Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Bohemian Rhapsody». Ֆրեդի Մերկուրիի՝ Ծննդյան տոների լավագույն նվերն աշխարհին



1975թ. Մեծ Բրիտանիայում Ծննդյան տոների թիվ մեկ երգը «Queen» խմբի «Bohemian Rhapsody» -ն էր: 40 տարի անց՝  մինչ օրս, այն շարունակում է տարբեր սերունդների համար մնալ դարի, հազարամյակի լավագույնն ու ամենախորհրդանշականը: Տարբեր առիթներով այն կատարվել է մեկը մեկից անսպասելի մեկնաբանություններով: Իր 40-ամյակի օրը հատկապես (2015թ. հոկտեմբերի 31),  «Bohemian Rhapsody» -ն իր չափազանց տարբեր մեկնաբանություններով հնչեց՝ իբրև հարգանքի տուրք և երգի հանդեպ չմարող ջերմության արտահայտություն,  նշելով միաժամանակ երգի բազմաժանր հնարավորությունն ու խորությունը: Բալետային բեմադրությունից մինչև լարային քառյակի կատարում, տղաների մանկական  երգչախմբից մինչև սիմֆոնիկ նվագախմբի համար մշակված գործ. դրանց մեջ տպավորիչ են հատկապես երիտասարդների աշխատանքները, ում այս երաժշտությունից բաժանում են չորս տասնյակ տարիներ:

Անդրադառնալով երգի 40-ամյակին՝ աշխարհահռչակ «Rolling Stone»-ը այն բնորոշում է որպես «մոնումենտալ պրոգ-օպերա-փոփ-մեթալ հիթ»: Իսկ «The Guardian»-ի կարծիքով «Բոհեմական ռապսոդիան»  հանդիսանում է վոկալի հզորությունը և փայլը հաստատող ամենապահանջված թեսթը: 

Բրիտանական լեգենդար այս ռոք խմբի գլուխգործոցը մինչ օրս նաև բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսանում: Ի՞նչ է իրականում նկատի ունեցել երգի հեղինակը՝ Ֆրեդի Մերկուրին, ինչու՞ է հենց այս ոչ սովորական երաժշտական ձևաչափը ստեղծել, ի՞նչ ժանրի է պատկանում, ինչո՞ւ է Բրայան Մեյն այն անվանում «Ֆրեդիի երեխան»… հարցերի շարքը անվերջանալի է, պատասխանները՝ տարբեր, երբեմն՝ մտածելու առիթ տվող փաստերով, երբեմն՝ առանց փաստացի մեկնաբանության, պարզապես երկրպագուների՝ Ֆրեդիի էությունը ասես մանրադիտակային քննության ենթարկած տրամաբանական եզրահանգումներով: Մինչդեռ այն այդպես էլ մնում է լիովին չբացահայտված, այնպես, ինչպես այս երգը ստեղծած արտիստը: «Սա այն երգերից է, որոնք մի տեսակ երևակայելու առիթ են տալիս: Կարծում եմ, որ մարդիկ ուղղակի պետք է լսեն այն, մտածեն իր մասին, հետո նոր սեփական դատողություններն անեն, թե ինչ էր երգն իրենց ակնարկում … «Բոհեմական ռապսոդիան» հենց էնպես, դատարկ օդից չի հայտնվել»,- ասել է Ֆրեդին, որից հետո երգն անվանել է ծիծաղելի և կեղծ օպերա:

Ֆրեդի Մերկյուրին այդպես էլ հստակ չբացատրեց ոչինչ: Նա միշտ խուսափում էր երգի իմաստին վերաբերող հարցերից՝  ի տարբերություն խմբի մյուս անդամների, ովքեր հաճախ են խոսում երգի ստեղծման, ձայնագրման աշխատանքների, տարիների ընթացքում տարբեր հիշողությունների և դրանց միջով նաև երգի հնարավոր իմաստի մասին: Նա միշտ էլ նախընտրել է իր ունկնդիրներին հասնել որոշակի ճանապարհ միասին անցնելուց հետո: Այն, որ յուրաքանչյուր ստեղծագործողի աշխատանքն ինչ-որ չափով իր կյանքի ու էության հայելին է, հայտնի է և բնավ էլ նորություն չի եղել, բայց ամեն ինչ չէ, որ հնարավոր է տեսնել այնպես, ինչպես սովորաբար երևում է: Ֆրեդին սիրում էր նրանց երևակայելու հնարավորություն տալ, հանելուկի մեջ մտնել, մտքով թռչել, նկարել սեփական պատկերներն ու ինքնուրույն դուրս գալ այդ ամենի միջից: Եթե տեսել կամ լսել եք նրա հարցազույցները, ապա նկատած կլինեք, որ նա համարյա չի խոսում, չի քննարկում ո՛չ իր հաղթահարած դժվարությունները, ո՛չ էլ որևէ լարված կամ վիճահարույց պատմություն՝ կառուցված իր շուրջ. մի բան, որից հեռու չեն աստղերը: Վերոնշյալ մեկնաբանությունը երևի նրա միակ անդրադարձն է խմբի ճակատագիրը ուղենշած  «Bohemian Rhapsody»-ին:

«Bohemian Rhapsody»-ն թողարկվեց «A Night At The Opera» ալբոմի կազմում, 1975թ.: Այս երգը հանգիստ կարելի է վեց առանձին և միևնույն ժամանակ ամբողջական մասի բաժանել: Դրանցից ամեն մեկը տարբեր կառուցվածքային մասի, ժանրի, ոճի մեջ է տեղավորված՝ օպերային, բալադի, ծանր մեթալի,նախանվագի և չափազանց ազդեցիկ կոդայի, և ամեն մեկում դժվարանում ես հասկանալ՝ որտեղ էր կրկներգը, նույնիսկ՝ որտեղ  են իրական սկիզբն ու վերջը: Մի հատվածից մյուսը անսպասելի անցումներով, տեմպ ու ռիթմով այդ ձևաչափը չի կարելի ասել, թե նորություն էր խմբի համար, բայց 70-ականների երաժշտության հիմնական հոսքի մեջ չէր հանդիպում, նույնիսկ անսովոր երևույթ էր: Մինչեռ Մերկուրին արդեն բավականին հարուստ փորձառություն ուներ, եթե հաշվի առնենք նախորդ մի քանի երգերը՝ «Liar»-ը, «The March of the Black Queen»-ը կամ «My Fairy King»-ը: Կառուցվածքային-ոճական առումով այս երգերը «Bohemian Rhapsody»-ի գրեթե նախահայրերը կարող ենք համարել: Սակայն երաժշտության հսկա ծովում երաժշտական այս ձևաչափը, ինչպես նաև խոսքի անսովոր բովանդակությունը նույնիսկ փոքր-ինչ տարօրինակ էր թվում… բացառությամբ պրոգրեսիվ ռոքի:

Արտիստիկ տեսակի մեջ այս ժանրը արդեն հաստատուն տեղում էր, քանի որ այս ասպարեզում էին  «Emerson, Lake & Palmer»–ը, «Genesis»–ը, «Jethro Tull»-ը, «Yes»-ը, «Gentle Giant»-ը և այլ բրիտանական խմբեր: Այստեղ հաճախ էին միաձուլվում ռոքն ու դասական երաժշտությունը, նրանց կառուցվացքային առանձնահատկությունները երբեմն կոտրվում և խառնվում էին գործիքավորմամբ, որը արդեն հատել էր աներևակայելիի սահմանները: Պրոգրեսիվ ռոքը բնորոշվում էր արտիստիկ, երբեմն դրամատիկ խառնվածքով, կոնտրաստային այնպիսի խաղերով, որը անսպասելիորեն  փոփոխվում էր մի բաժնից դեպի մյուսը անցման ժամանակ: Ուստի այս տեսակետից, «Բոհեմական ռապսոդիայի» փոփոխական տրամադրությունը խորթ չէր պրոգրեսիվ ռոքին, սակայն երգը ֆենոմենալ էր իր ընտրած երաժշտական էությամբ. այստեղ էին, օպերային տարբեր էլեմենտներ՝ վոկալի ազդեցիկ խաղով, հեգնական տոնով լուրջ մեջբերումներ իտալական օպերային բառաֆոնդից, կոմպոզիցիոն, հնչյունային, տեմպային հզոր վայրիվերումներ՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող բառերով և աղավաղված, ասես՝ ծաղրող տեքստով:

Տեքստում ամենատպավորիչը ոչ թե Գալիլեայի, Ֆիգարոյի, Սկարամուչայի կամ Բէեղզեբուղի հայտնությունն էր կամ բիսմիլլահ-բասմալայի՝ ղուրանից հայտնի արտահայտությունը, այլ «Մայրիկ, ես հենց նոր մարդ եմ սպանել, ատրճանակը պահել եմ նրա գլխին, սեղմել ձգանը և այժմ նա մեռած է: Մայրիկ, կյանքը դեռ նոր էր սկսվել, բայց ես արդեն հեռացել եմ և ամեն ինչ հեռու նետել»:

«Mama, just killed a man,

Put a gun against his head,

Pulled my trigger, now he՚s dead.

Mama, life had just begun,

But now I՚ve gone and thrown it all away».

Խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը առավելապես պաշտպանում է այն տեսակետը, թե տեքստում բառերի տակ քողարկված են Մերկուրիի անձնական, հոգևոր տրավմաները: Նրա բնորոշմամբ՝ Ֆրեդին շատ բարդ անձնավորություն էր. նա արտաքուստ ուրախ, հումորով և ուրախ էր երևում, բայց ներքուստ մեծ խնդիրներ ուներ: «Նա թաքցնում էր անվստահության զգացումն ու մանկությունից եկած խնդիրները, որոնց մասին երբեք չխոսեց իր բանաստեղծություններում, բայց կարծում եմ՝ այս մեկում շատ բան է ասել հենց իր մասին»,- ասել է երաժիշտը:

Ոմանց կարծիքով՝ երգում հեղինակը նկարագրել է ինքնասպանության գնացող մի մարդասպանի հոգեվիճակ, որին թվում է, թե հետապնդվում է հոգիների, դևերի կողմից: Կամ նա պատկերում է արդեն տեղի ունեցած սպանությանը նախորդած իրադարձությունները՝ հոգեկան տարօրինակություններով:  Ավելի ուշ հայտնված մեկնաբանություններում արդեն համեմատություներ են արվում Ալբեր Քամյուի «Օտարը» վիպակի հետ, որի հերոսը հեռու էր կյանքի պայմանականություններից և բախման մեջ էր հասարակության հետ: Պատահական սպանության պատճառով նա մահապատժի է ենթարկվում և միայն բանտում, մահապատժից առաջ հասնում է հոգևոր ազատության: Մեկ այլ տեսակետ էլ կա, կարծեմ թե աբսուրդի ժանրից, ըստ որի՝ Մերկուրին բառերը ուղղակի շարել է՝ երաժշտության հետ «բռնացնելու» համար: Որպես ապացույց այս հանճարեղ եզրահանգման՝ Մերուրիի մտերիմներից մեկը՝ հայտնի ռադիո և հեռուստատեսային հաղորդավար Քենի Էվերեթը մեջբերում է արտիստի խոսքերը՝ երգի տեքստի պարզ և ռիթմային պատահական անհեթեթության մասին: Շատերը (այդ թվում ամենամոտ ընկերները) համոզված են, որ այս երգում Մերկուրին ներդրել է իր անձնական պատմությունը՝ ոչ սովորական հարաբերություններով: Նրա հոմոսեքսուալության մասին շշուկներն արդեն բարձրաձայվում էին, նա լռում էր: Չնայած ողջ կյանքում իր իսկական սերը համարել է Մերի Օսթինին, նա այս երգով խոստովանում է իր նոր հարաբերության մասին և այս պատմության մեջ պատկերում նաև իր էմոցիոնալ տառապանքը՝ սիրած կնոջից բաժանվելու շեմին:

Երաժշտական քննադատները, լրագրողները, մեկնաբանները սովորաբար սիրում են փորփրել երգերը, որոնց արդյունքում երբեմն խճճված պատմություններ են ստեղծվում: Դրանք կամ դրականորեն ազդում են երգի վրա՝ մեծացնելով հանրության ուշադրությունը նրա հանդեպ, կամ հեղինակի մտքերից ու զգացմունքներից հեռու շապիկ հագցնելով՝ այլ կյանքում տեղավորում: Իրենց տեսակի մեջ ամուր ստեղծագործությունները, միևնույն է, պարզապես թողնում են, որ այդ օրինաչափություն-քամիները սուլեն իրենց կողքով: Բոհեմական ռապսոդիան ուղղակի շլացուցիչ փայլ ունի, անհնար է այն խամրեցնել, բայց քննարկումներն ու խոսակցությունները նրա շուրջ ավելի անքննելի են դարձնում իմաստը: Ֆրեդին այն գրել, կյանք է տվել ու նվիրել է մարդկանց՝ հուսալով որ, այնուամենայնիվ, կվերցնեն իրենց բաժինը:

Աննախադեպ կառուցվածքով այս երգն առաջին հայացքից անվստահություն էր առաջացնում երաժշտական շուկայից քաջատեղյակների մոտ: Անգամ ձայնագրման լեյբլի ղեկավարությունը, երբ տեղեկացավ, որ խումբը մտադիր է երգի սինգլը թողարկել, շատ կտրուկ ընդդիմացավ: Նրանք վստահ էին՝ մոտավորապես 6 րոպեանոց երգը չէր կարող հիթային դառնալ, այն ընդունված ու փորձված չափանիշներից դուրս էր: Ռադիոդիջեյները հաճախ էին տարակուսանքով նայում իրենց համար անծանոթ երգի տևողությանը: Ոմանք նույնիսկ խոստացել են հնչեցնել՝ մտքում հաստատ որոշելով գործածել դիջեյական հնարք-լուծումը՝ պարզապես ընդունված չափից հետո եթերից դուրս բերել, կամ հնչեցնել որևէ հատված. մի մոտեցում, որին կտրականապես դեմ էին երաժիշտները, բայց, բարեբախտաբար, երբևէ բանը դրան չհասավ:

Երգը լսելու ընթացքում բոլոր այդ «կասկածելի դիջեյները» ինքնաբերաբար գնում էին մինչև վերջ: Ի վերջո ստիպված եղան տեղի տալ նաև լեյբլի պատասխանատուները, արդյունքում սինգլը թողարկվեց « I’m in Love with My Car»-ի հակառակ երեսին: «Բոհեմական ռապսոդիա»-ն խմբի կյանքում բեկումնային եղավ. այս երգի շնորհիվ «Queen»-ը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով այցեքարտ՝ բոլոր ժամանակների մեջ ապրող ստորագրությամբ: Այս երգը կատարվում էր խմբի բոլոր համերգների ժամանակ:

Բավական է միայն ծանոթանալ ձայնագրման աշխատանքներին՝ հասկանալու համար, թե որքան ահռելի աշխատանք է երգի ծնունդն իրականում պահանջել, հատկապես վոկալի մասը: Երեք շաբաթ տևած փորձերից հետո նույնքան ժամանակ  է պահանջվել ձայնագրության և մոնտաժի համար, վերջինս ընթացել է հինգ տարբեր ստուդիաներում: Այն համարվում է ամենաթանկ ձայնագրությունը այդ տարիների համար: Իսկ երաժշտական կառուցվածքն ու ժանրային հարուստ ձևաչափը, տասնամյակներ շարունակ քննարկվող տեքստ-իմաստային հարցը խոսում են միայն Մերկուրիի հոգևոր լիության, գաղափարապես հարստության ու մեծության մասին: Եվ չնայած քննադատների՝ մինչ օրս խառը, խճճված գնահատականներին՝ «Bohemian Rhapsody»-ին 40 տարի անց էլ մնում է խմբի լավագույնը և  աշխարհի մեծագույն երգերից մեկը:  Այսօր էլ երաժշտական հարցախույզները հավաստում են, որ ժամանակը և տարածությունը չեն կարող ազդել երգի վրա. Ֆրեդի Մերկուրին ստեղծել է անմահ գործ, որը հնչելու է բոլոր սերունդների համար:  

«Bohemian Rhapsody»-ն բրիտանական դժվարամատչելի հիթային բարձունքը նվաճեց երկու անգամ՝ 1975թ., սինգլի թողարկումից հետո, և 1991թ-ին՝ Ֆրեդի Մերկուրիի մահվանից հետո, երբ թողարկվեց երգի նոր սինգլը: Ասում են՝ սա բացառիկ դեպք է, երբ տասնյակ տարիներ անց մի երգ նույն տարբերակով՝ առանց գոնե գործիքավորման փոփոխության, հայտնվի ոչ միայն հիթ-շքերթում, այլև գրավի առաջին հորիզոնականը: Ի դեպ, երկու անգամ էլ այս հաղթանակը համընկել է Ծննդյան տոներին:

Մահվանից առաջ, դեռևս իր մռայլ ու տխուր սենյակում, Ֆրեդիի ցանկությամբ և որոշմամբ փաստաթուղթ ստորագրվեց, որով «Bohemian Rhapsody»-ի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու  է ՍՊԻԴ-ի դեմ պայքարի բարեգործական ֆոնդին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ