HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը դուրս մնաց նոր Մետաքսի ճանապարհից

Նախապատմությունը

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում անցած դարի 90-ականներին դադարեց գործել Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղին, որը անցնում էր Նախիջեւանի տարածքով: Հենց այդ ժամանակ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ եղան Իրան-Հայաստան մի նոր երկաթուղու նախագծի մշակմանը, սակայն 1996-1997 թվականներին նախագծի մշակումը դադարեցվեց, քանի որ ակնհայտ էր դրա տնտեսական աննպատակահարմարությունը և անգամ հեռավոր ապագայում ինքնածախսածածք դառնալու անհնարինությունը:

2000-ականների սկզբին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գաղափարը կրկին մտցվեց շրջանառության մեջ արդեն Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սա համընկավ Վրաստանը Թուրքիան կապող երկաթուղու նախագծի մեկնարկի հետ եւ դեռ այն ժամանակ անկախ տնտեսագետները պնդում էին, որ Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարը շրջանառության մեջ մտցնելը ընդամենը քաղաքական ենթատեքստ ունի եւ դրա տնտեսական նպատակահարմարությունը առաջվա պես բացակայում էր:

Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց` 2008 թվականի հոկտեմբերին հարցը կրկին սկսեց շրջանառվել: ՀՀ ԱԺ-ին եւ ժողովրդին ուղղված իր ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարեց թե «առաջիկա տարիներին Հայաստանը սկսկում է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին»: Նույնիսկ նախագծի մշակման որոշակի ընթացակարգեր սկսվեցին, դրանում ներգրավվեց օֆշորային ծագում ունեցող «Ռասիա ՖԶԵ» անունով մի ընկերություն, որը պետք է վերջնական տեսքի բերեր նախագիծը եւ գտներ ֆիանսավորման աղբյուրներ: ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարություններ արեց, որ երկաթուղին տնտեսապես արդարացված է, որից հետո ակնարկներ արվեցին, թե Ռուսաստանը շահագրգռված է Իրան Հայաստան երկաթուղու շինարարությամբ և մեծ է հավանականությունը, որ հենց Ռուսաստանն էլ կֆինանսավորի այն:

Ռուսական վերջակետը

Սակայն 2015 թվականի հունիսին Ռուսաստանը վերջակետ դրեց իր կողմից այս ծրագիրը ֆինասավորելու հավանականության մասին խոսակցություններին: Ընդ որում վերջակետը «յուղոտ էր»: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարեց, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատը»,- ասել էր նա:

Փոխարենը Ռուսաստանում մտադիր են ֆինանսավորել Իրան-Ադրբեջան երկաթուղու շինարարությանը, որը ընդհանրապես իմաստազրկում է Իրան-Հայաստան երկաթուղին՝ միջազգային բեռնափոխադրումների համար: Խոսքը Աստարա-Կազվին-Ռեշտ տրանսպորտային միջանցքի մասին է, որի մի մասը արդեն կառուցված է:

Նոր Մետքասի ճանապարհը

Ռուսական ֆինանսական աջակցությունը չստանալուց հետո ՀՀ իշխանությունների հայացքները շրջվեցին դեպի Չինաստան: Կիսապաշտոնական հայտարություններ հնչեցին, թե Չինաստանը կարող է շահագրգռված լինել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությամբ եւ այդ նպատակով ֆինանսական միջոցներ կտրամադրի:

Ի տարբերույթուն ռուսական դեպքի, այստեղ, տեսականորեն, նման հնարավորություն կար: Խնդիրն այն է որ Չինաստանը հայտարարել էր նոր «Մետաքսի ճանապարհ» կառուցելու մտադրության մասին, որով Չինական ապրանքները արագ եւ էժան պետք է հասնեին Եվրոպա: Այդ նպատակի համար չինական իշխանությունները անգամ մտադիր են ծախսել 40 միլիարդ դոլար:

2015 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնեց Չինաստան ուր հանդիպումների ժամանակ քննարկում էին մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտին: Աբրահամյանը Չինաստանում գտնվելու երեք օրերի ընթացքում տարբեր հանդիպումներում 4 անգամ արծարծել է այս ծրագրի անունը եւ որպես դրա բաղկացուցիչ մաս նշում էր Իրան-Հայաստան երկաթուղին: Մասնավորապես, Չինական Սիան քաղաքում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը ելույթ էր ունեցել  «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացում» թեմայով:

««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կարեւոր բաղադրիչ կհանդիսանա նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը: Հայ - իրանական երկաթուղին կապահովի տարածաշրջանի համաչափ եւ հավասարակշռված զարգացումը, կընդլայնի տնտեսական կապերը երկրների միջեւ: Այս համատեքստում մենք քննարկում ենք ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման հարցը...»,- ասել էր ՀՀ վարչապետն իր ելույթում:

Հայաստանը կրկին դուրս մնաց

Սակայն այդ ելույթից ամիսներ անց Չինաստանից դեպի Եվրոպա, այսինքն՝ նոր «Մետաքսի ճանապարհով» ընթացող առաջին գնացքը հասավ Թբիլիսի: Գնացքը անցել էր Ղազախստանով, ապա լաստանավով հատել էր Կասպից ծովը ու Ադրբեջանով հասել Վրաստան: Ըստ պլանի, գնացքը շարունակելու է իր ճանապարհը դեպի Սեւ ծով, որտեղից լաստանավով Թուրքիայով կամ Ուկրաինայով հասնելու է Եվրոպա:

Իհարկե, սա փորձնական երթուղի է, եւ այդ գնացքը նշված ճանապարհն անցնում է ստուգելու համար գոյություն ունեցող ենթակառուցվածքները, ինչպես նաև հետագայում Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրման իրական ինքնարժեքն ու ժամկետները հաշվելու նպատակով: Ըստ այդմ, երթուղու մեջ կարող են փոփոխություններ կատարվել, ինչ-որ բան ավելացնել, պակասեցնել...  Հնարավոր է, որ վրացական նավահանգիստներից գնացքները լաստանավերով ուղեւորվեն ոչ թե Թուրքիա, այլ Ուկրաինա, կամ լինեն երթուղու այլ փոփոխություններ:

Սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպքում Իրան-Հայաստան երկաթուղին նոր «Մետաքսի ճանապարհի» մեջ չէ, քանի որ դրա որեւէ այլ երթուղի վերջնական տեսքի բերելու համար չի ենթադրվում մի քանի հարյուր կիլոմետր նոր` կտրտված ռելիեֆով (սարերով ու ձորերով) անցնող երկաթուղի կառուցել, որի արժեքը կկազմի 3,5-5 միլիարդ դոլար:

Սրանից ակնհայտ է դառնում, որ եթե նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը նախաձեռնած Չինաստանի իշխանությունների համար ընդունելի դառնա Ռուսաստանը շրջանցող այս ճանապարհը, ապա Իրան-Հայաստան երկաթուղին չի ներառվի դրա մեջ ու Չինաստանը դրա համար մի քանի միլիարդ դոլար չի հատկացնի:

Ահավասիք հերթական անգամ ականատեսն ենք դառնում, որ Հայաստանը որեւէ կերպ չի կարողանում ներգրավվել տարածաշրջանային որեւէ ծրագրում և հերթական անգամ շրջանցվում ու շրջափակվում է…

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Մեկնաբանություններ (2)

Վաչե
ամեն ինչ ասում եք բացի հիմնական պատճառը նշելուց։ Հայաստանը տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս է մնում միայն Ռուսաստանի սեփականությունը լինելու հետևանքով։ Ոչ մի խելոք իր փողերից ձեռ չի քաշել, որ Հայաստան-Իրան երկաթուղի կառուցի և նվիրի Ռուսաստանին։ Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի համար շատ ավելի կարևոր է քաղաքական բաղադրիչը, քան թե տնտեսական շահավետությունը։ Ոչ մի երկիր, այդ թվում և Չինաստանը չեն ցանկանում որևէ խաղաքարտ տալ Ռուսաստանին և ինչ-որ ձևով ենթարկվել նրա անկանխատեսելի քմահաճություններին։ Այլապես Չինաստանի համար միանշանակ տնտեսապես անհամեմատ ձեռնտու է իր ապրանքը Եվրոպա հասցնել Ռուսաստանի երկաթուղային ցանցի միջոցով, այլ ոչ թե Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով,Վրաստանով,Սև ծովով։ Ինչ վերաբերվում է Իրան-Հայաստան երկաթուղու նախագծին ներկա պայմաններում այն անհեթեթություն է և առնվազն անլուրճ փիար է։ Ինչու՞ չի վերաբացվում աբխազական երկաթուղին , Մոռացության է մատնված Նախիջևանով անցնող Հայաստան-Իրան ամենահարմար երկաթուղին։ ԼՂ հիմնախնդրի համապարփակ լուծման պայմաններում շրջանառությունից դուրս կգան ինչպես բոլոր անհեթեթ ծրագրերը, այնպես էլ նրանց հեղինակները։ Ամբողջ դժբախտությունը նրանում է, որ դրանում շահագրգռված չեն ոչ Ադրբեջանի ,ոչ էլ Հայաստանի վարչախմբերը։ Սակայն վաղ թե ուշ ավելի վատ պայմաններով այն կպարտադրվի մեզ երրորդ ուժերի կողմից։
Արմնակ Եղիայեան
Եթէ Հայաստանը վերադարձնէ Ղարաբաղն ու ազատագրուած տարածքները Դրբեջանին, ապա կրնայ մաս կազմեք այդ ծրագրերուն: Հարցը կարենալուն մէջ չէ, այդ կարելիութիւնը ըինդունելու մէջ կը կայանայ: Դուք իրազեկ քաղաքացիների միաւորներդ համաձա՞յն էք այդ լուծումին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter