HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրադատարանն անընդունելի է համարել Վահագն Չախալյանի դիմումն ընդդեմ Վրաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի և մյուսների դիմումն ընդդեմ Վրաստանի անընդունելի է և այն բովանդակային չի քննել:

ՄԻԵԴ դիմել են Վահագն Չախալյանը, նրա հայրը և եղբայրը՝ Ռուբեն և Արմեն Չախալյանները: Նրանք հայտարարել են, որ Վահագն Չախալյանի դեմ կառավարության կողմից իրականացված հետապնդումները նրան լռեցնելու և Վրաստանում ազգային փոքրամասնություն համարվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ նրա քաղաքական և հասարակական գործունեությունը կասեցնելու քաղաքականության արդյունք էր: Այդ պատճառով 2008-ին Վ.Չախալյանի նկատմամբ 10 քրեական մեղադրանք առաջադրվեց, որից 6-ով Վ.Չախալյանը դատապարտվեց ազատազրկման:

Վահագն Չախալյանին Վրաստանի դատարանը մեղավոր էր ճանաչել զենք-զինամթերքի ձեռքբերման և պահպանման, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, իշխանության ներկայացուցչի դեմ կատարված խուլիգանության հոդվածներով և դատապարտել 10 տարվա ազատազրկման: Զենք-զինամթերքի պահման հոդվածը տարածվել էր նաև Ռուբեն և Արմեն Չախալյանների վրա, սակայն նրանք շուտով գրավով ազատ էին արձակվել:

Վահագն Չախալյանն անազատության մեջ էր 2008 թ. հուլիսի 21-ից և կրեց պատժի մեկ քառորդից ավելին: 2013թ. դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել էր «Համաներման մասին օրենքը», որը տարածվել էր նաև Վահագն Չախալյանի վրա: Նա 2013թ. հունվարի 24-ին ազատ էր արձակվել: 

Չախալյաններն իրենց գանգատում նշել են, որ խախտվել է իրենց՝ սեփական ընտրությամբ թարգմանիչ ունենալու իրավունքը: Գործի ընթացքում իրենք հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ նյութերին գրական մայրենի լեզվով, քանզի վրացերենից կատարված թարգմանությունները պատշաճ և հասկանալի չեն եղել իրենց համար: Գործով նշանակալի որոշ փաստաթղթեր նույնիսկ չեն թարգմանվել և տրամադրվել են վրացերեն կամ ռուսերեն լեզուներով: Բանավոր թարգմանությունը դատապրոցեսների ընթացքում որակյալ չի եղել և չի արձանագրվել (չի ձայնագրվել և պահպանվել) դատարանի կողմից: Թարգմանությունը բարդություններ է առաջացրել նաև փաստաբանների համար, ինչն ազդել է Չախալյանների իրավունքների պաշտպանության վրա:

Բացի դրանից, խախտվել է հայցվորների պաշտպանության՝ իր ընտրությամբ փաստաբան ունենալու իրավունքը: Չախալյանների իրավունքների պաշտպանության համար չի թույլատրվել ներգրավել օտարերկրյա փաստաբանի՝ ֆրանսահայ Պատրիկ Արաբյանին: Հետևաբար, խախտվել է նաև Չախալյանների արդար դատաքննության իրավունքը:

Դիմողները հայտնել են, որ խախտվել է նաև իրենցից երկուսի հավաքների ազատության իրավունքը, որոնց միջոցով Չախալյանները փորձել են ընդդիմանալ ընտրությունների ժամանակ կատարված ընտրակեղծիքներին:

Վահագն Չախալյանը նշել է, որ խախտվել է նաև իր՝ ազատ արտահայտվելու իրավունքը: Կառավարությունն իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ կիրառած քրեական հետապնդումներով փորձ է արել ճնշում գործադրել և սահմանափակել իր ազատ արտահայտվելու իրավունքը, որից օգտվելով ինքը բարձրաձայնել է Սամցխե-Ջավախքի հայերի սոցիալ-տնտեսական, կրթամշակութային իրավունքների խախտումների մասին: 

Միանձնյա դատարանի կազմով Ֆ. Վեհաբովիչը քննել է Չախալյանների դիմումը և անընդունելի համարել այն՝ հղում կատարելով Կոնվենցիայի 34 և 35-րդ հոդվածներին: Դատարանը հայտնել է, որ դիմումը չի համապատասխանել նշված հոդվածների պահանջներին:

34-րդ հոդվածը վերաբերում է անհատական գանգատներին, որտեղ ասվում է. «Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, ոչ կառավարական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:

Իսկ 35-րդ հոդվածը վերաբերում է ընդունելության պայմաններին.  
1.Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վերջնական որոշման կայացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն՝ a. անանուն է, b. ըստ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:

3. Դատարանն անընդունելի է համարում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե գտնում է, որ այն անհամատեղելի է սույն Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ, կամ ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:

4. Դատարանը մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում սույն հոդվածին համապատասխան: Նա կարող է դա անել քննության ցանկացած փուլում:

Թե այս կետերից որ մեկին չի համապատասխանել դիմումը, հայտնի չէ: Փաստաբան Վահե Գրիգորյանը, ով ներկայացրել է Չախալյանների դիմումը Եվրադատարան, չցանկացավ մեկնաբանել ՄԻԵԴ-ի մերժումը՝ որոշման մեջ պատճառաբանության բացակայության պատճառով:

Վահագն Չախալյանի կարծիքով, այս որոշումը քաղաքական է եղել: «Դատավորն ակնհայտ անկողմնակալ չի եղել և չեմ բացառում, որ Սահակաշվիլին իր ամերիկյան հովանավորների միջոցով ազդած լիներ այս որոշման վրա: Այլապես ինչու պետք է այսքան երկար ձգվեր միայն նրա համար, որ որոշում կայացվեր չընդունել դիմումը և բովանդակային չքննել»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Վ. Չախալյանը: 

Մեկնաբանություններ (1)

Աննա
Հաղթանակ Ձեր գործին ու Ջավախքին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter