HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Թմրանյութի առևտրի` Հայաստանով անցնող ուղիները

Բրազիլուհի Մալիկա Աբուսենան տարածել է ընկերոջ` Ռաֆալ Զելբերտի լուսանկարը Ֆեյսբուքում ու գրել. «Գեղեցիկ աչքեր, որտեղ եք դուք հիմա»: Ռաֆալը չի պատասխանել: Մալիկայի համար պատասխան ունի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը.

«Նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հայաստանի Հանապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը Սան Պաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած  Լեհաստանի քաղաքացի, 1980թ-ին ծնված Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել  առանձնապես խոշոր չափի թմրանյութ»:

Ռաֆալ Զելբերտի դեպքը 2015թ. ընթացքում Հայաստան «կոկաին» ներկրելու բացահայտված փորձերից չորրորդն է և ամենախոշորը: ԱԱԾ-ն հայտնում է, որ օդանավակայանում Ռաֆալ Զելբերտի ուղեբեռում հայտանբերել են 13 կգ կոկաին, որի շուկայական արժեքը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, գերազանցում է 4 միլիոն ԱՄՆ դոլարը:

«Մենք միասին էինք այստեղ՝ Բրազիլիայում: Ես չգիտեի, որ նա գալու է Հայաստան: Մենք որոշել էինք վերադառնալ Նիդեռլանդներ, որտեղ նա ապրում է: Ես չգիտեի նաև, որ նա գործ ունի թմրադեղերի հետ», - ասում է Մալիկան Հետքի հետ զրույցում: Գործի նախաքննությունը դեռևս ավարտված չէ: Այն վարում է ազգային անվտանգության ծառայությունը:

2015թ.-ին Հայաստան «կոկաինի» ներկրման առաջին երկու փորձերը բացահայտվեցին տարեսկզբին:

Հունվարին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշծատակիցներն օդանավակայանում ձերբակալեցին Ալեքսանդր Կորդովային և Մարիա Ալվարադոյին, ըստ հաղորդագրության` Պերուի Հանրապետությունից Լիմա - Սան-Պաուլո - Աբու-Դաբի - Երևան տարանցիկ չվերթով ՀՀ ժամանած մոտ 2,7 կգ քաշով «կոկաին» տեսակի թմրանյութ ներկրելու համար: Մի քանի օր անց Զվարթնոց օդանավակայանում  ձերբակալվեց Արգենտինայի քաղաքացի Ալեխանդրո Տոռեսը՝ Սան-Պաուլոյից մոտ 2,6 կգ քաշով «կոկաին» ներկրելու համար:

Պերուացի Ալեքսանդրը և Մարիան Հայաստանում առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել են 15 տարվա ազատազրկման(վճիռը դեռևս կարող է բողոքարկվել): Արգենտինացի Ալեխանդրոյի դատավճիռն էլ արդեն մտել է օրինական ուժի մեջ՝ 13 տարվա ազատազրկում:

Դատական գործերից ակնհայտ է, որ նրանք թմրաբիզնեսում փոխանցող օղակն են, այսինքն՝ որոշակի գումարային պայմանավորվածությամբ վերցրել են կոկաինը ոմն մեկից և պետք է Հայաստանում փոխանցեին մեկ ուրիշին: Ապացուցված է նաև, թե որ երկրից են ներկրել թմրանյութը, սակայն թե ում էին փոխանցելու, բացահայտված չէ ոչ պերուացիների, ոչ արգենտինացու դատական գործով:

Այնուամենայնիվ Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս հրապարակված հաշվետվության մեջ նշում է Հայաստանի Հանրա­պետության տա­րած­քով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. առաջինը` Լատինական Ամե­­­րիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը` Իրանից Հայաս­տանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա Մալայզիա: Համաձայն այս հաշվետվության` թե պերուացիների, թե արգենտինացու ներկրած «կոկաինը», ուղևորվելու էր Թուրքիա` չբացահայտվելու և չառգրավվելու դեպքում:

Պերուի և Արգենտինայի քաղաքացիներին ձերբակալելուց օրեր անց «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն ձերբակալեց Բուլղարիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբներ Մալեկ Աբաս Ղարիբին և Ալ Շահեր Հասան Աբդոյին` նրանց մոտ հայտնաբերելով մոտ 4,8 կգ «կոկաին» տեսակի թմրանյութ:

Այս անգամ ձերբակալվածները ոչ թե Հայաստան էին ժամանել արտերկրից, այլ փորձում էին Երևան-Ստամբուլ չվերթով թմրանյութը արտահանել Թուրքիա: Դատարանը պարզել է, որ արաբ Մալեկ Ղարիբին այդ գործին դրդել է Երևանում բնակվող, ազգությամբ արաբ Ֆիրազ Վեհբեն: Մալեկը թմրանյութը Թուրքիա արտահանելու համար, ըստ դատական գործի նյութերի, ստացել է 2500 եվրո:

Նոյեմբեր ամսին բացահայտվեցին Լատինական Ամերիկայից «կոկաինի» ներկրման` այս տարվա երրորդ և չորրորդ փորձերը` դարձյալ Լատինական Ամերիկայից: Սաո Պաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով տարբեր օրերին համապատասխանաբար մոտ 3 և 13 կգ «կոկաինով» օդանավակայան ժամանեցին ուկրաինուհի Իլինա Շելեվերը և լեհ Ռաֆալ Զելբերտը: Ում համար էին նրանք բերել թմրանյութը, դեռևս անհայտ է:

Ազատազրկումը թմրաբիզնեսը կանխելու միջոց չէ

Հայաստանում իրենց պատիժը կրող օտարերկրացիները նախկինում ևս ունեցել են նմանատիպ քրեական պատմություն: Ազատզրկումը նրանց չի կտրել թմրաբիզնեսից:

Պերուի քաղաքացի 34-ամյա Ալեքսանդր Կորդովան, ըստ ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, երեք տարի առաջ` 2012 թվականին, ձերբակալվել է 10,900 կգ կոկաինի խլորահիդրադ տեղափոխելու համար` Պերուի մի քաղաքից մյուսը:

Արգենտինացի Ալեխանդրո Ջոելն էլ դատարանում պատմել է, որ  2012 թվականին 6000-7000 ԱՄՆ դոլար գումար ստանալու ակնկալիքով, կոկաին է տեղափոխել Հարավաֆրիկյան Հանրապետություն, որի համար ձերբակալվել է և գտնվել 1 տարի 7 ամիս գտնվել է կալանքի տակ։ Այնուհետև, նրա ասելով, գործում առկա փաստաթղթերի անճշտության կապակցությամբ դատարանի դահլիճից ազատ է արձակվել և վերադարձել Արգենտինա։

Լեհ Ռաֆալ Զելբերտը նախկինում ևս նմանատիպ քրեական պատմության մեջ է եղել: Հայաստանում նրա փաստաբան Կարինե Խաչատրյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ` նշելով, որ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Ռաֆալ Զելբերտը նախկինում ձերբակալվել է Մալթայի Հանրապետության օդանվակայանում՝ թմրանյութ ներկրելու փորձ կատարելու համար: Ըստ Մալթայի դատական ակտերի ռեգիստրի` Զելբերտը մեղադրվում է Մալթայի Հանրապետություն 443, 68 գրամ կոկաինի ներկրման և «դիազեպամ» տեսակի թմրանյութ պահելու մեջ: Նա այս գործով Մալթայում դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման:

Ռաֆալ Զելբերտն երկար ժամանակ պայքարել է իր իրավունքների համար Մալթայում: Նա դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով երկրի Գլխավոր դատախազի որոշումն այն մասին, թե որ դատարանում իր գործը պետք է քննվի և հետևաբար՝ ինչ պատիժ պետք է առաջադրվի: Նա դիմում-բողոքում նշել է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը: Սահմանադրական դատարանը բավարարել է նրա դիմումը. փաստաթուղթը կցվել է նրա քրեական գործին:

Ռաֆալ Զելբերտի քրեական գործը Հայաստանում հարուցվել է 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով, պատժվում է ազատազրկմամբ, 7-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter