HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փաստաբանական համայնքը մաքրելուն կլիազորվեն այլ կառույցներ

Գլխավոր դատախազությունը ներկայումս քրեական գործ է քննում ՀՀ փաստաբանների պալատի երկու անդամների՝ Արմեն Ճուղուրյանի եւ Աշոտ Աթոյանի նկատմամբ՝ նրանց մեղադրելով խաբեության եւ կեղծարարության մեջ:

Սա փաստաբանին քրեական պատասխանատվության ենթարկելու առաջին դեպքը չէ, քաղաքացիները հաճախ են դիմում իրավապահներին՝ փաստաբանի խաբեության զոհը դառնալու բողոքներով:

Բողոքներ են ներկայացնում նաեւ ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովին, տվյալ դեպքում երկու փաստաբանների նկատմամբ էլ կարգապահական գործ է քննվել: Աշոտ Աթոյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով Պալատի խորհրդի անդամներից մեկին հանձնարարվել էր ուսումնասիրել գործը: Վերջինս հանգել է այն եզրակացության, որ տվյալ գործով փաստաբանը չէր կարող հաջողության հասնել դատարանում եւ պարտավոր էր իմանալ օրենքը ու թյուրիմացության մեջ չգցեր վստահորդին՝ նրանից մեծ հոնորար ստանալով: Կարգապահական հանձնաժողովը եզրակացրել է, որ փաստաբան Աշոտ Աթոյանը թույլ է տվել կարգապահական խախտում, եւ նրա նկատմամբ խիստ նկատողություն է կիրառել:

«Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը փաստաբանին արտոնագրից զրկելն է, սակայն հանձնաժողովի անդամների կարծիքով դա կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստաբանը մինչ այդ առնվազն երկու նկատողություն է ունեցել: «Քանի դեռ Աշոտ Աթոյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ չկա, փաստաբանը կշարունակի մասնագիտական գործունեությունը, եւ մենք պետք է սպասենք քննության ավարտին: Հիմա կարող ենք նրան միայն կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ փաստաբանին խիստ նկատողություն է հայտարարվել»,- հայտնեց Պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արա Մաթեւոսյանը:

Մյուս փաստաբանը՝ Արմեն Ճուղուրյանը, մեկ անգամ արդեն ենթարկվել էր կարգապահական տույժի եւ ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, կեղծարարության համար, դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք է կիրառել:

ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արա Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ անցնող մեկ տարվա ընթացքում 30 դիմում են ստացել քաղաքացիներից: Հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել 7-8 դիմումի հիման վրա, որոնցից 3-ն են վերաբերվել փաստաբանի աշխատանքային գործունեությանը, էթիկայի խախտումներին: Մասնագիտական էթիկայի խախտումների վերաբերյալ վարույթներից մեկով մի փաստաբան տույժի է ենթարկվել՝ նրան նկատողություն է հայտարարվել, իսկ երկուսի դեպքում հանձնաժողովը եզրակացրել է, որ նրանց արարքի մեջ կարգապահական խախտում չկա:

Պրն Մաթեւոսյանի խոսքերով` հանձնաժողովին հղված դիմումների հիմնական մասը վերաբերում է վստահորդ-փաստաբան դրամական փոխհարաբերություններին: «Ժողովրդի մոտ տարածված կարծիք կա, որ եթե փաստաբանը դատարանում հաջողության չի հասնում, ուրեմն պետք է վերադարձնի վճարը»,- ասաց նա: Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ փաստաբան-վստահորդ հարաբերությունները լուծվում են զուտ փոխադարձ պայմանագրով, որով նրանք պայմանավորվում են աշխատանքի ծավալի ու գումարի շուրջ: Կարգապահական հանձնաժողովը եւ Պալատը չեն կարող միջամտել այդպիսի վեճերի դեպքում, եւ նրանք տարաձայնությունը կարող են կարգավորել միայն դատական կարգով:

Նման մի բողոքի հիման վրա քննելով փաստաբանի կատարած աշխատանքը` պարզել են, որ փաստաբանը ծավալուն աշխատանք է կատարել՝ 2 հատոր է կազմել նրա կատարած թղթաբանությունը՝ հարցումներ, բողոքներ եւ այլն: Հանձնաժողովը եզրակացրել է, որ նրան ոչ թե պետք է պատժել, այլ՝ խրախուսել: «Քաղաքացին իր դիմումով նպաստեց, որ մենք նրա աշխատանքը գնահատենք»,- հայտնեց Ա. Մաթեւոսյանը:

Մեր այն դիտողությանը, որ հասարակության մեջ մեծ դժգոհություն ու անվստահություն կա փաստաբանների նկատմամբ, եւ հանձնաժողովի ստացած դիմումների քանակը չի արտացոլում իրական վիճակը, պրն Մաթեւոսյանը պատասխանեց, որ իրենք քննության են առնում եղած դիմումները եւ, միգուցե, հասարակությունը իրազեկ չէ հանձնաժողովի գործունեության մասին, այդ պատճառով են դիմուները քիչ: Դժգոհության դեպքում նրանք ավելի հաճախ դիմում են դատախազություն: Չնայած, ինչպես նշեց նա, կարգապահական վարույթ հարուցելու համար նույնիսկ քաղաքացու դիմումը կարեւոր չէ: Պալատի խորհուրդը, եթե կարծում է, որ փաստաբանը անբարեխիղճ է կատարել իր պարտականությունները եւ էթիկայի խախտում է թույլ տվել, այդ ժամանակ նույնպես վարույթ է հարուցվում:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Վահե Գրիգորյանը, որ վերջերս Պրահայում մասնակցել է փաստաբանության խնդիրների վերաբերյալ միջազգային կոնֆերանսի, հայտնեց, որ բելգիացի փաստաբաններից մեկն ուսումնասիրել է կովկասյան երկրներում փաստաբանական միությունների գործունեությունը, որի վերաբերյալ զեկուցել է կոնֆերանսում: Զեկուցողը նշել է, որ այդ երկրներում ներկայումս շատ կարեւոր խնդիր ունեն փաստաբանական համայնքների կարգապահական վարույթներն իրականացնող մարմինները, քանի որ նրանք են այդ համայնքները վնասակար նյութերից ազատողները: Հակառակ դեպքում, անհրաժեշտաբար կգա մի վիճակ, որ այդ մարմինների չաշխատելու արդյունքում փաստաբանների հեղինակությունը կնվազի, ինչն էլ կհանգեցնի նրան, որ կա՛մ գործադիրը, կա՛մ դատական ատյանները կլիազորվեն փաստաբանական համայնքը մաքրելուն:

«Այդ դեպքում նրանք հաստատ չեն սկսելու վնասկար տարրերից, որովհետեւ մեզ նման երկրներում նրանց ավելի շատ դուր չեն գալիս կարգապահ փաստաբանները»,- ասաց Վ. Գրիգորյանը: Նշենք, որ վերջինս արդեն բախվել է նման իրավիճակի՝ մի քանի ամսյա կալանքի է ենթարկվել մասնագիտական գործունեությունը բարեխիղճ իրականացնելու համար:

Վահե Գրիգորյանի ասելով` ժամանակն է, որ կարգապահական հանձնաժողովը համարձակություն դրսեւորի: «Մեր համայնքում մենք ավելի անհանդուրժող պետք է լինենք, ավելի խիստ դիրքորոշում ունենանք մեկս մյուսի նկատմամբ: Կարգապահական հանձնաժողովը ամենաակտիվ մարմինը պետք է լինի հատկապես այն համայնքներում, որտեղ անհամեմատ հեշտ է փաստաբան դառնալը, իսկ Հայաստանում ավելի հեշտ է, քան շատ եվրոպական երկրներում: Եթե հանձնաժողովը ակտիվ չգործեց, չի լինելու հակակշիռը, որ կապահովի այդ համայնքի նորմալ կենսագործունեությունը»,- շեշտեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամը:

Փաստաբանը հայտնեց, որ կոնֆերանսում քննարկվել է փաստաբաններին առնչվող եւս մեկ կարեւոր խնդիր՝ փաստաբանների ապահովագրության հարցը: Այլ երկրներում փաստաբանական գրասենյակներն ապահովագրում են իրենց գործունեությունը, հիմնական շահառուն հաճախորդներն են: Դա նշանակում է, որ եթե փաստաբանը ճիշտ խորհրդատվություն չի արել, եւ հաճախորդը պարտվել է նրա գիտելիքների պակասի պատճառով, նա փոխհատուցում է ստանում:

«Առաջին հայացքից դա անսովոր է, եւ մտածում ենք, որ դեռ չունենք այդ խնդիրը, սակայն կան շատ ողջամիտ հիմնավորումներ, որ այդ խնդրի հասունանալը, որպես կանոն, տեսանելի չի լինում, բայց հենց ծառանում է, լուծում գտնելն այլեւս անհնարին է դառնում»,- շեշտեց փաստաբանը: Նա նշեց, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներից ընդամենը մեկ-երկուսն են, որ այդ համակարգը չեն կիրառում, բայց նրանք էլ արդեն փաստաբաններին ապահովագրելու պարտավորությունը ստանձնել են:

Վ. Գրիգորյանը հայտնեց, որ Չեխիայում պարտադիր տեղեկացման ենթակա 3 հարցեր կան, որոնք փաստաբանը պարտավոր է ներկայացնել իր հաճախորդին մինչեւ պայմանագիր կնքելը: Պարտավոր է ներկայացնել փաստաբանի արտոնագրի օրինակը, տեղեկություններ կրթության ու աշխատանքային փորձի վերաբերյալ եւ, ամենակարեւորը, ինքը ապահովագրվա՞ծ փաստաբան է, թե՞ ոչ, եւ որքան է կազմում իր ապահովագրության գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter