեւ նրանց, ովքեր ցանկանում են նպաստել այդ վայրերի հայապահպանությանը: Այսինքն` սասունցին էլ կարող է միության անդամ դառնալ: Ցավոք, այսօր մեր համագումարներին հազիվ 100 հոգի է հավաքվում: Շատերն արտագաղթել են, բայց համշենահայեր Հայաստանում բավականին կան:

- Իսկ ո՞րն է այսօր համշենահայերի թիվ մեկ խնդիրը:

- Կարեւոր խնդիր ունեն արտերկում ապրող համշենահայերը եւ նրանք, ովքեր գաղթում են Հայաստանից: Դա, իհարկե, ազգապահպանումն է: Ձուլումը, խառնամուսնությունները բացասական հետեւանք են ունենում: Վրաց-աբխազական պատերազմի պատճառով Աբխազիայից հայերի մեծ արտահոսք կա: Չնայած դրան՝ Աբխազիայում դեռեւս գոյատեւում է 35 հայկական դպրոց, որոնց պետք է աջակցել: Կրասնոդարում էլ աստիճանաբար քչանում է դպրոցների հայկական բաժինների թիվը, ինչն, անշուշտ, մտահոգիչ է: Համշենցիների կենցաղն ու մշակույթն ուսումնասիրելու համար մեզ միջոցներ են պետք, սակայն հովանավորներ չենք կարողանում գտնել:

Լուս.՝ Սերգեյ Վարդանյանի, Ռուբեն Մանգասարյանի

Մեկնաբանություններ (2)

Տարոն Սահարյան
Չգիտեմ ով է հոդվածագիրը, բայց "Խոփա" տեղանունը ակնհայտ սխալ է՝ արված ռուսերենի ազդեցությամբ։ Ճիշտն է Հոպա https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%BA%D5%A1
henri
ԺԸ դարի վերջաւորութեան Մխիթարեան միաբան Հ.Ղուկաս Վրդ.Ինճիճեան գտնուած է այդ շրջաններուն մէջ եւ կը գրէ թէ սարսափելի ծանր տուրքերու պատճառով հարիւրաւոր գիւղեր « դարձան ի տաճկութիւն բայց խօսում են հայերէն »: (աշխարհագրութիւն Հայաստանի Հատոր Ա .Վենետիկ 1806.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter