Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մղարթում առաջադրվել են գյուղապետի երկու թեկնածուներ



Հունվարի 24-ին տեղի կունենա Մղարթի գյուղապետի արտահերթ ընտրություն: Մղարթի գյուղապետ Վաչիկ Նավասարդյանը 2015թ.-ի նոյեմբերի 18-ին  հանկարծամահ է եղել:   Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հուղարկավորությունից մի քանի օր հետո իր  մոտ  զրույցի է հրավիրել  հանգուցյալ գյուղապետի  որդուն՝ Երվանդ Նավասարդյանին, ապա օգտվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունից և 2015թ.-ի դեկտեմբերի 22-ի իր  թիվ 394-Ա որոշմամբ  Ե. Նավասարդյանին նշանակել է Մղարթի գյուղապետի պաշտոնակատար: Երվանդը 24 տարեկան է, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն որևէ տեղ չի աշխատում: Նա բացատրեց, որ  ինքը չի կարող առաջադրվել գյուղապետի թեկնածու, քանի  որ «Տեղական  ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավար կարող է ընտրվել միայն 25 տարին լրացած ՀՀ քաղաքացին: Մղարթում գյուղապետի թեկնածուներ են  առաջադրվել գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Սուքիասյանը և դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Մամաջանյանը: 

Մեզ հետ զրույցում ինչպես թեկնածու Հ. Սուքիասյանը, այնպես էլ գյուղապետի պաշտոնակատար Երվանդ Նավասարդյանը չհայտնեցին, որ  թեկնածու Արմինե  Մամաջանյանը հանգուցյալ գյուղապետի այրին և Երվանդի մայրն է: Նախընտրական շրջանում Մղարթում տիրում է լարվածություն: Գյուղացիներն առաջադրված  թեկնածուների  և գյուղապետի  սպասվող ընտրությունների մասին մեզ հետ համաձայնում էին խոսել իրենց ազգանունը չհրապարակելու պայմանով:  Մղարթցիները պնդում էին, որ  գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար  Հրաչյա Սուքիասյանը  գյուղապետի ձևական թեկնածու է,    հիմնական թեկնածուն  հանգուցյալ գյուղապետի  այրին՝  Արմինե Մամաջանյանն է, որի թեկնածությունն  էլ պաշտպանում է մարզպետը: Եվ քանի որ մարզպետը պաշտպանում է  Արմինե  Մամաջանյանի թեկնածությունը, մղարթցիները եզրահանգել են, որ վերջինս արդեն ընտրված գյուղապետ է և գյուղապետի այլ թեկնածուներ չեն առաջադրվել: «Դուք  ճի՞շտ եք  գնահատում  մարզպետի արարքը»,- հարցնում էին մղարթցիները:  Նրանցից մեկն էլ  մեզ  հայտնեց, որ Արմինե Մամաջանյանը գյուղապետ ընտրվելու դեպքում, գյուղապետի տեղակալ է նշանակելու իր  որդուն՝ Երվանդ Նավասարդյանին:

Երեկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Հետքին» պարզաբանեց, որ Մղարթի գյուղապետարանի  աշխատակազմի քարտուղար Հրաչյա  Սուքիասյանի գյուղապետի թեկնածու առաջադրվելուց հետո գյուղապետարանի աշխատակազմում գյուղապետի  պաշտոնակատարի հարմար թեկնածու չի տեսել և ստիպված գյուղապետի պաշտոնակատար է նշանակել  հանգուցյալ գյուղապետի որդուն: Անդրադառնալով  նրա մոր՝ Արմինե Մամաջանյանի՝ գյուղապետի թեկնածու առաջադրվելուն, Արթուր  Նալբանդյանը նշեց, որ որևէ առնչություն չունի Արմինե Մամաջանյանի թեկնածու առաջադրվելու հետ։ «Ճիշտ կլիներ Մղարթում առաջադրվեին և մրցակցեին նույնիսկ գյուղապետի 5 թեկնածուներ:  Չգիտես  ինչու, մղարթցիները չեն  առաջադրվել: Եվ վերջին հաշվով գյուղապետ ընտրողը Մղարթի ընտրողներն  են: Եթե իրենք որևէ թեկնածուի   գյուղապետի պաշտոնում չեն տեսնում, թող  հունվարի 24-ին գնան ընտրության և  չընտրեն»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Գյուղապետի ընտրությանը թեև մնացել է 10 օր, սակայն  Մղարթում նախաընտրական քարոզչություն չէր կատարվում. «Դե քարոզչության  կարիք էնքան էլ չեմ տանում, փոքր գյուղ ա: Բոլորս ճանաչում ենք իրար»,- բացատրեց  թեկնածու Հ. Սուքիասյանը:

Թեկնածու Արմինե Մամաջանյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ գյուղապետ ընտրվելու դեպքում որդուն՝ Երվանդին, նշանակելու է գյուղապետի տեղակալ. «Շարունակելու ենք ամուսնուս թողած կիսատ գործերը»,- ասաց նա:  Թեկնածու Հ. Սուքիասյանն էլ հայտնեց, որ Մղարթի հրատապ լուծում պահանջող խնդիրը Ագարակի ջրագծից խմելու ջուրը գյուղ հասցնելն է, գյուղապետ ընտրվելու դեպքում առաջնահերթ լուծելու է այդ խնդիրը:

Մղարթի գյուղապետարանը տեղակայված է գյուղի մշակույթի պալատի շենքում: Վերջինիս  դահլիճը ավերված է։ «Հետքը» մի քանի անգամ ահազանգել է այդ շենքի և դահլիճի ծանր  վիճակի մասին, սակայն Լոռու մարզպետարաննայդպես էլ նպատակահարմար չի գտել կառավարության հրատապ ծրագրերով 500 բնակիչ ունեցող գյուղի մշակույթի պալատը  վերանորոգելը: Շենքը և գյուղապետարանի աշխատասենյակները հակասանիտարական  վիճակում են:  Նույն շենքի խաղասենյակում կուտակված աղբակույտի մեջ դոմինո էին   խաղում  մի խումբ մղարթցիներ: Նրանք խուսափեցին մեզ հետ խոսել գյուղապետի սպասվող ընտրությունների մասին:  Հրաչյա  Սուքիասյանն ասաց, որ գյուղապետարանը հավաքարար ունի, սակայն չբացատրեց շենքում տիրող վիճակի պատճառը: Մղարթի հիմնական դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանը կարևորեց  մշակույթի պալատի կապիտալ վերանորոգման խնդիրը: Ասաց,  որ 2010թ.-ից  Մղարթը  գազաֆիկացվել է: Սակայն այսօրվա դրությամբ գյուղի 116  տնտեսությունից  26-ին է հաջողվել օգտվել գազից: Դպրոցի  տնօրենի ասելով՝  գյուղում  նախադպրոցական տարիքի 26  երեխաներ կան:

Հրաչյա Սուքիասյան Աղաբեկ Մոսինյան

«Վորլդ Վիժն» կազմակերպության  կողմից կապիտալ վերանորոգման ենթարկված մանկապարտեզի շենքը հնարավոր չի լինում շահագործել համայնքի սուղ բյուջեի պատճառով. «Մեզ համար շատ կարևոր է  Ստեփանավան-Օձուն և մեր գյուղ մտնող ճանապարհների վերանորոգումը»,- ասաց Ա.Մոսինյանը: Դպրոցի տնօրենը դժվարացավ ասել, թե հունվարի 24-ին թեկնածուներից  գյուղի 350 ընտրողները ում կտան իրենց ձայնը: «Էդ ո՞ր ընտրությունն է կանխատեսելի»,- ասաց Աղաբեկը: 

Համայնքի ավագանու անդամ, ֆիզիկայի ուսուցչուհի Հերմինե Պարանյանը Մղարթի վիճակը գնահատեց շատ վատ, սակայն չցանկացավ գնահատել Արմին Մամաջանյանի  կարողությունները  գյուղապետի պաշտոնում. «Չգիտեմ: Որպես ուսուցիչ աշխատում է, դրական է, բայց դե որպես գյուղապետ ես չեմ կարող ասել՝ ինքը կարող է աշխատել, թե՝ ոչ»,- ասաց նա:

«Պետք է մեր խոսակցությունը էսօր չլիներ: Չթվա թե, մարդը մահացել է, մենք էլ արդեն  վատ ենք խոսում»,-ասաց ավագանու անդամ, մաթեմատիկայի ուսուցիչ Մելիք Ղազարյանը: «Որ գյուղը վատ վիճակում է, ավագանին մեղք չունի՞» հարցին Մ.Ղազարյանը պատասխանեց. «Իհարկե, ունի: Բոլոր տեղերում էլ ավագանինները միայն ձեռք բարձրացնողներ են:  Էնպես չի, որ մենք գյուղապետի աշխատանքը չենք հսկել: Մենք գյուղապետի հետ աշխատել ենք, համագործակցել ենք, բայց այնպես չենք աշխատել ոնց որ պետք է:  Գտնում եմ, որ ոչ թե ավագանիով վատ ենք աշխատել, ընդհանրապես չենք աշխատել:  Համայնքի  բյուջեով հնարավոր չի եղել գյուղը զարգացնել»,- բացատրեց Մելիքը:  Թե թեկնածուներից ով կընտրվի Մղարթի  համայնքապետ և ինչ դերակատարություն  կունենա այդ ընտրություններում Լոռու մարզպետը՝  կպարզվի  հունվարի 24-ին:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ