HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-ադրբեջանական մրցավայրերը մնում են անհայտ

ՀՖՖ. «Հանդիպման վայրը փոխել չի կարելի»

Երբ 2006թ.-ի հունվարին Շվեյցարիայի Մոնտր քաղաքում տեղի ունեցավ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի վիճակահանությունը, շատերին սկսեց հուզել մեկ հարց` կկայանա՞ն, արդյոք, միեւնույն «A» խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականների երկկողմանի հանդիպումները:

Սակայն ՈւԵՖԱ-ի վճռական դիրքորոշումը ցրեց կասկածները:

Վիճակահանությունից մի քանի օր անց՝ փետրվարին, հաստատվեց ընտրական «A» խմբի խաղացանկը, ըստ որի` Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների առաջին հանդիպումը նշանակվեց այս տարվա սեպտեմբերի 8-ին Բաքվում, երկրորդը` սեպտեմբերի 12-ին Երեւանում:

Կասկած չկա, որ հարեւան երկրների հավաքականները հանդիպելու են, բայց որտե՞ղ: Այս հարցը ծագեց ադրբեջանական հիստերիայի պատճառով:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (ԱՖՖԱ) ի սկզբանե առաջ քաշեց Հայաստանի հավաքականի հետ չեզոք դաշտում հանդիպելու հարցը: ԱՖՖԱ-ն նույնիսկ ՈւԵՖԱ-ին եւ նրա անդամ բոլոր երկրների (բացառությամբ Հայաստանի) ֆեդերացիաներին նամակ ուղարկեց, որում մասնավորապես ասվում էր. «Հայաստանը ագրեսոր է... Ա յդ պատճառով էլ ավելի քան 15 տարի Ադրբեջանը Հայաստանի հետ ոչ մի տնտեսական, մշակութային, քաղաքական եւ այլ կապեր չի պահպանում: Հայ մարզիկները չեն մասնակցում մեր երկրում կազմակերպված միջազգային մրցումներին: Բացի այդ, մենք կուզեինք նաեւ տեղեկացնել, որ մեր ազգը համաձայն չէ Ադրբեջանում անցկացնել սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը»:

Իսկ ՀՖՖ-ն բազմիցս նշեց եւ այժմ էլ նշում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի ֆուտբոլային պատվիրակությանը տրամադրել բոլոր հնարավոր երաշխիքները, եթե վերջինս ժամանի Երեւան:

«Ես հավատում եմ, որ դա հնարավոր է, եւ հուսով եմ, որ նման մի խաղ էլ հնարավոր կլինի անցկացնել Բաքվում»,- ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթին ասել էր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականին պատշաճ մակարդակով ընդունելու, խաղի անցկացման, ֆուտբոլիստների եւ ֆուտբոլասերների անվտանգության ապահովման պատրաստակամության մասին հայտարարեց նաեւ ՀՀ կառավարությունը` ի դեմս վարչապետի:

ՀՖՖ-ն նաեւ պատրաստակամություն է հայտնում մեկնել Բաքու, եթե ադրբեջանական կողմը անվտանգության երաշխիքներ ներկայացնի: Բայց ադրբեջանցիները համառորեն պնդում են չեզոք դաշտի իրենց տարբերակը` ասելով, որ իրենք հայկական պատվիրակության անվտանգությունը չեն կարող ապահովել:

Այն մասին, որ ՈւԵՖԱ-ն կողմնակից է սեփական հարկի տակ խաղերն անցկացնելու տարբերակին, 2006-ի ապրիլին Երեւանում ասել էր ՈւԵՖԱ-ի այդ ժամանակվա գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսենը` միաժամանակ նշելով նաեւ անվտանգության հարցերի հետ կապված դժվարությունների մասին:

2006-ի մայիսին Շվեյցարիայի Նիոն քաղաքում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպեցին ՀՖՖ-ի եւ ԱՖՖԱ-ի պատվիրակությունները: Սակայն կողմերից յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին: Հայկական կողմը առաջարկում էր խաղերն անցկացնել սեփական դաշտերում, իսկ ադրբեջանցիները պնդում էին հակառակը՝ խաղալ երրորդ երկրում:

2007-ի հունվարին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի վեհաժողովում էլ կողմերը համաձայնության չեկան: Նույնը կրկնվեց նաեւ ապրիլի 12-ին Նիոնում ՀՖՖ-ի եւ ԱՖՖԱ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Հարեւան պետությունների շարունակական տարաձայնություններից հետո, օրենքի համաձայն, ՈւԵՖԱ-ն ստանձնեց խնդրի լուծումը: Եվ թվում էր, թե ահա ապրիլի 18-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում ի վերջո հարցը կլուծվի: Բայց դա տեղի չունեցավ, ու ամեն ինչ նորից հետաձգվեց մինչեւ հունիսի 23-ը: ՈւԵՖԱ-ի գործող կարգի համաձայն՝ հարցի վերջնական լուծումը պետք է տրվի հանդիպումներից նվազագույնը 60 օր առաջ: Այսինքն՝ չի բացառվում, որ ամեն ինչ պարզ կդառնա ոչ թե հունիսին, այլ հուլիսին:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն արդեն հայտարարել է, որ երեւանյան հանդիպումը չպետք է տեղափոխվի չեզոք դաշտ, քանի որ ՀՀ իշխանությունները պատրաստ են անվտանգության երաշխիքներ ներկայացնել ադրբեջանցիներին: Այլ պարագայում ՀՖՖ-ն դիմելու է Միջազգային մարզական արբիտրաժային դատարան եւ, շահելով դատը, խաղն անցկացնելու է սեփական հարկի տակ: Իսկ Ադրբեջանում կայանալիք խաղի տեղափոխման հարցում ՀՖՖ-ն պատրաստ է ընդունել ՈւԵՖԱ-ի որոշումը:

Եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում շատերը կարծում են, որ ՈւԵՖԱ-ն կորոշի Ադրբեջան-Հայաստան խաղը անցկացնել չեզոք դաշտում, իսկ պատասխան խաղը՝ Երեւանում:

Վիճակագրությունն ադրբեջանցիների օգտին է

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ակումբներն ու հավաքականները հանդիպել են 5 անգամ: Ցավոք, վիճակագրությունն առայժմ ադրբեջանցիների օգտին է:

Հարեւան երկրները երեք անգամ հանդիպել են պատանեկան հավաքականների մակարդակով Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում: 2004-ին Մակեդոնիայում կայացած մինչեւ 19 տարեկանների ընտրանիների խաղն ավարտվել է 1-1 հաշվով: 2005-ին Իսրայելում մրցել են մինչեւ 17 տարեկանները, որտեղ 3-0 հաշվով հաղթել են ադրբեջանցիները: Երրորդ խաղը տեղի է ունեցել 2006-ին Կիպրոսում, ուր նորից հանդիպել են մինչեւ 19 տարեկանները. մեր հարեւանները հաղթել են 2-1 հաշվով:

Եվս երկու անգամ «Համագործակցության գավաթի» խաղարկության շրջանակներում իրար դեմ են դուրս եկել Հայաստանի եւ Ադրբեջանի ակումբները: 2005-ին Երեւանի «Փյունիկի» եւ Բաքվի «Նեվթչիի» մոսկովյան հանդիպումն ավարտվել է նավթագործների հաղթանակով` 2-0: 2006-ին նույն թիմերի միջեւ խաղը չի կայացել, քանի որ «Փյունիկը» հրաժարվել է խաղալ բաքվեցիների հետ, եւ նրա հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել:

Այսպիսով` վիճակագրական ընդհանուր տվյալներն ադրբեջանցիների օգտին են, բայց դա ազգային հավաքականների առաջիկա հանդիպումների արդյունքների մասին ոչինչ չի կարող ասել: Ավելին` անկախությունից հետո Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի ամենամսյա վարկանիշային դասակարգման ցուցակներում հիմնականում առաջ է եղել Ադրբեջանի թիմից: Բայց ահա վերջին՝ ապրիլ ամսվա ցուցակում Հայաստանը 127-րդն է, Ադրբեջանը` 103-րդը: Սակայն, իհարկե, թվերը որոշիչ չեն. ամեն ինչ կախված է խաղից:

Այս տարի Հայաստանի հավաքականն անցկացրել է «Եվրո-2008»-ի ընտրական փուլի իր հինգերորդ հանդիպումը` արտագնա խաղում մրցելով Լեհաստանի թիմի հետ: Լեհերը հաղթել են 1-0 հաշվով:

«Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրած 5 խաղից վաստակել է ընդամենը 1 միավոր եւ 8 թիմերի մեջ զբաղեցնում է վերջին տեղը՝ 3 միավորով զիջելով նախավերջին տեղում ընթացող Ադրբեջանի ընտրանուն:

Մեր հավաքականը առաջիկայում՝ հունիսի 2-ին, արտագնա խաղում կմրցի Ղազախստանի թիմի հետ:

Հ.Գ. Մինչեւ 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2008թ.-ի առաջնության ընտրական փուլում առաջին անգամ պետք է հանդիպեն հայուհիներն ու ադրբեջանուհիները: Չնայած ընտրական մրցաշարը նախատեսված էր անցկացնել Ադրբեջանում, բայց վիճակահանությունից հետո վերստին ադրբեջանցիների կողմից ցուցաբերված հակահայկական դիրքորոշումը ՈւԵՖԱ-ին ստիպել է ընտրական 7-րդ խմբի խաղերը տեղափոխել Ուկրաինա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter