Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ինտերպոլով հետախուզվողն անարգել կենդանիներ է ներմուծում Հայաստան



Միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների առևտրով զբաղվող ՀՀ քաղաքացի Արթուր Խաչատրյանը հետախուզվում է Ինտերպոլի կողմից: Սակայն վերջինս անարգել շարունակում է կենդանիներ ներմուծել Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք՝ Արթուր Խաչատրյանը «Զու ֆաունա արտ» ընկերության սեփականատերն է, ում միջոցով աֆրիկյան երկրներից բազմաթիվ կենդանիներ և թռչուններ են ներմուծվում  Հայաստան, այնուհետև արտահանվում առավելապես Ռուսաստանի Դաշնություն: Նրա ներմուծած բոնոբոների ճակատագիրը, որոնցից մեկը ցուցադրված էր Ձորաղբյուրի «Ջամբո» այգում, այդպես էլ անհայտ մնաց մեզ և ընթերցողներին: Մաքսանենգ ճանապարհով բոնոբոների ներմուծման փաստով հարուցված քրեական գործի վարույթն իրականացնող մարմինը՝ ֆինանսների նախարարության քննչական վարչությունը ուղիղ երկու տարի է՝ քննում է գործը, սակայն այդպես էլ ավարտին չի հասցնում

Մինչդեռ Կոնգոյում Ինտերպոլի ԱԿԲ-ի հայցադիմումի հիման վրա դեռևս 2014թ. սեպտեմբերի 12-ին Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից  «Կարմիր անկյունով» քարտի  տեսքով միջազգային հետախուզում է հայտարարվել Արթուր Խաչատրյանի (ծնված 01.09.1968թ.) նկատմամբ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնության պահպանության մասին  թիվ 14/003 օրենքի 79 հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար, այն է՝ ամբողջությամբ պահպանության տակ գտնվող նմուշների միջազգային առևտուր (անօրինական ճանապարհով ՀՀ բոնոբո տեսակի կապիկներ ներմուծելու կապակցությամբ)։

Ինտերպոլի ԱԿԲ-ն, «Հետքի» գրությանն ի պատասխան, տեղեկացրել է, որ Արթուր Խաչատրյանը 2015թ. փետրվարի 6-ին ձերբակալվել է Հայաստանում: Այդ կապակցությամբ փետրվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերջինիս նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, և փետրվարի 9-ին Ա. Խաչատրյանը ազատվել է արգելանքից՝ ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ։ Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկցրել է, որ 23.12.2015 թ. դրությամբ Արթուր Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է։ Իսկ թե ինչու վարույթն իրականացնող ֆինանսների նախարարության քննչական վարչությունը արգելանք չի կիրառել, հայտնի չէ: Մեր հարցմանն ի պատասխան ֆինանսների նախարարությունը Ինտերպոլ ԱԿԲ-ից տարբերվող պատասխան է տվել. «Տեղեկություններ չեն ստացվել նաև, թե ներկայումս Ա. Խաչատրյանի նկատմամբ Կոնգոյի նախաձեռնությամբ հետախուզումը շարունակվում է, թե ոչ: ՀՀ ՖՆ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ա. Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Հակառակն է պնդում Ինտերպոլը. «Կենդանիների ապօրինի առևտրի գործը բացահայտելու ուղղությամբ Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ-ն համագործակցում է ՀՀ Ֆինանսների նախարարության Քննչական վարչության հետ, քանի որ գործի քննությունն իրականացվում է նշված վարչության կողմից, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության համապատասխան ծառայության, Կոնգոյում, Գվինեայում, Շվեցարիայում Ինտերպոլի ԱԿԲ-ների և այլ իրավասու մարմինների հետ»:

Անհետացող տեսակները Ձերբակալություններ՝ կենդանիների ապօրինի առևտրի մեղադրանքով

Արտասահմանյան մեր գործընկերների և իրավապահ մարմիններում մեր աղբյուրի միջոցով պարզեցինք, որ Արթուր Խաչատրյանը նաև ձերբակալվել է Դուբայում 2014թ. հոկտեմբերին: Սակայն 4 ամիս անց ազատ է արձակվել, քանզի Կոնգոյից նրա արտահանձնման վերաբերյալ փաստաթղթերն ուշացել են, և Խաչատրյանը վերադարձել է Հայաստան: Դրանից հետո Կոնգոյի իրավապահ մարմինները Ինտերպոլի միջոցով դիմել են ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի Արթուր Խաչատրյանին ձերբակալեն Հայաստանում:  Վերջիններս էլ, ինչպես երևում է, ձերբակալել և նորից ազատ են արձակել՝ «կանաչ լույս վառելով» նրա գործունեությանը:

Արթուր Խաչատրյանը ձերբակալությունից հետո բուռն գործունեություն է սկսել: 2015թ. ամռանը նա կապիկների մեծ խմբաքանակ է ներմուծել Հայաստան:  Տանզանիայից Հայաստան է փոխադրել 60 թզուկ կանաչ կապիկ, այլ կերպ դրանց վերվետ կապիկներ են անվանում (լատիներեն անվանումը՝ Chlorocebus pygerythrus): Կապիկների այս տեսակը Միջազգային կարմիր գրքում է ընդգրկված, դասվում է «նվազ վտանգվածների» ցանկում: Սակայն, այս անգամ ճանապարհը ոչ թե Միացյալ Արաբական Էմիրություններն է եղել, այլ Տանզանիա-Բեյրութ-Երևան ուղին: Դրանից բացի ևս 30 կապիկ էլ է նա ներմուծել օգոստոսին և այնուհետև բոլոր պրիմատներն արտահանել է Ռուսաստան: Ռուսաստան արտահանել է իր գործընկերոջ Էդուարդ Խաչատուրյանի միջոցով:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մտահոգված չէ այն փաստով, որ Արթուր Խաչատրյանը հետախուզվում կամ ձերբակալվել է կենդանիների անօրինական առևտրի մեջ կասկածվելու փաստով: Ըստ նրա, քանի դեռ իրենց ներկայացնում են օրինական փաստաթղթեր, իրենք չեն կարող այդ անձին CITES թույլտվություններ չտրամադրել: Ավելին, իրավապահ մարմինների կողմից որևէ սահմանափակման մասին գրություն ԲՆ-ն չի ստացել: «CITES-ի հետ կապված այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են մեզ և արտահանում կամ ներմուծում են իրականացնում, դրանք օրենքի սահմաններում են: Թե ինչի համար է նա փնտրվում և ինչ հանցանքներ է կատարել դրսում, ես դրա մասին տեղեկություններ չունեմ»,-«Հետքի» հետ հարցազրույցում ասաց Արամայիս Գրիգորյանը:

«Հետքը» արդեն գրել է, որ Արթուր Խաչատրյանի ներկայացրած փաստաթղթերի մի մասը կեղծ են եղել։

Ինչպես երևում է, Ֆինանսների նախարարությունը բացառիկ շահագրգռվածություն ունի այս գործը չբացահայտելու հարցում: Ավելին՝ Ֆինանսների նախարարությունը կենդանիների առեւտրի իրականացման կարեւոր օղակներից մեկն է։ Հենց նախարարության կառույցների միջոցով են ներկրվում եւ արտահանվում այդ կենդանիները, այսինքն` այդ կենդանիների վաճառքից ստացված փողերի մի մասը այդ կառույցներին է մնում։ Եւ, բնականաբար, Գագիկ Խաչատրյանը չի թողնի իր ղեկավարած կառույցի դեմ քրեական պատմություն սարքվի եւ չի զրկվի հավելյալ գումարներից։ 

Գագիկ Խաչատրյանի լուսանկարը՝ Ֆոտոլուրի


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Կենդանիների առևտուրը և Հայաստանը» թեմայով
Մեկնաբանություններ (3)
1. nene15:50 - 11 հունվարի, 2016
Էլի ընթացք տվեցի՞ք։Հայ մարդիկ են ,թող աշխատեն։Անպայման պիտի դրսի հրահանգներով առաջնորդվե՞ք։լավ չէ՞ր լինի մի մեծ այգի ստեղծվեր Հայաստանում։
2. Գեւորգ16:30 - 11 հունվարի, 2016
էտ մարդուն հայ պաշտոնավորները ինչու պիտի բռնեն, եթե օգուտից բացի վնաս չի տալիս իրենց: Հայերս ենք կարմիր գրքի փայ դարձել, այդ կենդանիների համար վրդովվենք? Ավելի ճիշտ կլինի տանզիաները իրենց կապիկ ծախողներին բռնեն, ոնց են այնտեղ ինքնաթիռի մեջ մտնում?
3. Ռազմիկ19:07 - 16 հունվարի, 2016
Բոլորը գող-աւազակ....վանդակներուն մէջ պէտք է դրուին: Անոնք արժանի են անանկ ճակատագրին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ