HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրորվել, տեղաշարժվել և ազատություն զգալ․ մոսկվայաբնակ հայուհու փորձարկումները ազգային պարարվեստում

Մոսկվայաբնակ Գայանե Մուրադյանը զբաղվում է ազգային պարերով․և ինքն է պարում, և սովորեցնում է ուրիշներին։ Գայանեն սովորել և ավարտել է Օ․Ե․ Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան։ Իրավաբան է աշխատել երեք տարի։ Սակայն շուտով որոշել է, որ իր կոչումը բնավ էլ իրավաբան լինելը չէ, այլ արվեստն է հոգեհարազատ։ Թողել է իրավաբանությունը և սկսել ուսումնասիրել ազգային պարերը։ Այժմ պարում է գնչուական «Gipsy Rose» անսամբլում, զուգահեռաբար հայկական, վրացական և այլ ազգային պարեր բեմադրում տարբեր միջոցառումներին, երեկոներին և հարսանյաց հանդիսություններին։ Նա մշտապես  փնտրտուքների մեջ է: Արդեն իմացածը խառնելով նոր սովորածի հետ ներկայացնում է նորովի։ Գայանեն մասնագիտությամբ պարուսույց չէ, բայց կարծում է, որ դա իր առավելությունն է: Մարդուն ինչ-որ բան բացատրելիս դա անում է պարզ, մարդկային լեզվով: Ասում է՝ եթե լիներ «սուպեր-պրոֆեսիոնալ» և բազում մրցույթների դափնեկիր, չէր կարողանա այդ ամենը պարզ լեզվով հասցնել նրանց, ում հետ պարապում է և պարեր է սովորեցնում: Այժմ նաև սովորում է հագուստ կարել և դրա մոդելավորմամբ է զբաղվում։

Գայանե, ինչո՞ւ որոշեցիր թողնել իրավաբանությունն ու զբաղվել պարարվեստով:  

Դա տեղի ունեցավ պատահական և միաժամանակ: Երբ ես իրավաբան էի աշխատում, զուգահեռաբար բեմադրում էի պարեր, բայց դա հոբբի էր։ Իրավաբանությունը ես թողեցի, որովհետև հասկացա, որ դա էմոցիոնալ բավարարվածություն չի տալիս ինձ, թույլ չի տալիս ինձ տեղաշարժվել: Ես չեմ սիրում նստել նույն տեղում: Եթե ես իրավաբանության մեջ ունենայի մի աշխատանք, որն ինձ հնարավորություն տար տեղաշարժվել, շատ ճանապարհորդել, գուցե ես շարունակեի մնալ այդ ոլորտում։ Բայց իմ աշխատանքն այդպիսին չէր և ես չէի էլ ուզում այլևս այդպիսի աշխատանք փնտրել, ես ուզեցի ավելի շատ ստեղծագործել: Իմ ծանոթներից մեկը մի անգամ ինձ ասաց. «Ինչու իրավաբան լինել, եթե դու կարող ես պարել»: Ես մտածեցի՝ իրապես:

Ես խորհուրդ կտայի բոլորին պարել՝ կապ չունի ինչով է մարդը զբաղվում: Մարդիկ միշտ պարել են: Հիմա ինչո՞վ ենք մենք զբաղվում հավաքույթներին: Ոչնչով: Նստում և ուտում ենք, իսկ պարը ոչ թե մեխանիկական շարժումների հավաքածու է, այլ շփում է ինքդ քո և շրջապատի հետ: Եթե դու դժվար օր ես ունեցել և որոշակի հուզական տրամադրություն, եթե այդ ամենը քո մեջ պահես, կփչացնես առողջությունդ: Պարը քո հույզերի վերարտադրության ամենահեշտ ձևերից է: Պարը դա մարմնական թերապիա է:  Նույնիսկ իրավաբանական աշխատանքի իմ նախկին պետը սկսեց գալ իմ մոտ պարելու: Նա կովկասյան արմատներ ուներ և հասկացավ, որ ուզում է դա զգալ:

Պարել սովորե՞լ էիր մանկության տարիներին, թե՞ հասուն տարիքում։ 

Ես 10 տարեկանից զբաղվել եմ պարով և հաճախել եմ բալետի մասնավոր դասերի։ Մինչ բալետի գնալը ես բարդ երեխա էի, ով անկյունում նստում ու ոչ ոքի հետ չէր պարում, չէր ժպտում, չէր շփվում, սեղմված երեխա էի։ Ինձ բոլորը քննադատում էին՝  թե ինչու ես նստում, չես պարում և այլն։ Իսկ ես ուղղակի չէի ուզում, տրամադրություն չէր լինում։ Բայց ես մի բան գիտեի, որ ուզում եմ շպագատ նստել։ Երբ իմացա, որ մայրս ուզում է ինձ մի բալերինայի մոտ տանել, որ նա ինձ ձգի, ես լսեցի, որ նա օգնում է շպագատ նստել, միանգամից համաձայնեցի։ Մի քանի ամսից ես շպագատ նստեցի, բայց հետո ինձ համար անհասկանալի էր, որովհետև նա ինչ-որ դերասանականություն էր պահանջում և այլն, և ես չէի հասկանում, թե իմ ինչին է դա պետք, բայց այդ կինը շատ հետաքրքիր էր, և ես ուզում էի նրա հետ ժամանակ անցկացնել։ Նա ռուսական ինտելեգենցիայի ներկայացուցիչ էր, դասական մոսկվացի, ինձ դուր էր գալիս նրա պատմածները, նրա գրքերը, և հետզհետե ինձ սկսեցին դուր գալ նաև պարերը։ Ցավոք, նա կաթվածից մահացավ, և ես սկսեցի բալետի այլ պարուսույցներ փնտրել, որոնք ինձ այնքան էլ դուր չեկան։ Հետո ես գնացի ջազ-մոդերնի դասերի, հետո ստրիպ-պլաստիկայի, փորձեցի  պորտապար, բայց դա էլ նույն շարժումներն էին երկու ժամ ու ոչ մի բանի մասին, և հետո այլևս ոչինչ չփորձարկեցի և շարունակում էի բալետի վարժություններն անել։ Եվ մի անգամ ընկերներս ինձ տարան Հայաստանի դեսպանատուն, այնտեղ հայկական պարեր էին սովորեցնում, և ես սկսեցի հաճախել։ Բավականին բարդ էր սկզբում, որովհետև պարուսույցը դնում էր պարեր ոչ միայն հայկական, այլ իռլանդական չեչոտկաների խառնուրդով։ Դրանք շատ արագ ու դժվար էին, և ես ինձ ասացի, որ պետք է սովորեմ։ Եկավ մի ժամանակ, երբ խմբի անդամները նվազեցին, և նա պետք է ընտրեր 10 լավագույն պարողների պարային ծրագիր անելու համար։ Ինձ էլ վերցրեց, բայց ասաց՝ վստահ չէ, որ իմ մոտ կստացվի։ Ես շատ էի ուզում, որ ինձ վերցներ, որովհետև ուզում էի հենց չեչոտկան պարել։ Բավականին երկար պարապեցինք, ինձ մոտ չէր ստացվում, հետո ես ինձ փայտի կտոր գնեցի և սկսեցի դրանով տանը պարապել։ Որոշ ժամանակ անց ես բոլորից անցա և հասա այն մակարդակին, որ ինձ չեչոտկայում ընդգրկեցին։ Հետո հասկացա, որ ես այլևս չեմ ուզում այնտեղ մնալ, որովհետև դա կոլեկտիվ էր, և ես ինձ ավելի լավ եմ զգում մենակ պարելիս։ Զուգահեռաբար ես արդեն սկսել էի այլ մարդկանց սովորեցնել։ Հետո հասկացա, որ ուզում եմ վրացական պարերով զբաղվել և գնացի դասերի։ Շուրջ 10 դասից հետո դա էլ յուրացրեցի, և իմ մոտ վրացական պարերն ավելի լավ էին ստացվում, քան հայկականները։ Դրանք իմ բնավորությանն ավելի մոտ էին։ Հետո իրենց անսամբլում էլ ինձ ընդգրկեցին, բայց ես այնտեղ էլ չմնացի, որովհետև անսամբլն իմը չէ։ Մարդաշատ խմբերում ես չեմ կարող պարել, ես ավելի շատ ռեժիսոր եմ, և ինքս եմ սիրում ինչ-որ բաներ մտածել։

Մի դաղստանցու հարսանիքի ես վրացական էի պարում, ինչը ընդունված չէ իրենց մոտ։ Այդ օրը մի կին ինձ մոտեցավ և հարցրեց՝ արդյոք ես սովորեցնում եմ նաև, ասացի՝ այո։ Նա ինձ առաջարկեց իր երեխաներին սովորեցնել։ Պարզվեց՝ այդ կինը թուրք էր։

Ես շատ ուրախ եմ, որ պարերերը ազգություն չունեն։ Ես, լինելով հայ, պար եմ սովորեցրել թուրքերին։ Դա իրական մշակութային փոխանակություն էր, ընդ որում՝ ես թուրքերին սովորեցրի վրացական պարեր։ Դա հենց իմն էր, որովհետև ես չեմ ապրում այնպես, ինչպես թելադրում են քաղաքական գործիչները, ես միավորում եմ տարբեր ազգություններին, դա շատ հաճելի էր։ 

Մտավախություն չունե՞իր, որ հայերի շրջանում կարող էր այլ կերպ դիտարկվել քո այդ քայլը։ 

Ես դրա մասին չեմ մտածել։ Եթե ավելի հեռվից նայել՝ դրա մասին լուրջ մարդիկ չեն մտածում։ Մոսկվայում, օրինակ, թուրքերին պատկանող խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենները հայեր են։ Այսինքն՝ եթե մենք անտեսենք քաղաքականությունը և նայենք սոցիալական կողմից, ապա ստացվում է, որ և թուրքերն են մեզ մոտ հայերի հետ աշխատում, և ադրբեջանցիները։ Եվ երբ խոսքը սոցիալական և մշակութային փոխանակության մասին է, ապա ազգությունը որևէ մեկին չի հետաքրքրում։ 

Երբ համաձայնեցի այդ կնոջ երեխաների հետ պարապել, ես սկզբից չգիտեի, որ նա ազգությամբ թուրք է։ Նա էլ հավանաբար չգիտեր, որ ես հայ եմ, բայց հետո նրանց տանը ծանոթ բառեր լսեցի, բառեր, որոնք ախալքալաքյան բարբառում շատ կան և մեր տանը դրանք գործածվում են, ասենք՝ «չամուռ» (ցեխ), «հայդե» (գնացինք), հետո հասկացա, որ նրանք Վրաստանից եկած թուրքեր են։ Ես մշակութային զարգացման կողմնակից եմ, ես միության կողմնակից եմ, այլ ոչ թե նրա, որ մարդիկ, որպես պրիմիտիվ կենդանիներ, մշտապես պատերազմեն։

Ինչ վերաբերում է հայկականությանն ու հայրենասիրությանն ընդհանրապես, ապա եթե վերցնենք միջին վիճակագրական հային, որը գոռում է, որ ինքը հայ է, որ հայերը ամենալավն են և որևէ այլ ազգի նա չի ճանաչում և հավական է, որ նա ասի՝ թուրքերը և ադրբեջանցիները «փուֆ» են, դա իմ համար հայրենասիրություն չէ և ոչ էլ հայրենասիրական դաստիարակություն։ Հայրենասիրությունը առաջին հերթին մշակութային հարստացումն է։ Օրինակ՝ դու կարող ես մեծանալ ԱՄՆ-ում, միևնույն ժամանակ դու շատ լավ իմանաս քո ազգի պատմությունը, պարերը և խոհանոցը։ Պարտադիր չէ գոռալ, որ դու հայ ես և ամուսնանալու ես միայն հայի հետ։ Երբ մենք գալիս ենք Հայաստան, չենք այցելում Մատենադարան, հին եկեղեցիներ, մենք հաճախում ենք ռեստորաններ և գոռում ենք, որ հայ ենք։ Հայկականությունը դա գիտակցություն է, երբ քեզ դա ձգում է, երբ մարմինդ փշաքաղվում է, երբ գտնվում ես Մատենադարանում և լսում ես այնտեղի նմուշների մասին որևէ պատմություն։

Մենք կարող ենք մնալ այն, ինչ կանք՝ հայ, ռուս կամ ուզբեկ, ճանաչել մեր մշակույթը և միևնույն ժամանակ ճանաչել մյուս ժողովուրդների մշակույթը, որովհետև մենք կարող ենք հարստացնել մերն ուրիշների հաշվին, մենք կարող ենք համեմատել, վերլուծել, ավելացնել և ուժեղացնել մեր դրական կողմերը։

Ես ռուսների համար կովկասյան պարեր եմ բեմադրել։ Իսկ գնչուական կոլեկտիվները դեմ են ոչ գնչուներին, չնայած հիմա ամեն ինչ խառնվել է, բայց, ըստ նրանց ավանդույթների, իրենց խմբում պետք է լինեն միայն գնչուներ։ Մեր խմբի ղեկավարը, ով նույնպես գնչու է, վեր է կանգնել այդ ամենից։ Նա կոլեկտիվ է հավաքել էներգետիկայի հիմքի վրա։ Անսամբլում ես գնչու չեմ և ջութակահարը։ Մեր անսամբլի ղեկավարի համար ոչ այնքան ազգությունն է կարևոր, որքան ըմբռնել պարի բնավորություը։ Մեր խմբին հրավիրում են ոչ միայն ռուսները, այլ նաև իտալացիները, Հոլանդիայի դեսպանատունը, կուբացիները, գերմանացիները, ֆրանսիացիները և այլն։ Եվ ես նկատել եմ` որ անսամբլում էլ պարես, եթե արտացոլում ես ուրախություն, աշխուժություն, եռանդ, յուրաքանչյուր այլազգի դա հասկանում է, որովհետև ուրախությունն ազգություն չունի։ Թվում է, որ նմանատիպ բաները չափազանց ազգային են, բայց իրականում դրանք միավորելու ունակություն ունեն։

Հիմա մեր գնչութական խումբը բեմադրում է նաև վրացական պար, գնչու երգչուհին երգում է ռուսերեն բառերով։ Դա իսկական մշակութային բազմազանություն է և փոխանակություն։ 

Այդուհանդերձ, ո՞ր պարերն են քեզ ավելի հարազատ, որտե՞ղ ես քեզ ավելի լավ զգում։

Կախված տրամադրությունից՝ տարբեր կարող է լինել, բայց իմ բնավորությանը 80 տոկոսով համընկնում են վրացական և գնչուական պարերը։ Այստեղ դրայվ կա, կտրականություն, համարձակություն, ամաչկոտություն չպիտի լինի, ազատ պետք է լինել։ Այդ հստակությունը կա նաև վրացական պարերում, կամ դու անում ես, կամ՝ չես անում: Իսկ գնչուական պարերը դա ազատության, ճոճվելու, տեղաշարժվելու պարեր ենք: Ես սիրում եմ տեղաշարժվել, փոխել իրավիճակներ, ճանապարհորդել և այլն:

Հայկական պարերում տառապանք կա։ Հայաստանն ինքնին տառապանք է ասոցացնում, ցեղասպանության թեման են առաջ տանում, իսկ ինձ դա հաճելի չէ: Ինչու են եվրոպացիք և գերմանացիք սիրում Վրաստանը, որովհետև այն պարզ և պոզիտիվ է: Ես ուզում եմ, որ Հայաստանն էլ այդպիսին լինի, և եթե ես հայկական պարեր եմ բեմադրում, տրամադրությունը ոչ այդքան հայկական եմ անում, այլ պարերի էլեմենտներ եմ մտցնում։ Ինչու եմ ես համեմատում Հայաստանը Վրաստանի հետ։ Վրաստանը պոզիտիվ է, չի PR-ում տառապանքի թեման, ինչպես դա անում է Հայաստանը․ ցեղասպանությունը դարձրել են PR-ի առարկա։ Կարծում եմ՝ Հայաստանը նույնպես կարող է պոզիտիվ ու հետաքրքիր լինել:

Քեզ օգնե՞լ է այն հանգամանքը, որ քո արմատները Ջավախքից են, և գուցե վրացական պարերի նկատմամբ սերը հենց Վրաստանից է եկել, որտեղ դու հաճախ ես եղել մանկության տարիներին։

Ճիշտ ասած՝ ես նույնիսկ չեմ կարող ասել՝ որտեղից է ծագել այդ ռիթմերի նկատմամբ սերը: Գուցե դա մանկությունից է եկել: Իմ մանկության օրերին մեր բնակարանում հնչում էր հնդկական երաժշտություն, և հիմա ինձ դուր է գալիս հնդկական երաժշտությունը: Անցյալ տարի նույնիսկ զբաղվել եմ հնդկական երաժշտությամբ: Մեր տանը հնչում էր նաև վրացական և հայկական երաժշտություն: Գուցե հենց այդտեղից էլ եկել է: Եղավ մի ժամանակ, որ ես հասկացա, որ ինձ դուր են գալիս այդ կտրուկ պարային շարժումները: Ես նաև տղամարդկանց պարեր եմ պարում, և դա կարծես փոքր մարտարվեստ է։

Բայց ես ճանաչում և հիշում եմ քեզ որպես հանգիստ, ամաչկոտ, լուրջ և լռակյաց անձնավորության:

Ես սովորական կյանքում թվում եմ շատ լուրջ, հանգիստ և լռակյաց: Միշտ չեմ ցույց տալիս, թե ինչպիսին եմ: Իմ լրջությունը դա ֆոն է, ինչպես ռեստորաններում հնչող ֆոնային երաժշտությունը, իսկ երբ ես պարում եմ, դա ես եմ իրականում: Պարը դա հնարավորություն է՝ ցույց տալ ինչպիսին եմ ես:

Բացի վրացական, գնչուական ու հայկական պարերից, այլ ազգային պարեր չե՞ս պարում։

Հիմա ուսումնասիրում և սովորում եմ ուզբեկական պարեր: Դրանք իմ համար անսովոր են, ոչ երկրային ու բարդ։ Ուզբեկական մշակույթն ընդհանրապես շատ փակ է, նրանք չեն թույլատրում իրենց ազգային անսամբլներին դուրս գալ երկրից։ Ես կարծում եմ, եթե, օրինակ, ռեստորաններում պորտապարի փոխարեն ուզբեկական պար ցուցադրեին, շատ ավելի հետաքրքիր կլիներ: Սիրում եմ նաև 1920-30-ական թվականների ամերիկյան և եվրոպական զուգապարեր, բլյուզ, ջազ, խելահեղ ռիթմեր, տանգո, ֆլամենկո և այլն: Սիրում եմ տանգոյի էլեմենտներ օգտագործել հարսանեկան պարերում։ 

Ժողովրդական պարերը նման են օտար լեզուներին։ Եթե որևէ մեկը պատրաստվում է մի երկիր մեկնել, այդ երկրի լեզվից որոշակի բառեր է սովորում, նույնն էլ պարերում է։ Ենթադրենք Ուզբեկստան ես պատրաստվում գնալ, եթե իրենց ազգային պարերի մի քանի էլեմենտ սովորես և իրենց հավաքներին պարես, քեզ կընդունեն որպես իրենքական, նույնն է, որ ուզբեկերեն մի քանի խոսք ասես։ Ըստ իս, ժողովրդական պարերը օտար լեզու են, մարմնի լեզուն է։ Այսինքն՝ դու ներթափանցում ես տարբեր մշակույթներ և զգում ես քեզ որպես այդ մշակույթի մաս։

Պարերով կարողանո՞ւմ ես գումար վաստակել Մոսկվայում։

Ինչ ես անում եմ և ինձ թույլ եմ տալիս, պարերի շնորհիվ է: Հիմնականում վաստակում եմ գնչուական պարերի և իմ բեմադրությունների շնորհիվ: Ես բեմադրում եմ հայկական, վրացական հարսանեկան պարեր։ Մարդ կա՝ ուզում է ինչ-որ պար սովորել կարճ ժամանակում, ես օգնում եմ նրան: Վերջին ժամանակներում ինձ դիմում են ժամանակակից հայուհիներ, նրանք հայ են, բայց այնքան էլ կողմնորոշված չեն մշակույթի մեջ, նրանք հասկանում են, որ իրենք հայկական հարսանիք են անելու և պետք է ինչ-որ հայկական բան պատրաստել, և վերջին ժամանակներս շատ հաճախ «Հարսի պարն» են ուզում սովորել: Այն մոդայիկ է, բայց ովքեր գալիս են ինձ մոտ, ասում են՝ ես YouTube-ում նայել եմ, որևէ բան դուր չի եկել, ուզում եմ ինչ-որ արտառոց բան: Ես ինձ դերձակ եմ համարում, սկզբից զննում եմ մարդուն, հետո չափսերն եմ վերցնում նրա մարմնի, նրա հնարավորությունների և տրամադրության, շարժուձևի, և մեկ պարապմունք ես նրան ուսումնասիրում եմ, հետո տրամադրվում եմ և իմ գլխում յուրաքանչյուր մարդու համար մի նոր բան է ծնվում:

Նկատել եմ, որ Մոսկվայում հայերը սիրում են ամեն ինչ պաթոսային անել, վառ և փայլուն: Եթե YouTube-ում նայեք մի քանի նմանատիպ հարսանիքների «Հարսի պարը», հարսնացուն ինչ-որ բան անում է, բայց նրա շուրջբոլորը այլ պարուհիներ են պտտվում, նրա քողն են հանում-իջեցնում, և դա անվանում են հարսանեկան պար, որտեղ հարսը գրեթե դերակատարություն չունի: Նմանատիպ բեմադրությունների համար ինձ երբեմն զանգում և հարցնում են՝ իսկ դուք պարող աղջիկներ ունեք, ես ասում եմ՝ ես աղջիկներ չունեմ, ես աշխատում եմ մարդու հետ, դուք եք պարելու միայն: Ալարում են շատ աշխատել և ուզում են արագ մի ներկայացում ցուցադրել: Ես խորհուրդ եմ տալիս մարդկանց, ովքեր պար են ուզում բեմադրել հարսանիքներին, որ նրանք դրան ավելի խորը վերաբերեն, որովհետև դա միակ հնարավորություն է իրենց ցուցադրելու և ծրագրավորելու իրենց հետագա կյանքն այնպես, ինչպես ուզում են: Երբ դու ինչ-որ բան պատրաստում ես կամ պարում ես, դու քո կյանքի ծրագիրն ես նախագծում: Ինչպես վերաբերես քո հարսանիքին կամ քո ավանդույթներին, այնպես էլ կապրես:

Հիմա մի ժամանակաշրջան է եկել, երբ փայլն ու շքեղությունը երկրորդական պլան են մղվում, դու մնում ես ինքդ քո հետ, ուրեմն առավելագույնը, որ դու կարող ես անել, պարելն է: Իմ մոտ նույնիսկ երեք դասից հետո մարդիկ կարողացել են ինչ-որ պար բեմադրել: Ես նրանց չեմ ասում՝ սովորել շարժումների կույտը, այլ ամեն մեկի մոտ ինչ-որ բան եմ փորձում որսալ և դրա վրա հիմնել պարը: Ես շաբլոններ չունեմ, որ բոլորին նույն կերպ սովորեցնեմ, այլ փորձում եմ որոշակի դրվագներ մտցնել պարի մեջ, և ստացվում է հետաքրքիր: Կարծում եմ՝ եկել է էսթետիկայի ժամանակը, երբ մարդու մոտ ճաշակը սրացել է, անկեղծության հնարավորություններն ու պահանջներն ավելացել են, հոգու համար է պետք ինչ-որ բան անել, և դրա համար «անտուրաժ» պետք չէ:

Գայանեի բեմադրած «Հարսի պարը»

Մոսկվայում, ովքեր փոքր-ինչ հարուստ են, վարձում են ճոխ սրահներ, աշխատում են հրավիրել ճանաչված երգիչներ, այդ թվում շոու-բիզնեսի երգիչներ Հայաստանից, և ամեն ինչ արվում է ցուցադրության համար, որտեղ որևէ կոնցեպցիա չկա: Եվ հայկական ավանդույթներ կամ սովորույթներ այդ հարսանիքներում չես տեսնի:

Ինչ վերաբերում է գումար աշխատելուն։ Հաճախ մենք ընտրություն ենք կատարում ՝ կապելով ամեն ինչ գումար աշխատելու հետ։ Ես չեմ ընդհանրացնի բոլորին․ եթե դա իմ համար կարևոր լիներ, ես կշարունակեի իրավաբանական իմ կարիերան, բայց ես հասկանում եմ, որ չեմ կարող մեքենա լինել, և գումար աշխատելն ամենակարևորը չէ։ Փողը իմ համար էսթետիկ հաճույք ստանալու միջոց է մի հետաքրքիր երկրի հետաքրքիր թանգարան այցելելու համար։ Ես չեմ կուտակում, ֆետիշականություն չկա իմ մոտ փողի նկատմամբ։ Ես կարողացա հանգիստ լքել իմ աշխատանքը, և ինձ փորձեցի այն ոլորտում, որը այնքան էլ փողաբեր չէ։ Ուղղակի պետք է հարց տաս ինքդ քեզ, ինչով ես կզբաղվեմ, եթե ամեն ինչ ունենամ և զբաղվել դրանով։

Շատ տաղանդավոր լուսանկարիչներ թողնում են իրենց սիրելի ժանրը և զբաղվում են այն ժանրով, որը փողաբեր է, բայց դա իրենց դուր չի գալիս։ Օրինակ՝ նկարում են տկլոր անձանց և գնում են դեպի էրոտիկ տեսարաններ։ Պարերում էլ նույնն է՝ շատերը պարում են ստրիպ-պլաստիկա, որը շահութաբեր է։ Ես կարծում եմ, որ նրանց համբերությունը չի ներել, բայց պետք է շարունակել ստեղծագործել այն ժանրում, որը քեզ դուր է գալիս։ Ինձ հետաքրքիր է աշխատել տարբեր ազգերի ու տարբեր մարդկանց հետ։ Ես ինքս, աշխատելով այդ մարդկանց հետ, ինչ-որ բան իմանում և սովորում եմ։

Հոգնեցիր պարերից և սկսեցիր կար ու ձևով զբաղվե՞լ:

Չեմ հոգնել, պարզապես հագուստ էի նկարում բեմական և տալիս էի որևէ դերձակի կարելու: Ես հասկացա, որ ինձ հետաքրքիր չէ այն հագուստը, որը ստեղծել են զանգվածային արտադրողները, և ինձ դուր է գալիս իմ ստեղծածը, դրա համար սկսեցի նաև սովորել կարել: Հիմա քոլեջում եմ սովորում և մինչև ամառ կավարտեմ: Բայց արդեն իսկ ես իմ բեմականացումների համար հագուստ եմ նկարում և կարում:

Չե՞ս հոգնում անընդհատ փորձարկումներ անելուց։

Չեմ հոգնում։ Եկավ մի պահ, որ ես հասկացա՝ ես արևելյան մարդ եմ, որովհետև արևելքի մարդիկ սիրում են ընթացքը, իսկ եվրոպացիք՝ արդյունքը։ Ես դրանից հաճույք եմ ստանում, իսկ արդյունքին հետո եմ նայում։ Միայն արդյունքի համար ինչ-որ բան անել չեմ սիրում, եթե ընթացքից հաճույք չեմ ստանում։ Շատերը վախենում են ինչ-որ բան սկսելուց և անհաջողությունից։ Ես էլ դա ունեի, բայց եղավ մի պահ, որ ես անտեսեցի դա, և նկատեցի, որ երբ չեմ անհանգստանում և վախենում անհաջողությունից, ես շատ լավ արդյունք եմ ստանում։ Ճգնաժամը մի լճացում է, որը բոլորի մոտ կարող է լինել։ Այն նաև հնարավորություն է՝ վերանայել քո կյանքը և սկսել սկզբից։ Եթե ոչինչ չանես, ապա ճգնաժամը քեզ կխժռի։ Կապ չունի ինչ է պատահում և ինչքան են քեզ վճարում, բայց ավելի լավ է մի բան անել, քան թե նստել ու սպասել, որ քեզ լավ առաջարկներ կանեն։ 

Գայանեի անձնական բեմադրություններից մեկը կարելի է նայել այստեղ։ 

Մեկնաբանություններ (1)

Հայկյան
Հետք ջան, Գայանեն Մոսկվայի որ ռեստորանում որ ցանկանում է, թող պարելով գումար աշխատի, բայց նրա կերպարը ո՛չ որպես բացառիկ օրինակ է արժեքավոր, ո՛չ էլ որպես ազգային մտածողության մի նմուշ: Նրա նման բազմաթիվ հայեր կան, որ ՌԴ-ում ռեստորանային աշխատանքով են զբաղվում: Ավելի լավ է որևէ համշենահայի մասին գրեք, օրինակ՝ Աբխազիայում բնակվող հայերի (համշենահայերի) մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter