HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուստրն ստացել է Ամանորի ամենաթանկ նվերը. «Իմ հայրն անմեղ է»

3 արդարացման դատավճիռ 35 տարի անց

Տարեվերջին երեք ամերիկացի, որոնցից մեկը՝ հետմահու, արժանացել են արդարացման դատավճռի: Նրանք մեղավոր էին ճանաչվել 1980թ-ին Բրուկլինում կատարված 6 մարդու՝ մի կնոջ և նրա անչափահաս 5 երեխաների սպանության մեջ: Այս մասին գրում է The New York Times-ը: 

Էյլին Մորան արդարացման դատավճռի ժամանակ պարզել է
հոր լուսանկարը

Արդարադատությունը հաղթանակել է 35 տարի անց, որոնցից 33 տարին երկու քաղաքացիները Վիլյամ Վասկեսն ու Ամորի Վիլյալոբոսը բանտում պատիժ են կրել՝ լինելով անմեղ (իսկ նրանց երրորդ ընկերը՝ Ռայմոնդ Մորը, սրտի ինֆարկտից մահացել է բանտում 1989 թ-ին): Դատարանի դահլիճում գտնվող Մորի դուստրը, ով հոր մահվան ժամանակ եղել է ընդամենը 7 տարեկան, բարձրացրել է հոր լուսանկարը. «Ես ստացա Ամանորի ամենաթանկ նվերը. իմ հայրն անմեղ է, և հիմա դա բոլորը գիտեն: Ես գիտեմ, որ նա երկնքից տեսնում է և ուրախ է, որ իր անունը մաքրվեց»,- ասել է հետմահու արդարացված քաղաքացու դուստրը, ով մոր հետ եկել էր դատարան:

Արդարացման դատավճռին նախորդել է դեպքի վայր հանդիսացող եռահարկ տան տիրուհու Հաննա Քվիքի դստեր (սպանվածները նրանց տան 3-րդ հարկի վարձակալներն են եղել) ցուցմունքն այն մասին, որ իր մայրը մահից առաջ խոստովանել է իր տված սխալ վկայության մասին, թե դեպքի օրը տեսել է իրենց տնից դուրս եկող երեք տղամարդու: Ավելին՝ մայրը մահվան մահճում ասել է, որ ստել է ոստիկաններին` պատմելով, թե մինչև հրդեհը լսել է բռնության ձայներ վերևի հարկում: Տիրուհու դուստրը դատարանում հայտնել է՝ մայրը զղջացել է, որ երեք անմեղ մարդկանց իր սուտ վկայությամբ ուղարկել է բանտ:

Երեք ամբաստանյալները 1980 թվականին

Արդարացման դատավճռի համար հիմք է հանդիսացել նաև քրեագիտության մեջ հրդեհների ու դրա հետևանքների ուսումնասիրման ժամանակակից մեթոդիկան, ինչը հասանելի չէր և չէր կարող լինել 1980-ականներին:

65-ամյա Վասկեսն, ով բանտում կուրացել է գլաուկոմայի հետևանքով, արդարացման դատավճռից հետո լրագրողներին ասել է. «Ոչինչ այս աշխարհում չի կարող վերադարձնել իմ տարիները. ոչ գումարը, ոչ այլ բան: Դա նման է նրան, որ ես կորցրել եմ ինքս ինձ բանտում, ես կորցրել եմ կյանքիս 33 տարիները: Ինձ բանտ տարան 30 տարեկանում, հիմա ես 65 տարեկան եմ»:

2012-ին ԱՄՆ երկու քաղաքացիները պայմանական վաղաժամկետ ազատվել էին մի քանի անգամ մերժվելուց հետո: Նրանց առաջ խնդիր է դրված եղել՝ զղջալ կատարած հանցանքի համար, սակայն նրանք մշտապես պնդել են, որ անմեղ են: Ի վերջո, 2012-ին պայմանական ազատվել են՝ հերքելով իրենց մեղքը կատարված հանցանքում, իսկ 2015-ի տարեվերջին՝ արդարացվել:

77 տարեկան Ամորի Վիլյալոբոսն ազատության առաջին րոպեներին հավաքվածներին ցույց է տալիս արդարացման դատավճիռը

Լուսանկարները “The New York Times”-ի

Գլխավոր լուսանկարում  արդարացված երկու քաղաքացիները գրկախառնվել են հետմահու արդարացված իրենց երրորդ բախտակցի այրու ու դստեր հետ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter