HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

14-15 տարեկան աղջիկներն ամուսնանում են և հայտնվում դատարանում

19-ամյա Արմանը 2014թ. ամուսնացել է 14 տարեկան Կարինեի հետ (անունները փոխված են): Կարինեն ծնողների հետ բնակվել է Շիրակի մարզում, իսկ Արմանը՝ Արմավիրում: Ծանոթացել են, ընկերություն արել ու համակրել են միմյանց: Ազգությամբ եզդի տղայի և աղջկա ծնողների համաձայնությամբ 2014թ. նոյեմբերին ամուսնացել են:

Ամուսնությունից հետո Կարինեն տեղափոխվել և բնակվել է ամուսնու տանը և իր համաձայնությամբ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ, ինչի արդյունքում հղիացել է: 2015թ. սեպտեմբերին Կարինեն հաշվառվել է «Արմավիր ԲԿ»-ի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում, բժիշկները նրա մոտ հայտնաբերել են 20 շաբաթական հղիություն:

Բժշկական կենտրոնից դեպքի մասին անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին և Արմանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Տասնութ տարին լրացած անձի կողմից միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արմանին մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել չորս տարվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով անձը բնութագրող հատկանիշները, այն, որ Կարինեն խնդրել է մեղմ վերաբերել ամուսնուն, դատարանը հանգել է հետևության, որ Արմանի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու, ուստի ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով երկու տարի փորձաշրջան։

Նման դատական գործերը քիչ չեն և բոլոր դեպքերում ավարտվում են մեղադրական դատավճռով: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեղադրյալի աթոռին հայտնված նորաստեղծ ընտանիքի ամուսինները փաստաբան չեն ունենում և իրենց մեղավոր են ճանաչում, իսկ դատարանն էլ պատիժը պայմանականորեն չի կիրառում և սահմանում է փորձաշրջան:

Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց բաժինը վաղ ամուսնությունների վերաբերյալ չունի վիճակագրական տվյալներ, սակայն անչափահաս աղջիկների հետ սկսում են աշխատանքներ, երբ վերջիններս սկսում են չհաճախել դպրոց:

Ըստ նրա՝ տարվող աշխատանքները  հիմնականում կանխարգելիչ բնույթ ունեն: «Սկսում ենք ընտանիքի հետ բացատրական աշխատանքներ տանել, որ օրենքով արգելված է վաղ տարիքի ամուսնությունները: Եթե օրենքից ես խոսում, արդեն սկսում են զսպվածություն ցուցաբերել: Վաղ տարիքի ամուսնությունները եղել են հիմնականում օրենքի չիմացությունից: Եթե իրենց հետ բացատրական աշխատանք ենք տանում, որ դու ապրում ես այս երկրում և պարտավոր ես  ենթարկվել օրենքներին, արդեն ինչ-որ չափով նրանց հետ է պահում ամուսնանալու մտքից: Պատկերացրեք, որ արդյունք լինում է»,- ասում է Ասթինե Ապիտոնյանը:

Նրա խոսքով՝ վաղ տարիքում ամուսնանալը ազգային փոքրամասնությունների՝ հատկապես եզդիների մոտ կարծես թե ազգային սովորություն է, դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում: Փորձը ցույց է տալիս, որ վաղ տարիքի ամուսնությունների զգալի մասը հենց եզդիների մոտ է նկատվում: Մարզում տարեկան կտրվածով 1-2 դեպք կարող է հայերի մոտ էլ լինել, սակայն հիմնականը գյուղական բնակավայրերում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ է լինում:

«Անչափահասից ծնված երեխային օրենքով խնամակալ է տրվում: Մենք հետևում ենք, որ ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը երեխայի խնամակալը ճանաչվի, իսկ մնացած հարցերում որևէ միջամտություն չի կատարվում, եթե օրենքը խախտվել է պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ես մտածում եմ, որ եթե տղամարդը պատժվի և պատիժը կրի ազատազրկման ձևով, ապա ընտանիքը կքանդվի: Կարծում եմ, որ քրեական պատասխանատվության ենթարկելը մի քիչ խիստ միջոց է, բայց այլընտրանք չեմ տեսնում, որ հասարակությունը գա այդ գիտակցության»,- ավելացրեց Ա. Ապիտոնյանը:

Փաստաբան, ազգությամբ եզդի Ամո Շարոյանը համաձայն չէ, որ վաղ տարիքի ամուսնությունը եզդիների մոտ սովորույթ է:

«Դուք գիտեք 2 տարի առաջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ ամուսնական տարիքի հետ կապված: Այդ ժամանակ ես նույնպես միջնորդել եմ մեր օրենսդիր մարմնին, որպեսզի ամուսնական տարիքը ծնողների համաձայնությամբ գոնե սահմանվի 17 տարեկանից: Իսկ 16 տարեկանում, եթե ամուսնանում են, արդեն ընտանիք են կազմում, այնպես անենք, որ այդ ընտանիքը չքայքայենք, օգնենք, որ կայանա: Դրա համար պետք է ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկել, այլ դիմել համապատասխան մարմիններին, գյուղերում` համայնքապետարաններին, որպեսզի ընդհանուր որոշում կայացնեն, նորաստեղծ ընտանիքը պահեն հսկողության տակ»,- կարծում է փաստաբանը:

Ամո Շարոյանը վաղ տարիքում ամուսնությունը չի ընդունում, չնայած քաջ գիտակցում է, որ և հոգեպես և ֆիզիկապես այսօր երեխաներն ավելի շուտ են զարգանում:

«Այսօրվա 14-15 տարեկան երեխան իր մտահորիզոնով հավասարվել է մոտ 20 տարի առաջվա 16-17 տարեկան երեխայի մտահորիզոնին: Այս ամենը բերում է նրան, որ երեխաները ձգտում են վաղ տարիքում ունենալ սեռական հարաբերություններ: Ես կողմ եմ, որ աղջիկների դեպքում գոնե 17 տարին լրանա, իսկ տղաներինը` 18-ը»,- կարծում է փաստաբանը:

Ամո Շարոյանն ասում է, որ պետք խուսափել նորաստեղծ ընտանիքի անդամի դեմ քրեական գործ հարուցելու պրակտիկայից և կոչ է անում իրավապահ մարմիններին քրեական գործեր չհարուցել:

Նրա խոսքով՝ հաճախ ընտանիքներում այդ քաշքշուկները դառնում են գժտության հիմք, իսկ նորաստեղծ ընտանիքը նուրբ է, պետք է աջակցել, ոչ թե քաշքշել, ոստիկանություն, դատարաններ տանել-բերել, ինչը կարող է տանել ընտանիքի կործանմանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter