HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ չեն ստուգում Տիգրան Սարգասյանի ու Նավասարդ Կճոյանի ստորագրությունները

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու հետաձգվեց «Օֆշորի» գործով 2016 թ-ի առաջին դատական նիստը. չէր ներկայացել գործով մեղադրող դատախազը:

«Հետքի» հետ զրույցում տուժող ճանաչված, երբեմնի գործարար Փայլակ Հայրապետյանն ասաց, որ դատական նիստերը հետաձգվում են, իսկ ինքը սպասում է, թե երբ է դատարանը բավարարելու իր միջնորդությունը՝ դատարան հրավիրել ութ անձանց, այդ թվում՝ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի կնոջը, նրա հաշվապահին, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին, ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության պետին, ֆինանսների նախկին նախարարին, «Ամերիաբանկի» 5 պատասխանատու անձի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ պատասխանատուների:

Ըստ Փայլակ Հայրապետյանի, նրանք այն անձինք են, ովքեր տիրապետում են արժեքավոր տեղեկատվության գործի մանրամասների մասին, թե, ի վերջո, ինչու են ադամանդագործության զարգացման նպատակով ներդրված միլիոնավոր գումարները փոխանցվել օֆշորային գոտում գրանցված երեք տարբեր ընկերությունների:  

Հայրապետյանի համոզմամբ, այս գործը մեր պետության պատվի համար շատ ծանր հետևանքներ է ունեցել և դեռ շարունակելու է ունենալ: «Այն, որ այսօր Հայաստանում ներդրումներ չեն կատարվում, աշխատատեղեր չեն ստեղծվում, նաև այս գործի պատճառով է: Ներդրողը եթե ուզում է գումար բերել Հայաստան, բայց կարդում ու տեսնում է, որ իմ նման գործարարը, որը խոշոր գումարներ է ներդրել, բայց այդ գումարները հոսել են օֆշոր, սկսում է մտածել, որ Հայաստանում ներդրում անելը վտանգավոր է»,-ասաց Փայլակ Հայրապետյանը, ով պնդում է, որ եթե ոչ մի բան չկար, ապա Տիգրան Սարգսյանը պիտի կանչեր իրեն, զրուցեին, պարզաբանում մտցնեին: Եթե ոչ մի բան չկար, ինչն է պատճառը, որ այսքան ժամանակ անցել է, բայց չեն ստուգում Տիգրան Սարգասյանի ու Նավասարդ Կճոյանի  ստորագրությունները: Այս ամենը նրանից է, ըստ Հայրապետյանի, «հաշվի չեն առել, որ մենք էլ ենք մարդ, որ պետություն գոյություն ունի, որ օրենք կա»:

Անդրադառնալով Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի հայցը մասնակի բավարարելուն՝ Փայլակ Հայրապետյանն ասաց. «Որոշել են ինձ 100.000 դրամով տուգանեն, բայց ես ոչ մի սխալ բան չեմ ասել Տիգրան Սարգսյանին, ես իր պատվին չեմ կպել երբեք: Էդ պատճառով էլ բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան»:

«Օֆշորի» գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 21-ին:

Հիշեցնենք, որ այս գործով միակ մեղադրյալ, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» -ից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ` տուժող ճանաչված Փայլակ Հայարպետյանից ստացած լիազորագրերի հիման վրա ու Փայլակ Հայրապետյանին ու իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրելով: Ըստ տուժողի ցուցմունքի և ըստ այլ ապացույցների, կազմվել էր բիզնես պլան, որի շրջանակներում պետք է գնվեին մեքենա-սարքավորումներ, սակայն դրանք վերը նշված վարկով ձեռք չեն բերվել, այլ փոխանցվել է կիպրոսյան օֆշորային գոտում գտնվող մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Ըստ «Հետքի» կատարած հետաքննության պարզվել է, որ այդ ընկերության բաժնետերերն են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Այդպիսով` բիզնես ծրագիրը չի գործել: Հետևանքը եղել է այն, որ «Ամերիաբանկը» չվճարած տոկոսների ու գումարների դիմաց վաճառել է Փայլակ Հայրապետյանին պատկանող գրավադրված անշարժ գույքը: Ու թեպետ տուժող Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է իր ունեզրկման մեղավորների անունները, այդուհանդերձ գործով միակ մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter